Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2017

Համեստ մնանք ամեն իրավիճակում

Համեստ մնանք ամեն իրավիճակում

«Աստծու հետ համեստությամբ քայլ[իր]» (ՄԻՔ. 6։8

ԵՐԳ 48, 95

1–3. Ի՞նչ պետք է աներ Հուդայից եկած մարգարեն, և ի՞նչ եղավ հետևանքը, երբ նա այդպես չվարվեց (տես հոդվածի սկզբի նկարը)։

ԻՍՐԱՅԵԼԻ Հերոբովամ թագավորի իշխանության ժամանակ Եհովան Հուդայից մի մարգարե ուղարկեց՝ այդ հավատուրաց թագավորին խիստ դատաստանական լուր հայտնելու։ Խոնարհ մարգարեն հավատարմորեն հայտնեց Աստծու խոսքերը, և Եհովան պաշտպանեց նրան Հերոբովամի կատաղի զայրույթից (1 Թագ. 13։1–10

Տունդարձի ճանապարհին մարգարեն անսպասելիորեն հանդիպեց մի տարեց մարդու, որը Բեթելից էր։ Այդ մարդն ասաց, թե ինքը Եհովայի մարգարե է։ Նա խաբեց մարգարեին, ու մարգարեն չհնազանդվեց Եհովայի հստակ պատվերին՝ «հաց չուտել ու ջուր չխմել այնտեղ» և «գնացած ճանապարհով հետ չդառնալ»։ Դա բորբոքեց Եհովայի բարկությունը։ Տուն վերադառնալիս մարգարեի դիմաց առյուծ դուրս եկավ ու սպանեց նրան (1 Թագ. 13։11–24

3 Ինչո՞ւ այդ համեստ մարգարեն հանդգնեց անել տարեց մարդու ասածները։ Աստվածաշունչը չի պատասխանում այս հարցին։ Բայց պատճառը գուցե այն էր, որ նա մոռացել էր, որ պետք է «Աստծու հետ համեստությամբ քայլեր» (կարդա Միքիա 6։8)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովայի հետ քայլել նշանակում է վստահել նրան, թիկունք կանգնել նրա գերիշխանությանը և հետևել նրա առաջնորդությանը։ Համեստ անհատը շատ  լավ հասկանում է, որ կարող է և պետք է անդադար աղոթի իր ամենակարող Հորը։ Մարգարեն պետք է Եհովային հարցներ, թե արդյոք նա փոխել էր իր տված պատվերը։ Սակայն ակներևաբար նա այդպես չվարվեց։ Երբեմն մենք էլ ենք կանգնում լուրջ որոշումների առաջ, և դժվար է լինում կողմնորոշվել, թե որն է ճիշտ ճանապարհը։ Համեստորեն Եհովայի առաջնորդությունը փնտրելով՝ մենք կարող ենք խուսափել լուրջ սխալներից։

4. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

4 Նախորդ հոդվածից իմացանք, թե ինչու է համեստությունը կարևոր հատկություն քրիստոնյաների համար, և ինչ է նշանակում համեստ լինել։ Իսկ ո՞ր իրավիճակներում գուցե փորձության ենթարկվի մեր համեստությունը։ Եվ ինչպե՞ս կարող ենք զարգացնել այս արժեքավոր հատկությունը, որպեսզի կարողանանք համեստություն դրսևորել նույնիսկ դժվար իրավիճակներում։ Այս հարցերին պատասխանելու համար կքննենք երեք իրավիճակ և կտեսնենք, թե ինչպես կարող ենք ամեն անգամ իմաստնորեն վարվել (Առակ. 11։2

ԵՐԲ ՄԵՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ

5, 6. Ինչպե՞ս Բերզելին համեստություն դրսևորեց։

5 Մեր համեստությունը կարող է փորձության ենթարկվել, երբ փոխվում են մեր հանգամանքները կամ նշանակումները։ Երբ Դավիթը հրավիրեց 80 տարեկան Բերզելիին ապրել արքունիքում, անկասկած վերջինս շատ լավ զգաց իրեն։ Դավթի հրավերն ընդունելով՝ նա հնարավորություն կունենար շարունակելու վայելել թագավորի հետ մտերիմ շփումը։ Բայց Բերզելին հրաժարվեց ապրել արքունիքում։ Ինչո՞ւ։ Նա ասաց Դավթին, որ չի ցանկանում բեռ դառնալ թագավորի համար, քանի որ տարիքն առած մարդ էր։ Բերզելին առաջարկեց, որ Քամաամը՝ հավանաբար իր որդիներից մեկը, գնա թագավորի հետ (2 Սամ. 19։31–37

