Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՍԵՊՏԵՄԲԵՐ 2016

Քո արտաքին տեսքով փառք բերո՞ւմ ես Աստծուն

Քո արտաքին տեսքով փառք բերո՞ւմ ես Աստծուն

«Ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 ԿՈՐՆԹ. 10։31

ԵՐԳ 34, 61

1, 2. Ինչո՞ւ են Եհովայի վկաները հետևում հագուկապի վերաբերյալ բարձր չափանիշների (տես հոդվածի սկզբի նկարը)։

ՀՈԼԱՆԴԱԿԱՆ թերթերից մեկում խոսվում էր եկեղեցու առաջնորդների մի հանդիպման մասին։ Այնտեղ ասվում էր. «Կարելի էր տեսնել բազմաթիվ մարդկանց, ովքեր ազատ ոճի հագուստով էին, քանի որ շոգ էր։ Սակայն լրիվ այլ պատկեր կարող ենք տեսնել Եհովայի վկաների համաժողովներին.... Տղամարդիկ ու տղա երեխաները կոստյում և փողկապ են կրում։ Կանանց ու աղջիկների շրջազգեստները.... պարկեշտ են, բայցև ժամանակակից»։ Եհովայի վկաները հաճախ են գովասանքի արժանանում այն բանի համար, որ «իրենց զարդարում են վայելուչ հագուստով՝ համեստությամբ և ողջամտությամբ.... ինչպես վայել է [նրանց], ովքեր ասում են, որ ակնածում են Աստծուց» (1 Տիմոթ. 2։9, 10)։ Մեջբերված համարում Պողոս առաքյալը խոսում է կանանց մասին, բայց այս սկզբունքը վերաբերում է նաև քրիստոնյա տղամարդկանց։

2 Լինելով Եհովայի ժողովուրդը՝ մենք կարևորում ենք պատշաճ հագուկապի վերաբերյալ չափանիշները։ Դրանք կարևոր են այն Աստծու համար, որին երկրպագում ենք (Ծննդ. 3։21)։ Ինչպես երևում է Սուրբ Գրքից, Գերիշխանը իր ծառաների համար բարձր չափանիշներ է սահմանել հագուկապի և հարդարանքի վերաբերյալ։ Ուստի այս հարցում մենք չպետք է առաջնորդվենք միայն մեր ցանկություններով։ Մենք պետք է հաշվի առնենք այն, թե ինչն է հաճելի մեր Աստված Եհովային։

3. Ի՞նչ ենք իմանում հագուկապի վերաբերյալ իսրայելացիներին տրված Աստծու Օրենքից։

 3 Իսրայելացիներին տրված Աստծու Օրենքում կային կանոններ, որոնք պաշտպանում էին նրանց, որ չհետևեն շրջապատող ազգերի բացահայտ անբարո ապրելակերպին։ Օրենքը ցույց էր տալիս, որ Եհովայի համար գարշելի էր այն հագուստը, որը տղամարդուն չէր տարբերակում կնոջից և հակառակը (կարդա 2 Օրենք 22։5)։ Հագուկապի վերաբերյալ Աստծու տված առաջնորդությունից հստակ երևում է, որ նրան հաճելի չէ հագուստի այն ոճը, որը տղամարդուն կանացի տեսք է տալիս, իսկ կնոջը՝ տղամարդու, կամ որը տղամարդուն չի զատորոշում կնոջից և հակառակը։

4. Ի՞նչը կօգնի քրիստոնյաներին հագուստի ընտրության հարցում ճիշտ որոշում կայացնելու։

4 Աստծու Խոսքում կան սկզբունքներ, որոնք օգնում են քրիստոնյաներին հագուստի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում, ինչ կլիմայական գոտում և թե ինչ մշակույթի են պատկանում։ Մենք մանրամասն ցուցակի կարիք չունենք, որտեղ նշված կլինի, թե հագուստի որ ոճն է ընդունելի, որը՝ ոչ։ Մենք առաջնորդվում ենք աստվածաշնչյան սկզբունքներով, որոնք չեն զրկում մեզ մեր ճաշակով ընտրություն անելուց։ Քննենք աստվածաշնչյան որոշ սկզբունքներ, որոնք հագուստ ընտրելիս կօգնեն որոշելու, թե որն է «Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմ. 12։1, 2

