Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2016

Թույլ տալի՞ս ես, որ Մեծն Բրուտը ձևավորի քեզ

Թույլ տալի՞ս ես, որ Մեծն Բրուտը ձևավորի քեզ

«Ինչպես որ այդ կավն է բրուտի ձեռքում, այնպես էլ դուք եք իմ ձեռքում» (ԵՐԵՄ. 18։6

ԵՐԳ 60, 22

1, 2. Ինչո՞ւ էր Աստված Դանիելին «թանկագին մարդ» համարում, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Դանիելին։

ԵՐԲ հրեա գերիները մտան Բաբելոն, տեսան, որ քաղաքը լի է կուռքերով, և ժողովուրդը չար ոգիների է երկրպագում։ Սակայն հավատարիմ հրեաները, օրինակ՝ Դանիելը և իր երեք ընկերները թույլ չտվեցին, որ Բաբելոնը իր բարքերով ու սովորույթներով ձևավորի իրենց (Դան. 1։6, 8, 12; 3։16–18)։ Նրանք վճռեցին բացարձակապես նվիրված մնալ Եհովային՝ իրենց Բրուտին։ Եվ դա նրանց հաջողվեց։ Դանիելը գրեթե իր ողջ կյանքը Բաբելոնում ապրեց։ Չնայած դրան՝ Աստծու հրեշտակը նրան դիմելիս ասաց «թանկագին մարդ» (Դան. 10։11, 19

2 Աստվածաշնչյան ժամանակներում բրուտները օգտագործում էին նաև կաղապարներ։ Նրանք կավը սեղմելով լցնում էին կաղապարի մեջ՝ իրենց ուզած ձևը ստանալու համար։ Այսօր ճշմարիտ երկրպագուները գիտակցում են, որ Աստված տիեզերքի Գերիշխանն է և իշխանություն ունի ձևավորելու ազգերին ու ժողովուրդներին (կարդա Երեմիա 18։6)։ Նա իշխանություն ունի նաև ձևավորելու մեզ անհատապես։ Սակայն Եհովան հարգում է մեր ազատ կամքը և ուզում է, որ մենք հոժարակամորեն ենթարկվենք իրեն։ Ուստի ի՞նչը կօգնի, որ միշտ փափուկ կավ լինենք Եհովայի ձեռքերում։ Քննենք երեք հարց։ 1) Ինչի՞ց պետք է խուսափենք, որ մեր սիրտը չկարծրանա և ընդունենք Եհովայի խորհուրդը։  2) Ինչպե՞ս զարգացնենք այնպիսի հատկություններ, որոնք կօգնեն մեզ փափուկ և հնազանդ կավ լինել։ 3) Ինչպե՞ս ծնողները կարող են հնազանդվել Աստծուն իրենց երեխաներին դաստիարակելու հարցում։

ԽՈՒՍԱՓԻՐ ԱՅՆ ԱՄԵՆԻՑ, ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԾՐԱՑՆԵԼ ՍԻՐՏԴ

3. Ի՞նչը կարող է կարծրացնել մեր սիրտը։ Բեր օրինակ։

3 «Այն ամենից առավել, ինչը պետք է պահպանվի, քո սիրտը պահպանիր, որովհետև դրանից են կյանքի աղբյուրները»,— գրված է Առակներ 4։23-ում։ Ի՞նչը կարող է կարծրացնել մեր սիրտը։ Օրինակ՝ չափազանց մեծ հպարտությունը, մեղք գործելու սովորությունը և հավատի պակասը. բաներ, որոնք մեր մեջ առաջ են բերում ըմբոստ ոգի՝ չհնազանդվելու ցանկություն (Դան. 5։1, 20; Եբր. 3։13, 18, 19)։ Դա երևում է Հուդայի Օզիա թագավորի օրինակից։ Սկզբում նա «անում էր այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում», և «ձգտում էր փնտրել Աստծուն»։ Բայց երբ «հզորացավ, նրա սիրտը հպարտացավ», թեև նրան հզորացնողը Եհովան էր։ Նա նույնիսկ փորձեց տաճարում խունկ ծխել, ինչը բացառապես Ահարոնի տոհմի քահանաներին էր հանձնարարված։ Եվ երբ քահանաները փորձեցին կանգնեցնել Օզիային, նա զայրացավ։ Արդյո՞ւնքը։ Օզիան ստորացուցիչ վախճան ունեցավ. Եհովան նրան բորոտությամբ հարվածեց, և նա մինչև կյանքի վերջ բորոտ մնաց (կարդա 2 Տարեգրություն 26։3–5, 16–21; Առակ. 16։18

