Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2016

Գնահատենք Եհովային որպես մեր Բրուտի

Գնահատենք Եհովային որպես մեր Բրուտի

«Ո՛վ Եհովա.... դու մեր Բրուտն ես, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք» (ԵՍ. 64։8

ԵՐԳ 89, 26

1. Ինչո՞ւ է տեղին Եհովային կոչել Մեծն Բրուտ։

ԼՈՆԴՈՆՈՒՄ 2010 թ. նոյեմբերին աճուրդի էր հանվել 18-րդ դարի չինական կավե վազ, որի համար առաջարկվեց մոտավորապես 70 միլիոն դոլար։ Այո՛, ընդամենը չնչին արժեք ունեցող կավից բրուտը կարող է մի գեղեցիկ և թանկարժեք գլուխգործոց ստեղծել։ Սակայն ոչ մի բրուտ չի կարող համեմատվել Եհովայի՝ Մեծն Բրուտի հետ։ Վեցերորդ ստեղծագործական օրվա վերջում Աստված «հողի փոշուց»՝ կավից, ստեղծեց կատարյալ մարդ և օժտեց նրան իր՝ Արարչի հատկությունները դրսևորելու ունակությամբ (Ծննդ. 2։7)։ Հողից ստեղծված այդ կատարյալ մարդը՝ Ադամը, կոչվեց «[որդի] Աստծու» (Ղուկ. 3։38

2, 3. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել զղջացող իսրայելացիներին։

2 Ցավոք, Ադամը ըմբոստացավ իր Արարչի դեմ, և հայր ու որդի փոխհարաբերությունները խզվեցին։ Այնուամենայնիվ, դարերի ընթացքում Ադամի սերնդից մի «մեծ բազմություն» թիկունք է կանգնել Աստծու գերիշխանությանը (Եբր. 12։1)։ Խոնարհաբար ենթարկվելով իրենց Արարչին՝ նրանք ցույց են տվել, որ ուզում են՝ նա լինի իրենց Հայրն ու Բրուտը, ոչ թե Սատանան (Հովհ. 8։44)։ Աստծու հանդեպ նրանց նվիրվածությունը հիշեցնում է զղջացող իսրայելացիների խոսքերը. «Ո՛վ Եհովա, դու մեր Հայրն ես։ Մենք կավ ենք, իսկ դու մեր Բրուտն ես, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք» (Ես. 64։8

 3 Այսօր բոլոր նրանք, ովքեր Աստծուն երկրպագում են ոգով ու ճշմարտությամբ, ջանում են իսրայելացիների պես լինել խոնարհ ու հնազանդ։ Նրանք պատիվ են համարում Եհովային կոչել Հայր և հպատակվել նրան որպես իրենց Բրուտի։ Եհովայի ձեռքում փափո՞ւկ կավ ենք՝ պատրաստ ձևավորվելու և դառնալու նրա համար ցանկալի անոթ։ Իսկ մեր հոգևոր եղբայրներին ու քույրերին համարո՞ւմ ենք Աստծու ձեռքում ձևավորվող անոթներ։ Այս հարցերի հետ կապված եկեք տեսնենք, թե ինչպես է Եհովան ընտրում նրանց, ում ձևավորում է, ինչու է ձևավորում և ինչպես է անում դա։

ԵՀՈՎԱՆ ԸՆՏՐՈՒՄ Է, ԹԵ ՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԻ

4. Ինչպե՞ս է Եհովան ընտրում նրանց, ում ձգում է դեպի իրեն։ Բեր օրինակ։

4 Երբ Եհովան դիտում է մարդկանց, նա ուշադրություն չի դարձնում արտաքին տեսքին, այլ քննում է մարդու սիրտը՝ ներքին էությունը (կարդա 1 Սամուել 16։7բ)։ Սա ակնհայտ կերպով երևաց, երբ Աստված կազմավորեց քրիստոնեական ժողովը։ Նա դեպի իրեն ու իր Որդուն «ձգեց» այնպիսի անհատների, որոնք մարդկային տեսանկյունից անցանկալի էին (Հովհ. 6։44)։ Այդպիսի անհատ էր Սողոս անունով մի փարիսեցի. նա «հայհոյող, հալածող ու անպատկառ մարդ» էր (1 Տիմոթ. 1։13)։ Սակայն «սրտեր քննողը» Սողոսին չհամարեց անպիտան կավ (Առակ. 17։3)։ Աստված տեսավ, որ նրանից կարելի է ձևավորել ցանկալի անոթ՝ «ընտրյալ անոթ», որը վկայություն կտա «մյուս ազգերին, ինչպես նաև թագավորներին ու Իսրայելի որդիներին» (Գործ. 9։15)։ Աստված ընտրեց նաև այնպիսի մարդկանց, ովքեր հարբեցող էին, անբարոյական, գող, սակայն Աստծու տեսանկյունից կարող էին դառնալ «պատվավոր գործածության համար» անոթներ (Հռոմ. 9։21; 1 Կորնթ. 6։9–11)։ Աստծու Խոսքից ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելով և հավատ դրսևորելով՝ նրանք թույլ տվեցին, որ Եհովան ձևավորի իրենց։

