Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2016

Խոր հարգանքով և գնահատանքո՞վ ես վերաբերվում Աստծու Խոսքին

Խոր հարգանքով և գնահատանքո՞վ ես վերաբերվում Աստծու Խոսքին

«Երբ Աստծու խոսքը մեզանից լսեցիք, ընդունեցիք այն ոչ թե որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես որ ճշմարտապես կա, որպես Աստծու խոսք» (1 ԹԵՍԱՂ. 2։13

ԵՐԳ 114, 113

1–3. Ի՞նչ հնարավոր պատճառով կարող էր Եվոդիայի ու Սյունտիքի միջև տարաձայնություն առաջացած լինել, և ինչպե՞ս կարելի է նման խնդիրներից խուսափել (տես հոդվածի սկզբի նկարը)։

ԵՀՈՎԱՅԻ ծառաները խորապես հարգում են Սուրբ Գիրքը՝ Աստվածաշունչը։ Քանի որ անկատար ենք, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ աստվածաշնչյան խորհուրդ ենք ստանում։ Ինչպե՞ս ենք արձագանքում տրված խորհրդին։ Քննենք առաջին դարում ապրած քրիստոնյաներից Եվոդիայի ու Սյունտիքի օրինակը։ Այս օծյալ քույրերի միջև խնդիրներ ծագեցին։ Աստվածաշունչը չի խոսում, թե ինչ խնդիրներ էին դրանք, բայց պատկերացնելու համար նկատի առնենք մի հնարավոր իրավիճակ։

2 Ենթադրենք՝ Եվոդիան որոշ եղբայրների ու քույրերի իր տուն էր հրավիրել ճաշելու և հաճելի ժամանակ անցկացնելու։ Սակայն Սյունտիքը հրավիրված չէր։ Նա իմացավ, թե ինչ լավ ժամանակ են անցկացրել նրանք։ Հնարավոր է՝ նա մտածեց. «Հավատս չի գալիս, որ Եվոդիան առանց ինձ խնջույք է կազմակերպել։ Կարծում էի՝ մենք մտերիմ ընկերներ ենք»։ Եվոդիայից վիրավորված՝ Սյունտիքը սկսեց չվստահել և կասկածանքով վերաբերվել  նրան։ Նա էլ խնջույք կազմակերպեց ու հրավիրեց նույն եղբայրներին ու քույրերին, բայց ոչ Եվոդիային։ Եվոդիայի ու Սյունտիքի միջև առաջացած լարվածությունը կարող էր խաթարել ամբողջ ժողովի խաղաղությունը։ Աստվածաշունչը չի հայտնում, թե ինչ ավարտ է ունեցել այդ տարաձայնությունը, բայց հավանաբար այս քույրերը լավ են արձագանքել Պողոս առաքյալի սիրով տրված խորհրդին (Փիլիպ. 4։2, 3

3 Այսօր էլ նմանատիպ իրավիճակներ երբեմն խնդիրներ են ստեղծում ժողովներում։ Սակայն այդպիսի խնդիրները կարելի է լուծել և նույնիսկ խուսափել դրանցից, եթե կիրառենք Աստվածաշնչի խորհուրդը։ Երբ ապրում ենք Եհովայի Սուրբ Գրքի տված առաջնորդությամբ, ցույց ենք տալիս, որ խորապես հարգում ենք այն (Սաղ. 27։11

ԱՍՏԾՈՒ ԳԻՐՔԸ ԵՎ ՄԵՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ

4, 5. Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստծու Խոսքը մեր զգացմունքները հսկելու հետ կապված։

4 Հեշտ չէ հսկել զգացմունքները, երբ վիրավորված ենք կամ մտածում ենք, որ մեզ հետ անարդարացիորեն են վարվել։ Մենք ցավ ենք զգում, երբ մեզ վատ են վերաբերվում մեր ծագման, մաշկի գույնի կամ որևէ արտաքին տարբերության պատճառով։ Որքան ավելի ցավոտ է, երբ մեր հավատակիցն է այդպես վերաբերվում մեզ։ Աստծու Խոսքը տալի՞ս է որևէ խորհուրդ, որը կօգնի մեզ, երբ բախվում ենք անկատարության այսպիսի դրսևորման։

