Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հունվար 2017

Անձնվիրաբար ծառայողների կյանքից

Անձնվիրաբար ծառայողների կյանքից

ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ մեծ կարիք ունեցող երկրներ բազմաթիվ եռանդուն Վկաներ են տեղափոխվել, որոնց թվում կան շատ ամուրի քույրեր։ Նրանցից շատերը արդեն տասնամյակներ է, ինչ ծառայում են այդպիսի երկրներում։ Տարիներ առաջ ի՞նչն է օգնել նրանց, որ որոշեն տեղափոխվել օտար երկիր։ Ի՞նչ են սովորել արտերկրում ծառայելու տարիներին։ Ինչպիսի՞ կյանք են ունեցել այնտեղ։ Մենք զրուցել ենք այդ փորձառու քույրերից մի քանիսի հետ։ Եթե դու էլ ամուրի քույր ես և բավարարվածություն պատճառող ծառայության այդ ձևին մասնակցելու ցանկություն ունես, վստահ ենք, որ նրանց պատմածներից մեծ օգուտներ կստանաս։ Ինչ խոսք, Աստծու բոլոր ծառաները կարող են օգուտներ քաղել նրանց օրինակից։

ՓԱՐԱՏԵԼ ԵՆ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ

Անիտա

Որպես ամուրի ռահվիրա երբևէ մտածե՞լ ես, թե արդյոք կկարողանաս ծառայել օտար երկրում։ Անիտան, որն այժմ 75 տարեկան է, վստահ չի եղել իր ունակությունների վրա։ Նա մեծացել է Անգլիայում և 18 տարեկանում սկսել է ռահվիրա ծառայել։ Քույրը պատմում է. «Ես սիրում էի սովորեցնել մարդկանց Եհովայի մասին, բայց չէի մտածել, որ կկարողանամ ծառայել օտար երկրում։ Երբեք չէի սովորել օտար լեզու և համոզված էի, որ դա ինձ չի հաջողվի։ Երբ ստացա «Գաղաադ» դպրոցի հրավեր, ցնցվեցի։ Զարմացա, որ ինձ նման աննշան անհատը կարող էր այդպիսի հրավեր ստանալ։ Բայց ինքս ինձ ասացի. «Եթե Եհովան մտածում է, որ կարող եմ, ուրեմն պետք է փորձեմ»։ Դա ավելի քան 50 տարի առաջ էր։ Այդ ժամանակվանից ես ծառայում եմ միսիոներ Ճապոնիայում»։ Անիտան ավելացնում է. «Ոգևորված երբեմն ասում եմ երիտասարդ քույրերին. «Ուսապարկդ վերցրու և միացիր ինձ՝ արկածներով լի կյանքով ապրելու»։ Անչափ ուրախ եմ, որ շատերն են միացել ինձ»։

ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԼՑՎԵԼ

Շատ քույրեր, որոնք ծառայել են արտերկրում, սկզբում վարանել են այլ երկիր տեղափոխվել։ Ինչպե՞ս են նրանք համարձակ դարձել։

Մորին

Մորինը, որն այժմ 64 տարեկան է, պատմում է. «Փոքր տարիքից ուզել եմ իմաստալից կյանքով ապրել՝ օգնել ուրիշներին»։ 20 տարեկանում նա տեղափոխվեց Քվեբեկ (Կանադա), որտեղ ռահվիրաների մեծ կարիք կար։ Նա ասում է. «Հետագայում ստացա «Գաղաադ» դպրոցի հրավեր, բայց վախենում էի առանց ընկերներիս գնալ անծանոթ վայր։ Նաև անհանգստանում էի, թե ինչպես թողնեմ մորս, որը խնամում էր հիվանդ հորս։ Շատ գիշերներ արցունքն աչքերիս աղերսագին աղոթում էի այդ հարցերի մասին։ Երբ խոսեցի ծնողներիս հետ իմ մտահոգությունների մասին, նրանք ինձ հորդորեցին ընդունել հրավերը։ Տեղի ժողովը մեծապես աջակցեց ծնողներիս։  Եհովայի հոգատարությունը զգալը վստահությամբ լցրեց ինձ, որ նա իմ մասին էլ հոգ կտանի։ Այդ ամենից հետո ես պատրաստ էի մեկնելու»։ 1979-ից ի վեր Մորինը 30 տարուց ավել ծառայեց միսիոներ Արևմտյան Աֆրիկայում։ Այսօր նա հատուկ ռահվիրա է Կանադայում և խնամում է իր մորը։ Հետադարձ հայացք նետելով օտար երկրում իր ծառայության տարիներին՝ Մորինը ասում է. «Եհովան միշտ ճիշտ ժամանակին տվել է այն ամենը, ինչի կարիքը ունեցել եմ»։

