Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2017

Հավատ դրսևորիր. իմաստուն որոշումներ կայացրու

Հավատ դրսևորիր. իմաստուն որոշումներ կայացրու

«Հավատով խնդրիր՝ բոլորովին չկասկածելով» (ՀԱԿ. 1։6

ԵՐԳ 81, 70

1. Ինչո՞ւ Կայենը իմաստուն որոշում չկայացրեց, և ի՞նչ եղավ դրա հետևանքը։

ԿԱՅԵՆԸ ընտրության առաջ էր կանգնած. նա պետք է որոշում կայացներ՝ իշխել իր մեղսածին զգացմունքների վրա, թե թույլ տալ, որ իր զգացմունքները թելադրեն իր արարքները։ Ինչ որոշում էլ նա կայացներ, դրա հետևանքները անդրադառնալու էին նրա հետագա կյանքի վրա։ Ցավոք, Կայենը վատ որոշում կայացրեց։ Եվ այդ որոշման հետևանքով նրա աստվածավախ եղբայր Աբելը կորցրեց իր կյանքը։ Կայենի որոշումն անդրադարձավ նաև Արարչի հետ նրա ունեցած փոխհարաբերությունների վրա (Ծննդ. 4։3–16

2. Ինչո՞ւ է կարևոր իմաստուն որոշումներ կայացնել։

2 Մենք էլ կյանքում պետք է ընտրություն կատարենք և որոշումներ կայացնենք։ Ինչ խոսք, մեր ոչ բոլոր որոշումներն են կյանքի ու մահվան հարց։ Սակայն դրանցից շատերը կարող են մեծապես ազդել մեր հետագա կյանքի վրա։ Ուստի եթե կարողանանք լավ որոշումներ կայացնել, դա կօգնի, որ մեր կյանքը լինի համեմատաբար հանգիստ ու խաղաղ, առանց ավելորդ խնդիրների ու հիասթափությունների (Առակ. 14։8

3. ա) Իմաստուն որոշումներ կայացնելու համար ինչի՞ն պետք է հավատանք։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

3 Ի՞նչը կօգնի, որ իմաստուն որոշումներ կայացնենք։ Ինչ խոսք, մենք պետք է հավատանք Աստծուն և չկասկածենք,  որ նա ցանկանում է և կարող է օգնել մեզ լինելու իմաստուն։ Մենք պետք է նաև հավատանք Եհովայի Խոսքին և վստահենք նրա տված առաջնորդությանն ու խորհուրդներին (կարդա Հակոբոս 1։5–8)։ Մտերմանալով Աստծու հետ և ավելի շատ սիրելով նրա Խոսքը՝ մենք վստահությամբ կլցվենք այն բանի հանդեպ, որ նրա տեսակետը ճիշտ է։ Հետևաբար որոշումներ կայացնելուց առաջ միշտ առաջնորդություն կփնտրենք Աստծու Խոսքում։ Սակայն ինչպե՞ս կարող ենք որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ունակություններ զարգացնել։ Եվ արդյո՞ք պետք է ամեն գնով կառչած մնանք մեր կայացրած որոշումներին։

ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵՆՔ

4. Ի՞նչ որոշում պետք է կայացներ Ադամը, և ի՞նչ եղավ դրա հետևանքը։

4 Ստեղծվելուց ի վեր մարդը պետք է կարևոր որոշումներ կայացներ։ Ադամը պետք է որոշեր՝ լսել իր Արարչին, թե Եվային։ Ի՞նչ ընտրություն նա արեց։ Իր խաբված կնոջ ազդեցությանը ենթարկվելով՝ նա չափազանց վատ որոշում կայացրեց, որի հետևանքով զրկվեց Դրախտում ապրելու հնարավորությունից և ի վերջո կորցրեց իր կյանքը։ Սակայն դա միայն սկիզբն էր այն վատ հետևանքների, որ բերեց Ադամի աղետաբեր որոշումը։ Դրանց պատճառով մենք տառապում ենք առայսօր։

5. Ինչպե՞ս է հարկավոր վերաբերվել այն փաստին, որ բոլորս էլ պետք է որոշումներ կայացնենք։

