Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Մարտ 2017

Պատվիր նրանց, ում հարկ է

Պատվիր նրանց, ում հարկ է

«Գահի վրա նստողին և Գառանը լինի օրհնությունը, պատիվը, փառքը և զորությունը հավիտյանս հավիտենից» (ՀԱՅՏՆ. 5։13

ԵՐԳ 9, 108

1. Ինչո՞ւ են ոմանք պատվի արժանի, և ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

ՊԱՏՎԵԼ ինչ-որ մեկին նշանակում է նրան հատուկ ուշադրության արժանացնել և հարգանք ցույց տալ նրա հանդեպ։ Սովորաբար պատվում են այն անհատներին, ովքեր դրան արժանի լինելու համար որևէ բան են արել կամ հատուկ դիրք ունեն։ Ուստի հարց է առաջանում, թե մենք ում պետք է պատվենք և ինչու։

2, 3. ա) Ինչո՞ւ է հատկապես Եհովան պատվի արժանի (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ո՞վ է Հայտնություն 5։13-ում նշված Գառը, և ինչո՞ւ է նա պատվի արժանի։

2 Հայտնություն 5։13-ը ցույց է տալիս, որ «գահի վրա նստողը և Գառը» արժանի են փառքի ու պատվի։ Հայտնություն 4-րդ գլխում էլ նշված է պատճառներից մեկը, թե ինչու է Եհովան պատվի արժանի։ Այնտեղ կարդում ենք, որ երկնքում ոգեղեն արարածները բարձրաձայն փառաբանում են Եհովային, «ով ապրում է հավիտյանս հավիտենից»։ Նրանք ասում են. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին» (Հայտն. 4։9–11

3 Գառը Հիսուս Քրիստոսն է՝ «Աստծու Գառը, որ վերցնում է  աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29)։ Աստվածաշունչն ասում է, որ նա գերազանց է բոլոր այն մարդկանցից, ովքեր երբևէ թագավոր են եղել։ Այնտեղ գրված է, որ Քրիստոսն է «թագավորների Թագավորը և տերերի Տերը, այն միակը, որն ունի անմահություն, որն անհասանելի լույսի մեջ է բնակվում, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել» (1 Տիմոթ. 6։14–16)։ Եվ իրոք, ո՞ր թագավորն է հոժար կամքով իր կյանքը որպես փրկանք տվել մեր մեղքերի համար։ Մի՞թե դա քո մեջ չի արթնացնում այնպիսի զգացումներ, ինչպիսիք ունեն այն բյուրավոր երկնային արարածները, որոնք բարձր ձայնով հռչակում են. «Գառը, որ մորթվեց, արժանի է ընդունելու զորությունը, հարստությունը, իմաստությունը, ուժը, պատիվը, փառքը և օրհնությունը» (Հայտն. 5։12

4. Եհովային և Քրիստոսին պատվելը ինչո՞ւ է կարևոր։

4 Մեր հավիտենական կյանքը կախված է այն բանից՝ կպատվենք Եհովային ու Քրիստոսին, թե ոչ։ Դա հստակ երևում է Հիսուսի խոսքերից՝ գրված Հովհաննես 5։22, 23-ում. «Հայրը ոչ մեկի չի դատում, այլ ամեն դատ իր Որդուն է հանձնել, որպեսզի բոլորը պատվեն Որդուն, ինչպես որ Հորն են պատվում։ Նա, ով չի պատվում Որդուն, չի պատվում և Հորը, որն ուղարկեց նրան» (կարդա Սաղմոս 2։11, 12