Ուենդի

65 տարեկան Ուենդին, որը Ավստրալիայից է, 14 տարեկանից ռահվիրա է ծառայել։ Նա հիշում է. «Ես շատ ամաչկոտ էի և դժվարանում էի խոսել անծանոթների հետ։ Բայց ռահվիրայական ծառայության շնորհիվ սովորեցի զրուցել ամեն տեսակ մարդկանց հետ, ուստի ավելի համարձակ դարձա ու կարողացա հաղթահարել իմ խնդիրը։ Ռահվիրայությունը օգնեց ինձ ապավինել Եհովային, և օտար երկրում ծառայելու միտքը ինձ սկսեց գրավել։ Մի ամուրի քույր, որը ավելի քան 30 տարի միսիոներ է եղել Ճապոնիայում, առաջարկեց ինձ երեք ամսով գնալ այնտեղ։ Նրա հետ ծառայելը մեծացրեց օտար երկրում ծառայելու իմ ցանկությունը»։ 1980-ական թվականներին Ուենդին տեղափոխվեց Վանուատու՝ կղզիներից բաղկացած պետություն, որը Ավստրալիայից 1 770 կմ (1 100 մղոն) դեպի արևելք է գտնվում։

Ուենդին դեռ այդ երկրում է և այժմ ծառայում է թարգմանչական գրասենյակում։ Նա ասում է. «Մեծ ուրախություն եմ ստանում՝ տեսնելով, թե ինչպես են խմբեր ու ժողովներ հիմնվում հեռավոր տարածքներում։ Այդ կղզիներում Եհովայի գործի մեջ ներդրում ունենալը աննկարագրելի պատիվ է»։

Կումիկո (մեջտեղում)

Կումիկոն, որն այժմ 65 տարեկան է, Ճապոնիայում ռահվիրա էր, երբ նրա ծառայակիցը առաջարկեց տեղափոխվել Նեպալ։ Կումիկոն պատմում է. «Նա անընդհատ ասում էր ինձ այդ մասին, բայց ես միշտ մերժում էի նրա առաջարկը։ Ինձ անհանգստացնում էր այն, թե կկարողանամ նոր լեզու սովորել և նոր միջավայրին հարմարվել։ Նաև արտերկիր տեղափոխվելու համար չունեի գումար։ Այդ ընթացքում մոտոցիկլով վթարի ենթարկվեցի և հիվանդանոց ընկա։ Այնտեղ սկսեցի մտածել. «Ո՞վ գիտի՝ է՛լ ինչ կարող է ինձ հետ լինել։ Գուցե ծանր հիվանդանամ ու օտար երկրում ռահվիրա ծառայելու հնարավորությունը կորցնեմ։ Չե՞մ կարող գոնե մեկ տարի ծառայել արտերկրում»։ Ես աղերսագին խնդրում էի Եհովային, որ օգնի ինձ քայլեր ձեռնարկել»։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Կումիկոն այցելեց Նեպալ, իսկ որոշ ժամանակ հետո իր ծառայակցի հետ տեղափոխվեց այնտեղ։

Մոտ տասը տարի Նեպալում ծառայելուց հետո Կումիկոն ասում է. «Իմ առաջ եղած խոչընդոտները նման էին Կարմիր ծովին։ Բայց շատ ուրախ եմ,  որ սկսեցի ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա։ Հաճախ, երբ Աստվածաշնչից խոսում եմ որևէ մեկի տանը, հարևաններից հինգ-վեց հոգի գալիս են լսելու։ Անգամ փոքր երեխաներն են մոտենում ու հարգանքով խնդրում Աստվածաշնչի մասին թերթիկ։ Մեծ հաճույք եմ ստանում՝ քարոզելով այս տարածքում, որտեղ մարդիկ սիրով լսում են ճշմարտությունը»։

ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչ խոսք, այս քաջ ամուրի քույրերը, որոնց հետ զրուցել ենք, դժվարությունների են բախվել։ Իսկ ինչպե՞ս են հաղթահարել դրանք։

Դայան

Դայանը, որը Կանադայից է, ասում է. «Սկզբում ինձ համար դժվար էր ընտանիքիցս հեռու լինելը»։ Այժմ նա 62 տարեկան է և 20 տարի միսիոներ է ծառայել Փղոսկրի ափում (այժմ՝ Կոտ դ’Իվուար)։ Նա պատմում է. «Ես խնդրեցի Եհովային, որ օգնի ինձ սիրել իմ նշանակման տարածքում ապրող մարդկանց։ «Գաղաադ» դպրոցի ուսուցիչներից մեկը՝ եղբայր Ջեկ Ռեդֆորդը, ասաց մեզ, որ սկզբում միգուցե անհանգստանանք կամ նույնիսկ ցնցվենք՝ տեսնելով մեր նշանակման վայրում տիրող պայմանները, օրինակ՝ ծայրահեղ աղքատությունը։ Բայց նաև ասաց. «Մի՛ կենտրոնացեք աղքատության վրա, այլ կենտրոնացեք մարդկանց վրա, նայեք նրանց դեմքին և աչքերին։ Ուշադրություն դարձրեք նրանց արձագանքին, երբ լսում են աստվածաշնչյան ճշմարտությունները»։ Ես այդպես էլ վարվեցի, ու դա շատ օգնեց ինձ։ Երբ մարդկանց պատմում էի Թագավորության մասին մխիթարական լուրը, նկատում էի, թե ինչպես էին մարդկանց աչքերը փայլում»։ Ուրիշ ի՞նչը օգնեց Դայանին հարմարվելու օտար երկրում։ Նա ասում է. «Ես մտերմացա նրանց հետ, ում հետ Աստվածաշունչ էի ուսումնասիրում։ Մեծ ուրախություն էի ստանում՝ տեսնելով, թե ինչպես են նրանք դառնում Եհովայի հավատարիմ ծառաներ։ Իմ նշանակման վայրը դարձավ իմ տունը։ Եվ ինչպես Հիսուսն էր խոստացել, ես գտել եմ հոգևոր մայրեր ու հայրեր, եղբայրներ ու քույրեր» (Մարկ. 10։29, 30

Էնը, որն այժմ 46 տարեկան է, ծառայում է Ասիայի երկրներից մեկում, որտեղ մեր գործունեությունը արգելված է։ Նա ասում է. «Տարիներ շարունակ ծառայել եմ տարբեր վայրերում և ապրել եմ քույրերի հետ, որոնք ծագումով ու բնավորությամբ շատ տարբեր են եղել ինձնից։ Երբեմն դրա պատճառով թյուրիմացություններ են եղել, և նեղացրել ենք միմյանց։ Սակայն նման դեպքերում փորձում էի մտերմանալ նրանց հետ և ավելի լավ հասկանալ նրանց մշակույթը։ Նաև ջանում էի ավելի սիրալիր ու ողջամիտ վերաբերմունք դրսևորել։ Ուրախ եմ, որ իմ ջանքերը արդյունքներ բերեցին, ու դրա շնորհիվ ունեմ մտերիմ ընկերներ, որոնք օգնել են ինձ մնալ իմ նշանակման մեջ»։

