Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2016

Նրանք ազատվեցին կեղծ կրոնի կապանքներից

Նրանք ազատվեցին կեղծ կրոնի կապանքներից

«Դո՛ւրս եկ նրա միջից, ի՛մ ժողովուրդ» (ՀԱՅՏՆ. 18։4

ԵՐԳ 101, 93

1. Ի՞նչ հիմնավոր պատճառ ուներ Աստծու ժողովուրդը հուսալու, որ կազատվեր Մեծ Բաբելոնից, և ի՞նչ հարցեր կքննենք։

ՆԱԽՈՐԴ հոդվածում իմացանք, թե հավատարիմ քրիստոնյաները ինչպես էին հայտնվել Բաբելոնի գերության մեջ։ Սակայն հուսադրող է այն, որ նրանք անվերջ չէին մնալու այդ իրավիճակում։ Աստծու պատվերը՝ «Դո՛ւրս եկ նրա միջից, ի՛մ ժողովուրդ», անիմաստ կլիներ, եթե ոչ ոք երբևէ չէր կարողանալու ազատվել կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից (կարդա Հայտնություն 18։4)։ Մենք ցանկանում ենք իմանալ, թե Աստծու ժողովուրդը երբ է ամբողջությամբ ազատվել Բաբելոնի կապանքներից։ Բայց նախ պետք է պատասխանել հետևյալ հարցերին։ Մինչև 1914 թ. ի՞նչ դիրքորոշում ունեին Աստվածաշունչ ուսումնասիրողները Մեծ Բաբելոնի վերաբերյալ։ Որքանո՞վ էին ակտիվ մեր եղբայրները քարոզչական գործում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Արդյոք այն, որ նրանք կարիք ունեին ուղղվելու և խրատվելու, պատճառ հանդիսացա՞վ, որ Բաբելոնի գերության մեջ ընկնեն։

«ԲԱԲԵԼՈՆԻ ԱՆԿՈՒՄԸ»

2. Կեղծ կրոնի վերաբերյալ ունեցած հասկացողության համաձայն՝ ի՞նչ դիրք բռնեցին Աստվածաշունչ ուսումնասիրողները։

2 Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տասնամյակների ընթացքում Չարլզ Թեյզ Ռասելը և իր ընկերակիցները  հասկացան, որ քրիստոնեական աշխարհի եկեղեցիները չեն սովորեցնում աստվածաշնչյան ճշմարտությունը։ Ուստի, իրենց ունեցած հասկացողության համաձայն, նրանք որոշեցին ոչ մի առնչություն չունենալ կեղծ կրոնի հետ։ Դեռևս վաղուց՝ 1879-ի նոյեմբերի «Սիոնի Դիտարանում», հստակ նշվում էր նրանց դիրքորոշման մասին. «Յուրաքանչյուր եկեղեցու, որը թեև պնդում է, թե Քրիստոսի հարսն է և սուրբ կույս է, սակայն իրականում միացած է աշխարհի (գազանի) հետ և ստանում է նրա աջակցությունը, մենք պետք է դատապարտենք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, որպես պոռնիկ եկեղեցի» (նկատի ունենալով Մեծ Բաբելոնը) (կարդա Հայտնություն 17։1, 2

3. Ի՞նչ վճռական քայլ արեցին Աստվածաշունչ ուսումնասիրողները՝ ցույց տալով, որ հասկանում են կեղծ կրոնից հեռանալու անհրաժեշտությունը (տես հոդվածի սկզբի նկարը)։

3 Աստվածավախ տղամարդիկ ու կանայք գիտեին՝ ինչ պետք է անեն։ Նրանք չէին կարող ակնկալել, որ կստանան Աստծու օրհնությունը, եթե շարունակեին աջակցել կեղծ կրոնական կազմակերպություններին։ Ուստի Աստվածաշունչ ուսումնասիրողներից շատերը եկեղեցիներից հեռանալու նամակներ գրեցին։ Որոշ դեպքերում նրանք իրենց նամակը կարդում էին եկեղեցու հանդիպման ժամանակ բոլորի առաջ։ Իսկ եթե դա արգելվում էր, նրանք այդ նամակի օրինակները ուղարկում էին եկեղեցու յուրաքանչյուր անդամի։ Նրանք չէին ուզում որևէ կապ ունենալ կեղծ կրոնի հետ։ Այդպիսի քայլը նախկին դարերում կարող էր շատ թանկ արժենալ անհատի համար։ Սակայն 1800-ականների վերջին շատ երկրներում եկեղեցին սկսել էր կորցնել պետության աջակցությունը։ Քանի որ այդպիսի երկրներում կրոնական հետապնդում չկար, մարդիկ կարող էին ազատորեն խոսել կրոնական հարցերի մասին և բացահայտորեն հայտնել, որ համաձայն չեն եկեղեցիների հետ։

