Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒԼԻՍ 2016

«Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»

«Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ ուշ գիշեր է, և դու քայլում ես փողոցով։ Հանկարծ զգում ես, որ ինչ-որ մեկը հետևում է քեզ։ Երբ կանգ ես առնում, քո հետևից լսվող ոտնաձայներն էլ են կանգ առնում։ Երբ արագացնում ես քայլերդ, դրանք էլ են արագանում։ Սկսում ես վազել դեպի ընկերոջդ տուն, որը մոտակայքում է գտնվում։ Երբ ընկերդ բացում է դուռը և ներս հրավիրում, հանգստացած շունչ ես քաշում։

Գուցե հենց այսպիսի իրավիճակում չես հայտնվել, բայց կան բաներ, որ կարող են անհանգստացնել կամ վախեցնել քեզ։ Օրինակ՝ պայքարո՞ւմ ես որևէ թուլության դեմ, սակայն միևնույն ժամանակ շարունակում ես նույն սխալն անել։ Եղե՞լ է այնպես, որ չնայած աշխատանք գտնելու քո ջանքերին՝ երկար ժամանակ առանց աշխատանքի ես մնացել։ Մտահոգվո՞ւմ ես, որ ծերանում ես և ժամանակի ընթացքում առողջական խնդիրներ կունենաս։ Կամ գուցե ուրիշ որևէ բան է քեզ անհանգստացնում։

Ինչպիսի խնդիր էլ որ ունենաս, չէի՞ր ուզի, որ քո կողքին լիներ մեկը, ում հետ կխոսեիր քո մտահոգությունների մասին, և ով կկարողանար օգնել քեզ, երբ դրա կարիքն ունենայիր։ Ունե՞ս այդպիսի մտերիմ ընկեր։ Անշուշտ, ունես։ Եհովան է քո ընկերը, ով նաև Աբրահամ նահապետի ընկերն էր, ինչի մասին նշվում է Եսայիա 41։8–13-ում։ 10-րդ և 13-րդ համարներում Եհովան իր ծառաներից յուրաքանչյուրին ասում է. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ, արդար աջովս ամուր կբռնեմ քեզ։ Որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»»։

«ԱՄՈՒՐ ԿԲՌՆԵՄ ՔԵԶ»

Արդյո՞ք այս խոսքերը մխիթարական չեն։ Փորձիր քեզ պատկերացնել «Եսայիա» գրքում նկարագրված իրավիճակում։ Այստեղ չի ասվում, թե դու և Եհովան քայլում եք ձեռք ձեռքի բռնած, թեև դրա մասին մտածելն իսկ քաջալերական է։ Այդ դեպքում Եհովան իր աջ ձեռքով բռնած կլիներ քո ձախ ձեռքը։ Սակայն նա մեկնում է իր «արդար աջը» և բռնում է «քո աջ ձեռքից»՝ ասես դուրս հանելով քեզ կյանքի հորձանուտից։ Նա քաջալերում է քեզ՝ վստահեցնելով. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։

Այո՛, Եհովան սիրող Հայր է ու Ընկեր, ով օգնության կհասնի, երբ նեղության մեջ լինես։ Նա հետաքրքրված է քեզնով, մտածում է քո բարօրության մասին և պատրաստ է օգնելու քեզ։ Եհովան ուզում է, որ դժվար իրավիճակում քեզ ապահով զգաս, քանի որ սիրում է քեզ։ Նա «իսկույն հասնող օգնություն» է նեղությունների մեջ (Սաղ. 46։1

ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ԱՆՑՅԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ոմանք տանջվում են անցյալում արածների պատճառով և կասկածում են, որ Աստված ներել  է իրենց։ Եթե քեզ էլ հանգիստ չի տալիս մեղավորության զգացումը, մտածիր հավատարիմ Հոբի մասին, որը գիտակցում էր, որ երիտասարդ տարիքում մեղքեր է գործել (Հոբ 13։26)։ Սաղմոսերգու Դավիթը նույնպես մեղավորության զգացումներ ուներ, ուստի աղաչեց Եհովային. «Երիտասարդությանս մեղքերն ու հանցանքները մի՛ հիշիր» (Սաղ. 25։7)։ Լինելով անկատար՝ բոլորս էլ «մեղք ենք գործել ու չենք հասել Աստծու փառքին» (Հռոմ. 3։23