4, 5. Ի՞նչ կարող է պատահել, եթե չպաշտպանենք մեր սիրտը հպարտությունից։ Բեր օրինակ։

4 Եթե չպաշտպանենք մեր սիրտը հպարտությունից, մենք էլ գուցե սկսենք մտածել «մեր մասին ավելին, քան հարկ է մտածել», և անգամ մերժենք սուրբգրային խորհուրդը (Հռոմ. 12։3; Առակ. 29։1)։ Նկատի առնենք Ջիմ անունով երեցի օրինակը, որը ժողովի հետ կապված մի հարցում համաձայն չէր մյուս երեցների հետ։ Նա պատմում է. «Մեր հանդիպման ժամանակ եղբայրներին ասացի, որ նրանց մեջ սեր չկա, ու դուրս եկա»։ Մոտ վեց ամիս անց նա տեղափոխվեց հարևան ժողով, բայց այնտեղ երեցի նշանակում չստացավ։ Նա ասում է. «Ես կոտրված էի։ Շարունակ արդարացնում էի ինքս ինձ։ Ի վերջո թողեցի ճշմարտությունը»։ Ջիմը տասը տարի հոգևորապես ոչ ակտիվ վիճակում էր։ Նա ընդունում է. «Հպարտությունս վիրավորված էր։ Սկսեցի Եհովային մեղադրել տեղի ունեցածի համար։ Տարիներ շարունակ եղբայրները այցելում էին ինձ ու փորձում օգնել։ Բայց ես մերժում էի նրանց օգնությունը»։

5 Ջիմի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է հպարտությունը դրդել մեզ արդարացնելու մեր արարքը՝ մեզ դարձնելով կոշտ կավ (Երեմ. 17։9)։ «Ես չէի կարողանում անտեսել, երբ թվում էր, թե մյուսները սխալ են վարվում»,— բացատրում է Ջիմը։ Եղե՞լ է, որ վիրավորվես քո հավատակցից կամ վհատվես որևէ առանձնաշնորհումից զրկվելու պատճառով։ Ինչպե՞ս ես արձագանքել։ Հպարտությա՞նն ես տեղի տվել, թե՞ ձգտել ես խաղաղություն հաստատել եղբորդ հետ ու նվիրված մնալ Եհովային (կարդա Սաղմոս 119։165; Կողոսացիներ 3։13

6. Ի՞նչ կարող է պատահել, եթե շարունակ մեղք գործենք։

6 Երբ անհատը շարունակ մեղքեր է գործում և թաքցնում, նրա համար Աստվածաշնչի խորհուրդն ընդունելը կարող է դժվար դառնալ, իսկ մեղք գործելը՝ հեշտ։ Մի եղբայր ասում է, որ ժամանակի ընթացքում իր խիղճը այլևս չէր տանջում իր դրսևորած սխալ վարքի համար (Ժող. 8։11)։ Մի ուրիշ եղբայր, ով սովորություն ուներ պոռնկագրություն դիտելու, հետագայում ասաց. «Ես քննադատական ոգի էի դրսևորում երեցների հանդեպ»։ Նրա սովորությունը հոգևոր մեծ վնաս հասցրեց նրան։ Ի վերջո, ամեն ինչ բացահայտվեց, և նրան անհրաժեշտ օգնություն ցույց տրվեց։ Ինչ խոսք, բոլորս անկատար ենք։ Սակայն եթե Աստծուց ներում և օգնություն խնդրելու փոխարեն սկսում ենք քննադատական ոգի զարգացնել կամ արդարացնել մեր սխալ ընթացքը, դա նշան է, որ մեր սիրտը կարծրանում է։

7, 8. ա) Ինչպե՞ս էր հավատի պակասը կարծրացրել իսրայելացիների սիրտը։ բ) Ի՞նչ ենք սովորում իսրայելացիների օրինակից։

