Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2017

Թանկ գնահատենք ազատ կամքի պարգևը

Թանկ գնահատենք ազատ կամքի պարգևը

«Ուր որ Եհովայի ոգին է, այնտեղ ազատություն կա» (2 ԿՈՐՆԹ. 3։17

ԵՐԳ 62, 65

1, 2. ա) Ի՞նչ տարբեր տեսակետներ ունեն մարդիկ ազատ կամքի վերաբերյալ։ բ) Աստվածաշունչը ի՞նչ է ասում ազատ կամքի մասին, և ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

ՈՐՈՇՈՒՄ կայացնելուց առաջ մի կին ասաց իր ընկերոջը. «Մի՛ ստիպիր ինձ շատ մտածել, դու միայն ասա՝ ինչ անեմ։ Այդպես ավելի հեշտ կլինի»։ Այս կինը նախընտրեց, որ իրեն ասեն՝ ինչ անի, փոխարեն օգտագործելու իր Ստեղծչի տված թանկ նվերը՝ ազատ կամքի պարգևը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Սիրում ես ի՞նքդ որոշումներ կայացնել, թե՞ նախընտրում ես, որ ուրիշները քո փոխարեն կայացնեն։ Ի՞նչ տեսակետ ունես ազատ կամքի վերաբերյալ։

2 Դարեր շարունակ մարդիկ տարբեր տեսակետներ են ունեցել ազատ կամքի վերաբերյալ։ Ոմանք պնդում են, թե գոյություն չունի ազատ կամք, և մեր բոլոր արարքները Աստված է նախասահմանել։ Ուրիշներն ասում են, որ այն հնարավոր է ունենալ, եթե բացարձակ ազատություն լինի։ Որպեսզի ճիշտ տեսակետ ունենանք ազատ կամքի վերաբերյալ, պետք է դիմենք Աստծու Խոսքին՝ Աստվածաշնչին։ Այնտեղ ասվում է, որ Եհովան ստեղծել է մեզ ազատ կամքով, այսինքն՝ խելամիտ որոշումներ կայացնելու ունակությամբ և ազատությամբ (կարդա Հեսու 24։15)։ Աստվածաշունչը նաև պատասխանում է հետևյալ հարցերին։ Որոշումներ կայացնելիս ինչպե՞ս օգտագործել մեր ազատությունը։ Ազատ կամքը ունի՞ սահմանափակումներ։ Մեր որոշումներով ինչպե՞ս ենք ցույց տալիս, թե որքան շատ ենք սիրում  Եհովային։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հարգում ենք ուրիշների կայացրած որոշումները։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻՑ ԵՎ ՀԻՍՈՒՍԻՑ

3. Ինչպե՞ս է Եհովան գործի դնում իր բացարձակ ազատությունը։

3 Միայն Եհովան ունի բացարձակ ազատություն։ Մենք կարող ենք ընդօրինակել նրան ազատությունը գործի դնելու հարցում։ Օրինակ՝ նա ընտրեց Իսրայել ազգին, որ վերջինս կրի իր անունը և լինի «իր հատուկ սեփականությունը» (2 Օրենք 7։6–8)։ Եհովան պատճառ ուներ այդպես վարվելու։ Նա ուզում էր պահել իր ընկեր Աբրահամին դարեր առաջ տված խոստումը (Ծննդ. 22։15–18)։ Բացի այդ, Եհովան իր ազատությունը գործի է դնում սիրո ու արդարության հետ մեկտեղ։ Դա երևում է այն բանից, թե ինչպես էր նա խրատում իսրայելացիներին, երբ նրանք կրկին ու կրկին թողնում էին ճշմարիտ երկրպագությունը։ Երբ նրանք անկեղծ զղջում էին, Եհովան պատրաստակամորեն սեր ու ողորմություն էր դրսևորում՝ ասելով. «Նրանց անհավատարմությունը ես կբուժեմ, իմ հոժար կամքով կսիրեմ նրանց» (Օս. 14։4)։ Ի՜նչ լավ օրինակ է նա թողել մեզ՝ գործի դնելով իր ազատությունը հօգուտ ուրիշների։

4, 5. ա) Եհովան ո՞ւմ է առաջինը օժտել ազատ կամքով, և այդ անձնավորությունը ինչպե՞ս օգտագործեց այն։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

