Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՍԵՊՏԵՄԲԵՐ 2016

«Թևաթափ մի՛ եղիր»

«Թևաթափ մի՛ եղիր»

«Թևաթափ մի՛ եղիր» (ՍՈՓ. 3։16

ԵՐԳ 81, 32

1, 2. ա) Ի՞նչ խնդիրների են այսօր մեզնից շատերը բախվում, և ի՞նչ գուցե լինի հետևանքը։ բ) Ինչո՞ւմ է վստահեցնում մեզ Եսայիա 41։10, 13-ը։

ՄԻ ՔՈՒՅՐ, որը ռահվիրա է, և որի ամուսինը երեց է, ասում է. «Թեև հոգևոր լավ սովորություններ ունեմ, երկար տարիներ է՝ պայքարում եմ անհանգստությունների դեմ։ Այդ պատճառով քունս կորցնում եմ, և դա ազդում է իմ առողջության և ուրիշների հանդեպ վերաբերմունքիս վրա։ Երբեմն ուզում եմ հանձնվել ու մեկուսանալ»։

2 Դու է՞լ ես նման զգացումներ ունենում։ Ցավոք, Սատանայի չար աշխարհում մեծ ճնշումների ենք ենթարկվում, որոնք կարող են անհանգստություն պատճառել և ուժասպառ անել մեզ։ Դա նման է նավին ամրացված խարսխի, որը թույլ չի տալիս նավին առաջ շարժվել (Առակ. 12։25)։ Ինչի՞ պատճառով գուցե անհանգստություններ ունենաս։ Հնարավոր է՝ վհատված ես սիրելի անհատի մահվան պատճառով, պայքարում ես լուրջ հիվանդության դեմ, տնտեսական այս ծանր ժամանակներում հոգ ես տանում ընտանիքիդ նյութական կարիքների մասին կամ հակառակության ես բախվում։ Ժամանակի ընթացքում խնդիրների պատճառով առաջացած էմոցիոնալ ճնշվածությունը կարող է խլել ուժերդ, և գուցե նույնիսկ կորցնես ուրախությունդ։ Բայց կարող ես համոզված լինել, որ Աստված պատրաստ է օգնության ձեռք մեկնելու քեզ (կարդա Եսայիա 41։10, 13

3, 4. ա) Աստվածաշնչում երբեմն ի՞նչ իմաստով է գործածվում «ձեռքեր» բառը։ բ) Ինչի՞ պատճառով գուցե թևաթափ լինենք։

3 Աստվածաշունչը մարմնի անդամների օրինակով հաճախ մատնանշում է մարդու հատկությունները կամ գործողությունները։  Օրինակ՝ հարյուրավոր անգամներ նշվում է ձեռքի մասին։ «Ձեռքերը զորացնել» արտահայտությունը կարող է ունենալ քաջալերվելու, ամրանալու և որևէ բան անելու համար զորությամբ լցվելու իմաստներ (Եզր. 1։6, ծնթ.; Ես. 35։3)։ Այն նաև կարող է փոխանցել դրական տրամադրվածության և ապագայի հանդեպ հույս ունենալու միտք։

4 Երբ Աստվածաշունչը փոխաբերական իմաստով ասում է, որ անհատի ձեռքերը թուլացած են, կամ նա թևաթափ է եղած, նշանակում է, որ նա վհատված է, ընկճված կամ անհույս վիճակում է (2 Տար. 15։7; Եբր. 12։12)։ Բնական է, որ այդպիսի իրավիճակում մարդ կհանձնվի։ Որտեղի՞ց կարող ես քաջալերություն ստանալ, եթե հանգամանքներիդ պատճառով սթրես ես ապրում կամ ֆիզիկապես, զգացապես և նույնիսկ հոգևորապես ուժասպառ ես եղել։ Ի՞նչը կարող է մղիչ ուժ լինել քեզ համար և զորացնել քեզ, որ կարողանաս տոկալ ու պահպանել ուրախությունդ։

«ԵՀՈՎԱՅԻ ՁԵՌՔԸ ԿԱՐՃ ՉԷ, ՈՐ ՉԿԱՐՈՂԱՆԱ ՓՐԿԵԼ»

5. ա) Խնդիրների բախվելիս գուցե ի՞նչ անենք, սակայն ի՞նչ պետք է հիշենք։ բ) Ի՞նչ ենք քննելու։