6 Համեստությունը օգնեց Բերզելիին ողջամիտ որոշում կայացնել։ Նա չհրաժարվեց Դավթի հրավերից այն պատճառով, որ խուսափում էր պատասխանատվությունից կամ ուզում էր իր կյանքի մնացած տարիները հանգիստ ապրել։ Նա պարզապես հասկանում և ընդունում էր, որ իր հանգամանքները փոխվել են և իր կարողությունները սահմանափակ են։ Նա չէր ցանկանում ավելի շատ պատասխանատվություն վերցնել, քան իրականում կարող էր կատարել (կարդա Գաղատացիներ 6։4, 5)։ Եթե կենտրոնանանք միայն դիրքի, ճանաչված լինելու կամ հեղինակություն ունենալու վրա, մեր մեջ կզարգանա եսասիրություն, մրցակցության ոգի և վերջիվերջո հիասթափություն կապրենք (Գաղ. 5։26)։ Իսկ համեստությունը կօգնի բոլորիս մեր ունակություններն ու ջանքերը միասնական կերպով ներդնել Աստծուն փառք բերելու և ուրիշներին օգնելու համար (1 Կորնթ. 10։31

7, 8. Ինչպե՞ս համեստությունը կօգնի, որ չդառնանք չափազանց ինքնավստահ։

7 Գուցե դժվար լինի համեստ մնալ, երբ ավելի շատ պատասխանատվություններ կամ իշխանություն ենք ստանում։ Երբ Նեեմիան լսեց Երուսաղեմում ապրողների վատ վիճակի մասին, աղերսագին աղոթեց Եհովային (Նեեմ. 1։4, 11)։ Եհովան պատասխանեց Նեեմիայի աղոթքին. Արտաքսերքսես թագավորը նրան կառավարիչ նշանակեց։ Սակայն, չնայած իր բարձր դիրքին, հարստությանը և ունեցած իշխանությանը, Նեեմիան երբեք չվստահեց ինքն իրեն՝ իր փորձին և ունակություններին։ Նա շարունակեց քայլել Աստծու հետ և անդադար Եհովայի առաջնորդությունը փնտրեց նրա Օրենքում (Նեեմ. 8։1, 8, 9)։ Նեեմիան իշխանություն չբանեցրեց ուրիշների վրա, ընդհակառակը՝ ծառայեց նրանց՝ անգամ իր միջոցներից տրամադրելով (Նեեմ. 5։14–19

8 Նեեմիայի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես համեստությունը կարող է օգնել ինքնավստահ չդառնալ, երբ մեր նշանակումը փոխվում է կամ ավելի շատ պատասխանատվություններ ենք ստանում։ Օրինակ՝ երեցը, հնարավոր է, ժողովում իր  ունեցած պարտականությունները կատարելիս Եհովայից առաջնորդություն խնդրելու փոխարեն՝ սկսի ինքն իրեն վստահել՝ հիմնվելով իր փորձի վրա։ Կամ գուցե անհատը որոշում կայացնի ու միայն հետո խնդրի Եհովային օրհնել իր որոշումը։ Երբ քրիստոնյան նման կերպ է վարվում, արդյո՞ք համեստություն է դրսևորում։ Համեստ անհատը հիշում է, որ Եհովայի առաջնորդության կարիքն ունի, և որ Աստված անհամեմատելիորեն ավելի իմաստուն է, քան ինքը։ Հատկապես երբ բախվում ենք այնպիսի իրավիճակի կամ խնդրի, որի միջով մի քանի անգամ անցել ենք, զգույշ պետք է լինենք, որ չվստահենք մեր փորձին (կարդա Առակներ 3։5, 6)։ Որպես Աստծու տան անդամներ՝ մենք ուզում ենք համագործակցել իրար հետ թե՛ ընտանիքում, թե՛ ժողովում։ Աստծու ժողովրդի մեջ տեղ չունի դիրք ձեռք բերելու կամ բարձր պաշտոնի ձգտելու մտածելակերպը (1 Տիմոթ. 3։15