5. Ինչո՞ւ պետք է որոշ չափով պատվենք բոլոր մարդկանց։

5 Մարդիկ ստեղծված են «Աստծու պատկերով» (Ծննդ. 1։27)։ Հետևաբար շատերը այս կամ այն չափով դրսևորում են Աստծու հատկությունները։ Օրինակ՝ կարողանում են միմյանց հանդեպ սեր, բարություն և կարեկցանք դրսևորել։ Նաև մարդկանց ի ծնե տրված է խիղճ՝ ներքին զգացողություն, որը հուշում է, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ, ինչն է ազնիվ, և ինչը՝ անազնիվ, ինչն է պատշաճ, և ինչը՝ անվայել, թեպետ այդ ներքին զգացողությունը միշտ չէ, որ ճիշտ է գործում (Հռոմ. 2։14, 15)։ Մարդկանց մեծամասնությանը գրավում է այն, ինչը մաքուր է ու գեղեցիկ, և նրանք ցանկանում են իրար հետ խաղաղ ապրել։ Գիտակցեն, թե ոչ, նրանք որոշ չափով արտացոլում են Եհովայի փառքը, ուստիև ինչ-որ չափով արժանի են պատվի (Սաղ. 8։5

ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՊԱՏՎԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՂԻՐ

6, 7. Մարդկանց պատվելու հարցում ինչո՞վ են Եհովայի վկաները տարբերվում շատերից։

6 Պետք է հավասարակշռված լինենք, երբ որոշում ենք, թե ինչ պատվի արժանացնենք ուրիշներին և ինչ չափով։ Մարդկանց մեծամասնության վրա ուժգին ազդում է Սատանայի աշխարհի ոգին։ Այդ պատճառով շատերը ոմանց ոչ թե պատշաճ հարգանք ու պատիվ են տալիս, այլ կուռք են դարձնում։ Նրանք մեծարում և աստվածացնում են կրոնական ու քաղաքական առաջնորդներին, մարզիկներին, հեռուստաաստղերին և այլ ճանաչված մարդկանց։ Թե՛ մեծերը, թե՛ փոքրերը այդպիսիներին դիտում են որպես իդեալ և ընդօրինակում են նրանց շարժուձևը, խոսելաոճը, հագվելակերպն ու վարմունքը։

7 Ճշմարիտ քրիստոնյաները սխալ են համարում մարդկանց այդպիսի պատվի արժանացնելը։ Քրիստոսը երկրի վրա ապրած մարդկանցից միակն է, որ կատարյալ օրինակ է թողել (1 Պետ. 2։21)։ Մարդկանց չափից ավելի պատվելը հաճելի չէ Եհովային։ Մենք պետք է հիշենք մի պարզ ճշմարտություն. «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմ. 3։23)։ Ուստի ոչ ոք արժանի չէ այնքան մեծ պատվի, որը հավասարազոր կլինի երկրպագության։

8, 9. ա) Ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում իշխանավորներին։ բ) Ի՞նչ չափով պետք է հնազանդվենք իշխանավորներին։

8 Որոշ մարդիկ ունեն դիրք կամ պաշտոն։ Պետական պաշտոնյաները նշանակված են կարգուկանոն պահպանելու և քաղաքացիների կարիքները հոգալու։ Սա հասարակության օգտին է ծառայում։ Պողոս  առաքյալը քրիստոնյաներին խորհուրդ տվեց նրանց դիտել որպես «վերին իշխանություններ», որոնց հարկավոր է ենթարկվել։ Նա ասաց. «Ամեն մեկին տվեք իր հասանելիքը. որին պետք է հարկ տալ՝ հարկը.... որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. 13։1, 7

9 Ուստի Եհովայի վկաները պատվում են իշխանավորներին, ինչպես որ ակնկալվում է կամ ընդունված է իրենց երկրում։ Մենք նաև համագործակցում ենք նրանց հետ, երբ նրանք իրենց աշխատանքն են կատարում։ Սակայն թե՛ պատվելիս, թե՛ համագործակցելիս մենք առաջնորդվում ենք աստվածաշնչյան սկզբունքներով և չենք անցնում ողջամտության սահմանները։ Երբ նրանց պահանջները հակասում են Աստծու կամքին, մենք հնազանդվում ենք Աստծուն և պահպանում ենք մեր քրիստոնեական չեզոքությունը (կարդա 1 Պետրոս 2։13–17

10. Անցյալում Եհովայի ծառաները ի՞նչ օրինակ են թողել այն հարցում, թե ինչպես պետք է վերաբերվել իշխանություններին ու պաշտոնյաներին։