4 Երբ Եհովան սկսեց իր ստեղծագործական աշխատանքը, սիրուց մղված՝ իր բանական արարածներին օժտեց ազատ կամքով։ Առաջինը, ով ստացավ այդ պարգևը, Եհովայի միածին Որդին էր՝ «անտեսանելի Աստծու պատկերը» (Կող. 1։15)։ Երկիր գալուց առաջ Հիսուսը որոշել էր նվիրված մնալ իր Հորը և չմիանալ Սատանայի ըմբոստությանը։ Հետագայում, երբ նա երկրի վրա էր, իր ազատ կամքը գործի դրեց՝ մերժելով Սատանայի գայթակղությունները (Մատթ. 4։10)։ Իսկ իր մահվան նախորդ գիշերը Հիսուսը ջերմեռանդ աղոթքում ցույց տվեց Աստծու կամքը կատարելու իր վճռականությունը։ Նա ասաց. «Հա՛յր, եթե կամենում ես, հեռացրու այս բաժակը ինձանից։ Բայց ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի» (Ղուկ. 22։42)։ Թող որ մենք էլ Հիսուսի նման մեր ազատ կամքը գործի դնենք Եհովային փառք բերելու և նրա կամքը կատարելու համար։ Իսկ դա հնարավո՞ր է։

5 Այո՛, հնարավոր է։ Չէ՞ որ Հիսուսի պես մենք էլ ենք ստեղծվել Աստծու պատկերով և նմանությամբ (Ծննդ. 1։26)։ Այնուամենայնիվ, մենք չունենք բացարձակ ազատություն, ինչպիսին որ ունի Եհովան։ Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ մեր ազատությունը սահմաններ ունի, և մենք չպետք է անցնենք Եհովայի դրած այդ սահմանները։ Օրինակ՝ կանայք պետք է ենթարկվեն իրենց ամուսիններին, երեխաները՝ իրենց ծնողներին (Եփես. 5։22; 6։1)։ Իսկ ինչպե՞ս են այս սահմանափակումները ազդում մեր ազատ կամքը գործի դնելու վրա։ Այս հարցի պատասխանից կախված է մեր հավիտենական ապագան։

ԱԶԱՏ ԿԱՄՔԻ ՃԻՇՏ ԵՎ ՍԽԱԼ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

6. Օրինակով ցույց տուր, թե ինչու ազատությունը պետք է սահմաններ ունենա։

6 Այն ազատությունը, որը սահմաններ ունի, կարո՞ղ ենք իրական ազատություն համարել։ Այո՛։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Իրականում այդ սահմանափակումները կարող են պաշտպանել մարդկանց։ Օրինակ՝ պատկերացրու՝ որոշել ես մեքենայով գնալ հեռու քաղաք։ Արդյո՞ք ճանապարհով ընթանալիս քեզ ապահով կզգաս, եթե երթևեկության կանոններ չլինեն և յուրաքանչյուրն ինքը որոշի որքան արագ վարել մեքենան կամ ճանապարհի որ կողմով ընթանալ։ Իհա՛րկե ոչ։ Սահմանված կանոններ են անհրաժեշտ, որպեսզի բոլորը ունենան իրական ազատություն։ Ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչու է սահմաններ դնելը Եհովայի կողմից իմաստության դրսևորում, եկեք քննենք աստվածաշնչյան մի քանի օրինակներ։

7. ա) Ո՞րն էր այն առանձնահատկություններից մեկը, որով Ադամը տարբերվում էր կենդանիներից։ բ) Բեր մի օրինակ, թե ինչպես Ադամը դրսևորեց իր ազատ կամքը։

 7 Երբ Աստված ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, նրան օժտեց ազատ կամքով՝ այն նույն պարգևով, որով օժտել էր իր երկնային բանական արարածներին։ Դրանով Ադամը տարբերվում էր կենդանիներից, որոնք ապրում են բնազդով։ Նկատի առնենք, օրինակ, թե ինչպես Ադամը ճիշտ ձևով դրսևորեց իր ազատ կամքը։ Կենդանիները ստեղծվել էին մարդուց առաջ։ Սակայն Եհովան կենդանիներին անուններ տալու հետաքրքիր գործը հանձնարարեց Ադամին։ Աստված «նրանց բերում էր մարդու մոտ, որ տեսնի, թե ինչ անուն կտա ամեն մեկին»։ Ադամը սկսեց ուշադրությամբ հետևել յուրաքանչյուր կենդանու և համապատասխան անուններ տալ։ Եհովան չմիջամտեց և չփոխեց Ադամի ընտրած անունները։ Ընդհակառակը՝ «ինչ անուն որ մարդը տալիս էր կենդանի հոգիներից յուրաքանչյուրին, այն էր դառնում նրա անունը» (Ծննդ. 2։19

