Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՅԻՍ 2016

Ինչպե՞ս ես որոշումներ կայացնում

Ինչպե՞ս ես որոշումներ կայացնում

«Շարունակեք ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը» (ԵՓԵՍ. 5։17

ԵՐԳ 69, 57

1. Որո՞նք են Աստվածաշնչի պատվերներից մի քանիսը, և դրանք պահելը ի՞նչ օգուտներ է բերում։

ԵՀՈՎԱՆ իր գրավոր Խոսքի միջոցով տվել է մի շարք պատվերներ և օրենքներ։ Օրինակ՝ նա արգելում է անբարոյությունը, կռապաշտությունը, գողությունը և հարբեցողությունը (1 Կորնթ. 6։9, 10)։ Իսկ Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, իր հետևորդներին պատվիրեց մի հսկայական գործ անել՝ ասելով. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։19, 20)։ Աստծու պատվերներն ու օրենքները պաշտպանել են և շարունակում են պաշտպանել իր ժողովրդին։ Դրանք նաև արժանապատվության զգացումով են լցնում մեզ, նպաստում են մեր առողջությանը և ընտանեկան երջանկությանը։ Ամենակարևորն այն է, որ Աստծու օրենքները, այդ թվում քարոզելու պատվերը հավատարմորեն պահելը բերում է նրա հավանությունն ու օրհնությունը։

2, 3. ա) Ինչո՞ւ Աստվածաշունչը ամեն իրավիճակի համար կանոններ չի սահմանում։ բ) Ո՞ր հարցերի պատասխաններն ենք քննարկելու այս հոդվածում (տես հոդվածի սկզբի նկարը)։

2 Սակայն կան բազմաթիվ իրավիճակներ, որոնց մասին Աստվածաշնչում կոնկրետ օրենք չկա։ Օրինակ՝ Սուրբ Գրքում չկան մանրամասն կանոններ, թե որն է պատշաճ հագուստը  քրիստոնյայի համար։ Ինչպե՞ս է սա ցույց տալիս Եհովայի իմաստությունը։ Ոճերն ու սովորությունները տարբեր են երկրից երկիր և փոխվում են սերնդից սերունդ։ Եթե Աստվածաշնչում լիներ հագուստի և հարդարանքի ընդունելի ու ոչ ընդունելի ոճերի ցուցակ, դա վաղուց հնացած կլիներ։ Այդ իսկ պատճառով Աստծու ներշնչյալ Խոսքը չի պարունակում, օրինակ՝ աշխատանքի, զվարճության և բուժման ձևերի վերաբերյալ օրենքների ցուցակ՝ թելադրելով, թե քրիստոնյան ինչ ընտրություն անի։ Հետևաբար, այս հարցերում քրիստոնյաները ազատ են իրենց կամ իրենց ընտանիքի համար որոշում կայացնելու։

3 Երբ կանգնած ենք կարևոր որոշումների առաջ, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա, և չկան կոնկրետ օրենքներ, նշանակո՞ւմ է, որ Եհովային չի հետաքրքրում, թե ինչ ընտրություն կանենք մենք։ Մեր երկնային Հայրը հավանություն կտա՞ մեր կայացրած ցանկացած որոշման, եթե այն չի խախտում իր օրենքները։ Օրենքի բացակայության դեպքում ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ մեր որոշումը կհաճեցնի նրան, թե ոչ։

ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ, ԹԵ ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՆՔ ԿԱՅԱՑՆՈՒՄ

4, 5. Ի՞նչ ազդեցություն կարող են մեր որոշումները ունենալ մեզ և ուրիշների վրա։

4 Ոմանք մտածում են, որ այդքան էլ կարևոր չէ, թե ինչ որոշումներ կկայացնեն։ Սակայն եթե ուզում ենք իմաստուն որոշումներ կայացնել ու Եհովային հաճեցնել, պետք է ուսումնասիրենք իր Խոսքում գրված օրենքներն ու սկզբունքները և ապրենք դրանց համաձայն։ Օրինակ՝ Աստծու հավանությունն ունենալու համար պետք է հարգենք արյան վերաբերյալ օրենքը (Ծննդ. 9։4; Գործ. 15։28, 29)։ Աղոթքը կօգնի, որ այս հարցում այնպիսի որոշումներ կայացնենք, որ կհամապատասխանեն սուրբգրային օրենքներին ու սկզբունքներին։

