Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2017

Մնա լավ ընկեր, երբ ընկերությանդ վտանգ է սպառնում

Մնա լավ ընկեր, երբ ընկերությանդ վտանգ է սպառնում

Ջաննին և Մաուրիցիոն մոտ 50 տարվա ընկերներ են։ Սակայն եղել է մի պահ, երբ նրանց ընկերությանը վտանգ է սպառնացել։ Մաուրիցիոն ասում է. «Դժվար ժամանակներ եղան, երբ լուրջ սխալներ գործեցի, ու դա մեզ հեռացրեց իրարից»։ Ջաննին ավելացնում է. «Մաուրիցիոն է ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա ինձ համար հոգևոր ուսուցիչ էր։ Ուստի հավատս չէր գալիս, որ նա այդպիսի բան էր արել։ Ներսս տակնուվրա էր եղել. հասկանում էի, որ մեր ճանապարհները բաժանվում են։ Ես շատ վհատված էի»։

ԼԱՎ ընկերները շատ թանկ են։ Ամուր ընկերությունը մեկ օրվա մեջ չի հաստատվում։ Երբ ընկերությունը վտանգվում է, ի՞նչը կարող է օգնել պահպանելու այն։ Մենք շատ բան կարող ենք սովորել Աստվածաշնչում հիշատակված որոշ անհատներից, որոնք իսկական ընկերներ են եղել, սակայն եկել է մի պահ, երբ նրանց ընկերությունը վտանգի տակ է հայտնվել։

ԵՐԲ ԸՆԿԵՐԴ ՍԽԱԼ Է ԳՈՐԾՈՒՄ

Դավիթը, որը հովիվ էր և հետագայում դարձավ թագավոր, ուներ լավ ընկերներ։ Գուցե առաջինը միտքդ եկավ Հովնաթանը (1 Սամ. 18։1)։ Բայց Դավիթը ուրիշ ընկերներ էլ ուներ, որոնցից էր, օրինակ, Նաթան մարգարեն։ Աստվածաշնչում չի նշվում, թե նրանք երբ էին ընկերներ դարձել։ Թագավոր դառնալուց հետո, երբ Դավիթը ցանկացավ Եհովայի համար տուն կառուցել, այդ մասին խոսեց Նաթանի հետ, ինչպես կխոսեր մտերիմ մարդու հետ։ Նրա համար կարևոր էր Նաթանի կարծիքը՝ որպես ընկերոջ ու մեկի, ով ուներ Եհովայի ոգին (2 Սամ. 7։2, 3

Սակայն մի բան պատահեց, ինչը վտանգեց նրանց ընկերությունը։ Դավիթ թագավորը շնություն գործեց Բերսաբեի հետ, իսկ հետո այնպես արեց, որ նրա ամուսինը՝ Ուրիան, սպանվի (2 Սամ. 11։2–21)։ Դավիթը երկար տարիներ նվիրված էր եղել Եհովային և միշտ  արդարությամբ էր վարվել։ Բայց նա սարսափելի մեղք գործեց։ Ի՞նչ էր եղել այդ լավ թագավորին։ Չէ՞ր հասկանում իր արարքների լրջությունը։ Մտածում էր, թե կարող է իր արածը թաքցնե՞լ Աստծուց։

Ինչպե՞ս կվարվեր Նաթանը։ Կխուսափե՞ր այդ մասին թագավորի հետ խոսելուց՝ մտածելով, որ ավելի լավ է՝ մեկ ուրիշը դա անի։ Ուրիշ մարդիկ էլ էին տեղյակ, թե ինչպես էր Դավիթը կազմակերպել Ուրիայի սպանությունը։ Ուստի ինչո՞ւ Նաթանը պետք է միջամտեր և վտանգեր իրենց երկարամյա ընկերությունը։ Այդպես նա նույնիսկ կարող էր վտանգի ենթարկել իր կյանքը։ Չէ՞ որ Դավիթը արդեն անմեղ մարդու արյուն էր թափել՝ սպանել տալով Ուրիային։

