Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2016

Կազմակերպված՝ Աստծու Խոսքին ներդաշնակ

Կազմակերպված՝ Աստծու Խոսքին ներդաշնակ

«Եհովան իմաստությամբ հիմնեց երկիրը։ Նա խորաթափանցությամբ հաստատեց երկինքը» (ԱՌԱԿ. 3։19

ԵՐԳ 105, 107

1, 2. ա) Ոմանք ինչպե՞ս են արձագանքում այն մտքին, որ Աստված կազմակերպություն ունի։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

ԱՍՏՎԱԾ կազմակերպություն ունի՞։ Ոմանք միգուցե ասեն. «Կարիք չկա ինչ-որ մի կազմակերպության հետևել։ Բավական է անձնական փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ»։ Արդյո՞ք ճիշտ է այս տեսակետը։ Ի՞նչ են ցույց տալիս փաստերը։

2 Այս հոդվածում կքննարկենք փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Եհովան կարգուկանոնի Աստված է և ուզում է, որ իր ժողովուրդն էլ լինի կազմակերպված։ Նաև կսովորենք, թե ինչպես պետք է արձագանքենք այն առաջնորդությանը, որ ստանում ենք Եհովայի կազմակերպությունից (1 Կորնթ. 14։33, 40)։ Ինչպես առաջին դարում սուրբ գրքերը, այնպես էլ այսօր Աստվածաշունչը օգնում է Եհովայի կազմակերպության երկրային մասին քարոզել բարի լուրը ողջ աշխարհով մեկ։ Քանի որ հետևում ենք Աստվածաշնչին և ենթարկվում կազմակերպության առաջնորդությանը, նպաստում ենք ժողովի մաքրությանը, խաղաղությանը և միասնությանը։

ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻ ԱՍՏՎԱԾ

3. Ի՞նչն է քեզ համոզում, որ Եհովան կարգուկանոնի Աստված է։

3 Ստեղծագործությունը փաստում է, որ Աստված կարգուկանոն սիրող Աստված է։ Աստվածաշունչը ասում է. «Եհովան  իմաստությամբ հիմնեց երկիրը։ Նա խորաթափանցությամբ հաստատեց երկինքը» (Առակ. 3։19)։ Մենք միայն տեղյակ ենք «[Աստծու] ճանապարհների եզրերին, և ընդամենը շշուկ է լսվում նրա մասին» (Հոբ 26։14)։ Չնայած քիչ բան գիտենք մոլորակների, աստղերի և գալակտիկաների մասին, բայց հասկանում ենք, որ այդ երկնային մարմինները հրաշալի կերպով են կազմակերպված (Սաղ. 8։3, 4)։ Գալակտիկաները կազմված են միլիոնավոր աստղերից, որոնք շարժվում են մեծ ճշգրտությամբ և կարգուկանոնով։ Նույնիսկ մեր Արեգակնային համակարգի մոլորակները իրենց ուղեծրով այնպես են պտտվում արևի շուրջը, կարծես թե հետևում են երթևեկության կանոններին։ Այս զարմանահրաշ կազմակերպվածությունը ցույց է տալիս այն, որ Եհովան, ով «իմաստությամբ է ստեղծել» երկինքն ու երկիրը, արժանի է, որ փառաբանենք, երկրպագենք և նվիրված լինենք նրան (Սաղ. 136։1, 5–9

4. Ինչո՞ւ գիտությունը չի կարողացել պատասխանել շատ հարցերի։

4 Գիտությունը շատ բան է բացահայտել տիեզերքի և մեր Երկիր մոլորակի մասին, ինչը դրական է ազդել մեր կյանքի տարբեր ոլորտների վրա։ Սակայն գիտությունը չի կարողացել տալ շատ հարցերի պատասխաններ։ Օրինակ՝ աստղագետները չեն կարող ճշգրտությամբ ասել, թե ինչպես է առաջ եկել տիեզերքը, կամ ինչու հենց միայն Երկիր մոլորակի վրա կյանք գոյություն ունի։ Նաև մարդկանց մեծ մասը չի կարողանում բացատրել, թե ինչու մարդ արարածը հավիտյան ապրելու մեծ ցանկություն ունի (Ժող. 3։11)։ Ինչո՞ւ են այսքան բազում կարևոր հարցեր անպատասխան մնացել։ Դա մասամբ այն պատճառով է, որ շատ գիտնականներ և այլ մարդիկ մերժում են Աստծու գոյությունը ու թիկունք են կանգնում էվոլյուցիոն տեսությանը։ Բայց Եհովան իր Գրքում՝ Աստվածաշնչում, պատասխանում է մարդկանց հուզող հարցերին։