5 Ոմանք գուցե մտածեն, որ կյանքն ավելի հաճելի կլիներ, եթե ստիպված չլինեինք որոշումներ կայացնելու։ Եթե դու էլ ես այդպես կարծում, հիշիր, որ Եհովան մարդկանց չի ստեղծել ռոբոտների պես, որոնք չեն կարող մտածել և ընտրություն անել։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է՝ ինչպես իմաստուն որոշումներ կայացնել։ Եհովան ուզում է, որ մենք որոշումներ կայացնենք, և դա մեր օգտի համար է։ Նկատի առնենք մի քանի օրինակ։

6, 7. Ի՞նչ ընտրության առաջ էին կանգնած իսրայելացիները, և ինչո՞ւ էր նրանց համար դժվար իմաստուն որոշում կայացնել (տես հոդվածի սկզբի նկարը)։

6 Երբ իսրայելացիները բնակություն հաստատեցին Ավետյաց երկրում, նրանք կանգնեցին մի շատ կարևոր ընտրության առաջ՝ երկրպագել Եհովային, թե ծառայել ուրիշ աստծու կամ աստվածների (կարդա Հեսու 24։15)։ Կարող էր թվալ, թե դա մի սովորական որոշում էր, սակայն նրանց ընտրությունը նշանակելու էր կյանք կամ մահ։ Հետագայում՝ դատավորների ժամանակներում, իսրայելացիները հաճախ սխալ ընտրություն էին անում. նրանք երես էին թեքում Եհովայից և կեղծ աստվածների պաշտում (Դատ. 2։3, 11–23)։ Ավելի ուշ՝ Եղիա մարգարեի օրերում, Աստծու ժողովուրդը դարձյալ կանգնեց ընտրության առաջ՝ ծառայել Եհովային, թե կեղծ աստված Բահաղին (1 Թագ. 18։21)։ Եղիան ժողովրդին հանդիմանեց անվճռական լինելու համար։ Գուցե մտածես, թե ընտրությունը պարզ էր, չէ՞ որ Եհովային ծառայելը միշտ իմաստուն որոշում է։ Ոչ մի խոհեմ մարդու չէր գրավի Բահաղի երկրպագությունը։ Սակայն իսրայելացիները «երկու մտքի վրա կաղում էին»։ Եղիան նրանց իմաստուն խորհուրդ տվեց՝ հորդորելով երկրպագել ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։

7 Ինչո՞ւ էր իսրայելացիների համար այդքան դժվար իմաստուն որոշում կայացնել։ Նախ, ըստ էության, նրանք կորցրել էին Եհովայի հանդեպ հավատը և չէին ուզում լսել նրա ձայնին։ Նրանք ճշգրիտ գիտելիքներ և իմաստություն ձեռք չէին բերել ու չէին վստահում Եհովային։ Եթե նրանք ճշգրիտ գիտելիքների համաձայն գործեին, իմաստուն որոշումներ կկայացնեին (Սաղ. 25։12)։ Մյուս կողմից՝ իսրայելացիները թույլ էին տվել, որ ուրիշներն ազդեն իրենց վրա կամ նույնիսկ որոշումներ կայացնեն իրենց փոխարեն։ Եհովային չպաշտող այլազգի մարդիկ ազդեցություն էին գործում իսրայելացիների մտածելակերպի վրա, ինչի հետևանքով վերջիններս հետևում էին հեթանոսների բազմությանը։ Եհովան վաղուց  զգուշացրել էր, որ նման բան կարող էր պատահել (Ելք 23։2

ԹՈՒՅԼ ԿՏԱ՞ՆՔ, ՈՐ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵՆ

8. Որոշումներ կայացնելու վերաբերյալ ի՞նչ կարևոր դաս ենք քաղում Իսրայելի պատմությունից։

8 Նշված օրինակներից հստակ դաս ենք քաղում։ Մեզանից յուրաքանչյուրն ինքը պետք է որոշումներ կայացնի։ Բացի այդ, ճիշտ ընտրության համար հիմնավոր աստվածաշնչային գիտելիքներ են անհրաժեշտ։ Գաղատացիներ 6։5-ը հիշեցնում է մեզ. «Յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու»։ Մենք չպետք է որոշումներ կայացնելու մեր պարտականությունը ուրիշի ուսերին դնենք։ Դրա փոխարեն՝ պետք է սովորենք, թե ինչն է ճիշտ Աստծու աչքում, և մեր սովորածի համաձայն վարվենք։