Սակայն Նաթանը Աստծու խոսնակն էր։ Այս մարգարեն գիտեր, որ եթե լռեր, միևնույն է, Դավթի հետ իր ունեցած փոխհարաբերությունները առաջվանը չէին լինի, և իր խիղճը կտանջեր իրեն։ Նրա ընկերը ընտրել էր մի ճանապարհ, որը Եհովային տհաճ էր։ Անհրաժեշտ էր թագավորին օգնել, որ նա վերականգներ Աստծու հետ իր փոխհարաբերությունները։ Այո՛, Դավիթը իսկական ընկերոջ կարիք ուներ։ Նաթանը հենց այդպիսի ընկեր էր։ Նա որոշեց խոսել Դավթի հետ՝ օգտագործելով պատկերավոր օրինակ, որը կհասներ այս նախկին հովվի սրտին։ Նաթանը Աստծու խոսքերը փոխանցեց այնպես, որ Դավիթը հասկանար իր արած սխալների լրջությունը և մղվեր փոփոխություններ կատարելու (2 Սամ. 12։1–14

Իսկ դու ինչպե՞ս կվարվես, եթե քո ընկերներից մեկը լուրջ սխալ կամ նույնիսկ մեղք գործի։ Միգուցե մտածես, որ այդ հարցի շուրջ նրա հետ խոսելով՝ կվնասես ձեր փոխհարաբերությունները։ Կամ հնարավոր է՝ մտածես, որ եթե քո ընկերոջ արարքների մասին խոսես երեցների հետ, որոնք կարող են նրան հոգևորապես օգնել, գուցե դավաճանած լինես նրան։ Ինչպե՞ս կվարվես նման իրավիճակում։

Ջաննին, որի մասին խոսեցինք հոդվածի սկզբում, պատմում է. «Ես գիտակցում էի, որ ինչ-որ բան փոխվել էր։ Մաուրիցիոն առաջվա պես մտերիմ չէր ինձ հետ։ Ես որոշեցի մոտենալ նրան, չնայած որ դա ինձ համար շատ դժվար էր։ Մտածում էի. «Ի՞նչ նոր բան կարող եմ ասել նրան։ Ինչ որ պետք է, նա գիտի։ Իսկ եթե ասեմ, ու նա լավ չարձագանքի՞»։ Սակայն ես մտաբերեցի այն ամենը, ինչ միասին քննարկել էինք այն ժամանակ, երբ Աստվածաշունչ էինք ուսումնասիրում։ Դա ինձ համարձակություն տվեց, ու ես որոշեցի զրուցել նրա հետ։ Երբ օգնության կարիք եմ ունեցել, Մաուրիցիոն ինձ համար շատ բան է արել։ Ես չէի ուզում, որ մեր ընկերությանը վերջ դրվեր, բայց միևնույն ժամանակ ուզում էի օգնել, քանի որ սիրում էի նրան»։

Մաուրիցիոն ասում է. «Ջաննին անկեղծ էր ինձ հետ։ Այն, ինչ նա ասում էր, ճիշտ էր։ Ես գիտակցում էի, որ իմ վատ որոշումների բերած հետևանքների համար ո՛չ նա էր մեղավոր, ո՛չ էլ Եհովան։ Ուստի ընդունեցի խորհուրդը և ժամանակի ընթացքում հոգևորապես ապաքինվեցի»։

ԵՐԲ ԸՆԿԵՐԴ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Դավիթը ուրիշ ընկերներ էլ ուներ, որոնք դժվար իրավիճակներում իրեն հավատարիմ մնացին։ Նրանցից մեկը Քուսին էր, որը հավանաբար պալատական էր (2 Սամ. 16։16; 1 Տար. 27։33)։ Լինելով թագավորի մտերիմ ընկերը՝ նա երբեմն գաղտնի հանձնարարություններ էր կատարում։