5, 6. Վստահելով Եհովային որպես մեր Բրուտի՝ ինչպե՞ս կարող ենք ճիշտ տեսակետ ունենալ ա) մեր տարածքում ապրող մարդկանց վերաբերյալ, բ) մեր եղբայրների ու քույրերի վերաբերյալ։

5 Ինչպե՞ս կարող են այս մտքերը օգնել մեզ։ Վստահ լինելով, որ Եհովան գիտի մարդկանց սրտերը և դեպի իրեն է ձգում նրանց, ում ինքն է ընտրում՝ մենք կխուսափենք ուրիշներին քննադատելուց՝ թե՛ մեր տարածքում ապրողներին, թե՛ ժողովի անդամներին։ Նկատի առնենք Մայքլի օրինակը։ Նա ասում է. «Երբ Եհովայի վկաները գալիս էին մեր տուն, ես արհամարհանքով դուռը փակում էի նրանց երեսին։ Շատ կոպիտ էի վերաբերվում նրանց։ Հետագայում ծանոթացա մի ընտանիքի հետ և շատ տպավորվեցի նրանց լավ վարքից։ Բայց մի օր իմացա, որ նրանք Եհովայի վկաներ են։ Ես ցնցված էի։ Նրանց լավ վարքը մղեց ինձ մտածելու, թե որն է իմ ունեցած կանխակալ կարծիքի պատճառը։ Հասկացա, որ նրանց մասին քիչ տեղեկություններ ունեի, իսկ ինչ էլ որ գիտեի, հիմնված էր տարածված լուրերի վրա»։ Ցանկանալով ավելին իմանալ՝ Մայքլը համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հետագայում մկրտվեց և սկսեց ծառայել լիաժամ։

6 Ընդունելով Եհովային որպես մեր Բրուտ՝ կարող ենք ճիշտ տեսակետ ունենալ նաև մեր հավատակիցների վերաբերյալ։ Դիտո՞ւմ ես քո եղբայրներին ու քույրերին որպես Եհովայի ձեռքում ձևավորվող կավ։ Աստված տեսնում է մարդու ներքին էությունը, ինչպես նաև այն, թե ինչպիսի մարդ կարող է տվյալ անհատը դառնալ իր հմուտ ձեռքերում։ Ուստի նա դրական տեսակետ ունի մարդկանց նկատմամբ և չի կենտրոնանում ժամանակավոր անկատարության վրա (Սաղ. 130։3)։ Մենք կարող ենք ընդօրինակել նրան՝ ունենալով դրական մտածելակերպ մեր հավատակիցների վերաբերյալ։ Ավելին, կարող ենք համագործակցել մեր Բրուտի հետ, եթե աջակցենք մեր եղբայրներին ու քույրերին, երբ տեսնում ենք, որ նրանք ջանում են հոգևորապես  առաջադիմել (1 Թեսաղ. 5։14, 15)։ Որպես «մարդկանց տեսքով պարգևներ»՝ երեցները պետք է առաջնորդություն վերցնեն այս հարցում (Եփես. 4։8, 11–13

ԻՆՉՈՒ Է ԵՀՈՎԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՄԵԶ

7. Ինչո՞ւ ես գնահատում Եհովայի տված խրատը։

7 Գուցե լսել ես այսպիսի խոսքեր. «Ծնողներիս տված խրատը չգնահատեցի, մինչև ինքս ծնող չդարձա»։ Երբ կյանքի փորձ ենք ձեռք բերում, մեր վերաբերմունքը փոխվում է խրատի վերաբերյալ, և սկսում ենք Եհովայի տեսանկյունից նայել դրան՝ որպես սիրո դրսևորում (կարդա Եբրայեցիներ 12։5, 6, 11)։ Մեր հանդեպ սիրուց մղված՝ Եհովան համբերությամբ ձևավորում է մեզ։ Նա ուզում է, որ իր զավակները լինեն իմաստուն ու երջանիկ և սիրեն իրեն (Առակ. 23։15)։ Նա չի ուզում, որ մենք տառապենք մեր անմիտ որոշումների պատճառով և որպես «բարկության զավակներ» մահ ճաշակենք, ինչը ժառանգել ենք Ադամից (Եփես. 2։2, 3