5 Եհովան մարդկության պատմության հենց սկզբից տեսել է մարդկանց զգացմունքներն ու արարքները և այն, թե ինչպես են դրանք ազդում մարդկային փոխհարաբերությունների վրա։ Զգացմունքներից դրդված՝ հնարավոր է ասենք և անենք բաներ, որոնց համար գուցե հետո փոշմանենք։ Ուստի որքան իմաստուն կլինի կիրառել Աստվածաշնչի խորհուրդը. հսկել բարկությունը և խուսափել արագ վիրավորվելուց (կարդա Առակներ 16։32; Ժողովող 7։9)։ Ինչ խոսք, բոլորս էլ կարիք ունենք ջանքեր թափելու, որ չլինենք չափից շատ զգայուն և լինենք ավելի ներողամիտ։ Եհովան և Հիսուսը լրջորեն են վերաբերվում այն բանին, թե արդյոք ներողամիտ ենք (Մատթ. 6։14, 15)։ Իսկ դու կարո՞ղ ես հսկել զգացմունքներդ և լինել ավելի ներողամիտ։

6. Ինչո՞ւ պետք է խուսափենք դառնանալուց։

6 Այն մարդիկ, ովքեր չեն հսկում իրենց զգացմունքները, հաճախ են դառնությամբ լցվում։ Դրա պատճառով ուրիշները գուցե չցանկանան շփվել նրանց հետ։ Դառնացած անհատը կարող է վատ ազդեցություն ունենալ ժողովի վրա։ Միգուցե նա փորձի ցույց չտալ իր դառնությունը կամ նույնիսկ ատելությունը, բայց նրա սրտում թաքնված բացասական զգացմունքները «ժողովում կբացահայտվեն» (Առակ. 26։24–26)։ Երեցները հնարավոր է կարողանան օգնել այդպիսի անհատին հասկանալ, որ դառնությունը, ատելությունը և ոխակալությունը բնավորության այնպիսի գծեր են, որոնք տեղ չունեն Աստծու կազմակերպության մեջ։ Եհովայի անգին Գիրքը շատ հստակ խորհուրդ է տալիս այս հարցում (Ղևտ. 19։17, 18; Հռոմ. 3։11–18)։ Ընդունո՞ւմ ես այն։

ՀԻՇԵՆՔ, ՈՐ ԵՀՈՎԱՆ Է ՄԵԶ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ

7, 8. ա) Ինչպե՞ս է Եհովան առաջնորդում իր կազմակերպության երկրային մասը։ բ) Որո՞նք են Աստծու Խոսքում գտնվող պատվերներից մի քանիսը, և ինչո՞ւ պետք է հնազանդվենք դրանց։

7 Եհովան իր կազմակերպության երկրային մասի անդամներին առաջնորդում և կերակրում է «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով, որին ղեկավարում է Քրիստոսը՝ «ժողովի գլուխը» (Մատթ. 24։45–47; Եփես. 5։23)։ Առաջին դարի կառավարիչ մարմնի նման՝ այս ծառան ընդունում և խորապես հարգում է Աստծու ներշնչված Խոսքը (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Որո՞նք են Աստվածաշնչում գրված պատվերներից մի քանիսը, որոնք մեր օգտի համար են տրված։

8 Աստվածաշունչը պատվիրում է կանոնավորաբար մասնակցել հանդիպումներին (Եբր. 10։24, 25)։ Բոլորիս հորդորում է հետևել նույն ուսմունքներին (1 Կորնթ. 1։10)։ Աստծու Խոսքն ասում է, որ  Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղում դնենք (Մատթ. 6։33)։ Այն ցույց է տալիս, որ մենք պարտավոր ենք և առանձնաշնորհում ունենք քարոզելու մարդկանց իրենց տներում, հասարակական վայրերում և ոչ պաշտոնական (Մատթ. 28։19, 20; Գործ. 5։42; 17։17; 20։20)։ Եհովան իր Գրքում պատվիրում է երեցներին մաքուր պահել իր կազմակերպությունը (1 Կորնթ. 5։1–5, 13; 1 Տիմոթ. 5։19–21)։ Նա նաև պահանջում է, որ իր կազմակերպության բոլոր անդամները լինեն ֆիզիկապես ու հոգևորապես մաքուր (2 Կորնթ. 7։1

9. Ո՞ւմ միջոցով է Հիսուսը օգնում մեզ հասկանալ Աստծու Խոսքը։

9 Ոմանք մտածում են, որ իրենք կարող են մեկնաբանել Աստվածաշունչը իրենց հասկացած ձևով։ Սակայն Հիսուսը նշանակել է «հավատարիմ ծառային» որպես միակ միջոցի, որը պետք է հոգևոր սնունդ մատակարարի։ 1919-ից սկսած՝ փառավորված Հիսուս Քրիստոսը այդ ծառայի միջոցով օգնում է իր հետևորդներին հասկանալ Աստծու Խոսքը և հետևել դրա առաջնորդությանը։ Հնազանդվելով Աստվածաշնչի պատվերներին՝ մենք նպաստում ենք ժողովի մաքրությանը, խաղաղությանը և միասնությանը։ Լավ կլինի, որ մեզանից յուրաքանչյուրը հարցնի. «Հավատարի՞մ եմ Հիսուսին՝ հետևելով «հավատարիմ ծառայի» տված առաջնորդությանը»։