«ՄԵԶ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԻԲՐԵՎ ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆԵՐԻ»

5, 6. Մեր հագուստով ի՞նչ ազդեցություն կարող ենք թողնել մարդկանց վրա։

5 Պողոս առաքյալը, Աստծուց ներշնչված, 2 Կորնթացիներ 6։4-ում (կարդա) ընդգծեց մի կարևոր սկզբունք։ Մեր արտաքին տեսքը շատ բան է ասում մեր մասին։ Մարդիկ կարծիք են կազմում մեր մասին իրենց «աչքի տեսածով» (1 Սամ. 16։7)։ Ուստի, լինելով Աստծու ծառաներ, մենք հասկանում ենք, որ չպետք է հաշվի առնենք միայն այն, թե ինչ հագուստ ենք ցանկանում կրել, կամ այն, թե որ հագուստն է մեզ հարմար։ Աստծու Խոսքում գրված սկզբունքները մղում են մեզ խուսափելու պիրկ, մարմնի որևէ մաս մերկացնող կամ սեռական ցանկություններ արթնացնող հագուստ կրելուց։ Դա նշանակում է, որ մենք չենք կրի բաց կամ այնպիսի հագուստ, որն ընդգծում է մեր մարմինը։ Մեզ նայելիս ոչ ոք չպետք է անհարմար զգա կամ ստիպված լինի հայացքը մի կողմ թեքել։

6 Եթե մեր արտաքին տեսքը կոկիկ, մաքուր և համեստ լինի, հավանականությունը մեծ է, որ մարդիկ կհարգեն մեզ՝ որպես Գերիշխան Տեր Եհովայի ծառաների։ Նրանք թերևս ցանկանան ճանաչել այն Աստծուն, որին երկրպագում ենք։ Բացի այդ, մեր պատշաճ հագուկապով պատիվ կբերենք այն կազմակերպությանը, որին ներկայացնում ենք։ Արդյունքում՝ հավանական է, որ մարդիկ ուշադրություն կդարձնեն կյանք փրկող մեր հայտնած լուրին։

7, 8. Հատկապես ե՞րբ պետք է պատշաճ հագնվենք։

7 Մեր սուրբ Աստծու, մեր հոգևոր եղբայրների ու քույրերի, ինչպես նաև մեր տարածքում ապրող մարդկանց հանդեպ պարտավորության զգացումից մղված՝ մենք պետք է այնպիսի հագուստ կրենք, որով բարձր կպահենք մեր հայտնած լուրի արժեքը և փառք կբերենք Եհովային (Հռոմ. 13։8–10)։ Դա հատկապես կարևոր է այն ժամանակ, երբ զբաղվում ենք քրիստոնեական գործունեությամբ՝ գնում ենք ժողովի հանդիպումների կամ մասնակցում ենք քարոզչական գործին։ Մենք պետք է հագնվենք «այնպես, ինչպես վայել է այն [մարդկանց], ովքեր ասում են, որ ակնածում են Աստծուց» (1 Տիմոթ. 2։10)։ Ինչ խոսք, մի վայրում ընդունված հագուստը գուցե մեկ ուրիշ վայրում անընդունելի լինի։ Ուստի ողջ աշխարհում Եհովայի ժողովուրդը հաշվի է առնում տվյալ վայրում ընդունված սովորությունները, որպեսզի չվիրավորի այնտեղ ապրող մարդկանց։

Քո հագուկապով մղո՞ւմ ես մարդկանց հարգելու այն Աստծուն, որին ներկայացնում ես (տես պարբերություն 7, 8)

8 Կարդա 1 Կորնթացիներ 10։31։ Համաժողով գնալիս մեր հագուստը պետք է  պատշաճ ու համեստ լինի և չարտացոլի աշխարհին հատուկ ծայրահեղ ոճերը։ Անգամ հյուրանոցում գրանցվելիս, հյուրանոցից մեկնելիս, նաև համաժողովից առաջ և դրանից հետո մեր արտաքին տեսքը չպետք է լինի անփույթ և թափթփված։ Այդ դեպքում մենք չենք վարանի ասել, որ Եհովայի վկա ենք, և առիթի դեպքում անկաշկանդ վկայություն կտանք։