ԵՐԲ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԿԱՄ ԳՈՎՈՒՄ ԵՆ ՄԵԶ

9, 10. Ինչպե՞ս կարող է համեստությունը օգնել, երբ մեզ անարդարացիորեն քննադատում են։

9 Գուցե դժվար լինի զսպել մեր զգացումները, երբ մեզ անարդարացիորեն քննադատում են։ Նկատի առնենք Աստծու վաղեմի ծառաներից մեկի՝ Աննայի օրինակը։ Չնայած նա սիրված էր իր ամուսնու կողմից, սակայն տխուր էր ու հաճախ էր լաց լինում, քանի որ ամուլ էր, և նրա ամուսնու երկրորդ կինը՝ Փենանան, անդադար վիրավորում էր նրան։ Իսկ մի օր, երբ նա խորանում աղոթում էր, Հեղի քահանայապետը սխալմամբ մեղադրեց նրան հարբած լինելու մեջ։ Սակայն Աննան համեստորեն զսպվածություն դրսևորեց և հարգանքով պատասխանեց Հեղիին։ Նրա հուզիչ աղոթքը արձանագրված է Աստվածաշնչում, և այն լի է հավատի, գովաբանության և երախտագիտության խոսքերով (1 Սամ. 1։5–7, 12–16; 2։1–10

10 Համեստությունը կարող է նաև օգնել մեզ հաղթել չարը բարիով (Հռոմ. 12։21)։ Զարմանալի չէ, որ Սատանայի աշխարհում հաճախ ենք բախվում անարդարության, ուստի պետք է ջանք թափենք, որ չբորբոքվենք (Սաղ. 37։1)։ Սակայն երբ խնդիրներ ենք ունենում մեր հոգևոր եղբոր կամ քրոջ հետ, գուցե խոր ցավ զգանք։ Նման իրավիճակում համեստ անհատը կընդօրինակի Հիսուսին։ Աստվածաշունչն ասում է. «Երբ նրա մասին չարախոսում էին, փոխարենը՝ նա չէր չարախոսում.... այլ իրեն հանձնում էր նրան,  ով արդարությամբ է դատում» (1 Պետ. 2։23)։ Հիսուսը գիտեր, որ վրեժխնդրությունը Եհովայինն է (Հռոմ. 12։19)։ Քրիստոնյաներին հորդոր է տրվում խոնարհ լինել և «չարի փոխարեն չարով չհատուցել» (1 Պետ. 3։8, 9

11, 12. ա) Համեստությունը ինչպե՞ս կօգնի, երբ մեզ շողոքորթում կամ չափից ավել գովում են։ բ) Ինչպե՞ս կարող ենք համեստություն դրսևորել հագուստի, հարդարանքի և վարվելակերպի հարցում։

11 Երբ մեզ շողոքորթում կամ չափից ավել գովում են, կարող է մեր համեստությունը փորձվել։ Քննենք Եսթերի օրինակը, ում կյանքում մեծ փոփոխություններ եղան։ Նա շատ գեղեցիկ էր և հավանաբար գովեստի բազմաթիվ խոսքեր էր լսել։ Նրան մեկ տարի թանկարժեք յուղերով հատուկ մերսումներ արեցին։ Եսթերը շրջապատված էր Պարսկական կայսրության տարբեր վայրերից եկած երիտասարդ կանանցով, ովքեր մրցակցելով ջանում էին գրավել թագավորի ուշադրությունը։ Բայց նա մնաց համեստ ու բարի։ Նա չհպարտացավ և շարունակեց համեստություն դրսևորել նույնիսկ այն բանից հետո, երբ թագավորը նրան ընտրեց որպես թագուհի (Եսթ. 2։9, 12, 15, 17

Ի՞նչ է ցույց տալիս մեր հագուկապը և հարդարանքը. հարգա՞նք Եհովայի և ուրիշների հանդեպ, թե՞ համեստության պակաս (տես պարբերություն 12)