10 Անցյալում Եհովայի ծառաները լավ օրինակ են թողել այն հարցում, թե ինչպես պետք է վերաբերվել իշխանություններին ու պաշտոնյաներին։ Երբ Հռոմեական կայսրությունն իր քաղաքացիներից պահանջեց մարդահամար անցնել, Հովսեփն ու Մարիամը հնազանդվեցին։ Նրանք ճանապարհ ընկան Բեթլեհեմ, չնայած որ Մարիամը շուտով իր առաջնեկին էր ծննդաբերելու (Ղուկ. 2։1–5)։ Հետագայում, երբ Պողոս առաքյալին անարդարացիորեն մեղադրում էին սխալ արարք գործելու մեջ, նա իր իրավունքները պաշտպանելիս պատշաճ հարգանքով խոսեց Հերովդես Ագրիպաս թագավորի և Հրեաստանի կուսակալ Ֆեստոսի հետ (Գործ. 25։1–12; 26։1–3

11, 12. ա) Ինչո՞ւ հատուկ պատվի չենք արժանացնում կրոնական առաջնորդներին։ բ) Ի՞նչ եղավ արդյունքը, երբ ավստրիացի վկան մի իշխանավորի հանդեպ հարգանք դրսևորեց։

11 Եհովայի վկաները կրոնական առաջնորդներին հատուկ պատվի չեն արժանացնում, չնայած որ վերջիններս գուցե նման վերաբերմունք ակնկալեն։ Կեղծ կրոնը սխալ է ներկայացնում Աստծուն և աղավաղում է աստվածաշնչյան ուսմունքները։ Ուստի մենք կրոնական առաջնորդներին հատուկ ձևով չենք պատվում, այլ հարգում ենք այնպես, ինչպես մյուս մարդկանց։ Հիշենք, որ Հիսուսը դատապարտեց իր օրերի կրոնական առաջնորդներին՝ նրանց անվանելով կեղծավորներ և կույր առաջնորդներ (Մատթ. 23։23, 24)։ Մյուս կողմից՝ պետական պաշտոնյաներին պատշաճ հարգանքի ու պատվի արժանացնելը կարող է անսպասելի դրական արդյունքներ բերել։

12 Քննենք Լեոպոլդ Էնգլայտների օրինակը, որն ավստրիացի եռանդուն Վկա էր։ Նացիստները նրան ձերբակալեցին և գնացքով ուղարկեցին Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար։ Նույն գնացքով տեղափոխում էին նաև ավստրիացի քաղաքական գործիչ, դոկտոր Հայնրիխ Գլայսներին, որը նույնպես կալանավորվել էր նացիստների կողմից։ Ճանապարհին եղբայր Էնգլայտները նրա հետ հարգանքով խոսեց իր հավատալիքների մասին։ Գլայսները ուշադիր լսեց եղբորը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ քաղաքական գործիչը իր իշխանությունն օգտագործեց՝ օգնելու Ավստրիայում ապրող Վկաներին։ Գուցե ուրիշ դեպքեր էլ հիշեք, երբ լավ արդյունքներ են եղել այն բանի շնորհիվ, որ Վկաները իշխանավորներին հարգանքով են վերաբերվել և պատիվ են տվել, ինչպես որ Աստվածաշունչն է հորդորում։