4. Առաջին աշխարհամարտի ընթացքում Աստվածաշունչ ուսումնասիրողները ի՞նչ տեսակետ ունեին Մեծ Բաբելոնի վերաբերյալ։

4 Աստվածաշունչ ուսումնասիրողները հասկանում էին, որ բավարար չէ միայն հարազատներին, մտերիմ ընկերներին և եկեղեցու անդամներին տեղեկացնել կեղծ կրոնի առնչությամբ իրենց դիրքորոշումը։ Ամբողջ աշխարհը պետք է ճանաչեր Մեծ Բաբելոնի ով լինելը՝ այն, որ նա կրոնական պոռնիկ է։ Ուստի 1917-ի դեկտեմբերից մինչև 1918-ի սկզբները մի քանի հազար Աստվածաշունչ ուսումնասիրողներ եռանդորեն տարածեցին «Բաբելոնի անկումը» թերթիկի 10 000 000 օրինակներ, որում քրիստոնյա աշխարհը խիստ կերպով մեղադրվում էր։ Զարմանալի չէ, որ դա հարուցեց հոգևորականների բարկությունը։ Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողները անվախորեն շարունակեցին անել այդ կարևոր գործը։ Նրանք որոշել էին «Աստծուն հնազանդվել և ոչ թե մարդկանց» (Գործ. 5։29)։ Ի՞նչ հետևության կարող ենք գալ։ Պատերազմի տարիներին այդ քրիստոնյա տղամարդիկ ու կանայք ոչ թե Մեծ Բաբելոնի գերության տակ են ընկել, այլ դուրս էին գալիս նրա ազդեցությունից և ուրիշներին էլ օգնում էին նույնը անել։

ԵՌԱՆԴՈՐԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

5. Ի՞նչն է վկայում, որ Առաջին աշխարհամարտի տարիներին եղբայրները եռանդուն են եղել։

5 Անցյալում մենք մտածում էինք, թե Եհովան հավանություն չի տվել իր ժողովրդին, քանի որ նրանք եռանդորեն չէին անում քարոզչական գործը Առաջին աշխարհամարտի տարիներին։ Ուստի եկանք այն եզրակացության, որ Եհովան այդ պատճառով թույլ տվեց, որ Մեծ Բաբելոնը նրանց կարճ ժամանակով գերի տանի։ Սակայն այն հավատարիմ եղբայրների ու քույրերի պատմածներից, ովքեր Աստծուն ծառայել են 1914–1918 թվականների ընթացքում, պարզ դարձավ, որ ընդհանուր առմամբ Տիրոջ ժողովուրդը ամեն ինչ արել էր քարոզչական գործը առաջ տանելու համար։ Նրանց պատմածներին թիկունք կանգնող ծանրակշիռ փաստեր կան։ Մեր աստվածապետական պատմության վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ իմանալը օգնել է  հստակ հասկանալ Աստվածաշնչում արձանագրված որոշ իրադարձություններ։

6, 7. ա) Ի՞նչ դժվարությունների բախվեցին Աստվածաշունչ ուսումնասիրողները Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ բ) Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները եռանդուն էին։

6 Փաստ է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914–1918) ապրած Աստվածաշունչ ուսումնասիրողները մեծ վկայություն են տվել այդ տարիներին։ Մի քանի պատճառներով դա հեշտ չի եղել նրանց համար։ Նկատի առնենք դրանցից երկուսը։ Առաջին՝ այդ ժամանակներում քարոզչական գործը հիմնականում աստվածաշնչյան գրականություն տարածելն էր։ Երբ 1918-ի սկզբներին «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը արգելքի տակ դրվեց իշխանությունների կողմից, շատ եղբայրների համար քարոզելը դժվարացավ։ Նրանք դեռ չէին սովորել, թե ինչպես քարոզել՝ օգտագործելով միայն Աստվածաշունչը, այլ մտածում էին, որ «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը «կխոսի» իրենց փոխարեն։ Երկրորդ՝ 1918-ին սկսվեց տարածվել իսպանական գրիպը։ Այդ սարսափելի համաճարակի պատճառով քարոզիչները չէին կարողանում ազատորեն անել քարոզչական գործը։ Չնայած այս և ուրիշ դժվարությունների՝ Աստվածաշունչ ուսումնասիրողները՝ որպես խումբ, ամեն ինչ արեցին քարոզչական գործը առաջ տանելու համար։