ԵՀՈՎԱՅԻ ԿԱՌՔԸ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ Է

10. Ինչպե՞ս է «Եզեկիել» գրքում նկարագրվում Եհովայի կազմակերպության երկնային մասը։

10 Եհովայի գրավոր Խոսքը օգնում է մեզ պատկերացնել նրա կազմակերպության երկնային մասը։ Օրինակ՝ Եզեկիել մարգարեն տեսավ մի տեսիլք, որում այն ներկայացված էր երկնային կառքի միջոցով (Եզեկ. 1։4–28)։ Եհովան իր սուրբ ոգով առաջնորդում է կառքի ընթացքը, որը ազդում է նրա կազմակերպության երկրային մասի վրա։ Անկասկած, կառքը գտնվում է շարժման մեջ։ Մտածենք վերջին տասը տարիների ընթացքում կազմակերպության մեջ արված բազմաթիվ փոփոխությունների մասին և հիշենք, որ Եհովան է դրանց հետևում կանգնած։ Եհովայի կառքը արագորեն ընթանում է դեպի իր գերիշխանության արդարացումը և իր անվան սրբացումը։ Շուտով Քրիստոսն ու իր սուրբ հրեշտակները կկործանեն այս չար աշխարհը։

Շատ ենք գնահատում բոլոր կամավոր-շինարարներին, որոնք ջանասիրաբար աշխատում են տարբեր նախագծերում (տես պարբերություն 11)

11, 12. Որո՞նք են այն մի քանի բաները, որ իրականացրել է Եհովայի կազմակերպությունը։

11 Մտածենք, թե Աստծու կազմակերպության երկրային մասը ինչեր է անում այս վերջին օրերում։ Շինարարություն։ Հարյուրավոր կամավորներ ակտիվորեն մասնակցել են Եհովայի վկաների նոր գլխավոր վարչության շինարարությանը Ուորվիքում (Նյու Յորք, ԱՄՆ)։ Նախագծման/շինարարության միջազգային բաժնի առաջնորդությամբ հազարավոր կամավորներ ամբողջ աշխարհում ջանասիրաբար կառուցում են նոր Թագավորության սրահներ և մասնակցում են մասնաճյուղերի ընդլայնման աշխատանքներին։ Մենք անչափ երախտապարտ ենք այն բազմաթիվ կամավորներին, որոնք տքնաջան աշխատում են այսպիսի նախագծերի վրա։ Հիշենք, որ Եհովան օրհնում է ողջ աշխարհի Թագավորության քարոզիչներին, որոնք խոնարհաբար և նվիրվածորեն իրենց հնարավորության չափով ֆինանսապես աջակցում են այսպիսի նախագծերին (Ղուկ. 21։1–4

 12 Կրթություն։ Նկատի առնենք այն տարբեր դպրոցները, որտեղ սուրբգրային կրթություն է տրվում (Ես. 2։2, 3)։ Մենք ունենք Ռահվիրայական ծառայության դպրոց, Թագավորության քարոզիչների դպրոց, «Գաղաադ» դպրոց, Բեթելի սկսնակ ծառայողների դպրոց, Դպրոց շրջանային վերակացուների և նրանց կանանց համար, Ժողովի երեցների դպրոց, Թագավորական ծառայության դպրոց և Դպրոց մասնաճյուղի կոմիտեի անդամների և նրանց կանանց համար։ Անշուշտ, Եհովան սիրում է կրթել իր ժողովրդին։ Աստվածաշնչյան կրթություն կարելի է ստանալ նաև մեր jw.org կայքում, որտեղ հարյուրավոր լեզուներով գրականություն կա։ Կայքում կան առանձին բաժիններ երեխաների և ընտանիքների համար, ինչպես նաև լրատվության բաժին։ Ծառայության մեջ և ընտանեկան երկրպագության ժամանակ օգտագործո՞ւմ ես jw.org կայքը։

ՆՎԻՐՎԱԾ ԵՂԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ԱՋԱԿՑԻՐ ՆՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