8, 9. Ինչպե՞ս է Եհովան կրթում մեզ այսօր և ինչպե՞ս է շարունակելու կրթել ապագայում։

8 Լինելով «բարկության զավակներ»՝ մենք նախկինում դրսևորել ենք Աստծուն տհաճ հատկություններ, երբեմն նույնիսկ գազանային հատկություններ։ Սակայն շնորհիվ այն բանի, որ Եհովան ձևավորել է մեզ, մենք փոխվել ենք ու սկսել նմանվել «գառների» (Ես. 11։6–8; Կող. 3։9, 10)։ Այժմ հոգևոր դրախտում ենք, որտեղ Եհովան ձևավորում է մեզ։ Այստեղ մենք մեզ հանգիստ և ապահով ենք զգում, չնայած որ ապրում ենք չար աշխարհում։ Իսկ նրանք, ովքեր իրենց ընտանիքում սեր չեն տեսել, հոգևոր դրախտում վայելում են իրենց հավատակիցների սերն ու ջերմությունը (Հովհ. 13։35)։ Մենք սովորում ենք նաև սեր դրսևորել ուրիշների հանդեպ։ Ավելին, ճանաչում ենք Եհովային ու զգում նրա հայրական սերը (Հակ. 4։8

9 Նոր աշխարհում մենք ամբողջությամբ կվայելենք հոգևոր դրախտի բոլոր օրհնությունները։ Այդ ժամանակ կլինի ոչ միայն հոգևոր դրախտը, այլ նաև բառացի դրախտը Աստծու Թագավորության ներքո։ Վերականգնման ժամանակ, որը կընդգրկի ողջ մոլորակը, Եհովան կշարունակի ձևավորել երկրագնդի բնակիչներին՝ այնպիսի կրթություն տալով, որ այսօր մենք դժվար պատկերացնենք (Ես. 11։9)։ Բացի այդ, Աստված մեր միտքն ու մարմինը կատարյալ կդարձնի, ինչի շնորհիվ կկարողանանք հեշտությամբ յուրացնել նրա տված կրթությունը և լիովին կատարել նրա կամքը։ Ուստի եկեք շարունակենք թույլ տալ Եհովային ձևավորել մեզ և ցույց տանք, որ գնահատում ենք նրա սիրո այս դրսևորումը (Առակ. 3։11, 12

ԻՆՉՊԵՍ Է ԵՀՈՎԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՄԵԶ

10. Ինչպե՞ս Հիսուսը արտացոլեց Մեծն Բրուտի համբերությունն ու հմտությունը։

10 Հմուտ բրուտի նման՝ Եհովան գիտի, թե ինչ տեսակի ու որակի կավի հետ ինչպես աշխատի (կարդա Սաղմոս 103։10–14)։ Նա հաշվի է առնում մեր անհատականությունը, թերությունները, սահմանափակ կարողությունները և հոգևոր աճը։ Անկատար մարդկանց նկատմամբ նրա վերաբերմունքը երևաց իր Որդու վարվելակերպում։ Նկատի առնենք՝ ինչպես էր Հիսուսը վերաբերվում իր առաքյալների թերություններին, հատկապես երբ նրանք վիճում էին, թե ով է իրենցից մեծը։ Եթե ականատես լինեիր առաքյալների բուռն վիճաբանությանը, կմտածեի՞ր, թե նրանք հեզ են ու զիջող։ Հիսուսը նրանց անպիտան ու անորակ կավ չհամարեց։ Նա գիտեր, որ իր հավատարիմ առաքյալները կարող էին փոխվել՝ խոնարհության իր օրինակը տեսնելով և բարությամբ ու համբերությամբ տրված խորհուրդը ընդունելով (Մարկ. 9։33–37; 10։37, 41–45; Ղուկ. 22։24–27)։ Առաքյալները Հիսուսի հարությունից և սուրբ ոգին ստանալուց հետո այլևս չէին ձգտում բարձր դիրք ունենալ, փոխարենը՝ կենտրոնացան Հիսուսի հանձնարարած գործը կատարելու վրա (Գործ. 5։42