12 Համեստությունը օգնում է մեզ ճիշտ վարվելակերպ ունենալ, պատշաճ կերպով հագնվել ու հարդարվել, քանի որ այդպես ցույց կտանք, որ հարգում ենք ուրիշներին և ինքներս մեզ։ Մենք հասկանում ենք, որ երբ գլուխ ենք գովում կամ ավելորդ ուշադրություն ենք հրավիրում ինքներս մեզ վրա, դա վանում է մարդկանց, իսկ «հանդարտ ու մեղմ ոգի» դրսևորելը գրավում է նրանց (կարդա 1 Պետրոս 3։3, 4; Երեմ. 9։23, 24)։ Եթե մեր սրտում սնապարծություն կա, ապա վերջիվերջո այն կդրսևորվի մեր գործերում։ Օրինակ՝ գուցե ակնարկներով հասկացնենք ուրիշներին, որ մենք հատուկ առանձնաշնորհումներ ունենք, կոնֆիդենցիալ տեղեկություններ գիտենք կամ մտերիմ փոխհարաբերություններ ունենք պատասխանատու եղբայրների հետ։ Նաև հնարավոր է՝ այնպես խոսենք, որ տպավորություն ստեղծվի, թե մենք առանց որևէ մեկի օգնության մի կարևոր բան ենք արել, սակայն իրականում ուրիշները օգնել են մեզ։ Այս հարցում էլ Հիսուսը մեզ համար լավ օրինակ է։ Նա հաճախ մեջբերումներ էր անում Եբրայերեն Գրություններից։ Համեստություն դրսևորելով՝ Հիսուսը այնպես էր խոսում, որ լսողները հասկանան, որ իր ասածները Եհովայից էին և հիմնված չէին իր սեփական գաղափարների կամ իմաստության վրա (Հովհ. 8։28

ԵՐԲ ԴԺՎԱՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՆՔ ԿԱՅԱՑՆՈՒՄ

13, 14. Ինչպե՞ս կարող է համեստությունը օգնել մեզ ճիշտ որոշումներ կայացնել։

13 Մեր համեստությունը կարող է փորձվել նաև որոշումներ կայացնելիս։ Երբ Պողոս առաքյալը Կեսարիայում էր, Ագաբոս մարգարեն ասաց նրան, որ եթե գնա Երուսաղեմ, նրան կձերբակալեն։ Հնարավոր է՝ Պողոսին նույնիսկ սպանեին։ Վախենալով նրա կյանքի համար՝ եղբայրները աղերսեցին Պողոսին չգնալ։ Բայց Պողոսը չտարհամոզվեց։ Պատճառն այն չէր, որ նա ինքնավստահ անհատ էր, ընդհակառակը՝ նա համեստ էր և ամբողջությամբ վստահում էր Եհովային։ Նա պատրաստ էր կատարելու իր հանձնարարությունը մինչև վերջ, որտեղ էլ որ Եհովան իրեն առաջնորդեր։ Իմանալով պատճառը՝ եղբայրները համեստություն դրսևորեցին և դադարեցին համոզել Պողոսին (Գործ. 21։10–14

14 Համեստության շնորհիվ կարող ենք նաև ճիշտ որոշումներ կայացնել, նույնիսկ եթե չենք կարող իմանալ կամ վերահսկել դեպքերի ընթացքը։ Օրինակ՝ գուցե ցանկանանք լիաժամ ծառայություն սկսել, բայց անհանգստանանք, թե ինչ կլինի, եթե հիվանդանանք կամ մեր տարեց ծնողները օգնության կարիք ունենան կամ էլ՝ ով հոգ կտանի մեր մասին, երբ ծերանանք։ Որքան էլ շատ աղոթենք կամ փնտրտուքներ անենք, այսպիսի հարցերի լիարժեք պատասխանները չենք գտնի (Ժող. 8։16, 17)։ Եհովայի նկատմամբ վստահությունը կօգնի գիտակցելու  և ընդունելու մեր սահմանափակ կարողությունները։ Փնտրտուքներ անելուց, ուրիշներից խորհուրդ հարցնելուց և աղոթելուց հետո պետք է հետևենք Աստծու սուրբ ոգու առաջնորդությանը (կարդա Ժողովող 11։4–6)։ Եհովան կօրհնի մեր որոշումը կամ կօգնի փոխել մեր նպատակները (Առակ. 16։3, 9

ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ

15. Եհովայի մեծության մասին խորհելը ինչպե՞ս կօգնի մեզ խոնարհ մնալ։

15 Ինչպե՞ս կարող ենք զարգացնել այս կարևոր հատկությունը։ Նկատի առնենք չորս կերպեր։ Առաջին՝ մենք համեստություն կզարգացնենք և խոր ակնածանք կդրսևորենք Եհովայի նկատմամբ, եթե գնահատանքով խորհենք Եհովայի անզուգական հատկությունների և բարձր դիրքի շուրջ (Ես. 8։13)։ Հիշենք, որ մենք քայլում ենք Ամենակարող Աստծու հետ, ոչ թե պարզապես մի հրեշտակի կամ մարդու։ Այդ բանի գիտակցումը կմղի մեզ «խոնարհվել Աստծու հզոր ձեռքի տակ» (1 Պետ. 5։6