5 Կարդա Սոփոնիա 3։16, 17։ Մեր հոգատար Հայր Եհովան հորդորում է մեզ մեր «ամբողջ հոգսը իր վրա գցել» և ոչ թե տեղի տալ վախին ու վհատությանը և այդպիսով թևաթափ լինել (1 Պետ. 5։7)։ Մեր սրտերը կարող են ջերմանալ Աստծու այն խոսքերից, որ նա ասաց իսրայելացիներին այն մասին, որ նրա զորեղ «ձեռքը կարճ չէ, որ չկարողանա փրկել» իր հավատարիմ ծառաներին (Ես. 59։1)։ Մենք կքննենք աստվածաշնչյան երեք ակնառու օրինակ, որոնք ցույց են տալիս, որ Եհովան ցանկանում է և կարող է զորացնել իր ծառաներին, որպեսզի նրանք կատարեն իր կամքը՝ չնայած թվացյալ անհաղթահարելի դժվարություններին։ Տեսնենք, թե այդ օրինակները ինչպես կարող են քաջալերել մեզ։

6, 7. Ի՞նչ կարևոր դասեր ենք սովորում ամաղեկացիների նկատմամբ իսրայելացիների տարած հաղթանակից։

6 Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ իսրայելացիները հրաշքով ազատագրվեցին Եգիպտոսի ստրկությունից, ամաղեկացիները հարձակվեցին նրանց վրա։ Հետևելով Մովսեսի հրահանգներին՝ խիզախ Հեսուն իսրայելացիներին առաջնորդեց պատերազմի։ Այդ ընթացքում Մովսեսը Ահարոնի և Հուրի հետ բարձրացավ մոտակա բլրի գագաթը, որտեղից նրանք կարող էին տեսնել պատերազմի դաշտը։ Արդյոք այդ երեք տղամարդիկ վախից փախչո՞ւմ էին։ Ամենևի՛ն։

7 Մովսեսը արեց մի բան, ինչը դարձավ նրանց հաջողության գրավականը։ Նա իր ձեռքերն ու ճշմարիտ Աստծու գավազանը բարձրացրած էր պահում դեպի երկինք։ Քանի դեռ Մովսեսն այդպես էր անում, Եհովան զորացնում էր իսրայելացիների ձեռքերը, որ հաղթեն ամաղեկացիներին։ Սակայն երբ նրա ձեռքերը ծանրանում էին, ու նա իջեցնում էր դրանք, ամաղեկացիներն էին հաղթում։ Ուստի Ահարոնն ու Հուրը վճռական քայլ ձեռնարկեցին. նրանք «մի քար վերցրին, դրեցին [Մովսեսի] տակ, և նա նստեց դրա վրա։ Ահարոնն ու Հուրը պահում էին նրա ձեռքերը՝ մեկը՝ մի կողմից, մեկն էլ մյուս կողմից, այնպես որ նրա ձեռքերը անշարժ մնացին մինչև արևի մայր մտնելը»։ Այո՛, Աստծու զորեղ ձեռքն օգնեց իսրայելացիներին հաղթելու այդ պատերազմում (Ելք 17։8–13

8. ա) Ինչպե՞ս Ասան արձագանքեց, երբ եթովպացիները սպառնացին Հուդային։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Ասային։

8 Եհովան փաստեց, որ իր ձեռքը կարճ չէ նաև Ասա թագավորի օրոք։ Աստվածաշնչում հիշատակվում են բազմաթիվ պատերազմներ։ Իսրայելացիների դեմ դուրս եկած ամենամեծ զորքը եթովպացի Զարայի՝ 1 000 000 հմուտ ռազմիկներից բաղկացած զորքն էր։ Եթովպական զորքը Ասայի զորքից գրեթե երկու անգամ մեծ էր։ Կարելի է պատկերացնել, թե Ասան որքան հեշտ կարող էր տագնապել, վախենալ, թևաթափ լինել ու նահանջել։ Սակայն նա անմիջապես օգնության դիմեց Եհովային։ Ռազմավարական տեսանկյունից եթովպացիներին հաղթելը թերևս անհնար էր։ Բայց «Աստծու համար ամեն բան հնարավոր է»  (Մատթ. 19։26)։ Աստված ցույց տվեց իր մեծ զորությունը և «պարտության մատնեց եթովպացիներին Ասայի.... առաջ», որի «սիրտը նրա կյանքի բոլոր օրերում ամբողջությամբ Եհովայի հետ էր» (2 Տար. 14։8–13; 1 Թագ. 15։14