13. Ի՞նչ պատասխանատվություն ունենք որպես Եհովայի նվիրված ծառաներ։

13 Մեծ առանձնաշնորհում է լինել Եհովայի կազմակերպության մի մասը։ Եհովայի պահանջները և չափանիշները իմանալը պատասխանատվություն է բերում. անել այն, ինչ ճիշտ է, և թիկունք կանգնել նրա գերիշխանությանը։ Մինչ այս աշխարհը ավելի ու ավելի է մխրճվում սանձարձակության մեջ, մենք պետք է «ատենք չարությունը», ինչպես որ Եհովան (Սաղ. 97։10)։ Մենք չենք ուզում նմանվել անաստված մարդկանց, ովքեր «բարուն ասում են չար և չարին՝ բարի» (Ես. 5։20)։ Քանի որ ուզում ենք հաճեցնել Աստծուն, ձգտում ենք մնալ ֆիզիկապես, բարոյապես և հոգևորապես մաքուր (1 Կորնթ. 6։9–11)։ Մենք սիրում ենք Եհովային և վստահում ենք նրան։ Ուզում ենք մեր նվիրվածությունը նրա նկատմամբ ցույց տալ՝ ապրելով նրա անգին Գրքում՝ Աստվածաշնչում հստակ գրված չափանիշներով։ Ուստի ամեն ջանք անում ենք, որ այդ սկզբունքները կիրառենք տանը, ժողովում, աշխատանքի վայրում, դպրոցում և ամենուր (Առակ. 15։3)։ Քննենք նաև այլ կերպեր, որոնցով կարող ենք փաստել մեր նվիրվածությունը Աստծու նկատմամբ։

14. Ինչպե՞ս կարող են քրիստոնյա ծնողները ցույց տալ իրենց նվիրվածությունը Աստծու նկատմամբ։

14 Երեխայի դաստիարակություն։ Քրիստոնյա ծնողները ցույց են տալիս իրենց նվիրվածությունը Եհովայի նկատմամբ՝ կրթելով իրենց երեխաներին նրա Խոսքի համաձայն։ Աստվածավախ ծնողները թույլ չեն տալիս, որ երեխա դաստիարակելու վերաբերյալ մշակույթում ընդունված սխալ տեսակետները ազդեն իրենց վրա։ Աշխարհի ոգին չպետք է տեղ ունենա քրիստոնեական ընտանիքում (Եփես. 2։2)։ Օրինակ՝ մկրտված քրիստոնյա հայրը չի մտածի. «Դե մեր երկրում երեխա դաստիարակելը կնոջ գործն է»։ Աստվածաշունչը հստակ ասում է. «Հայրե՛ր.... դաստիարակեք [ձեր երեխաներին] Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Աստվածապաշտ հայրերն ու մայրերը ուզում են, որ Եհովան իրենց երեխաների հետ լինի մանկության տարիներից ի վեր, ինչպես որ Սամուելի հետ էր (1 Սամ. 3։19

15. Ինչպե՞ս ենք լուրջ որոշումներ կայացնելիս ցույց տալիս մեր նվիրվածությունը Եհովայի հանդեպ։

15 Որոշումներ։ Մեր նվիրվածությունը Աստծու նկատմամբ կարող ենք ցույց տալ, եթե կյանքում լուրջ որոշումներ կայացնելուց առաջ առաջնորդություն փնտրենք նրա գրավոր Խոսքից և կազմակերպությունից։ Սրա կարևորությունը հասկանալու համար նկատի առնենք մի նուրբ հարց, որին առնչվում են շատ ծնողներ։ Որոշ ներգաղթյալներ սովորություն ունեն իրենց նոր ծնված երեխային ուղարկել հարազատների մոտ, որպեսզի հոգ տանեն նրան, իսկ իրենք շարունակեն փող աշխատել օտար երկրում։ Ճիշտ է, սա անձնական որոշում է, բայց հիշենք, որ յուրաքանչյուրս Աստծուն պետք է հաշիվ տա իր որոշումների համար (կարդա Հռոմեացիներ 14։12)։ Իմաստուն կլինի՞ առանց Աստվածաշնչի խորհուրդը  հաշվի առնելու մեր ընտանիքի և ապրուստի հետ կապված լուրջ որոշումներ կայացնել։ Իհարկե ոչ։ Մենք մեր երկնային Հոր օգնության կարիքն ունենք, քանի որ չենք կարող ինքներս ուղղել մեր քայլերը (Երեմ. 10։23

16. Ի՞նչ որոշման առաջ կանգնեց մի կին, երբ ծնվեց նրա որդին, և ի՞նչն օգնեց նրան ճիշտ որոշում կայացնելու։