16. Աստծու սիրո մասին խորհելը ինչպե՞ս կմղի մեզ համեստ լինել։

16 Երկրորդ՝ խորհելով Եհովայի սիրո մասին՝ կմղվենք համեստություն զարգացնել։ Պողոս առաքյալը ժողովը համեմատեց մարդու մարմնի հետ։ Եհովան մարմնի քիչ պատիվ ունեցող մասերին «առավել պատիվ է տալիս» (1 Կորնթ. 12։23, 24)։ Նմանապես Եհովան հոգ է տանում յուրաքանչյուրիս՝ չնայած մեր սահմանափակ կարողություններին։ Նա չի համեմատում մեզ ուրիշների հետ և չի դադարում մեզ սիրել, երբ սխալներ ենք անում։ Եհովայի սիրո շնորհիվ մենք ապահով ենք զգում մեզ, անկախ նրանից, թե ինչ ծառայություն ենք անում նրա կազմակերպության մեջ։

17. Ուրիշների մեջ լավը տեսնելը ի՞նչ անելու կմղի մեզ։

17 Երրորդ՝ մենք գոհունակ կլինենք, եթե ընդօրինակենք Եհովային և ուրիշների մեջ լավը տեսնենք։ Համեստություն դրսևորած կլինենք, եթե չձգտենք ուշադրության կենտրոնում լինել կամ խառնվել ուրիշների հանձնարարություններին՝ մտածելով, որ մենք ավելի լավ կարող ենք անել դրանք։ Նաև ուրիշներից խորհուրդ կհարցնենք և կընդունենք նրանց առաջարկները (Առակ. 13։10)։ Մենք կուրախանանք, երբ ուրիշները առանձնաշնորհումներ ստանան։ Նաև կփառաբանենք Եհովային՝ տեսնելով, թե ինչպես է նա օրհնում մեր «ողջ եղբայրությանը.... աշխարհում» (1 Պետ. 5։9

18. Ինչպե՞ս կարող ենք մարզել մեր խիղճը, որ պարկեշտության վերաբերյալ ունենանք Եհովայի տեսակետը։

18 Չորրորդ՝ եթե կրթենք մեր խիղճը Աստվածաշնչի սկզբունքներով, կկարողանանք որոշել, թե ինչն է պարկեշտ ու հարգալից։ Մենք կզարգացնենք առողջ դատողություն, եթե համեստորեն սովորենք իրերին Եհովայի տեսանկյունից նայել։ Կանոնավոր անձնական ուսումնասիրության ու աղոթքի միջոցով, ինչպես նաև մեր սովորածը կիրառելով, կմարզենք մեր խիղճը (1 Տիմոթ. 1։5)։ Մենք կսովորենք ուրիշներին մեզնից բարձր համարել։ Եթե ամեն ինչ անենք, Եհովան խոստանում է, որ «ավարտին կհասցնի մեր ուսուցումը», ինչի շնորհիվ կզարգացնենք համեստություն և այլ աստվածահաճո հատկություններ (1 Պետ. 5։10

19. Ի՞նչը կօգնի համեստ մնալ հավիտյան։

19 Ընդամենը մեկ հանդուգն արարքի պատճառով Հուդայից եկած մարգարեն կորցրեց իր կյանքը և Աստծու հետ լավ փոխհարաբերությունները։ Սակայն հնարավո՛ր է համեստ մնալ դժվար իրավիճակներում, ինչը փաստում են թե՛ անցյալի, թե՛ ներկայիս հավատարիմ մարդկանց օրինակները։ Որքան երկար քայլենք Եհովայի հետ, այնքան ավելի համեստ կդառնանք (Առակ. 8։13)։ Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում ենք այժմ, Եհովայի հետ քայլելը եզակի և մեծ պատիվ է։ Թող որ թանկ գնահատենք և շարունակենք մեր լավագույնն անել Եհովայի հետ հավիտյան համեստությամբ քայլելու համար։