5. Ինչո՞ւ պետք է ենթարկվենք բնության օրենքներին։

5 Մեր կյանքը կախված է Եհովայի հաստատած բնության օրենքներից, որոնք վստահելի են և կայուն։ Էլեկտրիկների, ջրմուղագործների, ինժեներների, օդաչուների ու վիրաբույժների՝ բոլորի աշխատանքն էլ կախված է այդ օրենքներից։ Օրինակ՝ վիրաբույժը ստիպված չի լինում փնտրել հիվանդի սիրտը, քանի որ մարդու անատոմիական կառուցվածքը հիմնականում նույնն է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է ենթարկվենք բնության օրենքներին։ Եթե անտեսենք, օրինակ, ձգողության ուժը, գուցե կորցնենք մեր կյանքը։

ԱՍՏԾՈՒ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ

6. Ինչո՞ւ Եհովայի ծառաները պետք է լինեն կազմակերպված։

6 Տիեզերքում Եհովան կարգուկանոն է հաստատել։ Ուստի տրամաբանական է, որ նա ցանկանում է՝ իր ծառաներն էլ լինեն լավ կազմակերպված։ Այդ պատճառով Եհովան մեզ առաջնորդելու համար տվել է Աստվածաշունչը։ Աստծու չափանիշներին և նրա կազմակերպության տված առաջնորդությանը հետևելով՝ մենք կապրենք ուրախ և բավարարված կյանքով։

7. Ի՞նչն է փաստում, որ Աստվածաշունչը կարգուկանոն սիրող Աստծուց է ներշնչված։

7 Աստվածաշունչը ընդամենը իրար հետ չառնչվող հրեական և քրիստոնեական գրքերի հավաքածու չէ։ Ընդհակառակը՝ այն Աստծուց ներշնչված գլուխգործոց է. Եհովան է որոշել, թե ով գրի, երբ գրի և ինչ գրի։ Այդ պատճառով Աստվածաշնչի բոլոր գրքերը իրար ներդաշնակ են։ «Ծննդոց»-ից մինչև «Հայտնություն» ընդգծվում է Աստվածաշնչի գլխավոր թեման. Եհովայի գերիշխանության արդարացումը և երկրի առնչությամբ նրա նպատակի իրագործումը Թագավորության միջոցով, որի Թագավորը Քրիստոսն է՝ խոստացված «սերունդը» (կարդա Ծննդոց 3։15; Մատթեոս 6։10; Հայտնություն 11։15

8. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ իսրայելացիները կազմակերպված էին։

8 Հին Իսրայել ազգը լավ կազմակերպված էր։ Օրինակ՝ Մովսիսական օրենքի  համաձայն՝ կային աղախիններ, «ովքեր հանդիպման վրանի մուտքի մոտ կազմակերպված ծառայում էին» (Ելք 38։8)։ Իսրայելացիների ճամբարը և խորանը տեղափոխվում էր կազմակերպված ձևով։ Հետագայում Դավիթ թագավորը ղևտացիներին և քահանաներին «խմբերի բաժանեց», որպեսզի կազմակերպված կատարեն իրենց հանձնարարությունները (1 Տար. 23։1–6; 24։1–3)։ Երբ իսրայելացիները հնազանդվում էին Եհովային, օրհնվում էին. լինում էին կազմակերպված, խաղաղ ու միասնական (2 Օրենք 11։26, 27; 28։1–14

9. Ի՞նչն է ցույց տալիս, որ առաջին դարի քրիստոնեական ժողովը կազմակերպված էր։

9 Առաջին դարի քրիստոնեական ժողովը կազմակերպված էր, քանի որ առաջնորդություն էր ստանում կառավարիչ մարմնից, որը սկզբում կազմված էր առաքյալներից (Գործ. 6։1–6)։ Հետագայում ուրիշ եղբայրներ էլ դարձան կառավարիչ մարմնի անդամ (Գործ. 15։6)։ Ժողովները առաջնորդություն և խորհուրդ ստանում էին նաև ներշնչված նամակների միջոցով, որոնք գրում էին առաջին դարի կառավարիչ մարմնի անդամները կամ նրանց հետ սերտորեն համագործակցող եղբայրները (1 Տիմոթ. 3։1–13; Տիտոս 1։5–9)։ Ի՞նչ օգուտներ էին ստանում առաջին դարի ժողովները, երբ հետևում էին կառավարիչ մարմնի տված առաջնորդությանը։