9, 10. Ինչպե՞ս կարող ենք կիրառել Փիլիպպեցիներ 2։4-ը հագուստի ընտրության հարցում։

9 Կարդա Փիլիպպեցիներ 2։4։ Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է հաշվի առնեն այն, թե ինչ ազդեցություն է թողնում իրենց հագուկապը հավատակիցների վրա։ Պատճառներից մեկն այն է, որ Աստծու ժողովուրդը ջանում է կիրառել աստվածաշնչյան հետևյալ հորդորը. «Սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի» հետ (Կող. 3։2, 5)։ Մենք չենք ցանկանում այնպես անել, որ մեր հավատակիցների համար դժվար լինի կատարել այս խոսքերը։ Այն եղբայրներն ու քույրերը, ովքեր թողել են անբարո ապրելակերպը, գուցե դեռ պայքարում են մեղավոր հակումների դեմ (1 Կորնթ. 6։9, 10)։ Մենք, անշուշտ, չենք ուզում ավելի դժվարացնել նրանց պայքարը։

10 Մեր հագուկապով մենք պետք է նպաստենք այն բանին, որ ժողովը մեր հոգևոր եղբայրների ու քույրերի համար բարոյական մաքրության հանգրվան լինի։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր հագուկապին թե՛ ժողովի հանդիպման գնալիս, թե՛ այն ժամանակ, երբ հավատակիցների հետ ազատ ժամանակ ենք անցկացնում։ Հագուստի ընտրության հարցում մենք ազատ ենք, բայցևայնպես բոլորս պարտավոր ենք կրել այնպիսի հագուստ, որի պատճառով ուրիշների համար դժվար չի լինի բարոյապես մաքուր մնալ  և մտքով, խոսքով ու վարքով պահպանել սրբության վերաբերյալ Աստծու չափանիշները (1 Պետ. 1։15, 16)։ Իսկական սերը «անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում» (1 Կորնթ. 13։4, 5

ԵՂԱՆԱԿԻՆ ԵՎ ՎԱՅՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱԳՈՒՍՏ

11, 12. Ի՞նչ պետք է հաշվի առնենք, երբ որոշում ենք, թե ինչ հագնել։

11 Երբ Աստծու ծառան որոշում է՝ ինչ հագնել, հաշվի է առնում այն, որ «ամեն գործի և ամեն աշխատանքի համար ժամանակ կա» (Ժող. 3։1, 17)։ Պարզ է, որ կլիմայական պայմանները, եղանակային փոփոխությունները, ինչպես նաև տարբեր հանգամանքներն ու կենսապայմանները ազդում են հագուստի մեր ընտրության վրա։ Սակայն Եհովայի չափանիշները եղանակի փոփոխության հետ չեն փոխվում (Մաղ. 3։6

12 Շոգ կլիմայական պայմաններում գուցե հատկապես դժվար լինի որոշել, թե արդյոք մեր հագուստը արժանավայել է, պատշաճ և համեստ։ Մեր եղբայրներն ու քույրերը գնահատում են այն, որ մենք չենք կրում պիրկ կամ այնքան լայն հագուստ, որը կմերկացնի մեր մարմնի որևէ մաս (Հոբ 31։1)։ Եթե գնացել ենք ծովափ կամ լողավազան, մեր լողազգեստը նույնպես պետք է համեստ լինի (Առակ. 11։2, 20)։ Նույնիսկ եթե շատերը բաց լողազգեստ են հագնում, մենք, լինելով Եհովայի ծառաներ, պետք է հավաստիանանք, որ մեր հագուստով փառք ենք բերում մեր սուրբ Աստծուն, որին սիրում ենք։

13. Ի՞նչ առաջնորդություն են տալիս 1 Կորնթացիներ 10։32, 33 համարները հագուստի ընտրության հարցում։