11. Ինչպե՞ս Դավիթը ցույց տվեց, որ փափուկ կավ է, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

 11 Այսօր Եհովան ձևավորում է իր ծառաներին գլխավորաբար իր Խոսքի, սուրբ ոգու և ժողովի միջոցով։ Աստծու Խոսքը ձևավորում է մեզ, երբ նպատակաուղղված կարդում ենք այն, խորհրդածում դրա շուրջ և խնդրում Եհովային, որ օգնի մեզ կիրառել մեր սովորածը։ Դավիթը գրեց. «Երբ հիշում եմ քեզ իմ անկողնում, գիշերվա պահերին քո մասին եմ խորհում» (Սաղ. 63։6)։ Նա նաև գրեց. «Ես կօրհնեմ Եհովային, որն ինձ խորհուրդ է տալիս։ Նույնիսկ գիշերները իմ խորին զգացմունքները կրթում են ինձ» (Սաղ. 16։7)։ Դավիթը թույլ էր տալիս, որ Աստծու խորհուրդը թափանցեր իր ներսը, ձևավորեր իր մտածելակերպն ու զգացմունքները, անգամ եթե տրված խորհուրդը խիստ էր (2 Սամ. 12։1–13)։ Խոնարհության ու հնազանդության ի՜նչ հիանալի օրինակ։ Իսկ դու խորհո՞ւմ ես Աստծու Խոսքի շուրջ։ Թույլ տալի՞ս ես, որ այն թափանցի քո ներսը։ Այս հարցում բարելավումներ անելու կարիք ունե՞ս (Սաղ. 1։2, 3

12, 13. Ինչպե՞ս է Եհովան ձևավորում մեզ սուրբ ոգու և ժողովի միջոցով։

12 Սուրբ ոգին կարող է ձևավորել մեզ տարբեր ձևերով։ Օրինակ՝ այն կարող է օգնել մեզ զարգացնելու քրիստոնեական հատկություններ, որոնք սուրբ ոգու պտղի բաղկացուցիչ մասն են (Գաղ. 5։22, 23)։ Այս պտղի հատկություններից մեկը սերն է։ Քանի որ սիրում ենք Աստծուն, մեզ համար նրա պատվերները ծանրաբեռնող չեն. մենք հնազանդվում ենք նրան և ուզում ենք, որ նա ձևավորի մեզ։ Սուրբ ոգին կարող է նաև ուժ տալ, որ թույլ չտանք՝ այս աշխարհը ու նրա վատ ոգին ձևավորեն մեզ (Եփես. 2։2)։ Պողոս առաքյալը, որի վրա երիտասարդ տարիքում մեծ ազդեցություն էր թողել հրեա կրոնական առաջնորդների հպարտ ոգին, հետագայում գրեց. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպ. 4։13)։ Եկեք Պողոսի նման շարունակենք խնդրել սուրբ ոգին։ Եհովան չի անտեսի հեզ մարդու անկեղծ խնդրանքը (Սաղ. 10։17

Եհովան երեցների միջոցով ձևավորում է մեզ. սակայն թե ինչպիսի կավ կլինենք նրա ձեռքերում, կախված է մեր արձագանքից (տես պարբերություն 12, 13)

13 Եհովան ձևավորում է մեզ նաև ժողովի և վերակացուների միջոցով։ Օրինակ՝  երբ երեցները նկատում են, որ հոգևոր բնույթի խնդիր ունենք, նրանք ջանում են օգնել մեզ, բայց ո՛չ մարդկային իմաստությունը գործի դնելով (Գաղ. 6։1)։ Նրանք խոնարհաբար Աստծուց հասկացողություն ու իմաստություն են խնդրում։ Իրենց աղոթքին համաձայն վարվելով՝ փնտրտուքներ են անում Աստծու Խոսքում և մեր գրականության մեջ։ Այդպես նրանք կարողանում են մեր խնդրի հետ կապված համապատասխան օգնություն տալ մեզ։ Կընդունե՞ս, օրինակ, քո հագուստի ոճի վերաբերյալ բարությամբ ու սիրով նրանց տված խորհուրդը որպես Աստծու սիրո դրսևորում։ Քո արձագանքը ցույց կտա, թե արդյոք փափուկ կավ ես Եհովայի ձեռքում՝ պատրաստ ձևավորվելու քո իսկ օգտի համար։

