Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2016

«Մեր Աստված Եհովան մեկ Եհովա է»

«Մեր Աստված Եհովան մեկ Եհովա է»

«Լսի՛ր, ո՛վ Իսրայել. մեր Աստված Եհովան մեկ Եհովա է» (2 ՕՐԵՆՔ 6։4

ԵՐԳ 138, 112

1, 2. ա) Ինչո՞ւ է 2 Օրենք 6։4-ը հայտնի շատերին։ բ) Ինչո՞ւ Մովսեսը ասաց այդ խոսքերը։

ԴԱՐԵՐ շարունակ 2 Օրենք 6։4-ում գրված եբրայերեն վեց բառերը հրեաները կրկնում են իրենց աղոթքում։ Նրանք այդ աղոթքը անում են ամեն օր՝ առավոտյան և երեկոյան։ Այն կոչվում է «Շմա», որը այդ վեց բառերից առաջինն է։ Այդ աղոթքով բարեպաշտ հրեաները իրենց բացարձակ նվիրվածությունն են արտահայտում Աստծու հանդեպ։

2 Աստվածաշնչում գրված այս խոսքերը ասել է Մովսեսը մ. թ. ա. 1473-ին, երբ Մովաբի հարթավայրում վերջին անգամ դիմեց Իսրայել ազգին։ Նրանք պատրաստվում էին անցնել Հորդանան գետը և տիրել Ավետյաց երկրին (2 Օրենք 6։1)։ Մովսեսը, որ 40 տարի նրանց առաջնորդն էր, ուզում էր, որ ժողովուրդը քաջ լիներ ու կարողանար հաղթահարել գալիք դժվարությունները։ Նրանք պետք է վստահեին Եհովային ու հավատարիմ լինեին նրան որպես իրենց Աստծու։ Մովսեսի ուղերձը պետք է որ մեծ ազդեցություն ունենար ժողովրդի վրա։ Տասը պատվիրանները և Աստծու տված մյուս օրենքները Իսրայելին հիշեցնելուց հետո Մովսեսը արեց այն կարևոր հայտարարությունը, որը կարդում ենք 2 Օրենք 6։4, 5-ում (կարդա

3. Ի՞նչ հարցեր կքննարկենք այս հոդվածում։

 3 Արդյո՞ք իսրայելացիները չգիտեին, որ իրենց Աստված Եհովան «մեկ Եհովա է»։ Անշուշտ նրանք գիտեին դա։ Հավատարիմ հրեաները ճանաչում էին ու երկրպագում միայն մեկ Աստծու՝ իրենց նախահայրերի՝ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստծուն։ Այդ դեպքում ինչո՞ւ Մովսեսը նրանց հիշեցրեց, որ Եհովան՝ իրենց Աստվածը, «մեկ Եհովա է»։ Այն, որ Եհովան մեկ Աստված է, ինչպե՞ս է կապված նրան ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ ուժով սիրելու հետ, ինչպես նշվում է 5-րդ համարում։ 2 Օրենք 6։4-րդ և 5-րդ համարները ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար այսօր։

ՄԵՐ ԱՍՏՎԱԾԸ «ՄԵԿ ԵՀՈՎԱ Է»

4, 5. ա) Ո՞րն է «մեկ Եհովա է» արտահայտության նշանակություններից մեկը։ բ) Ինչո՞վ է Եհովան տարբերվում մյուս ազգերի աստվածներից։

4 Միակ։ «Մեկ» բառը եբրայերենում և ուրիշ շատ լեզուներում թիվ ցույց տալուց բացի ունի այլ նշանակություններ էլ։ Այն նշանակում է նաև եզակի, միակ։ Մովսեսի խոսքերի նպատակը կեղծ կրոններում տարածված եռանձնյա աստվածության գաղափարը հերքելը չէր։ Եհովան է երկնքի ու երկրի Արարիչը, տիեզերքի Գերիշխանը։ Նրանից զատ չկա ուրիշ իրական, ճշմարիտ Աստված. նրա նմանը չկա (2 Սամ. 7։22)։ Ուստի Մովսեսը հիշեցրեց, որ նրանք բացարձակապես պետք է միայն Եհովային երկրպագեն։ Նրանք չպետք է հետևեին շրջակա ազգերին, որոնք տարբեր աստվածների ու աստվածուհիների էին պաշտում։ Ենթադրվում էր, որ այդ կեղծ աստվածներից որոշները կառավարում էին բնության ուժերը, որոշներն էլ որևէ աստվածության մաս էին կազմում։