Երբ Դավթի որդի Աբիսողոմը զավթեց գահը, շատ իսրայելացիներ նրա կողմն անցան, բայց ոչ Քուսին։ Երբ Դավիթը փախուստի դիմեց, Քուսին գնաց նրա մոտ։ Դավիթը մեծ ցավ էր զգում. չէ՞ որ նրան դավաճանել էր իր իսկ որդին, նաև շատ այլ անհատներ, որոնց նա վստահում էր։ Բայց Քուսին հավատարիմ մնաց։ Նա պատրաստ էր անգամ իր կյանքը վտանգել, որպեսզի կատարեր մի հանձնարարություն, որի միջոցով կխափանվեր Դավթի դեմ կազմակերպված դավադրությունը։ Քուսին դա արեց ոչ թե պարզապես պարտքի զգացումից դրդված՝ որպես պալատական, այլ քանի որ նվիրված ընկեր էր (2 Սամ. 15։13–17, 32–37; 16։15–17։16

Այսօր որքա՜ն հաճելի է տեսնել, որ մեր եղբայրներն ու քույրերը միավորված են անկեղծ սիրո կապով՝ անկախ նրանից, թե ինչ դեր կամ նշանակում ունեն ժողովում։ Նրանք իրենց  գործերով կարծես ասում են. «Ես քո ընկերն եմ ոչ թե պարտքի զգացումից մղված, այլ քանի որ դու թանկ ես ինձ համար»։

Տեսնենք՝ ինչ պատահեց Ֆեդերիկո անունով մի եղբոր։ Երբ նրա կյանքում դժվարություններ եղան, նրա մտերիմ ընկերը՝ Անտոնիոն, օգնեց հաղթահարելու դրանք։ Ֆեդերիկոն պատմում է. «Երբ Անտոնիոն տեղափոխվեց մեր ժողով, կարճ ժամանակ անց մենք ընկերացանք։ Երկուսս էլ ծառայող օգնականներ էինք և իրար հետ հաճույքով էինք համագործակցում։ Որոշ ժամանակ անց նա երեց նշանակվեց։ Ինձ համար նա ոչ միայն ընկեր էր, այլև հոգևոր մարդու լավ օրինակ»։ Հետագայում Ֆեդերիկոն սխալ քայլ արեց։ Հոգևոր օգնություն ստանալու համար նա անմիջապես դիմեց երեցներին, բայց այլևս չէր համապատասխանում ռահվիրա և ծառայող օգնական լինելու պահանջներին։ Ինչպե՞ս վարվեց Անտոնիոն։

Երբ Ֆեդերիկոն դժվարության բախվեց, նրա ընկերը՝ Անտոնիոն, լսեց ու քաջալերեց նրան

Ֆեդերիկոն հիշում է. «Ես տեսնում էի, որ Անտոնիոն զգում էր իմ ցավը և ամեն ինչ անում էր ինձ էմոցիոնալ առումով օգնելու համար։ Նա շատ էր ուզում, որ հոգևորապես ապաքինվեի, ու երբեք չէր լքում ինձ։ Քաջալերում էր ինձ, որ հոգևորապես զորանամ ու չհանձնվեմ»։ Անտոնիոն ասում է. «Ես ավելի շատ ժամանակ էի անցկացնում Ֆեդերիկոյի հետ։ Ուզում էի, որ նա ինձ հետ ազատորեն խոսեր ցանկացած բանի մասին, այդ թվում՝ իր զգացումների»։ Ժամանակի ընթացքում Ֆեդերիկոն հոգևորապես վերականգնվեց և հետագայում նորից նշանակվեց ռահվիրա ու ծառայող օգնական։ Անտոնիոն ավելացնում է. «Չնայած որ հիմա տարբեր ժողովներում ենք ծառայում, ավելի մտերիմ ենք, քան առաջ»։

ԿՀԻԱՍԹԱՓՎԵ՞Ս, ԹԵ՞ ԿՆԵՐԵՍ

Ի՞նչ կզգաս, եթե քո մտերիմ ընկերը քեզանից երես թեքի այն ժամանակ, երբ նրա կարիքը ամենից շատ ունենաս։ Ինչ խոսք, դա մեծ ցավ կպատճառի քեզ։ Կկարողանա՞ս ներել նրան։ Ձեր փոխհարաբերությունները առաջվա պես ամուր կլինե՞ն։