9. ա) Ի՞նչը կարող էր խոչընդոտել Նեեմիային վերակառուցել Երուսաղեմի պարիսպը։ բ) Ինչպե՞ս Աստված պատասխանեց Նեեմիայի աղոթքին։

9 Այժմ պատկերացրու, թե ինչ էր զգում Նեեմիան, երբ եկավ Երուսաղեմ։ Քաղաքը գրեթե անպաշտպան էր, և նրա հայրենակիցները շատ վհատված էին։ Օտարազգի հակառակորդների սպառնալիքները թուլացրել էին հրեաների ձեռքերը, որպեսզի նրանք այլևս չշարունակեն վերակառուցել Երուսաղեմի պարիսպը։ Նեեմիան թույլ տվե՞ց, որ այդ իրավիճակը իրեն նույնպես թևաթափ անի և հուսահատեցնի։ Ո՛չ։ Մովսեսի, Ասայի ու Եհովայի ուրիշ հավատարիմ ծառաների պես՝ նա միշտ ապավինում էր Եհովային և աղոթում էր նրան։ Այս անգամ էլ նա այդպես վարվեց։ Հրեաների համար անելանելի թվացող այս իրավիճակում Եհովան պատասխանեց Նեեմիայի անկեղծ աղաչանքին։ Աստված իր «մեծ զորությամբ ու զորավոր ձեռքով» զորացրեց հրեաների թուլացած ձեռքերը (կարդա Նեեմիա 1։10; 2։17–20; 6։9)։ Հավատո՞ւմ ես, որ Եհովան իր «մեծ զորությամբ ու զորավոր ձեռքով» այսօր նույնպես զորացնում է իր ծառաներին։

ԵՀՈՎԱՆ ԿԶՈՐԱՑՆԻ ՔՈ ՁԵՌՔԵՐԸ

10, 11. ա) Ինչպե՞ս է Սատանան փորձում թևաթափ անել մեզ։ բ) Ինչպե՞ս է Եհովան զորացնում և ուժ տալիս մեզ։ գ) Ի՞նչ օգուտներ ես քաղել աստվածապետական կրթությունից։

10 Մենք համոզված ենք, որ Սատանան երբեք թևաթափ չի լինի և կշարունակի ամեն ինչ անել, որպեսզի խոչընդոտի մեր քրիստոնեական գործունեությանը։ Նրա զենքերից են իշխանավորների, կրոնական առաջնորդների և հավատուրացների տարածած ստերն ու սպառնալիքները։ Ի՞նչ նպատակ ունի Սատանան։ Նա ուզում է, որ թևաթափ լինենք և չքարոզենք Թագավորության բարի լուրը։ Սակայն Եհովան կարող է և ցանկանում է զորացնել մեզ իր սուրբ ոգով (1 Տար. 29։12)։ Շատ կարևոր է, որ մենք խնդրենք այդ ոգին, որպեսզի կարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն, որ ունենում ենք Սատանայի ու նրա չար համակարգի պատճառով (Սաղ. 18։39; 1 Կորնթ. 10։13)։ Մենք երախտապարտ ենք այն բանի համար, որ ունենք Աստծու Խոսքը, որը գրվել է սուրբ ոգու առաջնորդությամբ, և որ ամեն ամիս Աստվածաշնչի վրա հիմնված հոգևոր կերակուր ենք ստանում։ Զաքարիա 8։9, 13-ի խոսքերը (կարդա) ասվել են այն ժամանակ, երբ վերակառուցվում էր Երուսաղեմի տաճարը, և այդ խոսքերը շատ օգտակար են մեզ համար։

11 Մեզ զորացնում է Աստծու տված կրթությունը, որ ստանում ենք քրիստոնեական հանդիպումների, համաժողովների և աստվածապետական դպրոցների միջոցով։ Այդ կրթությունը օգնում է ճիշտ մղումներ ունենալու, հոգևոր նպատակներ դնելու և կատարելու մեր քրիստոնեական պարտականությունները (Սաղ. 119։32)։ Փափագո՞ւմ ես զորություն ստանալ այդ կրթության միջոցով։