5 Օրինակ՝ եգիպտացիները երկրպագում էին արևի Ռա աստծուն, երկնքի Նուտ աստվածուհուն, երկրի Գեբ աստծուն, Նեղոսի Հապի աստծուն և բազմաթիվ սուրբ համարվող կենդանիների։ Տասը պատուհասները բերելով՝ Եհովան ցույց տվեց, որ այդ աստվածները կեղծ են ու անզոր։ Իսկ քանանացիների գլխավոր աստվածը Բահաղն էր՝ պտղաբերության աստվածը, որը համարվում էր նաև երկնքի, անձրևի և փոթորկի աստված։ Շատ վայրերում Բահաղը տեղի գլխավոր հովանավոր աստվածն էր (Թվեր 25։3)։ Այդ պատճառով իսրայելացիներին հիշեցում տրվեց, որ իրենց Աստվածը՝ ճշմարիտ Աստվածը, «մեկ Եհովա է» (2 Օրենք 4։35, 39

6, 7. Ո՞րն է «մեկ» բառի մյուս իմաստը, և ինչպե՞ս է Եհովան ցույց տվել, որ ինքը «մեկ է»։

6 Անփոփոխ և նվիրված։ «Մեկ» բառը ունի նաև նպատակների ու գործերի մեջ միասնական լինելու իմաստ։ Եհովան փոփոխական չէ։ Նա միշտ հավատարիմ է, անփոփոխ, նվիրված ու արդար։ Եհովան խոստացել էր Աբրահամին, որ նրա սերնդին որպես ժառանգություն կտա Ավետյաց երկիրը, և իր խոստումը կատարելու համար նա զորավոր գործեր արեց։ Այդ խոստումը տալուց անցավ 430 տարի, բայց Եհովան չփոխեց իր նպատակը (Ծննդ. 12։1, 2, 7; Ելք 12։40, 41

7 Դարեր անց, երբ Եհովան իսրայելացիներին կոչեց իր վկաները, ասաց նրանց. «Ես նույնն եմ։ Ինձնից առաջ ոչ մի Աստված գոյություն չի ունեցել և ինձնից հետո էլ չի եղել»։ Շեշտելով, որ իր նպատակը անփոփոխ է՝ նա ասաց. «Ես միշտ նույնն եմ» (Ես. 43։10, 13; 44։6; 48։12) Ի՜նչ առանձնահատուկ պատիվ էր իսրայելացիների համար լինել Եհովայի ծառա. մի Աստծու, որը նվիրված է ու անփոփոխ իր բոլոր ճանապարհներում։ Մենք էլ այսօր նույն առանձնաշնորհումն ու պատիվը ունենք (Մաղ 3։6; Հակ. 1։17

8, 9. ա) Ի՞նչ է պահանջում Եհովան իրեն երկրպագողներից։ բ) Ինչպե՞ս Հիսուսը ընդգծեց Մովսեսի խոսքերի կարևորությունը։

8 Այո՛, Մովսեսը հիշեցրեց ժողովրդին, որ Եհովայի սերն ու հոգատարությունը մնայուն են ու անփոփոխ։ Ուստի տրամաբանական է, որ նրանք պետք է բացարձակ նվիրվածություն դրսևորեին, սիրեին նրան անմնացորդ կերպով՝ իրենց ողջ  սրտով, հոգով և ուժով։ Ու քանի որ ծնողներին պատվեր էր տրվել կրթել իրենց երեխաներին ամեն հարմար առիթով, դա նշանակում էր, որ երեխաները նույնպես պետք է բացարձակ նվիրվածություն դրսևորեին (2 Օրենք 6։6–9