9. Ինչո՞ւ է վտանգավոր ուրիշներին թույլ տալ, որ մեր փոխարեն որոշումներ կայացնեն։

9 Վտանգավոր է ուրիշներին թույլ տալ, որ մեր փոխարեն որոշումներ կայացնեն։ Նման բան կարող է պատահել, եթե ենթարկվենք շրջապատի ճնշմանը և արդյունքում վատ որոշումներ կայացնենք (Առակ. 1։10, 15)։ Այդուհանդերձ, ինչ ձևերով էլ ուրիշները փորձեն մեզ վրա ճնշում բանեցնել, մեր պատասխանատվությունն է առաջնորդվել Աստվածաշնչով կրթված մեր խղճով։ Շատ դեպքերում, երբ ուրիշներին թույլ ենք տալիս մեր փոխարեն որոշել, մենք, ըստ էության, համաձայնվում ենք «նրանց հետ նույն ճանապարհով գնալ»։ Դա նույնպես որոշում է, բայց այն կարող է աղետալի հետևանքներ ունենալ։

10. Պողոսը ինչի՞ մասին զգուշացրեց գաղատացիներին։

10 Պողոս առաքյալը գաղատացի քրիստոնյաներին զգուշացրեց, թե որքան վտանգավոր է ուրիշներին թույլ տալ, որ իրենց փոխարեն որոշումներ կայացնեն (կարդա Գաղատացիներ 4։17)։ Բանն այն է, որ այդ ժողովի եղբայրներից ոմանք փորձում էին ուրիշների փոխարեն որոշումներ կայացնել, որպեսզի նրանց հեռացնեն առաքյալներից։ Ինչո՞ւ։ Այդ եսասեր մարդիկ բարձր դիրքի էին ձգտում։ Նրանք անցնում էին բոլոր թույլատրելի սահմանները և չէին հարգում իրենց հավատակիցների՝ որոշում կայացնելու իրավունքը։

11. Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին, որ անձնական որոշումներ կայացնեն։

11 Պողոսը հարգում էր իր եղբայրների  ազատ կամքն ու որոշում կայացնելու իրավունքը։ Նա այդ հարցում լավ օրինակ թողեց (կարդա 2 Կորնթացիներ 1։24)։ Երեցները պետք է հետևեն նրա օրինակին, երբ ուրիշներին խորհուրդներ են տալիս անձնական ընտրությանը թողնված հարցերի վերաբերյալ։ Նրանք ուրախ են, որ կարող են հոտի անդամներին Աստվածաշնչի վրա հիմնված տեղեկություններ փոխանցել։ Բայց միևնույն ժամանակ զգուշություն են ցուցաբերում՝ թույլ տալով, որ եղբայրներն ու քույրերը անձնական որոշում կայացնեն։ Դա տրամաբանական է, քանի որ յուրաքանչյուրն ինքն է կրելու իր որոշումների հետևանքները։ Այսպիսով՝ ի՞նչ կարևոր դաս ենք քաղում։ Ցանկանալով օգնել ուրիշներին՝ մենք կարող ենք նրանցով հետաքրքրվել և նրանց ուշադրությունը հրավիրել աստվածաշնչյան սկզբունքների ու խորհուրդների վրա։ Սակայն միշտ հիշենք. ուրիշները իրենց սեփական որոշումը կայացնելու իրավունք և պատասխանատվություն ունեն։ Եթե նրանք դա անեն իմաստությամբ, լավ արդյունքների կհասնեն։ Թող երբեք չմտածենք, թե իրավունք ունենք մեր եղբայրների ու քույրերի փոխարեն որոշումներ կայացնելու։

Հոգատար երեցները օգնում են մյուսներին, որ սովորեն որոշումներ կայացնել (տես պարբերություն 11)

ԹՈՒՅԼ ՉՏԱՆՔ, ՈՐ ՄԵՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐՆ ԱԶԴԵՆ ՄԵՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ

12, 13. Ինչո՞ւ է վտանգավոր լսել սրտի ձայնին, երբ բարկացած ենք կամ վհատված։

12 Այսօր աշխարհում տարածված է հետևյալ կարգախոսը. «Լսիր սրտիդ ձայնին»։ Սակայն նման մտածելակերպը հիմնված չէ Աստվածաշնչի վրա, և այդպես վարվելը վտանգավոր է։ Սուրբ Գիրքը մեզ նախազգուշացնում է, որ թույլ չտանք՝ մեր սիրտը, այսինքն՝ մեր զգացմունքները ազդեն մեր որոշումների վրա (Առակ. 28։26)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, թե սրտի ձայնին լսելը ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Պատճառն այն է, որ անկատար մարդկանց սիրտը «նենգավոր է.... ամեն բանից առավել և անհուսալի» (Երեմ. 3։17; 13։10; 17։9; 1 Թագ. 11։9)։ Ի՞նչ կլինի, եթե լսենք մեր սրտի ձայնին։

13 Մեզ պատվիրվել է Եհովային սիրել մեր ամբողջ սրտով, նաև մերձավորին սիրել մեր անձի պես։ Ուստի սիրտը կարևոր դեր ունի քրիստոնյայի կյանքում (Մատթ. 22։37–39)։ Սակայն նախորդ պարբերության մեջ նշված աստվածաշնչյան համարներում ընդգծվում է, թե որքան վտանգավոր է առաջնորդվել զգացմունքներով։ Օրինակ՝ ի՞նչ կարող է պատահել, եթե որոշում կայացնենք, երբ բարկացած ենք։ Պատասխանը հստակ է, եթե անցյալում այդպես ենք վարվել (Առակ. 14։17; 29։22)։ Կամ արդյո՞ք իմաստուն որոշում կկայացնենք, երբ վհատված ենք (Թվեր 32։6–12; Առակ. 24։10)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, թե որքան իմաստուն է «ծառա լինել Աստծու օրենքին»՝ առաջնորդվել դրանով (Հռոմ. 7։25)։ Եթե կարևոր որոշումներ կայացնելիս առաջնորդվենք զգացմունքներով, դրանք կարող են հեշտությամբ խաբել մեզ։

ԵՐԲ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՓՈԽԵԼ ՈՐՈՇՈՒՄԸ

14. Ի՞նչն է ցույց տալիս, որ տեղին է որոշ դեպքերում փոխել որոշումը։

14 Ինչ խոսք, մենք ձգտում ենք իմաստուն որոշումներ կայացնել։ Սակայն դա չի նշանակում, որ ոչ մի դեպքում չպետք է փոխենք մեր կայացրած որոշումները։ Երբեմն ճիշտ է վերանայել ու թերևս փոխել դրանք։ Նկատի առնենք, թե Հովնան մարգարեի օրերում Եհովան նինվեցիների հետ ինչպես վարվեց. «Ճշմարիտ Աստված տեսավ նրանց գործերը, տեսավ, որ նրանք հետ էին դարձել իրենց չար ճանապարհից, և ճշմարիտ Աստված ափսոսաց, որ մտադրվել էր աղետ բերել նրանց վրա և չբերեց» (Հովն. 3։10)։ Քանի որ նինվեցիները զղջացին ու թողեցին իրենց չար ընթացքը, Եհովան փոխեց նրանց բնաջինջ անելու իր որոշումը։ Այդպես նա խոհեմություն, խոնարհություն և կարեկցանք դրսևորեց։ Աստված իր անելիքը չի որոշում պահի ազդեցության տակ՝ առաջնորդվելով  զուտ բարկության զգացումով, ինչպես շատ մարդիկ են անում։

15. Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ փոխենք մեր որոշումը։

15 Որոշ դեպքերում տեղին կլինի վերանայել մեր որոշումները, օրինակ, երբ փոխվում են հանգամանքները։ Հիշենք, որ նման իրավիճակներում Եհովան երբեմն փոխել է իր որոշումները (1 Թագ. 21։20, 21, 27–29; 2 Թագ. 20։1–5)։ Բացի այդ, որոշումը փոխելու պատճառ կարող է լինել նոր տեղեկությունը։ Օրինակ՝ Դավիթ թագավորին սխալ տեղեկություն էին հայտնել Սավուղի թոռ Մեմփիբոսթեի մասին։ Երբ Դավիթն իմացավ իսկությունը, փոխեց նրան վերաբերող իր որոշումը (2 Սամ. 16։3, 4; 19։24–29)։ Իմաստուն կլինի, եթե մենք էլ երբեմն այդպես վարվենք։