10. Ի՞նչ էր լինում արդյունքը, երբ առաջին դարի ժողովները առաջնորդվում էին կառավարիչ մարմնի որոշումներով (տես հոդվածի սկզբի նկարը)։

10 Կարդա Գործեր 16։4, 5։ Կառավարիչ մարմնի կողմից նշանակված եղբայրները, այցելելով ժողովներ, «փոխանցում էին Երուսաղեմում գտնվող առաքյալների ու երեցների կողմից վճռված հրահանգները»։ Երբ ժողովները հետևում էին այդ հրահանգներին, «շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և նրանց թիվը օրեցօր աճում էր»։ Ի՞նչ ենք սովորում նրանց օրինակից, որը իմաստուն կլինի կիրառել Աստծու կազմակերպության մեջ։

ՀԵՏԵՎՈ՞ՒՄ ԵՍ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ

11. Նշանակում ունեցող եղբայրները ինչպե՞ս պետք է վերաբերվեն Աստծու կազմակերպության տված առաջնորդությանը։

11 Ինչպե՞ս պետք է վերաբերվեն Աստծու կազմակերպության տված առաջնորդությանը մասնաճյուղի կամ երկրի կոմիտեի անդամները, շրջանային վերակացուները ու ժողովի երեցները։ Եհովան իր Գրքում յուրաքանչյուրիս պատվիրում է հնազանդվել և հպատակվել տրված առաջնորդությանը (2 Օրենք 30։16; Եբր. 13։7, 17)։ Քննադատական ու ըմբոստ ոգին տեղ չունի Աստծու կազմակերպության մեջ, քանի որ այն խաթարում է ժողովի խաղաղությունը, միասնությունը և սիրո կապը։ Ինչ խոսք, ոչ մի նվիրված քրիստոնյա չի ցանկանա դրսևորել այնպիսի անհարգալից ու անհավատարիմ ոգի, ինչպիսին ուներ Դիոտրեֆեսը (կարդա 3 Հովհաննես 9, 10)։ Ինքդ քեզ կարող ես հարցնել. «Նպաստո՞ւմ եմ իմ շուրջը գտնվող մարդկանց հոգևոր բարօրությանը։ Միանգամից ընդունո՞ւմ եմ նշանակված եղբայրների տված առաջնորդությունը և հետևո՞ւմ եմ դրան»։

12. Ի՞նչ փոփոխություն է եղել երեցների և ծառայող օգնականների նշանակման կարգի մեջ։

12 Նկատի առնենք Կառավարիչ մարմնի վերջերս արած փոփոխությունը։ 2014 թ. նոյեմբերի 15-ի «Դիտարանի» «Ընթերցողների հարցերը» հոդվածում խոսվում է մի վերաճշտված որոշման մասին, որն առնչվում է երեցների և ծառայող օգնականների նշանակմանը։ Հոդվածը նշում է, որ առաջին դարի կառավարիչ մարմինը հանձնարարել էր շրջագայող վերակացուներին նշանակումներ անել։ Այդ կարգի համաձայն՝ 2014 թ. սեպտեմբեր 1-ից uկսած՝ շրջանային վերակացուներն են նշանակում երեցներին և ծառայող օգնականներին։ Շրջանային վերակացուն փորձում է լավ ճանաչել երաշխավորված եղբայրներին՝ հնարավորության դեպքում ծառայելով նրանց հետ։ Նա նկատի է առնում նաև այդ եղբայրների ընտանիքի հոգևոր վիճակը (1 Տիմոթ. 3։4, 5)։ Երեցների խորհուրդը և շրջանային վերակացուն ուշադիր քննում  են, թե արդյոք երաշխավորված եղբայրները համապատասխանում են Աստծու ժողովում նշանակում ստանալու սուրբգրային չափանիշներին (1 Տիմոթ. 3։1–10, 12, 13; 1 Պետ. 5։1–3

13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ թիկունք ենք կանգնում երեցների տված առաջնորդությանը։