9 Քանի որ Եհովայի կամքը ու նպատակը անփոփոխ են, հստակ է, որ ճշմարիտ երկրպագության համար նրա հիմնական պահանջները այսօր էլ նույնն են։ Որպեսզի մեր երկրպագությունը ընդունելի լինի Աստծուն, մենք էլ պետք է բացարձակ նվիրվածություն դրսևորենք և սիրենք նրան մեր ամբողջ սրտով, մտքով և ուժով։ Հենց սա ասաց Հիսուսը իրեն հարց տվող մարդուն (կարդա Մարկոս 12։28–31Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք մեր գործերով ցույց տալ, որ իսկապես հասկանում ենք, թե ինչ է նշանակում «մեր Աստված Եհովան մեկ Եհովա է» խոսքերը։

ԲԱՑԱՐՁԱԿ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԻՐ

10, 11. ա) Ի՞նչ է նշանակում Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածություն դրսևորել։ բ) Ինչպե՞ս եբրայեցի պատանիները նվիրված մնացին Եհովային Բաբելոնում։

10 Որպեսզի Եհովան լինի մեր միակ Աստվածը, պետք է նրա նկատմամբ բացարձակ նվիրվածություն դրսևորենք։ Չենք կարող միաժամանակ երկրպագել Եհովային և ուրիշ աստվածների, ոչ էլ մաքուր երկրպագությանը խառնել այլ կրոնական գաղափարներ ու սովորություններ։ Մենք միշտ պետք է հիշենք, որ Եհովան պարզապես մեկը չէ բազմաթիվ աստվածներից կամ էլ նրանցից ամենաբարձրն ու ամենահզորը։ Նա միակն է, ում պետք է երկրպագենք (կարդա Հայտնություն 4։11

11 «Դանիել» գրքում կարդում ենք եբրայեցի պատանիների՝ Դանիելի, Հանանիայի, Միսայելի և Ազարիայի մասին։ Նրանք բացարձակ նվիրվածություն դրսևորեցին ոչ միայն հրաժարվելով ուտել անմաքուր ուտելիքներ, այլև մերժելով խոնարհվել Նաբուգոդոնոսորի կանգնեցրած ոսկե արձանի առաջ։ Հստակ է, թե ինչն էր ամենակարևորը նրանց համար. երկրպագության հարցում փոխզիջումների չգնալ (Դան. 1։1–3։30

12. Եհովային բացարձակ նվիրված մնալու համար ինչի՞ց պետք է զգուշանանք։

12 Եհովային բացարձակ նվիրած լինելու համար մենք պետք է զգույշ լինենք, որ թույլ չտանք՝ որևէ բան մեր կյանքում թեկուզ փոքր-ինչ զբաղեցնի այն տեղը, որը միայն Եհովային է պատկանում։ Իսկ ի՞նչը կարող է լինել դա։ Տասը պատվիրաններում Եհովան հստակ ձևով ցույց տվեց, որ իր ժողովուրդը չպետք է երկրպագի այլ աստվածների և չպետք է զբաղվի կռապաշտության որևէ տեսակով (2 Օրենք 5։6–10)։ Այսօր կռապաշտության տարբեր ձևեր կան, որոնցից մի քանիսը դժվար է բնորոշել որպես այդպիսին։ Սակայն Եհովայի պահանջները չեն փոխվել, նա մինչ օրս «մեկ Եհովա է»։ Տեսնենք, թե դա ինչ է նշանակում մեզ համար։

13. Ի՞նչը կարող է զբաղեցնել Եհովայի հանդեպ մեր սիրո տեղը։

13 Կողոսացիներ 3։5-ում (կարդա) քրիստոնյաներին խիստ հրահանգ է տրվում՝ կապված որոշ մեղքերի հետ, որոնք կարող են վնասել Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները։ Ուշագրավ է այն, որ ագահությունը համարվում է կռապաշտության մի ձև։ Երբ անհատը ինչ-որ բան ձեռք բերելու մեծ ցանկություն է ունենում, ինչպես օրինակ՝ հարստություն կամ շքեղ կյանք, դա կարող է դառնալ նրա աստվածը և ղեկավարել նրան։ Եթե ուշադրություն դարձնենք ամբողջ համարին, կնկատենք, որ նշված մյուս բոլոր մեղքերն էլ ինչ-որ ձևով կապված են ագահության, ուստիև կռապաշտության հետ։ Նշված բաների հանդեպ տենչանքը կարող է Աստծու հանդեպ ունեցած մեր սիրո տեղը զբաղեցնել։ Եթե թույլ տանք, որ դրանք ղեկավարեն մեր կյանքը, Եհովան այլևս մեզ համար չի լինի «մեկ Եհովա»։ Ինչ խոսք, երբեք չենք ցանկանա, որ մեզ հետ նման բան պատահի։