13 Կա մեկ այլ կարևոր սկզբունք ևս, որը կօգնի մեզ պատշաճ հագուստ ընտրելու՝ ուրիշների խիղճը հաշվի առնելը, անկախ նրանից՝ նրանք մեր հավատակիցներն են, թե ոչ (կարդա 1 Կորնթացիներ 10։32, 33)։ Մենք պետք է լուրջ վերաբերվենք պատշաճ հագուստ կրելու մեր պարտավորությանը, հակառակ դեպքում կվիրավորենք ուրիշների զգացմունքները։ Պողոս առաքյալն ասում է. «Մեզանից յուրաքանչյուրը թող հաճեցնի իր մերձավորին ի բարին՝ նրան կերտելու համար»։ Ապա բացատրում է, թե ինչու. «Նույնիսկ Քրիստոսը ինքն իրեն չհաճեցրեց» (Հռոմ. 15։2, 3)։ Այո՛, Հիսուսը ուրիշներին օգնելը անձնական հարմարավետությունից վեր էր դասում. նրանց օգնելով՝ նա Աստծու կամքն էր կատարում։ Ուստի մենք կհրաժարվենք այն իրերից կամ հագուստի այն ոճից, որը թեև մեզ դուր է գալիս, բայց որի պատճառով մարդիկ գուցե չցանկանան լսել մեր հայտնած լուրը։

14. Ինչպե՞ս կարող են ծնողները սովորեցնել երեխաներին, որ իրենց հագուկապով փառք բերեն Աստծուն։

14 Քրիստոնյա ծնողները պարտավոր են սովորեցնել իրենց երեխաներին կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։ Դա նշանակում է, որ նրանք պետք է հավաստիանան, որ իրենք և իրենց երեխաները ձգտում են ուրախացնել Աստծու սիրտը համեստ հագուկապով ու հարդարանքով (Առակ. 22։6; 27։11)։ Ծնողները իրենց երեխաների մեջ հարգանք կսերմանեն այն սուրբ Աստծու հանդեպ, որին երկրպագում են, եթե լավ օրինակ լինեն նրանց համար և սիրով լի ու գործնական առաջնորդություն տան։ Որքա՜ն լավ է, երբ ծնողները սովորեցնում են իրենց երեխաներին, թե որտեղ և ինչպես կարող են պատշաճ հագուստ ձեռք բերել։ Դա նշանակում է, որ նրանք ոչ թե պարզապես ընտրում են այնպիսի հագուստ, որն իրենց դուր է գալիս, այլ այնպիսի հագուստ, որը պատիվ է բերում Եհովա Աստծուն, որին նրանք ներկայացնում են։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԴ ԻՄԱՍՏՆՈՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԻՐ

15. Ինչո՞վ պետք է առաջնորդվենք հագուստ ընտրելիս։

15 Աստծու Խոսքը գործնական առաջնորդություն է տալիս, որը կարող է օգնել մեզ իմաստուն որոշումներ կայացնելու և փառք բերելու Աստծուն։ Սակայն մենք ինչ-որ չափով ազատություն ունենք հագնելու այն, ինչ նախընտրում ենք։ Մեր ճաշակը տարբեր է, տարբեր են նաև մեր ֆինանսական  միջոցները։ Այնուամենայնիվ, մեր հագուստը միշտ պետք է լինի կոկիկ, մաքուր, համեստ, առիթին համապատասխան և ընդունելի լինի տվյալ վայրում։

16. Ինչո՞ւ արժե ջանք թափել պատշաճ հագնվելու համար։

16 Պետք է ընդունենք, որ միշտ չէ, որ հեշտ է այնպիսի որոշում կայացնել, որը ցույց կտա, որ ողջամիտ ենք, համեստ և հաշվի ենք առնում բոլոր գործոնները։ Շատ խանութներում վաճառվում է նորաձևության վերջին ճիչով կարված հագուստ։ Այդ պատճառով գուցե ավելի շատ ժամանակ ու ջանք պահանջվի ձեռք բերելու համեստ կիսաշրջազգեստներ, շրջազգեստներ, բլուզներ կամ ոչ շատ կիպ պիջակներ ու տաբատներ։ Անշուշտ, մեր հավատակիցները կնկատեն ու կգնահատեն այն, որ սրտանց ջանում ենք կրել գեղեցիկ ու պատշաճ հագուստ։ Եվ, որ ամենակարևորն է, այդպիսով փառք կբերենք մեր սիրառատ երկնային Հորը, ինչի արդյունքում բավարարվածության այնպիսի զգացում կունենանք, որն ավելին է, քան մեր արած ցանկացած զոհողություն։