14. Իշխանություն ունենալով հանդերձ՝ ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս, որ հարգում է մեր ազատ կամքը։

14 Հասկանալով, թե Աստված ինչպես է մեզ ձևավորում՝ կկարողանանք լավ փոխհարաբերություններ ունենալ մեր հավատակիցների հետ և ճիշտ վերաբերմունք՝ մեր տարածքում ապրող մարդկանց հանդեպ, այդ թվում Աստվածաշունչ ուսումնասիրողների։ Աստվածաշնչյան ժամանակներում բրուտը չէր փորում հանում կավը ու անմիջապես սկսում իր ուզածը սարքել։ Նախ նա մաքրում էր կավը՝ հեռացնելով քարերը և ավելորդ բաները։ Նույն ձևով էլ Աստված օգնում է այն մարդկանց, ովքեր ուզում են, որ նա իրենց ձևավորի։ Սակայն նա չի բռնանում նրանց կամքի վրա, փոխարենը՝ սովորեցնում է իր արդար չափանիշները, որպեսզի նրանք հոժար կամքով «մաքրեն» իրենց կյանքը և անհրաժեշտ փոփոխություններն անեն։

15, 16. Ինչպե՞ս են Աստվածաշունչ ուսումնասիրողները ցույց տալիս, որ ուզում են՝ Եհովան ձևավորի իրենց։ Բեր օրինակ։

15 Քննենք Ավստրալիայում բնակվող մեր քրոջ՝ Տեսիի օրինակը։ «Տեսին հեշտությամբ էր ըմբռնում Աստվածաշնչի ճշմարտությունը,— պատմում է նրա հետ ուսումնասիրող քույրը։— Սակայն հոգևորապես չէր առաջադիմում, նույնիսկ ժողովի հանդիպումներին չէր հաճախում։ Աղոթելուց և մտածելուց հետո որոշեցի դադարեցնել ուսումնասիրությունը։ Այդ ժամանակ անսպասելի բան տեղի ունեցավ։ Իմ ծրագրած վերջին ուսումնասիրության ժամանակ Տեսին անկեղծացավ ինձ հետ։ Նա ասաց, որ իրեն կեղծավորի պես է զգում, քանի որ այս ողջ ընթացքում մոլեխաղերով է տարված եղել, բայց այժմ որոշել է թողնել այդ սովորությունը»։

16 Դրանից կարճ ժամանակ անց Տեսին սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին և քրիստոնեական հատկություններ դրսևորել, նույնիսկ երբ ընկերուհիները ծաղրում էին նրան։ Քույրը պատմում է. «Որոշ ժամանակ անց Տեսին մկրտվեց, իսկ հետագայում սկսեց ծառայել ռահվիրա, չնայած որ փոքր երեխաներ ուներ»։ Այո՛, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողները փոխում են իրենց կյանքը Աստծուն հաճեցնելու համար, նա մտերմանում է նրանց հետ և նրանց կերտում ու դարձնում է արժեքավոր անոթներ։

17. ա) Ինչո՞ւ ես գնահատում Եհովային՝ Մեծն Բրուտին։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

17 Մեր օրերում էլ շատ բրուտներ ձեռքով են պատրաստում որոշ կավե իրեր։ Ողջ աշխատանքի ընթացքում բրուտի ձեռքերը անմիջական շփման մեջ են լինում կավի հետ։ Նույն ձևով էլ մեր Մեծն Բրուտը անհատական ուշադրություն է ցույց տալիս յուրաքանչյուրիս հանդեպ և համբերությամբ ձևավորում է մեզ՝ տալով խորհուրդներ և հետևելով, թե ինչպես կարձագանքենք դրանց (կարդա Սաղմոս 32։8)։ Տեսնո՞ւմ ես, որ Եհովան հետաքրքրված է քեզանով։ Զգո՞ւմ ես, որ նրա հոգատար ձեռքի տակ հնազանդ կավ ես։ Եթե այո, ապա ուրիշ ի՞նչ հատկություններ կօգնեն քեզ լինելու փափուկ կավ նրա ձեռքերում։ Ո՞ր հատկություններից պետք է խուսափես, որ «չկոշտանաս»։ Եվ ինչպե՞ս կարող են ծնողները համագործակցել Եհովայի հետ իրենց երեխաներին դաստիարակելիս։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն այս հարցերը։