14. Ի՞նչ նախազգուշացում տվեց Հովհաննես առաքյալը։

 14 Նույն միտքը ընդգծեց Հովհաննես առաքյալը, երբ զգուշացրեց, որ եթե որևէ մեկը սիրում է այն ամենը, ինչ աշխարհի մեջ է՝ «մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը», ուրեմն «Հոր սերը նրանում չէ» (1 Հովհ. 2։15, 16)։ Սա նշանակում է, որ պետք է անընդհատ քննենք մեր սիրտը, որ տեսնենք՝ արդյոք այն հրապուրված չէ աշխարհային զվարճություններով, ընկերակցություններով և հագուստի ու հարդարանքի ոճերով։ Աշխարհի հանդեպ սերը կարող է նաև ներառել, օրինակ, բարձրագույն կրթության միջոցով «մեծամեծ բաներ» փնտրելը (Երեմ. 45։4, 5)։ Մենք կանգնած ենք խոստացված նոր աշխարհի շեմին։ Ուստի շատ կարևոր է մեր մտքում վառ պահել Մովսեսի ազդեցիկ խոսքերը։ Եթե պարզ հասկանում ենք և համոզված ենք, որ «մեր Աստված Եհովան մեկ Եհովա է», ամեն ինչ կանենք, որ բացարձակ նվիրվածություն դրսևորենք նրա հանդեպ՝ ծառայելով նրան ընդունելի կերպով (Եբր. 12։28, 29

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

15. Ինչո՞ւ Պողոսը հիշեցրեց քրիստոնյաներին, որ նրանք մեկ Աստված ունեն։

15 Այն, որ մեր Աստվածը «մեկ Եհովա է», ցույց է տալիս նաև, որ նրա բոլոր նպատակները ներդաշնակ են։ Եհովան ուզում է, որ այդպիսի ներդաշնակություն և միասնություն լինի իր ծառաների մեջ։ Առաջին դարի քրիստոնեական ժողովը կազմված էր հրեաներից, հույներից, հռոմեացիներից և այլ ազգերի մարդկանցից։ Այդ անհատները անցյալում պատկանել են տարբեր կրոնների ու մշակույթների և ունեցել են տարբեր սովորույթներ։ Այդ պատճառով ոմանց համար դժվար էր ընդունել երկրպագության նոր ձևը և ամբողջությամբ թողնել իրենց նախկին սովորույթները։ Պողոս առաքյալը տեղին համարեց հիշեցնել նրանց, որ քրիստոնյաների Աստվածը մեկն է՝ Եհովան (կարդա 1 Կորնթացիներ 8։5, 6

16, 17. ա) Ո՞ր մարգարեությունն է այսօր կատարվում և ինչպե՞ս։ բ) Ի՞նչը կարող է խաթարել մեր միասնությունը։

 16 Իսկ ի՞նչ կարելի է ասել այսօրվա քրիստոնեական ժողովի մասին։ Եսայիա մարգարեն կանխագուշակել էր, որ «վերջին օրերում» տարբեր ազգերի մարդիկ հորդելու են դեպի «Եհովայի լեռը»՝ ճշմարիտ երկրպագությունը։ Նրանք ասելու են. «[Եհովան] կսովորեցնի մեզ իր ճանապարհները, և մենք կքայլենք նրա ուղիներով» (Ես. 2։2, 3)։ Որքա՜ն ուրախ ենք, որ ականատես ենք լինում այդ մարգարեության կատարմանը։ Շատ ժողովներ բաղկացած են տարբեր մշակույթների, ազգերի ու լեզուների պատկանող մարդկանցից։ Սակայն բոլորն էլ միասին երկրպագում են Եհովային։ Այնուամենայնիվ, այս տարբերությունները կարող են որոշ խնդիրներ ստեղծել, որոնք չպետք է անտեսենք։