13 Մենք պետք է հետևենք աստվածաշնչյան առաջնորդությանը, որ տալիս են երեցները։ Եհովայի կազմակերպության այս նվիրված հովիվները առաջնորդվում են այն «առողջ»՝ օգտակար հրահանգներով, որոնք գտնվում են Աստծու Գրքում (1 Տիմոթ. 6։3)։ Հիշենք այն խրատը, որ Պողոս առաքյալը տվեց այն քրիստոնյաների համար, ովքեր «անկարգությամբ են վարվում»։ Ոմանք «ընդհանրապես չէին աշխատում և խառնվում էին իրենց չվերաբերող գործերին»։ Ակներևաբար, նրանք խրատ էին ստացել երեցներից, սակայն շարունակում էին արհամարհել այն։ Ժողովը ինչպե՞ս պետք է վերաբերվեր նման անհատին։ Պողոսը գրեց. «Նշան դրեք նրա վրա ու այլևս մի՛ ընկերակցեք նրա հետ»։ Բայց Պողոսը նաև նախազգուշացրեց թշնամաբար չվերաբերվել նրան (2 Թեսաղ. 3։11–15)։ Այսօր երեցները միգուցե նախազգուշական ելույթ ներկայացնեն ինչ-որ մեկի սխալ ընթացքի վերաբերյալ, ինչը վատ է անդրադառնում ժողովի վրա, ինչպես օրինակ՝ ոչ Վկայի հետ ժամադրվելը (1 Կորնթ. 7։39)։ Ինչպե՞ս ես արձագանքում, երբ լսում ես նման ելույթ։ Եթե տեղյակ ես ելույթում նկարագրված իրավիճակին, չե՞ս սահմանափակի քո ընկերական շփումը այդ անհատի հետ։ Քո բռնած ամուր դիրքը, միևնույն ժամանակ սիրալիր վերաբերմունքը կմղեն նրան թողնելու իր սխալ ընթացքը։ [1]

ՊԱՀՊԱՆԻՐ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

14. Ինչպե՞ս կարող ենք նպաստել ժողովի մաքրությանը։

14 Հետևելով Աստծու Խոսքի առաջնորդությանը՝ կարող ենք նպաստել ժողովի հոգևոր մաքրությանը։ Տեսնենք, թե ինչպիսի իրավիճակ էր տիրում հին Կորնթոսում։ Պողոսը այդ քաղաքում շատերին էր սովորեցրել ճշմարտությունը և շատ էր սիրում այնտեղի իր հավատակիցներին, ինչպես ինքն է անվանում՝ «սրբերին» (1 Կորնթ. 1։1, 2)։ Սակայն Պողոսին խիստ մտահոգում էր մի խնդիր. այդ ժողովում հանդուրժում էին անբարոյությունը։ Նա պատվիրեց երեցներին այդ անբարո անհատին հանձնել Սատանային, այլ խոսքով՝ զրկել նրան ընկերակցությունից։ Որպեսզի ժողովը մաքուր մնար, երեցները պետք է հեռացնեին «թթխմորը» (1 Կորնթ. 5։1, 5–7, 12)։ Երբ չզղջացող անհատին ընկերակցությունից զրկելու հարցում թիկունք ենք կանգնում երեցների որոշմանը, նպաստում ենք ժողովի մաքրությանը։ Դրանով միգուցե մղենք այդ անհատին զղջալու և փնտրելու Եհովայի ներողամտությունը։

15. Ինչպե՞ս կարող ենք ժողովի միասնությունը պահպանել։

15 Կորնթոսում մեկ ուրիշ խնդիր էլ կար։ Որոշ եղբայրներ հավատակիցների հետ իրենց խնդիրները լուծելու համար դիմում էին դատարան։ Պողոսը նրանց սթափեցնող հարց ուղղեց. «Ինչո՞ւ ինքներդ սխալ չհամարվեք» (1 Կորնթ. 6։1–8)։ Նման իրավիճակներ ստեղծվում են նաև այսօր։ Երբեմն եղբայրների միջև խաղաղությունը խաթարվում է, երբ ձախողված գործարքի պատճառով ֆինանսական կորուստներ են լինում, կամ կողմերից մեկը մյուսին մեղադրում է խաբեության մեջ։ Ուստի ոմանք իրենց եղբորը տանում են դատարան, բայց Աստվածաշունչը օգնում է՝ տեսնենք, որ ավելի լավ է մենք ինքներս կորուստ կրենք, քան Աստծու անվան վրա նախատինք բերենք կամ խաթարենք ժողովի խաղաղությունը։ [2] Լուրջ խնդիրները և վեճերը լուծելու համար մենք պետք է, անկասկած, հետևենք Հիսուսի խորհրդին (կարդա Մատթեոս 5։23, 24; 18։15–17)։ Այսպես վարվելով՝ կնպաստենք մեր հոգևոր ընտանիքի միասնությանը։