Ութա

 1993-ին Ութան, որը Գերմանիայից է և այժմ 53 տարեկան է, նշանակվել էր ծառայելու միսիոներ Մադագասկարում։ Նա պատմում է. «Սկզբում ինձ համար դժվար էր սովորել տեղի լեզուն, հարմարվել խոնավ եղանակին։ Նաև հիվանդացա մալարիայով ու վարակվեցի մակաբույծներով՝ ամեոբաներով ու ճիճուներով։ Սակայն շատերը օգնեցին ինձ։ Տեղի քույրերը, նրանց երեխաները և այն անհատները, ում հետ Աստվածաշունչ էի ուսումնասիրում, համբերատարորեն օգնեցին ինձ սովորել լեզուն։ Իսկ երբ հիվանդ եմ եղել, իմ միսիոներ-ծառայակիցը սիրով հոգ է տարել ինձ։ Սակայն ամենամեծ օգնությունը ստացել եմ Եհովայից։ Հաճախ բացում էի սիրտս ու խոսում նրա հետ իմ անհանգստությունների մասին, ապա համբերատարությամբ սպասում էի աղոթքներիս պատասխանին, երբեմն օրեր, երբեմն էլ ամիսներ։ Չկար այնպիսի խնդիր, որ Եհովան չհարթեր»։ Արդեն 23 տարի է, ինչ Ութան ծառայում է Մադագասկարում։

ՆՐԱՆՑ ԿՅԱՆՔԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ

Օտար երկրներում ծառայողներից շատերի նման՝ այս ամուրի քույրերը նույնպես նշում են, որ այդ ծառայությունը հարստացրել է իրենց կյանքը։ Որո՞նք են այն օրհնություններից մի քանիսը, որ ստացել են նրանք։

Հայդի

73 տարեկան Հայդին, որը Գերմանիայից է, 1968 թ.-ից ծառայում է միսիոներ Կոտ դ’Իվուարում։ Նա ասում է. «Ամենամեծ ուրախությունը ինձ համար այն է, որ տեսնում եմ, թե իմ հոգևոր զավակները ինչպես են «շարունակում ճշմարտության մեջ քայլել»։ Նրանցից ոմանք, ում հետ Աստվածաշունչ եմ ուսումնասիրել, այժմ ծառայում են որպես ռահվիրաներ և երեցներ։ Նրանցից շատերը ինձ անվանում են մայրիկ կամ տատիկ։ Այդ երեցներից մեկը, նրա կինը և երեխաները համարում են ինձ իրենց ընտանիքի անդամ։ Եհովան տվել է ինձ որդի, հարս և երեք թոռնիկ» (3 Հովհ. 4

Քերըն (մեջտեղում)

Քերընը Կանադայից է և այժմ 72 տարեկան է։ Նա ավելի քան 20 տարի ծառայել է Արևմտյան Աֆրիկայում։ Նա ասում է. «Միսիոներական կյանքից սովորել եմ լինել ավելի անձնազոհ, սիրող և համբերատար։ Տարբեր ազգերի մարդկանց հետ համագործակցելը ընդլայնել է իմ մտահորիզոնը։ Սովորել եմ, որ մի բանը կարելի է տարբեր կերպերով անել։ Շատ մեծ օրհնություն է ունենալ սիրելի ընկերներ տարբեր երկրներից։ Թեև մեր կյանքը ու նշանակումները փոխվել են, մեր ընկերությունը մնացել է»։

Մարգրեթը, որը Անգլիայից է և այժմ 79 տարեկան է, ծառայել է միսիոներ Լաոսում։ Նա պատմում է. «Օտար երկրում ծառայելը հնարավորություն տվեց ինձ անձամբ տեսնելու, թե ինչպես է Եհովան դեպի իր կազմակերպություն ձգում տարբեր ռասաների և ծագման մարդկանց։ Դա շատ ամրացրեց հավատս։ Նաև լիովին համոզվեցի, որ Եհովան առաջնորդում է իր կազմակերպությունը, և նրա նպատակները անպայման կիրականանան»։

Ինչ խոսք, ամուրի քույրերը, ովքեր ծառայում են օտար երկրներում, մեծ դեր ունեն քարոզչական գործում։ Նրանք գովասանքի ջերմ խոսքերի են արժանի (Դատ. 11։40)։ Ուրախալի է, որ նրանց թիվը գնալով ավելանում է (Սաղ. 68։11)։ Կարո՞ղ ես փոփոխություններ անել քո կյանքում և հետևել այս հոդվածում նշված եռանդուն քույրերի օրինակին։ Եթե այդպես վարվես, անկասկած «կճաշակես և կտեսնես, որ Եհովան բարի է» (Սաղ. 34։8