 7 Իսրայել ազգի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է հավատի պակասը կարծրացնել սիրտը։ Երբ Եհովան ազատեց նրանց Եգիպտոսից, շատ հրաշքներ արեց, որոշները՝ չափազանց տպավորիչ։ Սակայն երբ ժողովուրդը մոտեցավ Ավետյաց երկրին, հավատ չդրսևորեց Եհովայի հանդեպ։ Նրան ապավինելու փոխարեն՝ նրանք սկսեցին վախենալ ու տրտնջալ Մովսեսի դեմ։ Նույնիսկ ուզում էին հետ դառնալ Եգիպտոս, որտեղ ստրուկներ էին։ Դա Եհովային խորապես վիրավորեց։ Նա ասաց. «Մինչև ե՞րբ այս ժողովուրդը հարգանք չի ցույց տալու իմ հանդեպ» (Թվեր 14։1–4, 11; Սաղ. 78։40, 41)։ Նրանց անհավատության և կարծրասրտության պատճառով այդ սերունդը անապատում կործանվեց։

8 Մենք էլ այսօր որքան մոտենում ենք նոր աշխարհին, այնքան մեր հավատի փորձությունները շատանում են։ Ուստի ճիշտ կանենք, եթե ստուգենք մեր հավատի որակը։ Օրինակ՝ կարող ենք քննել, թե որքանով ենք հավատում Մատթեոս 6։33-ում գրված Հիսուսի խոսքերին։ Հարցրու ինքդ քեզ. «Իմ որոշումներն ու առաջնահերթությունները ցույց տալի՞ս են, որ իսկապես հավատում եմ այս խոսքերին։ Կհամաձայնվե՞մ ժողովի հանդիպումները կամ ծառայությունը բաց թողնել ավելի շատ փող աշխատելու համար։ Ի՞նչ կանեմ, եթե աշխատանքի վայրում պահանջեն, որ ավելի շատ աշխատեմ։ Թույլ կտա՞մ, որ աշխարհը ինձ սեղմելով մտցնի իր կաղապարի մեջ և հեռացնի ճշմարտությունից»։

9. Ինչո՞ւ պետք է շարունակ ստուգենք մեր հավատը և ինչպե՞ս կարող ենք դա անել։

9 Մտածիր նաև, թե ինչ է լինում հետևանքը, երբ Աստծու ծառան դժկամությամբ է հետևում Աստվածաշնչի սկզբունքներին, օրինակ, ընկերների, զվարճությունների և ընկերակցությունից զրկված անհատների հետ կապված հարցերում։ Ինքդ քեզ հարցրու. «Ես է՞լ եմ այդպես վարվում»։ Եթե նկատում ենք, որ մեր սիրտը սկսել է կարծրանալ, պետք է անհապաղ քննենք մեր հավատը։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մե՞ջ եք, շարունակ փորձեք ինքներդ ձեզ, որ իմանաք, թե ովքեր եք դուք» (2 Կորնթ. 13։5)։ Աստծու Խոսքի լույսի ներքո կանոնավոր և անկեղծ ինքնաքննությունը կուղղի մեր մտածելակերպը։

ՄԻՇՏ ԵՂԻՐ ՓԱՓՈՒԿ ԿԱՎ

10. Ի՞նչը կօգնի փափուկ կավ լինել Եհովայի ձեռքերում։

10 Աստված իր Խոսքի, ժողովի և քարոզչական ծառայության միջոցով օգնում է մեզ լինել փափուկ կավ։ Ինչպես որ ջուրն է փափկացնում կավը, այնպես էլ Աստվածաշունչն ամեն օր կարդալն ու խորհրդածելը կարող են օգնել, որ հնազանդ հումք լինենք Եհովայի ձեռքերում։ Նա Իսրայելի թագավորներից պահանջում էր, որ իրենց համար արտագրեին Օրենքը և ամեն օր կարդային (2 Օրենք 17։18, 19)։ Առաքյալները նույնպես գիտակցում էին, թե իրենց ծառայության համար որքան կարևոր էր Սուրբ Գիրքը կարդալը ու դրա շուրջ խորհելը։ Նրանք իրենց նամակներում ու թղթերում Եբրայերեն Գրություններից բազմաթիվ մեջբերումներ ու հղումներ էին անում և ուրիշներին էլ, ում քարոզում էին, հորդորում էին քննել սուրբ գրքերը (Գործ. 17։11)։ Մենք ևս գիտակցում ենք Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության և խորհրդածության կարևորությունը (1 Տիմոթ. 4։15)։ Դա օգնում է մեզ միշտ խոնարհ ու փափուկ լինել Եհովայի ձեռքերում։

Օգտվիր Աստծու տրամադրած միջոցներից, որ միշտ փափուկ կավ լինես նրա ձեռքերում (տես պարբերություն 10–13)