Աստվածաշունչ ուսումնասիրողները եռանդուն էին (տես պարբերություն 6, 7)

7 Միայն 1914-ին Աստվածաշունչ ուսումնասիրողների այդ փոքր խումբը «Արարչության լուսադրաման» ցույց տվեց ավելի քան 9 000 000 մարդու։ Այդ լուսադրաման ընդգրկում էր շարժական պատկերներ ու սլայդներ, որոնք ցուցադրվում էին ձայնի ուղեկցությամբ։ Դրանում ներկայացվում էր մարդկային պատմությունը՝ ստեղծագործության սկզբից մինչև Հազարամյակի վերջ։ Այն մեծ ձեռքբերում էր։ Պատկերացրու՝ միայն 1914-ին այդ լուսադրաման տեսած մարդկանց թիվը ավելի մեծ էր, քան այսօր ամբողջ աշխարհում Թագավորության քարոզիչների թիվը։ Հաշվետվություններից երևում է, որ 1916-ին Միացյալ Նահանգներում ժողովի հանդիպումներին հաճախում էին 809 393 հոգի, իսկ 1918-ին այդ թիվը հասել էր 949 444-ի։ Անկասկած, Աստվածաշունչ ուսումնասիրողները եռանդուն էին։

8. Ինչպե՞ս էր եղբայրների հոգևոր կարիքները բավարարվում Առաջին աշխարհամարտի տարիներին։

8 Առաջին աշխարհամարտի տարիներին ջանք չէր խնայվում հոգևոր սնունդ մատակարարելու և քաջալերելու համար Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որոնք ցրված էին տարբեր տեղերում։ Դա եղբայրներին զորացրեց, որ շարունակեին քարոզչական գործը։ Ռիչարդ Բարբերը, որը եռանդուն  քարոզիչ է եղել այդ տարիներին, պատմել է. «Մենք կարողացանք հոգ տանել, որ շրջագայող վերակացուները շարունակեն իրենց ծառայությունը, և որ «Դիտարանը» շարունակի թողարկվել և ուղարկվել Կանադա, որտեղ այն արգելքի տակ էր։ Ինձ հանձնարարվեց «Գաղտնիքը բացահայտված է» գրքի գրպանի չափի օրինակներ փոստով ուղարկել որոշ եղբայրների, որոնց գրականությունը առգրավել էին։ Եղբայր Ռադերֆորդը խնդրեց մեզ կազմակերպել համաժողովներ Միացյալ Նահանգների արևմուտքում գտնվող մի քանի քաղաքներում և հռետորներ ուղարկել եղբայրներին քաջալերելու համար»։

ԶՏՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱՐ

9. ա) Ինչո՞ւ 1914–1919 թվականներին Աստծու ժողովուրդը ուղղվելու և խրատվելու կարիք ուներ։ բ) Չնայած նրանք խրատվելու կարիք ունեին, սակայն դա ի՞նչ չէր նշանակում։

9 1914–1919 թվականներին Աստվածաշունչ ուսումնասիրողների արած գործերից ամեն բան չէր, որ համապատասխանում էր Աստվածաշնչի սկզբունքներին։ Չնայած որ նրանք սխալ մղումներ չունեին, միշտ չէ, որ եղբայրները ճիշտ պատկերացում են ունեցել մարդկային կառավարություններին հպատակվելու մասին (Հռոմ. 13։1)։ Այդ պատճառով որպես խումբ նրանք ոչ միշտ են չեզոք եղել պատերազմի ընթացքում։ Օրինակ, երբ Միացյալ Նահանգների նախագահը հրամայեց, որ 1918-ի մայիսի 30-ին բոլորը աղոթեն խաղաղության համար, «Դիտարանում» Աստվածաշունչ ուսումնասիրողներին հորդոր տրվեց միանալ նրանց։ Որոշ եղբայրներ, բաժնետոմսեր գնելով, ֆինանսապես աջակցեցին պատերազմին, իսկ ոմանք նույնիսկ զենք վերցրին ու պատերազմի գնացին։ Չնայած որ Աստվածաշունչ ուսումնասիրողները ուղղվելու և խրատվելու կարիք ունեին, սխալ կլինի եզրակացնել, որ այդ ժամանակ նրանք Մեծ Բաբելոն գերեվարվեցին։ Հակառակը՝ նրանք հասկացել էին, որ պետք է հեռանան կեղծ կրոնից, և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գրեթե ամբողջությամբ ազատվել էին այդ համաշխարհային կայսրության կապանքներից (կարդա Ղուկաս 12։47, 48