16. ա) Ո՞ր խորհուրդները կօգնեն մեզ իմաստուն որոշումներ կայացնել։ բ) Ինչո՞ւ գուցե հարկ լինի վերանայել անցյալում կայացրած մեր որոշումները, և ի՞նչ անելու պետք է պատրաստ լինենք։

16 Աստծու Խոսքը հորդորում է չշտապել կարևոր որոշում կայացնելիս (Առակ. 21։5)։ Եթե ժամանակ հատկացնենք և ծանրութեթև անենք բոլոր փաստերն ու հանգամանքները, ըստ ամենայնի, մեր որոշումը լավ արդյունքներ կբերի (1 Թեսաղ. 5։21)։ Ընտանիքի գլուխը նախքան որոշում կայացնելը պետք է քննի Սուրբ Գիրքը և փնտրտուքներ անի մեր հրատարակություններում, ինչպես նաև հաշվի առնի ընտանիքի մյուս անդամների կարծիքը։ Հիշենք, որ Աստված Աբրահամին խորհուրդ տվեց լսել իր կնոջ ձայնին (Ծննդ. 21։9–12)։ Երեցները նույնպես պետք է ժամանակ տրամադրեն և փնտրտուքներ անեն։ Համեստ և խոհեմ երեցները չեն վախենա, թե կկորցնեն հարգանքը, եթե ստացված նոր տեղեկությունների հիման վրա վերանայեն իրենց կայացրած որևէ որոշում։ Անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ կլինեն փոխելու իրենց տեսակետն ու որոշումը։ Լավ կլինի, որ մենք էլ այս հարցում հետևենք նրանց օրինակին։ Դա կնպաստի, որ ժողովում խաղաղություն և միասնություն լինի (Գործ. 6։1–4

ԳՈՐԾԵՆՔ ՄԵՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ

17. Ի՞նչ անենք, որ մեր որոշումները լավ արդյունքներ բերեն։

17 Կան որոշումներ, որ մյուսներից ավելի կարևոր են։ Դրանք կայացնելու համար հարկավոր է ժամանակ տրամադրել, լավ մտածել և աղոթել։ Օրինակ՝ որոշ քրիստոնյաներ պետք է որոշեն՝ ամուսնանալ, թե ոչ և ում հետ ամուսնանալ։ Մեկ այլ կարևոր որոշում է, թե երբ և ինչպես լիաժամ ծառայություն սկսել, որն իր հետ շատ օրհնություններ է բերում։ Նման որոշումներ կայացնելիս անչափ կարևոր է լիովին վստահ լինել, որ Եհովան մեզ իմաստուն առաջնորդություն կտա (Առակ. 1։5)։ Հետևաբար հարկավոր է քննել Աստվածաշունչը՝ խորհուրդների լավագույն աղբյուրը, և աղոթքով Եհովայից առաջնորդություն խնդրել։ Նաև չմոռանանք, որ Եհովան կարող է մեզ անհրաժեշտ հատկություններով օժտել, որպեսզի կարողանանք այնպիսի որոշումներ կայացնել, որոնք նրա կամքի համաձայն կլինեն։ Ամեն անգամ, երբ կարևոր որոշում ես կայացնում, հարցրու ինքդ քեզ. «Այս որոշումը ցույց կտա՞, որ սիրում եմ Եհովային։ Այն ուրախություն և խաղաղություն կբերի՞ իմ ընտանիքին։ Ցույց կտա՞, որ համբերատար եմ ու բարի»։

18. Ինչո՞ւ է Եհովան ակնկալում, որ ինքներս որոշումներ կկայացնենք։

18 Եհովան չի ստիպում, որ սիրենք և ծառայենք իրեն։ Դա մե՛ր որոշումն է։ Նա մեզ ազատ կամք է տվել, ուստի հարգում է ընտրություն անելու մեր իրավունքը (Հեսու 24։15; Ժող. 5։4)։ Մյուս կողմից՝ Աստված ակնկալում է, որ կգործենք այն որոշումների համաձայն, որոնք կայացրել ենք իր առաջնորդությանը հետևելով։ Եթե վստահենք Եհովայի խորհուրդներին և կիրառենք այն սկզբունքները, որ նա սիրով տվել է մեզ, իմաստուն որոշումներ կկայացնենք և մեր բոլոր ճանապարհներում հաստատուն կլինենք (Հակ. 1։5–8; 4։8