11, 12. Ինչպե՞ս է Եհովան ժողովի միջոցով ձևավորում մեզ մեր կարիքներին համապատասխան։ Բեր օրինակ։

11 Քրիստոնեական ժողովի միջոցով Եհովան ձևավորում է մեզ մեր անհատական կարիքներին համապատասխան։ Ջիմը, ում մասին խոսեցինք հոդվածի սկզբում, փոխեց իր վերաբերմունքը, երբ մի երեց սկսեց հետաքրքրվել իրենով։ «Նա ոչ մի անգամ ինձ չմեղադրեց ու չքննադատեց,— պատմում է Ջիմը։— Փոխարենը՝  դրական էր տրամադրված և անկեղծորեն ուզում էր օգնել ինձ»։ Երեք ամիս անց երեցը Ջիմին հրավիրեց ժողովի հանդիպման։ Ջիմը շարունակում է պատմել. «Ժողովը ջերմությամբ ընդունեց ինձ, ու նրանց սերը կարևոր դեր խաղաց իմ կյանքում։ Ես հասկացա, որ ամենակարևոր բանը իմ զգացմունքները չեն։ Եղբայրների և սիրելի կնոջս օգնությամբ, ում հավատը երբեք չսասանվեց, վերջապես հոգևորապես ամրացա։ Ինձ նաև զորացրին 1992 թ. նոյեմբերի 15-ի «Դիտարանից» «Եհովան մեղավոր չէ» և «Նվիրվածությամբ ծառայիր Եհովային» հոդվածները»։

12 Ժամանակի ընթացքում Ջիմը նորից երեց նշանակվեց։ Դրանից հետո նա ուրիշ եղբայրների օգնել է հոգևորապես ուժ գտնել և հաղթահարել նմանատիպ խնդիրներ։ Նա ասում է. «Ես կարծում էի, թե ամուր փոխհարաբերություններ ունեի Եհովայի հետ, սակայն իրականությունն այլ էր։ Ափսոսում եմ, որ թույլ եմ տվել՝ հպարտությունն այն աստիճան կուրացնի ինձ, որ տեսադաշտիցս կորցնեմ ամենակարևոր բաները և կենտրոնանամ ուրիշների թերացումների վրա» (1 Կորնթ. 10։12

13. Քարոզչական ծառայությունը ի՞նչ հատկություններ է օգնում զարգացնել, և ի՞նչ օգուտ է դա բերում։

13 Ինչպե՞ս է քարոզչական ծառայությունը ձևավորում մեզ։ Մարդկանց բարի լուրի մասին պատմելը օգնում է զարգացնել խոնարհություն և այլ հատկություններ՝ Աստծու սուրբ ոգու պտուղը (Գաղ. 5։22, 23)։ Մտածիր, թե դու ինչ լավ հատկություններ ես զարգացրել ծառայության ժամանակ։ Երբ քրիստոնեական հատկություններ ենք դրսևորում, մեր քարոզած լուրը ավելի հրապուրիչ է դառնում, և դա կարող է փոխել մեզ լսող մարդկանց բացասական վերաբերմունքը։ Օրինակ՝ Ավստրալիայում մեր քույրն ու եղբայրը հարգանքով լսեցին մի կնոջ, որը շատ կոպիտ էր խոսում իրենց հետ։ Սակայն հետագայում  այդ կինը ափսոսաց, որ լավ չի վարվել, և նամակ գրեց մասնաճյուղ։ Նա մասամբ հետևյալն էր ասում. «Այդ երկու մարդիկ շատ համբերատար էին ու խոնարհ։ Ուզում եմ ներողություն խնդրել իմ պահվածքի համար։ Ես չափազանց անհարգալից էի ու ինքնավստահ։ Սիրուն բան չարեցի։ Նրանք Աստծու Խոսքն էին ասում, իսկ ես նրանց կոպտությամբ ճանապարհ դրեցի»։ Այդ կինը կգրե՞ր այս նամակը, եթե մեր քույրն ու եղբայրը թեկուզ փոքր-ինչ համբերատար չլինեին։ Տեսնում ենք, որ մեր ծառայությունը օգուտ է բերում թե՛ մեզ, թե՛ մյուս մարդկանց։

ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻԴ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼԻՍ

14. Ի՞նչ պետք է անեն ծնողները, եթե ուզում են լավ արդյունքներ ունենալ երեխաներին դաստիարակելիս։