8. Ի՞նչ սխալ ձևով Ադամը օգտագործեց իր ազատ կամքը, և հետևանքը ի՞նչ եղավ։

8 Եհովան Ադամին նաև պատվիրեց երկիրը դրախտ դարձնել՝ ասելով. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան ու իշխեք.... ձկների.... թռչունների և երկրի բոլոր կենդանի արարածների վրա» (Ծննդ. 1։28)։ Ադամը այս հանձնարարությունը կատարելու համար բավական ազատություն ուներ։ Սակայն նա չբավարարվեց իրեն տրված ազատությամբ և անցավ Աստծու դրած սահմանները՝ ուտելով արգելված պտուղը։ Ազատ կամքի այս սխալ օգտագործման հետևանքով հազարամյակներ շարունակ Ադամի հետնորդները տառապանքի ու ցավի մեջ են (Հռոմ. 5։12)։ Ադամի որոշման հետևանքները իմանալը պետք է մղի մեզ օգտագործելու մեր ազատությունը պատասխանատվությամբ և չանցնելու Եհովայի դրած սահմանները։

9. Ի՞նչ ընտրության հնարավորություն տվեց Եհովան Իսրայել ազգին, և ինչպե՞ս արձագանքեցին նրանք։

9 Ադամի ու Եվայի հետնորդները անկատարություն և մահ ժառանգեցին իրենց անհնազանդ ծնողներից։ Սակայն նրանք չզրկվեցին ազատ կամք դրսևորելու իրավունքից։ Սա երևում է այն բանից, թե ինչպես Եհովան վարվեց Իսրայել ազգի հետ։ Իր ծառա Մովսեսի միջոցով Եհովան ժողովրդին ընտրության հնարավորություն տվեց. ընդունել կամ մերժել իր հատուկ սեփականությունը լինելու առանձնաշնորհումը (Ելք 19։3–6)։ Ինչպե՞ս նրանք արձագանքեցին։ Նրանք հոժար կամքով որոշեցին կատարել Աստծու անվան համար ժողովուրդ լինելու պահանջները և միաձայն ասացին. «Եհովայի բոլոր ասածները կանենք» (Ելք 19։8)։ Ցավոք, ժամանակի ընթացքում ժողովուրդը իր ազատությունը ճիշտ ձևով չօգտագործեց և խախտեց իր խոստումը։ Մենք կարող ենք դասեր քաղել այս նախազգուշական օրինակից և միշտ թանկ գնահատել ազատ կամքի պարգևը՝ շարունակելով մոտ մնալ Եհովային և հնազանդվելով նրա արդար պահանջներին (1 Կորնթ. 10։11

10. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ անկատար մարդիկ կարող են իրենց ազատ կամքը օգտագործել Աստծուն փառք բերելու համար (տես հոդվածի սկզբի նկարը)։

10 Եբրայեցիներ 11-րդ գլխում նշվում է Աստծու ծառաներից 16-ի անունները, որոնք որոշել էին իրենց ազատ կամքը օգտագործել՝ չանցնելով Եհովայի դրած սահմանները։ Այդպես վարվելով՝ նրանք ստացան առատ օրհնություններ և ապագայի հաստատուն հույս։ Օրինակ՝ Նոյը մեծ հավատ դրսևորեց և որոշեց հնազանդվել Աստծու պատվերին՝ կառուցել տապան իր ընտանիքի և ապագա սերունդների փրկության համար (Եբր. 11։7Աբրահամն ու Սառան հոժարակամորեն հետևեցին Աստծու տված առաջնորդությանը և գնացին իրենց խոստացված երկիրը։ Ճանապարհին նրանք «հնարավորություն ունեին վերադառնալու» բարգավաճ Ուր քաղաք, սակայն նրանք իրենց հավատի աչքերը  հառել էին ապագային՝ Աստծու «խոստացած բաներին», և «ձգտում էին մի ավելի լավ վայրի» (Եբր. 11։8, 13, 15, 16Մովսեսը մերժեց Եգիպտոսի բոլոր գանձերը, «նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել» (Եբր. 11։24–26)։ Եկեք ընդօրինակենք Աստծու վաղեմի այս ծառաների հավատը, թանկ գնահատենք մեր ազատ կամքի պարգևը և օգտագործենք այն Աստծու կամքը անելու համար։