12. Ի՞նչ պետք է անենք հոգևորապես ամուր մնալու համար։

12 Եհովան իսրայելացիներին օգնեց հաղթանակ տանելու ամաղեկացիների ու եթովպացիների նկատմամբ և Նեեմիային ու նրա հայրենակիցներին զորություն տվեց ավարտելու վերականգնողական աշխատանքները։ Աստված նույն ձևով մեզ կզորացնի, որ, չնայած հակառակությանը, անտարբերությանն ու անհանգստություններին, հաստատ կանգնենք և կատարենք քարոզչական գործը (1 Պետ. 5։10)։ Մենք չենք ակնկալում, որ Եհովան մեզ համար հրաշքներ կանի։ Մենք պետք է անենք այն, ինչ կախված է մեզնից, այսինքն՝ ամեն օր կարդանք Աստծու Խոսքը, ամեն շաբաթ պատրաստվենք ու մասնակցենք ժողովի հանդիպումներին, մեր միտքն ու սիրտը սնենք անձնական ուսումնասիրության ու ընտանեկան երկրպագության միջոցով և  միշտ ապավինենք Եհովային՝ նրան աղոթելով։ Թող որ երբեք թույլ չտանք, որ այլ նպատակներ ու գործեր խանգարեն մեզ, որ օգտվենք այն միջոցներից, որոնցով Եհովան զորացնում ու քաջալերում է մեզ։ Եթե զգում ես, որ ձեռքերդ թուլացել են և լիարժեքորեն չես օգտվում նշված որևէ միջոցից, Աստծուց օգնություն խնդրիր։ Դու կտեսնես, թե ինչպես է նրա ոգին «գործում քո մեջ, որպեսզի դու և՛ կամենաս, և՛ գործես» (Փիլիպ. 2։13)։ Իսկ դո՞ւ ինչ կարող ես անել, որ զորացնես ուրիշների ձեռքերը։

ԶՈՐԱՑՐՈՒ ԹՈՒԼԱՑԱԾ ՁԵՌՔԵՐԸ

13, 14. ա) Ի՞նչը զորացրեց մի եղբոր իր կնոջ մահից հետո։ բ) Ինչպե՞ս մենք կարող ենք զորացնել ուրիշներին։

13 Եհովան մեզ հոգատար եղբայրներ և քույրեր է տվել ողջ աշխարհում։ Նրանք կարող են քաջալերության աղբյուր լինել մեզ համար։ Պողոս առաքյալը գրեց. «Զորացրեք թուլացած ձեռքերն ու տկարացած ծնկները և շարունակ ուղղեք ձեր ոտքերի ճանապարհները» (Եբր. 12։12, 13)։ Առաջին դարի քրիստոնյաները զորության աղբյուր էին միմյանց համար։ Նույնն է պարագան նաև այսօր։ Մի եղբայր, որի կինը մահացել է, և որը նաև այլ ծանր իրավիճակներում է եղել, ասում է. «Ես հասկացել եմ, որ մենք չենք կարող ընտրել, թե ինչ փորձություններ ունենանք, երբ և որքան հաճախ։ Աղոթքն ու անձնական ուսումնասիրությունը փրկարար բաճկոնի պես ինձ ջրի վրա են պահել, իսկ իմ հոգևոր եղբայրների ու քույրերի աջակցությունը մխիթարության աղբյուր է եղել։ Ես հասկացել եմ, թե որքան կարևոր է նախքան դժվարությունների առաջ կանգնելը Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություն զարգացնել»։

Ժողովի յուրաքանչյուր անդամ կարող է քաջալերության աղբյուր լինել ուրիշների համար (տես պարբերություն 14)

14 Ահարոնն ու Հուրը պատերազմի ընթացքում բառացիորեն պահեցին Մովսեսի ձեռքերը։ Մենք էլ կարող ենք միջոցներ փնտրել, որ աջակցենք և գործնական օգնություն ցույց տանք ուրիշներին։ Իսկ ո՞ւմ կարող ենք օգնել։ Նրանց, ովքեր պայքարում են ծերության հետևանքով առաջացած դժվարությունների, առողջական խնդիրների դեմ, ովքեր ընտանիքի կողմից հակառակության են բախվում, միայնակ են կամ կորցրել են սիրելի հարազատին։ Մենք կարող ենք զորացնել այն երիտասարդներին, որոնց վրա ճնշում են բանեցնում, որ սխալ գործեն կամ որ այս համակարգում հաջողությունների հասնեն՝ բարձրագույն կրթություն ստանալով, հարստանալով, կարիերա ստեղծելով (1 Թեսաղ. 3։1–3; 5։11, 14)։ Թագավորության սրահում, ծառայության ժամանակ, ճաշելիս կամ հեռախոսով խոսելիս առիթներ փնտրիր, որ անկեղծ հետաքրքրություն ցույց տաս ուրիշների հանդեպ։

15. Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել քո դրական խոսքերը հավատակիցներիդ վրա։

15 Ասայի կրած ապշեցուցիչ հաղթանակից հետո Ազարիա մարգարեն նրան ու ժողովրդին հետևյալ քաջալերական խոսքերն ասաց. «Բայց դուք քաջ եղեք, և ձեր ձեռքերը թող չթուլանան, որովհետև վարձատրություն կա ձեր գործերի համար» (2 Տար. 15։7)։ Այդ խոսքերը Ասային մղեցին շատ փոփոխություններ անելու և վերականգնելու ճշմարիտ երկրպագությունը։ Նույն ձևով էլ քո դրական խոսքերը կարող են խոր ազդեցություն թողնել ուրիշների վրա։ Այդպես թերևս օգնես նրանց, որ լիարժեքորեն ծառայեն Եհովային (Առակ. 15։23)։ Երբեք մի՛ թերագնահատիր այն, որ ժողովի հանդիպումների ժամանակ քո բարձրացրած ձեռքն ու կերտիչ մեկնաբանությունները կարող են մեծ ազդեցություն թողնել ուրիշների վրա։

16. Ինչպե՞ս կարող են երեցները Նեեմիայի նման զորացնել հավատակիցների ձեռքերը։ Բեր օրինակ, թե ինչպես են հավատակիցները օգնել քեզ։

16 Եհովայի աջակցությամբ Նեեմիան ու նրա հետ եղողները զորացրին իրենց ձեռքերը բարի գործի համար։ Նրանք վերականգնեցին Երուսաղեմի պարիսպը և ընդամենը 52 օրում ավարտեցին աշխատանքները (Նեեմ. 2։18; 6։15, 16)։ Նեեմիան ոչ թե պարզապես վերահսկում էր գործը, այլ անձամբ մասնակցում էր պարսպի վերականգնմանը (Նեեմ. 5։16)։ Այսօր էլ բազմաթիվ սիրառատ երեցներ ընդօրինակում են Նեեմիային՝ թիկունք կանգնելով  շինարարական նախագծերին, բարվոք վիճակում պահելով Թագավորության սրահները և մասնակցելով դրանց մաքրությանը։ Հավատակիցների հետ ծառայելով, ինչպես նաև հովվական այցեր անելով՝ նրանք նաև ամրացնում են բոլոր նրանց թույլ ձեռքերը, ովքեր «անհանգիստ սիրտ» ունեն (կարդա Եսայիա 35։3, 4

«ԹԵՎԱԹԱՓ ՄԻ՛ ԵՂԻՐ»

17, 18. Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել, երբ խնդիրներ կամ անհանգստություններ ենք ունենում։

17 Եղբայրների և քույրերի հետ ուս ուսի ծառայելը նպաստում է մեր միասնությանը։ Դա նաև հարատև ընկերության հիմք է դնում և մեծացնում է մեր վստահությունը այն բանի հանդեպ, որ ապագայում Աստծու Թագավորության ներքո օրհնություններ կվայելենք։ Զորացնելով ուրիշների ձեռքերը՝ օգնում ենք նրանց, որ պայքարեն վհատեցնող իրավիճակներում, դրական տրամադրվածություն պահպանեն և վառ պահեն հույսը ապագայի հանդեպ։ Այդպես վարվելով՝ մենք նաև կենտրոնացած ենք մնում հոգևոր բաների վրա, և այն, ինչ Եհովան նախատեսել է մեզ համար, ավելի իրական է դառնում։ Այո՛, ուրիշների ձեռքերը զորացնելով՝ զորացնում ենք նաև մեր ձեռքերը։

18 Երբ կարդում ենք այն մասին, թե ինչպես է հնում Եհովան տարբեր կերպերով աջակցել և պաշտպանել իր հավատարիմ ծառաներին, մեր հավատն ու վստահությունը նրա նկատմամբ ավելանում են։ Ուստի երբ ճնշումների ես ենթարկվում կամ դժվարություններ ես ունենում, «թևաթափ մի՛ եղիր»։ Աղոթքով դիմիր Եհովային և թույլ տուր, որ նրա զորավոր ձեռքը զորացնի քեզ ու առաջնորդի, որ տեսնես Թագավորության բերած օրհնությունները (Սաղ. 73։23, 24