5 Կարևոր հարցերում մեր կայացրած որոշումները կարող են անդրադառնալ մեր հոգևորի վրա։ Դրանցից յուրաքանչյուրը լավ կամ վատ կանդրադառնա Եհովայի հետ մեր փոխհարաբերությունների վրա։ Ճիշտ որոշումը կամրացնի մեր փոխհարաբերությունները Աստծու հետ, իսկ սխալ որոշումը կվնասի այն։ Մեր սխալ որոշումը կարող է վատ անդրադառնալ ուրիշների հոգևորի վրա՝ վնասել նրանց խիղճը, գայթակղություն դառնալ նրանց համար կամ էլ ժողովի միասնությունը խաթարել։ Ուստի անչափ կարևոր է, թե ինչ որոշումներ կկայացնենք (կարդա Հռոմեացիներ 14։19; Գաղատացիներ 6։7

6. Ի՞նչի վրա հիմնված պետք է լինեն մեր որոշումները։

6 Ի՞նչ կարելի է անել, եթե Աստվածաշնչում տվյալ հարցի վերաբերյալ կոնկրետ պատվեր չկա։ Նման դեպքում մեր պարտականությունն է ուսումնասիրել հարցի բոլոր մանրամասները։ Հետո կայացնել այնպիսի որոշում, որը ոչ թե մեր նախընտրության վրա հիմնված կլինի, այլ Եհովայի կամքի, ինչն էլ իր հերթին կբերի նրա հավանությունն ու օրհնությունը (կարդա Սաղմոս 37։5

«ԸՄԲՌՆԻՐ, ԹԵ ՈՐՆ Է ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ»

7. Եթե չկա աստվածաշնչյան օրենք, ի՞նչ պետք է անենք։

7 Եթե տվյալ հարցի վերաբերյալ օրենք չկա, ինչպե՞ս իմանալ՝ Եհովան հավանություն տալիս է մեր որոշմանը, թե ոչ։ Եփեսացիներ 5։17-ը ասում է. «Շարունակեք ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը»։ Բայց ինչպե՞ս ըմբռնենք Աստծու կամքը, երբ Աստվածաշնչում կոնկրետ առաջնորդություն չկա. աղոթելով նրան և ընդունելով սուրբ ոգու առաջնորդությունը։

8. Ինչպե՞ս Հիսուսը ըմբռնեց Եհովայի կամքը։ Բեր օրինակ։

8 Տեսնենք, թե ինչպես Հիսուսը ըմբռնեց իր Հոր կամքը։ Աղոթքով Հորը դիմելուց հետո նա հրաշքի միջոցով առնվազն  երկու անգամ կերակրեց ամբոխին (Մատթ. 14։17–20; 15։34–37)։ Սակայն երբ անապատում քաղցած էր և Սատանան փորձեց նրան, նա քարերը հաց չդարձրեց (կարդա Մատթեոս 4։2–4)։ Քանի որ Հիսուսը գիտեր իր Հոր տեսակետը, հասկանում էր, որ Հայրը քարերը հաց չէր դարձնի։ Հիսուսը գիտակցում էր, որ Հոր կամքը չէր, որ ինքը այդ զորությունը օգտագործեր իր օգտի համար։ Մերժելով Սատանայի առաջարկը՝ նա ցույց տվեց, որ վստահում է Աստծու առաջնորդությանը և համոզված է, որ նա իրեն անհրաժեշտ բաների մասին հոգ կտանի։

9, 10. Ի՞նչը կօգնի մեզ իմաստուն որոշումներ կայացնել։ Բացատրիր։

9 Եթե ցանկանում ենք Հիսուսի նման իմաստուն որոշումներ կայացնել, պետք է Եհովայի առաջնորդությանը վստահենք։ Մենք պետք է վարվենք այս խոսքերի համաձայն. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները։ Քո աչքերում իմաստուն մի՛ դարձիր։ Վախեցիր Եհովայից և չարությունից հեռացիր» (Առակ. 3։5–7)։ Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով Եհովայի տեսակետը իմանալը կօգնի կոնկրետ իրավիճակում ըմբռնել նրա կամքը։ Որքան լավ իմանանք Եհովայի մտածելակերպը, այնքան ավելի մեր սիրտը կմղի հետևելու նրա տված առաջնորդությանը (Սաղ. 119։11, 12