14 Երեխաները հիմնականում բնույթով խոնարհ են և հակված են սովորելու (Մատթ. 18։1–4)։ Հետևաբար ծնողները իմաստուն կլինեն, եթե իրենց երեխաների մտքում ու սրտում արմատավորեն ճշմարտությունը և նրանց մեջ սեր զարգացնեն դրա հանդեպ (2 Տիմոթ. 3։14, 15)։ Հաջողության հասնելու համար ծնողները, ինչ խոսք, առաջինը իրենց սրտում պետք է դաջեն ճշմարտությունը և ապրեն այդ ճշմարտության համաձայն։ Այդ դեպքում երեխաները ոչ միայն կլսեն ճշմարտությունը, այլև կսիրեն։ Բացի այդ, նրանք կհասկանան, որ ծնողական խրատը սիրո դրսևորում է և արտացոլում է Եհովայի սերը։

15, 16. Ինչպե՞ս կարող են ծնողները ցույց տալ, որ վստահում են Աստծուն, երբ իրենց երեխան զրկվում է ընկերակցությունից։

15 Որոշ երեխաներ, չնայած որ մեծացել են քրիստոնյա ընտանիքում, թողնում են ճշմարտությունը կամ զրկվում են ընկերակցությունից՝ մեծ ցավ պատճառելով իրենց ընտանիքին։ Մի քույր, որն ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ասում է. «Երբ եղբայրս ընկերակցությունից զրկվեց, ասես մահացավ։ Մեր սիրտը փշրվեց»։ Ինչպե՞ս նա և իր ծնողները վարվեցին։ Նրանք հետևեցին Աստվածաշնչի առաջնորդությանը (կարդա 1 Կորնթացիներ 5։11, 13)։ Ծնողներն ասում են. «Մենք վճռեցինք անել այն, ինչ Աստվածաշունչն է ասում։ Հասկանում էինք, որ եթե Աստծու կամքին համաձայն վարվենք, արդյունքը լավ կլինի։ Ընկերակցությունից զրկվելը Աստծու տված խրատն է, ու մենք վստահ ենք, որ Եհովան խրատում է սիրուց մղված և չափավոր։ Այդ պատճառով մեր տղայի հետ շփում էինք ունենում միայն ընտանիքին առնչվող հարցերում, երբ դա խիստ անհրաժեշտ էր»։

16 Իսկ ի՞նչ էր զգում նրանց որդին։ Հետագայում նա ասաց. «Գիտեի, որ իմ ընտանիքի անդամները ինձ չէին ատում, այլ հնազանդվում էին Եհովային ու նրա կազմակերպությանը»։ Նա ավելացնում է. «Երբ հասկանում ես, որ միայն Եհովան է, որ իսկապես կարող է օգնել ու ներել քեզ, տեսնում ես, թե որքան շատ ունես նրա կարիքը»։ Պատկերացրու, թե ինչ ուրախություն ապրեց այս երիտասարդի ընտանիքը, երբ նա վերականգնվեց։ Այո՛, երբ հետևում ենք Աստծու առաջնորդությանը մեր կյանքի բոլոր ոլորտներում, կարող ենք հաջողություն ունենալ (Առակ. 3։5, 6; 28։26

17. Ինչո՞ւ պետք է ողջ կյանքի ընթացքում հնազանդվենք Եհովային, և ի՞նչ կլինի դրա արդյունքը։

17 Եսայիա մարգարեն գրեց, որ Բաբելոնում գերեվարված հրեաները զղջալու էին իրենց մեղքերի համար և ասելու էին. «Ո՛վ Եհովա, դու մեր Հայրն ես։ Մենք կավ ենք, իսկ դու մեր Բրուտն ես, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք»։ Նրանք նաև աղաչելու էին. «Հավիտյան մի՛ հիշիր մեր հանցանքը։ Նայի՛ր, խնդրում ենք, մենք բոլորս քո ժողովուրդն ենք» (Ես. 64։8, 9)։ Եթե մենք էլ խոնարհաբար հնազանդվենք Եհովային մեր ողջ կյանքի ընթացքում, նրա համար կլինենք շատ թանկագին, ինչպես Դանիել մարգարեն էր։ Ավելին, Եհովան կշարունակի ձևավորել մեզ իր Խոսքի, ոգու և կազմակերպության միջոցով, որպեսզի ապագայում կանգնենք նրա առաջ որպես Աստծու կատարյալ զավակներ (Հռոմ. 8։21