Նպաստո՞ւմ ես ժողովի միասնությանը (տես պարբերություն 16–19)

17 Օրինակ՝ ինչպե՞ս ես վերաբերվում այն հավատակիցներիդ, որոնք ուրիշ մշակույթի են պատկանում։ Նրանց լեզուն, հագուստի ոճը, վարվելակերպը և սնունդը կարող են քեզ համար անսովոր լինել։ Խուսափո՞ւմ ես նրանցից։ Հիմնականում քո՞ ազգի մարդկանց հետ ես շփվում։ Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում քո կամ ուրիշ ժողովներում ծառայող այն երեցներին, որոնք երիտասարդ են կամ այլազգի։ Թույլ կտա՞ս, որ դա խաթարի Եհովայի ժողովրդի միասնությունը։

18, 19. ա) Ի՞նչ խորհուրդ է տրվում Եփեսացիներ 4։1–3-ում։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որ նպաստենք ժողովի միասնությանը։

18 Ի՞նչը կօգնի խուսափել սխալ վերաբերմունք ունենալու վտանգից։ Բարգավաճ և բազմազգ Եփեսոս քաղաքում ապրող քրիստոնյաներին Պողոս առաքյալը գործնական խորհուրդ տվեց (կարդա Եփեսացիներ 4։1–3)։ Նախ նշեց խոնարհամտության, մեղմության, համբերատարության և սիրո մասին։ Այս հատկությունները նման են տան սյուների, որոնք կանգուն են պահում շինությունը։ Սակայն տունը կանգուն պահելուց բացի անհրաժեշտ է նաև այն բարվոք վիճակում պահել, ինչի համար կանոնավոր խնամքի կարիք կա։ Այդ իսկ պատճառով Պողոսը հորդորեց Եփեսոսի քրիստոնյաներին «ամեն կերպ ձգտել պահպանել ոգու տված միասնությունը»։

19 Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ պարտականություն ունի նպաստելու ժողովի միասնության պահպանմանը։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Նախ պետք է զարգացնենք և դրսևորենք Պողոսի նշած հատկությունները՝ խոնարհամտություն, մեղմություն, համբերատարություն և սեր։ Հետո անհրաժեշտ է ջանքեր ներդնել «խաղաղության միավորող կապը» ամրացնելու համար։ Մենք պետք է նորոգենք այսպես ասած ցանկացած ճեղք, որ կարող է գոյանալ։ Այդպես մենք խնամք կտանենք և կնպաստենք միասնությանն ու խաղաղությանը, որ անչափ թանկ են մեզ համար։

20. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հասկանում ենք, թե ինչ է նշանակում «մեր Աստված Եհովան մեկ Եհովա է»։

20 «Մեր Աստված Եհովան մեկ Եհովա է»։ Ինչպիսի՜ ազդեցիկ խոսքեր։ Այս հիշեցումը զորացրեց իսրայելացիներին հաղթահարելու այն դժվարությունները, որոնց բախվելու էին, երբ մտնեին Ավետյաց երկիր ու տիրեին դրան։ Այս խոսքերը սրտանց ընդունելը մեզ էլ կուժովացնի, որ հաղթահարենք մեծ նեղության ժամանակ սպասվող դժվարությունները և դրախտում նպաստենք խաղաղությանն ու միասնությանը։ Եկեք շարունակենք բացարձակ նվիրվածություն դրսևորել Եհովայի հանդեպ՝ սիրելով ու ծառայելով նրան ամբողջ հոգով, և ամեն կերպ ձգտենք պահպանել քրիստոնեական եղբայրության միասնությունը։ Եթե շարունակենք այդպես վարվել, կարող ենք վստահությամբ սպասել և տեսնել Հիսուսի խոսքերի կատարումը, երբ այծերին ու ոչխարներին դատելիս վերջիններին կասի. «Եկե՛ք, ո՛վ իմ Հոր կողմից օրհնվածներ, և ժառանգե՛ք աշխարհը հիմնվելուց ի վեր ձեզ համար պատրաստված թագավորությունը» (Մատթ. 25։34