16. Ինչո՞ւ Աստծու ծառաները պետք է միավորված լինեն։

16 Աստծու Խոսքը ցույց է տալիս, թե ինչու Աստծու ժողովուրդը պետք է միավորված  լինի։ Սաղմոսերգուն գրեց. «Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում» (Սաղ. 133։1)։ Երբ իսրայելացիները հնազանդվում էին Եհովային, դա նպաստում էր, որ լինեին կազմակերպված և միավորված։ Կանխագուշակելով, թե ինչպիսին կլինի իր ժողովրդի ապագան, Եհովան ասաց. «Կմիավորեմ նրանց, ինչպես հոտը փարախում» (Միք. 2։12)։ Բացի այդ, Եհովան Սոփոնիա մարգարեի միջոցով կանխագուշակեց. «Այդ ժամանակ ես ժողովուրդներին մաքուր լեզու կտամ, որպեսզի նրանք բոլորը կանչեն Եհովայի անունը և ուս ուսի ծառայեն նրան» (Սոփ. 3։9)։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ պատիվ ունենք միասնականորեն երկրպագելու իրեն։

Երեցները ջանում են հոգևոր օգնություն ցույց տալ այն անհատին, որը սխալ քայլ է արել (տես պարբերություն 17)

17. Միասնությունը և մաքրությունը պահպանելու համար ինչպե՞ս պետք է երեցները վարվեն, երբ ժողովի անդամներից մեկը մեղք է գործում։

17 Ժողովի միասնությունը և մաքրությունը պահպանելու համար երեցները պետք է անմիջապես զբաղվեն իրավական գործերով և դա անեն սիրո ոգով։ Պողոսը գիտեր, որ Աստծու սերը զուտ զգացմունքներով չի առաջնորդվում, և Նա աչքաթող չի անում մեղքերը (Առակ. 15։3)։ Այդ պատճառով Պողոսը, սիրուց մղված, խիստ խորհուրդ տվեց կորնթացիներին իր առաջին նամակում։ Իսկ երկրորդ նամակից, որը նա գրեց մի քանի ամիս անց, տեսնում ենք, որ ժողովում դրական փոփոխություններ էին եղել, քանի որ երեցները կիրառել էին առաքյալի խորհուրդը։ Եթե քրիստոնյան սխալ քայլ անի նախքան դա գիտակցելը, հոգևոր որակներ ունեցող եղբայրները պետք է փորձեն ուղղել այդ անհատին մեղմության ոգով (Գաղ. 6։1

18. ա) Ինչպե՞ս օգնեց սուրբգրային խորհուրդը առաջին դարի ժողովներին։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

18 Պարզ է, որ Աստծու Խոսքի խորհուրդները օգնեցին ինչպես Կորնթոսում, այնպես էլ այլ վայրերում ապրող առաջին դարի քրիստոնյաներին պահպանել իրենց ժողովի մաքրությունը, խաղաղությունը և միասնությունը (1 Կորնթ. 1։10; Եփես. 4։11–13; 1 Պետ. 3։8)։ Արդյունքում՝ այդ օրերի մեր եղբայրները և քույրերը կարողացան արդյունավետորեն կատարել իրենց ծառայությունը։ Այդ իսկ պատճառով Պողոսն ասաց, որ բարի լուրը «քարոզվեց երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին» (Կող. 1։23)։ Այսօր Աստծու հրաշալի նպատակի մասին պատմվում է ամբողջ աշխարհով մեկ շնորհիվ նրանց ջանքերի, ովքեր մեկ միասնական կազմակերպության անդամ են։ Հաջորդ հոդվածում կխոսենք այլ փաստերի մասին, որոնք ցույց են տալիս, որ այդ անհատները բարձր են գնահատում Աստվածաշունչը և վճռել են փառք բերել Գերիշխան Տեր Եհովային (Սաղ. 71։15, 16

^ [1] (պարբերություն 13) Տես «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գիրքը, էջ 134–136։

^ [2] (պարբերություն 15) Իմանալու համար, թե քրիստոնյան հավատակցի դեմ գանգատ ունենալիս որ իրավիճակներում գուցե որոշի դիմել իրավապահ մարմիններին, տես «Մնա Աստծու սիրո մեջ» գիրքը, էջ 223, ծնթ.։