17. Ի՞նչ գործոններ եղբայրը պետք է հաշվի առնի, եթե ցանկանում է մորուք կրել։

17 Իսկ տեղի՞ն է, որ եղբայրները մորուք կրեն։ Մովսիսական օրենքով պահանջվում էր, որ տղամարդիկ մորուք ունենային։ Սակայն քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, և նրանցից չի պահանջվում պահել այն (Ղևտ. 19։27; 21։5; Գաղ. 3։24, 25)։ Որոշ մշակույթներում խնամված մորուքը ընդունելի ու պատշաճ է, և այն մարդկանց ուշադրությունը չի շեղում, երբ քարոզում ենք Թագավորության լուրը։ Անգամ պատասխանատվություններ ունեցող որոշ եղբայրներ մորուք են կրում։ Սակայն կան եղբայրներ, որոնք չեն ուզում մորուք կրել (1 Կորնթ. 8։9, 13; 10։32)։ Այլ մշակույթներում ու վայրերում մորուք ունենալը անսովոր և անընդունելի բան է քրիստոնյաների համար։ Իրականում, մորուք կրելու պատճառով եղբայրը գուցե չկարողանա անպարսավելի լինել և փառք բերել Աստծուն (Հռոմ. 15։1–3; 1 Տիմոթ. 3։2, 7

18, 19. Միքիա 6։8-ը ինչպե՞ս է օգնում մեզ Աստծուն հաճելի հագուկապ ունենալու։

18 Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ մեզ չի ծանրաբեռնել՝ հագուկապի ու հարդարանքի վերաբերյալ մանրամասն կանոններ տալով։ Ընդհակառակը՝ նա թույլ է տալիս, որ մենք մեր ազատ կամքը դրսևորենք և ողջամտության սահմաններում անձնական որոշումներ կայացնենք՝ առաջնորդվելով աստվածաշնչյան սկզբունքներով։ Այսպիսով՝ անգամ մեր հագուկապով ու հարդարանքով կարող ենք ցույց տալ, որ ցանկանում ենք «Աստծու հետ համեստությամբ քայլել» (Միք. 6։8

19 Համեստ լինել նշանակում է խոնարհաբար ընդունել, որ Եհովան մաքուր ու սուրբ է, և որ նրա չափանիշները լավագույն առաջնորդությունն են մեզ համար։ Այդ հատկությունը դրսևորելով՝ մենք հարգանք ենք ցույց տալիս ուրիշների զգացմունքների ու կարծիքների հանդեպ։ Հետևաբար մենք «Աստծու հետ համեստությամբ ենք քայլում», երբ մեր կյանքը ներդաշնակեցնում ենք նրա վեհ չափանիշներին ու հարգանք ենք դրևսորում ուրիշների զգացմունքների հանդեպ։

20. Մեր հագուկապով ու հարդարանքով ի՞նչ ազդեցություն պետք է թողնենք ուրիշների վրա։

20 Մեր հագուկապը պետք է հստակ ցույց տա, որ մենք Եհովայի ծառաներն ենք։ Մեր եղբայրներն ու քույրերը, ինչպես նաև ուրիշ մարդիկ պետք է տեսնեն, որ մենք պատշաճ կերպով ենք ներկայացնում մեր արդար Աստծուն։ Նրա չափանիշները բարձր են, և մենք ուրախությամբ ձգտում ենք համապատասխանել դրանց։ Այն եղբայրներն ու քույրերը, որոնց արտաքին տեսքն ու լավ վարքը գրավում են ազնվասիրտ մարդկանց, և նրանք դրականորեն են արձագանքում Աստվածաշնչի կենսատու լուրին, գովեստի են արժանի։ Մեր այդ հավատակիցները փառք են բերում Եհովային և ուրախացնում են նրան։ Ինչ խոսք, հագուկապի վերաբերյալ իմաստուն որոշումներ կայացնելով՝ մենք կշարունակենք փառք բերել մեր Աստծուն, որը «վեհություն և շքեղություն է հագել» (Սաղ. 104։1, 2