11. ա) Ո՞րն է ազատ կամքի մեծ օրհնություններից մեկը։ բ) Ի՞նչն է մղում քեզ ճիշտ ձևով դրսևորել քո ազատ կամքը։

11 Գուցե թվա, որ հեշտ է, երբ մեր փոխարեն ուրիշն է որոշում կայացնում, սակայն այդպես կզրկվենք ազատ կամքի օրհնություններից մեկից։ Այդ օրհնության մասին գրված է 2 Օրենք 30։19, 20-ում (կարդա)։ 19-րդ համարը ցույց է տալիս, թե ինչ ընտրություն տվեց Աստված իսրայելացիներին։ 20-րդ համարից իմանում ենք, որ Եհովան հնարավորություն տվեց նրանց ցույց տալու, թե ինչ կա իրենց սրտերում։ Մենք էլ կարող ենք ընտրություն անել՝ Եհովային երկրպագել, թե ոչ։ Եհովայի հանդեպ սերը և նրան փառք բերելու ցանկությունը կմղեն մեզ ճիշտ ձևով օգտագործելու ազատ կամքի պարգևը։

ՍԽԱԼ ՄԻ՛ ՕԳՏԱԳՈՐԾԻՐ ՔՈ ԱԶԱՏ ԿԱՄՔԻ ՊԱՐԳԵՎԸ

12. Ինչպե՞ս չպետք է օգտագործենք մեր ազատ կամքի պարգևը։

12 Պատկերացրու՝ քո ընկերոջը մի արժեքավոր նվեր ես տվել։ Չե՞ս տխրի, եթե իմանաս, որ նա քո նվերը գցել է աղբամանը կամ, ավելին, այն օգտագործել է ուրիշին վնասելու համար։ Մտածենք, թե Եհովան ինչ է զգում՝ տեսնելով, որ շատ մարդիկ կյանքում ընտրություն անելիս սխալ են օգտագործում իրենց ազատությունը, նույնիսկ ուրիշներին են վնասում։ Աստվածաշունչը կանխագուշակել է, որ «վերջին օրերում» մարդիկ կլինեն «անշնորհակալ» (2 Տիմոթ. 3։1, 2)։ Թող որ երբեք չնմանվենք այդ մարդկանց՝ սխալ չօգտագործենք Եհովայի տված թանկ նվերը կամ սովորական բան չհամարենք այն։ Իսկ ինչպե՞ս խուսափենք մեր ազատ կամքի պարգևը սխալ օգտագործելուց։

13. Որպես քրիստոնյաներ ինչպե՞ս չենք ուզի օգտագործել մեր ազատությունը։

13 Բոլորս էլ ընտրելու ազատություն ունենք՝ կապված ընկերների, հագուստի ու հարդարանքի ոճի և ժամանցի ձևերի հետ։ Սակայն մեր ազատությունը կարող է դառնալ «չարությունը ծածկելու միջոց», եթե որոշենք մեր մարմնական ցանկությունների ծառան դառնալ կամ ընդօրինակել  այն խայտառակ վարքուբարքը և տենդենցները, որ ընդունված են աշխարհում (կարդա 1 Պետրոս 2։16)։ Մենք չենք ուզում մեր ազատությունը օգտագործել որպես «պատրվակ մարմնի համար», այլ պետք է վճռենք այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կօգնեն մեզ հետևել այս հորդորին. «Ամեն բան Աստծու փառքի համար արեք» (Գաղ. 5։13; 1 Կորնթ. 10։31

14. Ինչո՞ւ պետք է վստահենք Եհովային որոշումներ կայացնելիս։

14 Որպեսզի ճիշտ ձևով գործի դնենք մեր ազատ կամքը, պետք է վստահենք Եհովային և ընդունենք նրա դրած սահմանները, որոնք մեր պաշտպանության համար են։ Եհովան միակն է, «ով օգտակար բաներ է սովորեցնում մեզ, տանում է այն ճանապարհով, որով մենք պիտի գնանք» (Ես. 48։17)։ Բացի այդ, մենք պետք է խոնարհաբար ընդունենք հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Մարդու ճանապարհը իր ձեռքում չէ։ Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմ. 10։23)։ Եկեք երբեք չվստահենք մեր հասկացողությանը՝ մի ծուղակ, որի մեջ ընկան Ադամը և ըմբոստ իսրայելացիները։ Փոխարենը՝ «[մեր] ամբողջ սրտով Եհովային ապավինենք» (Առակ. 3։5

ՀԱՐԳԵՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԱԶԱՏ ԿԱՄՔԸ

15. Ի՞նչ ենք սովորում Գաղատացիներ 6։5-ում արձանագրված սկզբունքից։

15 Մենք պետք է հարգենք ուրիշների՝ որոշումներ կայացնելու իրավունքը։ Ինչո՞ւ։ Քանի որ բոլորը ունեն ազատ կամքի պարգևը, ուստի չեն կարող լինել երկու քրիստոնյաներ, որոնք միշտ նույն որոշումը կկայացնեն։ Այդպիսի որոշումները կարող են առնչվել, օրինակ, մեր վարքին և երկրպագությանը։ Հիշենք Գաղատացիներ 6։5-ում գրված սկզբունքը (կարդա)։ Ընդունելով, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է «իր բեռը կրի», կհարգենք ուրիշների ազատ կամքը։

Անձնական որոշումներ կայացնելիս ուրիշներին չենք պարտադրի անել այն, ինչ մեր խիղճն է թելադրում (տես պարբերություն 15)

16, 17. ա) Ի՞նչ խնդիր էր ծագել Կորնթոսի ժողովում։ բ) Ինչպե՞ս Պողոսը օգնեց լուծելու ծագած խնդիրը, և մենք ի՞նչ ենք սովորում։

16 Քննենք աստվածաշնչյան մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչու պետք է հարգենք խղճի վրա թողնված հարցերում մեր եղբայրների՝ որոշում կայացնելու ազատությունը։ Կորնթոսի քրիստոնյաների մեջ բաժանում էր առաջացել միս ուտելու հարցի հետ կապված, քանի որ այդ միսը մինչև շուկայում վաճառվելը, հնարավոր է, զոհ էր մատուցվել կուռքերին։ Ոմանք մտածում էին. «Քանի որ կուռքը ոչինչ է, կարելի է մաքուր խղճով ուտել այդ միսը»։ Սակայն նրանք, ովքեր նախկինում երկրպագել էին այդ կուռքերին, կարծում էին, որ այդ միսը ուտելով՝ մասնակից են դառնում այդ երկրպագությանը (1 Կորնթ. 8։4, 7)։ Սա շատ լուրջ հարց էր, որը կարող էր ժողովը պառակտել։ Ինչպե՞ս Պողոսը օգնեց Կորնթոսի քրիստոնյաներին հասկանալ Աստծու տեսակետը այդ հարցի վերաբերյալ։

17 Նախ՝ Պողոսը հիշեցրեց բոլորին, որ կերակուրը չի կարող մոտեցնել մեզ Աստծուն (1 Կորնթ. 8։8)։ Հետո՝ զգուշացրեց, որ իրենց ընտրելու իրավունքը «գայթակղության քար չդառնա թույլերի համար» (1 Կորնթ. 8։9)։ Այնուհետև՝ պատվիրեց զգայուն խիղճ ունեցողներին չդատել նրանց, ովքեր որոշել են ուտել այդ միսը (1 Կորնթ. 10։25, 29, 30)։ Ուստի երկրպագության հետ կապված կարևոր հարցերում յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իր որոշումը կայացնի։ Այդ դեպքում մի՞թե չպետք է հարգենք անձնական, անգամ փոքր հարցերում մեր եղբայրների որոշումներ կայացնելու ազատությունը (1 Կորնթ. 10։32, 33

18. Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ թանկ ես գնահատում քո ազատ կամքի պարգևը։

18 Եհովան տվել է մեզ ազատ կամքի պարգևը, որի շնորհիվ վայելում ենք իսկական ազատություն (2 Կորնթ. 3։17)։ Մենք թանկ ենք գնահատում այդ պարգևը, քանի որ այն հնարավորություն է տալիս մեզ կայացնելու որոշումներ, որոնք ցույց կտան, թե որքան շատ ենք սիրում Եհովային։ Թող որ շարունակենք մեր ազատ կամքը օգտագործել Աստծուն փառք բերելու համար և հարգենք ուրիշների որոշում կայացնելու ազատությունը։