10. Ի՞նչ դիրքորոշում ունեին Աստվածաշունչ ուսումնասիրողները կյանքի սրբության առնչությամբ։

10 Թեև Աստվածաշունչ ուսումնասիրողները լիովին չէին հասկանում քրիստոնեական չեզոքության հարցը, ինչպես մենք այսօր, սակայն մի բան հաստատ գիտեին՝ Աստվածաշունչը արգելում է մարդկային կյանք խլել։ Այդ պատճառով այն եղբայրները, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գնացել էին ճակատամարտ, վճռել էին իրենց զենքերը չօգտագործել մարդ սպանելու համար։ Քանի որ նրանք հրաժարվեցին զենք բարձրացնել, նրանցից ոմանց ուղարկեցին առաջին գիծ այն ակնկալիքով, որ կսպանվեն։

11. Ինչպե՞ս արձագանքեցին իշխանությունները պատերազմի հետ կապված Աստվածաշունչ ուսումնասիրողների դիրքորոշմանը։

11 Անշուշտ, Սատանային զայրացրեց պատերազմական հարցերում եղբայրների բռնած դիրքը, չնայած այդ հարցի վերաբերյալ նրանց հասկացողությունը ամբողջական չէր։ Արդյունքում՝ նա «չարիք պատրաստեց օրենքի միջոցով» (Սաղ. 94։20)։ ԱՄՆ-ի բանակի գեներալ-մայոր Ջեյմս Ֆրանկլին Բելը Ջոզեֆ Ռադերֆորդի և Ուիլյամ վան Ամբուրգի հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Կոնգրեսին ներկայացրել է մի օրինագիծ, ըստ որի՝ կարելի էր մահապատժի ենթարկել նրանց, ովքեր հրաժարվում են զենք վերցնել։ Նա նկատի ուներ Աստվածաշունչ ուսումնասիրողներին։ Զայրացած գեներալ Բելը ասաց եղբայր Ռադերֆորդին. «Այդ օրինագիծը չընդունվեց, քանի որ [ԱՄՆ-ի նախագահ] Ուիլսոնը արգելեց։ Բայց մենք գիտենք, թե ոնց կլուծենք ձեր հարցերը, ու մենք մեր նպատակին կհասնենք»։

12, 13. ա) Ինչո՞ւ ութ պատասխանատու եղբայրների երկարաժամկետ ազատազրկման դատապարտեցին։ բ) Արդյո՞ք բանտարկությունը կոտրեց Եհովային հնազանդվելու եղբայրների վճռականությունը։ Բացատրիր։

12 Իշխանությունները իրականացրին  իրենց սպառնալիքները։ Նրանք ձերբակալեցին եղբայր Ռադերֆորդին, վան Ամբուրգին և վեց ուրիշ եղբայրների, որոնք Դիտարանի ընկերության ներկայացուցիչներն էին։ Դատավորը իր վճռում ասաց. «Կրոնական պրոպագանդան, որ այս մարդիկ տարածում են, ավելի վտանգավոր է, քան գերմանական բանակի դիվիզիան։ Նրանք ոչ միայն հարցականի տակ են դնում իրավապահ մարմինների և ռազմական հետաքննության բյուրոյի իշխանությունը, այլ նաև դատապարտում են բոլոր եկեղեցիների հոգևորականներին։ Նրանց պետք է խստորեն պատժել» («Հավատի երթը», Ա. Հ. Մակմիլան, էջ 99)։ Այդպես էլ եղավ։ Ութ Աստվածաշունչ ուսումնասիրողները դատապարտվեցին երկարաժամկետ ազատազրկման Ատլանտայի ֆեդերալ բանտում (Ջորջիա)։ Երբ պատերազմը ավարտվեց, նրանք ազատ արձակվեցին, իսկ նրանց դեմ ուղղված մեղադրանքները չեղյալ համարվեցին։