10 Փորձենք պատկերացնել օրինակով։ Ենթադրենք՝ ամուսնացած կինը գնումներ է անում։ Նա շատ է հավանում մի գեղեցիկ կոշիկ, որը սակայն շատ թանկ է։ Նա մտածում է. «Չէ, ամուսնուս դուր չի գա, եթե միայն կոշիկի համար այդքան գումար ծախսեմ»։ Որտեղի՞ց նա գիտի դա, չնայած որ ամուսինը այդ պահին իր կողքին չէ։ Քանի որ տարիների ընթացքում նա ավելի լավ է ճանաչել իր ամուսնուն, գիտի, թե նա ինչպես կուզեր, որ օգտագործեին իրենց սահմանափակ բյուջեն։ Նույն ձևով էլ մենք, ժամանակի ընթացքում ավելի լավ իմանալով Եհովայի մտածելակերպն ու գործելակերպը՝ հասկանում ենք, թե տարբեր իրավիճակներում ինչ կուզեր մեր երկնային Հայրը, որ անեինք։

ԻՆՉՊԵ՞Ս ԻՄԱՆԱԼ ԵՀՈՎԱՅԻ ՏԵՍԱԿԵՏԸ

11. Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ Աստվածաշնչի ընթերցանության կամ ուսումնասիրության ժամանակ (տես  «Աստծու Խոսքն ուսումնասիրելիս հարցրու ինքդ քեզ» շրջանակը)։

11 Եհովայի տեսակետը իմանալու համար անհրաժեշտ է կանոնավոր անձնական ուսումնասիրություն անել։ Աստծու Խոսքը կարդալիս կամ ուսումնասիրելիս կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Ի՞նչ է այս հատվածը բացահայտում Եհովայի, նրա արդար ճանապարհների և մտածելակերպի մասին»։ Մենք պետք է սաղմոսերգու Դավթի պես խնդրենք Եհովային. «Ճանաչեցրո՛ւ ինձ քո ճանապարհները, ո՛վ Եհովա, սովորեցրո՛ւ ինձ քո շավիղները։ Քայլեցրո՛ւ ինձ քո ճշմարտության մեջ և սովորեցրո՛ւ ինձ, որովհետև դո՛ւ ես իմ փրկության Աստվածը։ Ամբողջ օրը հույսս քեզ վրա եմ դնում» (Սաղ. 25։4, 5)։ Աստվածաշնչից կարդացածիդ շուրջ խորհելիս մտածիր այս հարցերի մասին. «Որտե՞ղ և ինչպե՞ս կարող եմ այս տեղեկությունը կիրառել։ Կարո՞ղ եմ կիրառել տանը, աշխատանքի վայրում, դպրոցում կամ ծառայության մեջ»։ Երբ որոշենք՝ որտեղ կարող ենք կիրառել այն, ավելի հեշտ կլինի հասկանալ, թե ինչպես դա անել։

12. Մեր գրականությունն ու ժողովները ինչպե՞ս կօգնեն ավելի լավ հասկանալ Եհովայի տեսակետը տարբեր հարցերի վերաբերյալ։

12 Եհովայի տեսակետն իմանալու կերպերից մեկն էլ իր կազմակերպության կողմից տրվող առաջնորդությանը ուշադրությամբ հետևելն է։ Օրինակ՝ «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի թեմատիկ ցանկերը և «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» հրատարակությունը նախատեսված են այն բանի համար, որ օգնեն մեզ իմանալ Եհովայի տեսակետը տարբեր իրավիճակների հետ կապված։ Նաև մեծ  օգուտներ կստանանք՝ ժողովի հանդիպումներին ուշադիր լսելով և մասնակցելով դրանց։ Իսկ մտածելով մեր սովորածի շուրջ՝ ավելի լավ կհասկանանք Եհովայի մտածելակերպը և նրա մտքերը մերը կդարձնենք։ Եթե Եհովայի տրամադրած հոգևոր կերակուրով կանոնավորաբար սնվենք, ավելի շատ բան կիմանանք նրա գործելակերպի մասին։ Այսպես մենք կկայացնենք որոշումներ, որոնք մեր սիրառատ Աստվածը կօրհնի։

ԱՌԱՋՆՈՐԴՎԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՏԵՍԱԿԵՏՈՎ

13. Օրինակ բեր, թե Եհովայի տեսակետն իմանալը ինչպես կարող է օգնել մեզ իմաստուն որոշում կայացնել։

13 Օրինակի միջոցով տեսնենք, թե Եհովայի տեսակետն իմանալը ինչպես կարող է օգնել մեզ իմաստուն որոշում կայացնել։ Լինելով մկրտված քարոզիչ՝ գուցե ցանկանում ենք ծառայել որպես ռահվիրա։ Ուստի այս նպատակին հասնելու համար սկսում ենք պարզեցնել մեր կյանքը։ Սակայն միևնույն ժամանակ գուցե անհանգստանանք, թե արդյոք իսկապես երջանիկ կլինենք՝ հրաժարվելով նյութական որոշ միջոցներից։ Ինչ խոսք, Աստվածաշնչում ռահվիրա ծառայելու պատվեր չկա, և մենք կարող ենք շարունակել հավատարմորեն ծառայել Եհովային՝ լինելով քարոզիչ։ Սակայն Հիսուսը վստահեցրեց, որ ովքեր զոհողություն են անում Թագավորության համար, առատապես կօրհնվեն (կարդա Ղուկաս 18։29, 30)։ Բացի այդ, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովային հաճելի են, երբ նրան գովաբանության «կամավոր ընծաներ» ենք անում և մեր հնարավորության սահմաններում ուրախությամբ ճշմարիտ երկրպագության շահերին ենք ծառայում (Սաղ. 119։108; 2 Կորնթ. 9։7)։ Աստվածաշնչյան այս մտքերի շուրջ խորհելով և դրանց մասին աղոթելով՝ մենք կըմբռնենք Եհովայի տեսակետը և այնպիսի որոշում կկայացնենք, որը մեր պարագայում կլինի գործնական և օրհնություններ կբերի։

14. Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե արդյոք հագուստի տվյալ ոճը հաճելի է Եհովային։

14 Նկատի առնենք մեկ այլ օրինակ։ Ենթադրենք՝ քեզ դուր է գալիս հագուստի այնպիսի ոճ, որը ժողովի որոշ անդամների համար գուցե անընդունելի է։ Բայց դու գիտես, որ Աստվածաշնչում չկա որևէ օրենք, որ արգելի հագուստի այդ ոճը։ Ո՞րն է Եհովայի տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Աստծուց ներշնչված՝ Պողոս առաքյալը հետևյալ խորհուրդն է տալիս. «Կանայք իրենց զարդարեն վայելուչ հագուստով՝ համեստությամբ և ողջամտությամբ, ոչ թե մազերի այլազան հյուսվածքներով, ոսկով կամ մարգարիտներով կամ էլ շատ թանկարժեք զգեստներով, այլ բարի գործերով, այնպես,  ինչպես վայել է այն կանանց, ովքեր ասում են, որ ակնածում են Աստծուց» (1 Տիմոթ. 2։9, 10)։ Այս սկզբունքը վերաբերում է նաև քրիստոնյա տղամարդկանց։ Որպես Եհովայի նվիրված ծառաներ՝ մենք հագուստի ու հարդարանքի հարցում պետք է մտածենք ոչ միայն մեր նախասիրությունների, այլ նաև այն մասին, թե մեր ընտրությունը ինչպես կարող է ազդել ուրիշների վրա։ Համեստություն ու սեր դրսևորելով՝ հաշվի կառնենք մեր հավատակիցների տեսակետը, որ գայթակղության պատճառ չդառնանք (1 Կորնթ. 10։23, 24; Փիլիպ. 3։17)։ Մտքում պահելով այն, թե տվյալ հարցի վերաբերյալ ինչ է ասում Աստվածաշունչը՝ կկարողանանք հասկանալ Եհովայի տեսակետը և կկայացնենք այնպիսի որոշում, որը կհաճեցնի նրան։