ՈՒՐԻՇ Ո՞ՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՏՎԵՆՔ

13. Հատկապես ովքե՞ր են հարգանքի ու պատվի արժանի և ինչո՞ւ։

13 Անկասկած, հարգանքի ու պատվի են արժանի նաև մեր հավատակիցները, հատկապես երեցները, ովքեր ժողովում առաջնորդություն  են վերցնում (կարդա 1 Տիմոթեոս 5։17)։ Մենք պատվում ենք այս եղբայրներին՝ անկախ նրանց ազգությունից, կրթությունից, հասարակության մեջ ունեցած դիրքից կամ սոցիալական վիճակից։ Աստվածաշունչը նրանց անվանում է «մարդկանց տեսքով պարգևներ»։ Այս նշանակված տղամարդիկ կարևոր դեր ունեն Աստծու ժողովրդին հոգ տանելու գործում (Եփես. 4։8)։ Մտածիր ժողովի երեցների, շրջանային վերակացուների, մասնաճյուղի կոմիտեի և Կառավարիչ մարմնի անդամների մասին։ Առաջին դարում մեր եղբայրներն ու քույրերը խոր գնահատանքով էին վերաբերվում պատասխանատվություն ունեցող եղբայրներին։ Նույնը այսօր մենք ենք անում։ Ճիշտ է, քրիստոնեական ժողովի ճանաչված ներկայացուցիչներին մենք կուռք չենք դարձնում և հրեշտակների պես չենք վերաբերվում, սակայն նրանց հարգում և պատվում ենք, քանի որ նրանք տքնաջան աշխատում են և խոնարհություն են դրսևորում (կարդա 2 Կորնթացիներ 1։24; Հայտնություն 19։10

14, 15. Ինչո՞վ են քրիստոնյա երեցները տարբերվում այլ կրոնական առաջնորդներից։

14 Այսպիսի երեցները խոնարհ հովիվներ են և չեն ուզում, որ մարդիկ իրենց մեծարեն։ Նրանք տարբերվում են մեր օրերի և առաջին դարի կրոնական շատ առաջնորդներից, որոնց մասին Հիսուսն ասաց. «Ընթրիքների ժամանակ սիրում են ամենապատվավոր տեղը, իսկ ժողովարաններում՝ առաջին աթոռները, հրապարակներում՝ ողջույնները և մարդկանց կողմից «Ռաբբի» կոչվելը» (Մատթ. 23։6, 7

15 Ժողովներում ծառայող անկեղծ հովիվները խոնարհաբար հնազանդվում են Հիսուսի այս խոսքերին. «Դուք «Ռաբբի» մի՛ կոչվեք, որովհետև մեկն է ձեր ուսուցիչը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։ Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը՝ Երկնայինը։ Ոչ էլ «առաջնորդներ» կոչվեք, որովհետև մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը։ Ձեր միջի ամենամեծը պետք է ձեր ծառան լինի, որովհետև ով բարձրացնում է իր անձը, կխոնարհեցվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Մատթ. 23։8–12)։ Ուստի հասկանալի է, թե աշխարհի բոլոր ժողովներում ինչու են երեցները իրենց հավատակիցների սիրուն, հարգանքին ու պատվին արժանանում։

Խոնարհաբար ծառայելով՝ երեցները սիրո, հարգանքի ու պատվի են արժանանում (տես պարբերություն 13–15)

16. Ինչո՞ւ արժե ջանքեր թափել, որ հասկանանք և կիրառենք պատիվ տալու վերաբերյալ աստվածաշնչյան սկզբունքները։

16 Ինչ խոսք, թերևս ժամանակ պահանջվի, որ սովորենք հավասարակշռված լինել այն հարցում, թե ում և ինչպես պատվենք։ Նույնը պետք է անեին նաև առաջին դարի քրիստոնյաները  (Գործ. 10։22–26; 3 Հովհ. 9, 10)։ Սակայն արժե ջանքեր թափել և կյանքում կիրառել պատիվ տալու վերաբերյալ աստվածաշնչյան սկզբունքները։ Հավասարակշռված մոտեցումը շատ օրհնություններ կբերի։

ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՊԱՏՎԵԼԸ ՕԳՈՒՏ Է ԲԵՐՈՒՄ

17. Ի՞նչ օգուտ կբերի իշխանություն ունեցողներին պատվելը։

17 Եթե հարգենք ու պատվենք իշխանություն ունեցողներին, նրանք, ամենայն հավանականությամբ, դրականորեն կվերաբերվեն մեր գործունեությանը և կպաշտպանեն քարոզելու մեր իրավունքը։ Գերմանիայում ծառայող մի ռահվիրա, որի անունը Բիրգիտ է, մի քանի տարի առաջ դպրոցում ներկա եղավ իր դստեր ավարտական երեկոյին։ Ուսուցիչները Բիրգիտին ասացին, որ այս տարիների ընթացքում մեծ հաճույքով են աշխատել Վկա երեխաների հետ։ Նրանք ավելացրին, որ շատ կափսոսան, եթե իրենց դպրոցում Վկա երեխաներ չսովորեն։ Բիրգիտն էլ նրանց բացատրեց. «Մեր երեխաները սովորում են ապրել Աստծու չափանիշների համաձայն, այդ թվում՝ հարգել ու պատվել ուսուցիչներին»։ Ի պատասխան՝ մի ուսուցիչ ասաց. «Եթե բոլոր աշակերտները ձեր երեխաների պես լինեին, դասավանդելն ուղղակի հաճույք կլիներ»։ Մի քանի շաբաթ հետո ուսուցիչներից մեկը ներկա եղավ Լեյպցիգում անցկացվող համաժողովին։

18, 19. Ի՞նչ պետք է հաշվի առնենք երեցներին պատվելիս։

18 Ժողովի երեցներին պատվելու հարցում պետք է առաջնորդվենք աստվածաշնչյան կատարյալ և իմաստուն սկզբունքներով (կարդա Եբրայեցիներ 13։7, 17)։ Մենք կարող ենք և պետք է նրանց գովենք տքնաջան աշխատանքի համար ու ձգտենք հետևել նրանց առաջնորդությանը։ Դա կօգնի, որ նրանք շարունակեն ուրախությամբ կատարել իրենց պարտականությունները։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է ձգտենք կրկնօրինակել «աչքի ընկնող» երեցի հագուկապը, ելույթ ունենալու ոճը, անգամ խոսելաձևը։ Եթե այդպես վարվենք, դա սխալ տպավորություն կստեղծի։ Չպետք է մոռանանք, որ երեցը նույնպես անկատար մարդ է։ Քրիստոսին է, որ մենք պետք է հետևենք և ընդօրինակենք։

19 Եթե երեցների նկատմամբ պատշաճ հարգանք ցուցաբերենք և միևնույն ժամանակ նրանց չվերաբերվենք իբրև աստղերի, նրանց համար ավելի հեշտ կլինի խուսափել հպարտությունից, գերազանցության կամ սեփական արդարության զգացումից։

20. Մեզ ի՞նչ օգուտ է բերում ուրիշներին պատվելը։

20 Երբ պատվում ենք նրանց, ում հարկ է, խուսափում ենք մեր անձի վրա կենտրոնանալուց։ Նաև մեր մասին չափից մեծ կարծիք չենք ունենում, երբ մեզ նույնպես պատվում են։ Մյուս օգուտն այն է, որ մենք որդեգրում ենք Եհովայի կազմակերպության մոտեցումը, որը չափից մեծ կամ անհարկի պատվի չի արժանացնում մարդկանց՝ լինեն Վկա, թե ոչ։ Դա իմաստուն մոտեցում է. այն օգնում է, որ չգայթակղվենք, երբ մեկը, ում պատվում էինք, հիասթափեցնում է մեզ։

21. Ո՞րն է ամենակարևոր պատճառը, թե ինչու ենք պատվում նրանց, ում հարկ է։

21 Մեզ համար ամենակարևորն այն է, որ պատվելով նրանց, ում հարկ է՝ հաճեցնում ենք Աստծուն, վարվում ենք նրա կամքի համաձայն և շարունակում ենք նրան հավատարիմ մնալ։ Դրա շնորհիվ նա կարող է պատասխան տալ նրան, ով չարախոսում է իրեն (Առակ. 27։11)։ Աշխարհում շատ մարդիկ աղավաղված պատկերացում ունեն այն մասին, թե ինչպես պետք է պատվել ուրիշներին։ Ուստի որքա՜ն շնորհակալ ենք, որ գիտենք պատիվ տալ այնպես, ինչպես Եհովան է ցանկանում։