13 Այդ ութ տղամարդիկ անգամ բանտում հավատարիմ մնացին աստվածաշնչյան սկզբունքներին, որքանով որ հասկանում էին դրանք։ Իրենց ներման հայցում, որն ուղղված էր ԱՄՆ-ի նախագահին, նրանք գրեցին. «Տիրոջ կամքը հստակ երևում է Սուրբ Գրքում, որտեղ ասվում է. «Մի՛ սպանիր»։ Ուստի եթե [Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողներ] ընկերության որևէ անդամ, ով նվիրված է Տիրոջը, իր կամքով ոտնահարի նվիրման իր ուխտը, կզրկվի Աստծու հաճությունից, անգամ կկործանվի։ Հետևաբար այս ընկերության անդամները չեն կարող իրենց կամքով և հանգիստ խղճով ուրիշի կյանքը խլել»։ Իսկապես, համարձակ խոսքեր են։ Պարզ է, որ եղբայրները փոխզիջումների գնալու միտք անգամ չունեին։

ՎԵՐՋԱՊԵՍ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ

14. Նկարագրիր, թե ըստ Աստվածաշնչի՝ ինչ տեղի ունեցավ 1914–1919 թթ.։

14 Մաղաքիա 3։1–3-ում նկարագրվում է այն ժամանակը՝1914-ից 1919-ի սկիզբը, երբ «Ղևիի որդիները»՝ օծյալները, զտվելու էին (կարդա)։ Այդ ընթացքում Եհովա Աստված՝ «ճշմարիտ Տերը», Հիսուս Քրիստոսի՝ «ուխտի պատգամաբերի» հետ եկավ հոգևոր տաճար՝ ստուգելու այնտեղ ծառայողներին։ Անհրաժեշտ խրատ ստանալուց հետո Եհովայի մաքրված ժողովուրդը պատրաստ էր ավելի մեծ հանձնարարություն ստանալու։ 1919-ին «հավատարիմ և իմաստուն ծառան» նշանակվեց հոգևոր կերակուր տալու տան անդամներին (Մատթ. 24։45)։ Այդուհետ Աստծու ժողովուրդը լիովին ազատված էր Մեծ Բաբելոնի ազդեցությունից։ Եհովայի անզուգական բարության շնորհիվ նրա ժողովուրդը շարունակում է ավելի լավ հասկանալ նրա կամքը և ավելի շատ սիրել իրենց երկնային Հորը։ Նրանք անչափ գնահատում են Աստծու օրհնությունը։ [1]

15. Ի՞նչ անելու պետք է մեզ մղի Մեծ Բաբելոնից ազատված լինելը։

15 Որքա՜ն մեծ թեթևացում է Մեծ Բաբելոնից ազատված լինելը։ Ճշմարիտ քրիստոնյաներին երկրի երեսից ոչնչացնելու Սատանայի նպատակը ձախողվել է։ Սակայն չմոռանանք, թե ինչ նպատակով է Եհովան շնորհել մեզ այս ազատությունը (2 Կորնթ. 6։1)։ Շատ անկեղծ մարդիկ դեռևս կեղծ կրոնի կապանքների մեջ են։ Նրանց պետք է ցույց տալ ազատվելու ճանապարհը։ Ընդօրինակելով անցած դարում ապրած մեր եղբայրներին՝ եկեք ամեն ինչ անենք, որ օգնենք մարդկանց ազատվելու Մեծ Բաբելոնից։

^ [1] (պարբերություն 14) Շատ նմանություններ կան հրեաների 70-ամյա բաբելոնյան գերության և այն բանի միջև, թե ինչ տեղի ունեցավ քրիստոնյաների հետ հավատուրացության սկիզբ առնելուց ի վեր։ Այնուամենայնիվ, հրեաների գերությունը, ըստ երևույթին, քրիստոնյաների հետ պատահածի նախապատկերը չէ։ Օրինակ՝ գերության տևողությունը տարբեր է։ Ուստի չպետք է փորձենք գտնել մարգարեական զուգահեռներ հրեաների գերության ամեն մանրամասնության մեջ՝ կարծելով, որ ինչ-որ կերպով դրանք կարող են լինել նախապատկերներ այն բաների, ինչ տեղի է ունեցել օծյալ քրիստոնյաների հետ 1919 թ.-ին նախորդող տարիներին։