15, 16. ա) Ի՞նչ կզգա Եհովան, եթե մեր միտքը զբաղեցնենք անբարո ֆանտազիաներով։ բ) Ժամանցի ձև ընտրելիս ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչն է հաճելի Եհովային։ գ) Ինչպե՞ս կարող ենք կարևոր որոշումներ կայացնել։

15 Աստվածաշնչից իմանում ենք, որ Եհովան ցավ է զգում, երբ տեսնում է, որ մարդիկ չար ընթացք են բռնել, և «նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են միայն դեպի չարը» (կարդա Ծննդոց 6։5, 6)։ Սրանից կարող ենք հասկանալ, որ երբ մեր միտքը զբաղեցնում ենք սեռական բնույթի անբարո ֆանտազիաներով, դա Եհովային տհաճություն է պատճառում։ Այդպիսի մտքերը կարող են տանել լուրջ մեղքի, որը դատապարտում է Աստվածաշունչը։ Հակոբոս առաքյալը գրում է. «Վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է, ապա՝ խաղաղարար, խոհեմ, հնազանդվելու պատրաստ, ողորմությամբ և բարի պտուղներով լի, կողմնապահություն չանող, առանց կեղծավորության» (Հակ. 3։17)։ Այս ամենն իմանալը կմղի մեզ մերժել ժամանցի այն ձևերը, որոնք կարող են մեր մեջ անմաքուր մտքեր ու հակումներ առաջացնել։ Ըմբռնելով, թե ինչն է Եհովային հաճելի կամ տհաճ՝ քրիստոնյան հեշտությամբ կորոշի՝ որ գիրքը, ֆիլմը կամ խաղը ընտրի։

16 Շատ իրավիճակներում միևնույն հարցի հետ կապված կարելի է տարբեր որոշումներ կայացնել, որոնք չեն հակասի Եհովայի կամքին։ Բայց կարևոր որոշումներ կայացնելիս երբեմն ճիշտ կլինի երեցներից կամ այլ փորձառու քրիստոնյաներից խորհուրդ հարցնել (Տիտոս 2։3–5; Հակ. 5։13–15)։ Ինչ խոսք, տեղին չի լինի ուրիշին խնդրել, որ մեր փոխարեն նա որոշում կայացնի։ Մենք պետք է մարզենք և գործի դնենք մեր ըմբռնողականությունը (Եբր. 5։14)։ Բոլորս պետք է վարվենք Պողոսի խոսքերի համաձայն. «Յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու» (Գաղ. 6։5

17. Ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե Եհովային հաճելի որոշումներ կայացնենք։

17 Երբ մեր որոշումները համապատասխանեցնում ենք Եհովայի տեսակետին, ավելի ենք մտերմանում նրա հետ, ունենում ենք նրա հավանությունն ու օրհնությունը (Հակ. 4։8)։ Դա, ինչ խոսք, ավելի է ամրացնում մեր հավատը երկնային Հոր հանդեպ։ Ուստի եկեք առաջնորդվենք Աստվածաշնչի օրենքներով և սկզբունքներով, որոնք բացահայտում են Եհովայի տեսակետը տարբեր հարցերի վերաբերյալ։ Ճիշտ է, մենք միշտ սովորելու նոր բան կունենանք Եհովայի մասին (Հոբ 26։14)։ Սակայն եթե ջանքեր թափենք, հիմա իսկ ձեռք կբերենք գիտելիք, իմաստություն և խորաթափանցություն, որոնք անհրաժեշտ են իմաստուն որոշումներ կայացնելու համար (Առակ. 2։1–5)։ Անկատար մարդկանց հայացքներն ու ծրագրերը կարող են շարունակ փոխվել, բայց ոչ Եհովայինը։ Սաղմոսերգուն տեղին ասաց. «Եհովայի նպատակները հաստատ են հավիտյան, նրա սրտի խորհուրդները սերնդից սերունդ են» (Սաղ. 33։11)։ Մենք իմաստուն որոշումներ կկայացնենք, եթե մեր մտքերն ու գործերը ներդաշնակ լինեն ամենաիմաստուն Աստծու՝ Եհովայի մտքերին ու տեսակետին։