16 Մի կին, լինելով օտար երկրում, որոշել էր իր նորածին տղային ուղարկել իր հայրենի երկիր, որ նրա մասին հոգային տատիկն ու պապիկը։ Երբ երեխան նոր էր ծնվել, կինը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Նա հոգևորապես առաջադիմեց և հասկացավ, որ Աստծու Խոսքի համաձայն՝ իր պարտականությունն է մեծացնել որդուն որպես Աստծու ծառա (Սաղ. 127։3; Առակ. 22։6)։ Երիտասարդ կինը բացեց իր սիրտը Եհովայի առաջ, ինչպես որ Սուրբ Գիրքն է հորդորում (Սաղ. 62։7, 8)։ Նա նաև այդ մասին խոսեց իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրողի և ժողովից մի քանի անհատների հետ։ Չնայած հարազատները և ընկերները ճնշում էին բանեցնում նրա վրա, որ երեխային ուղարկի տատիկի ու պապիկի մոտ, սակայն նա հասկացավ, որ այդպես վարվելը ճիշտ չի լինի։ Նրա ամուսինը այնքան տպավորվեց՝ տեսնելով, թե ինչպես է ժողովը օգնում իր կնոջը, որ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և կնոջ ու երեխայի հետ հաճախել ժողովի հանդիպումներին։ Անկասկած, այդ կինը զգաց, որ Եհովան պատասխանել է իր սրտանց աղոթքին։

17. Ի՞նչ առաջնորդություն ենք ստացել Աստվածաշունչ ուսումնասիրողների հետ կապված։

17 Հետևել առաջնորդությանը։ Աստծու հանդեպ մեր նվիրվածությունը ցույց տալու կարևոր կերպերից մեկը նրա կազմակերպության տված առաջնորդությանը հետևելն է։ Օրինակ՝ մենք ստացանք առաջնորդություն՝ կապված Աստվածաշունչ ուսումնասիրողների հետ։ Խորհուրդ տրվեց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքով ուսումնասիրություն սկսելուց կարճ ժամանակ հետո ամեն անգամ մի քանի րոպե տրամադրել ուսումնասիրողի ուշադրությունը կազմակերպության վրա հրավիրելու համար։ Դա կարելի է անել «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութի և «Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր» գրքույկի միջոցով։ Խորհուրդ տրվեց նաև, որ երբ հոգևորապես առաջադիմող անհատի հետ ավարտում ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի ուսումնասիրությունը, նրա հետ ուսումնասիրենք «Մնա Աստծու սիրո մեջ» գիրքը, նույնիսկ եթե նա արդեն մկրտվել է։ Կազմակերպությունը այս հորդորը տվել է, որպեսզի նոր աշակերտները «հավատի մեջ հաստատված լինեն» (Կող. 2։7)։ Հետևո՞ւմ ես Եհովայի կազմակերպության տված այս առաջնորդությանը։

18, 19. Որո՞նք են Եհովային երախտապարտ լինելու պատճառներից մի քանիսը։

18 Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու մենք պետք է Եհովային շնորհակալ լինենք։ Նրա շնորհիվ է, որ կյանք ունենք, քանի որ առանց նրա չենք կարող նույնիսկ շարժվել կամ գոյություն ունենալ (Գործ. 17։27, 28)։ Եհովան տվել է մեզ մի շատ թանկ նվեր՝ իր Գիրքը՝ Աստվածաշունչը։ Մենք այն գնահատանքով ընդունում ենք որպես Աստծու խոսք, ինչպես որ Թեսաղոնիկեի քրիստոնյաներն էին ընդունում (1 Թեսաղ. 2։13

19 Աստվածաշունչը օգնում է, որ մոտենանք Եհովային, և արդյունքում նա էլ մեզ է մոտենում (Հակ. 4։8)։ Մեր երկնային Հայրը մեզ տվել է իր կազմակերպության մի մասը լինելու առանձնաշնորհումը։ Որքա՜ն շատ ենք գնահատում այս օրհնությունները։ Սաղմոսերգուն արտահայտվեց հետևյալ գեղեցիկ խոսքերով. «Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա, որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է» (Սաղ. 136։1)։ 136-րդ սաղմոսում 26 անգամ կրկնվում է «նրա սիրառատ բարությունը հավերժական է» արտահայտությունը։ Նվիրված մնալով Եհովային և նրա կազմակերպությանը՝ մենք կտեսնենք այս ոգևորիչ խոսքերի ճշմարտացիությունը, քանի որ կապրենք հավիտյան։