Հիշենք՝ ինչ տեղի ունեցավ Հիսուսի երկրային կյանքի վերջին օրերին։ Մինչ այդ նա շատ ժամանակ էր անցկացրել իր հավատարիմ առաքյալների հետ, և նրանց միջև ջերմ կապվածություն էր առաջացել։ Ուստի Հիսուսը իրավամբ նրանց ընկերներ կոչեց (Հովհ. 15։15)։ Սակայն ի՞նչ եղավ, երբ Հիսուսին ձերբակալեցին։  Առաքյալները թողեցին նրան ու փախան։ Պետրոսը ասել էր, որ երբեք չի լքի իր Տիրոջը, բայց հենց այդ գիշեր նա հերքեց, որ ճանաչում է Հիսուսին (Մատթ. 26։31–33, 56, 69–75

Հիսուսը գիտեր, որ իր վերջին փորձության ժամանակ մենակ է լինելու։ Այնուամենայնիվ, նա կարող էր հիասթափվել, անգամ խորապես վիրավորվել։ Սակայն երբ իր հարությունից մի քանի օր հետո հայտնվեց իր աշակերտներին ու զրուցեց նրանց հետ, հիասթափության, դառնության կամ ափսոսանքի նշույլ անգամ չերևաց նրա խոսքերում։ Հիսուսը հարկ չհամարեց հիշատակել աշակերտների թերությունների մասին, օրինակ՝ ասել, թե նրանք ինչ արեցին իր ձերբակալության գիշերը։

Ընդհակառակը՝ Պետրոսին և մյուս առաքյալներին Հիսուսը հավաստիացրեց, որ վստահում է նրանց՝ տալով հրահանգներ, թե ինչպես կատարեն մարդկության պատմության մեջ ամենակարևոր կրթական գործը։ Հիսուսը առաջվա պես առաքյալներին իր ընկերներն էր համարում։ Նրա սերը խոր ազդեցություն թողեց նրանց վրա։ Առաքյալները ամեն ինչ արեցին, որ այլևս չհիասթափեցնեն իրենց Տիրոջը։ Նրանք հաջողությամբ կատարեցին այն գործը, որը Հիսուսը վստահել էր իր հետևորդներին (Գործ. 1։8; Կող. 1։23

Էլվիրա անունով մի քույր իր մտերիմ ընկերուհու՝ Ջուլիանայի հետ տարաձայնություն ունեցավ։ Նա պատմում է. «Երբ Ջուլիանան ասաց, որ իմ արածը իրեն ցավ է պատճառել, ինձ շատ վատ զգացի։ Նա իրավունք ուներ բարկանալու ինձ վրա։ Բայց ինձ շատ տպավորեց այն, որ նա մտահոգվում էր ինձ համար՝ անհանգստանալով, թե ինչ հետևանքներ կբերի իմ սխալ վարքը։ Երախտապարտ եմ, որ նա չկենտրոնացավ այն սխալ արարքի վրա, որ գործել էի նրա դեմ։ Փոխարենը՝ մտածում էր այն վնասի մասին, որ ինքս ինձ էի պատճառում։ Շնորհակալ եմ Եհովային, որ այնպիսի ընկեր ունեմ, ով իմ բարօրությունը վեր է դասում իր զգացումներից»։

Այսպիսով՝ լավ ընկերն ինչպե՞ս կարձագանքի, երբ ընկերությանը վտանգ սպառնա։ Նա պատրաստ կլինի ընկերոջ հետ խոսել մեղմությամբ, բայցև անկեղծորեն։ Այդպիսի ընկերը նման կլինի Նաթանին և Քուսիին, որոնք հավատարիմ մնացին նույնիսկ դժվար ժամանակներում, նաև նման կլինի Հիսուսին, որը պատրաստ էր ներելու։ Իսկ դու այդպիսի՞ ընկեր ես։