Եսայիա 41-րդ գլխի խոսքերը ուղղված են եղել Աստծու վաղեմի ժողովրդին։ Նրանք այնքան շատ մեղքեր էին գործել, որ Եհովան որոշեց նրանց դեմ դատաստան անել՝ գերեվարելով Բաբելոն (Ես. 39։6, 7)։ Չնայած դրան՝ Եհովան մտածում էր այն ժամանակի մասին, երբ ազատելու էր նրանց, ովքեր կզղջային ու հետ կդառնային դեպի իրեն (Ես. 41։8, 9; 49։8)։ Եհովան այսօր էլ նույն մեծահոգությունն է դրսևորում նրանց հանդեպ, ովքեր ուզում են ունենալ իր հավանությունը (Սաղ. 51։1

Նկատի առնենք Տակույայի * օրինակը, որը ջանում էր հաղթահարել պոռնկագրություն նայելու և ձեռնաշարժության անմաքուր սովորությունը։ Ժամանակ առ ժամանակ նա սայթաքում էր։ Տակույան ասում է. «Ինձ անարժեք էի զգում, բայց երբ աղերսելով աղոթում էի Եհովային ներում ստանալու համար, նա բարձրացնում էր ինձ ընկած վիճակից»։ Ինչպե՞ս էր Եհովան դա անում։ Տակույայի ժողովի երեցները առաջարկեցին, որ եթե հանկարծ նորից սայթաքի, զանգահարի իրենց։ Տակույան ասում է. «Հեշտ չէր նրանց զանգահարելը, բայց երբ այդպես էի վարվում, իմ մեջ պայքարելու ուժ էի գտնում»։ Հետո երեցները խնդրեցին, որ շրջանային վերակացուն հովվական այցելություն անի նրան։ Շրջանային վերակացուն ասաց Տակույային. «Պատահական չէ, որ ես այստեղ եմ։ Եկել եմ, քանի որ երեցները այդպես ուզեցին։ Նրանք ուզում էին, որ հենց քեզ այցելեմ»։ Տակույան հիշում է. «Թեև ես Եհովայի դեմ մեղք էի գործում, սակայն նա երեցների միջոցով օգնության ձեռք մեկնեց ինձ»։ Նա հաղթահարեց իր վատ սովորությունը, դարձավ ռահվիրա և այժմ ծառայում է մասնաճյուղերից մեկում։ Աստված քեզ էլ կբարձրացնի ընկած վիճակից, ինչպես որ վարվեց այս եղբոր հետ։

ԱՊՐՈՒՍՏ ՎԱՍՏԱԿԵԼՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Գործազուրկ լինելը շատերի համար է անհանգստանալու պատճառ։ Շատերը կորցնում են իրենց աշխատանքը և դժվարությամբ են գտնում ապրուստի այլ միջոց։ Դու ի՞նչ կզգայիր, եթե աշխատանքի համար դիմելիս անընդհատ մերժում ստանայիր։ Նման իրավիճակում ոմանք կորցնում են ինքնահարգանքը։ Ինչպե՞ս Եհովան կարող է օգնել քեզ։ Նա գուցե անմիջապես չօգնի իդեալական աշխատանք գտնել, բայց կարող է օգնել՝ հիշեցնելով Դավիթ թագավորի խոսքերը. «Ես երիտասարդ էի և հիմա ծերացել եմ, բայց դեռ չեմ տեսել արդարին լքված, ոչ էլ նրա սերունդներին՝ հաց մուրալիս» (Սաղ. 37։25)։ Դու Եհովայի համար թանկ ես և նա իր «արդար աջով» կօգնի քեզ ձեռք բերել այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրան շարունակ ծառայելու համար։

Ինչպե՞ս Եհովան կարող է օգնել քեզ, եթե կորցնես աշխատանքդ

Սառան, որն ապրում է Կոլումբիայում, անձամբ զգացել է Եհովայի փրկարար ձեռքը։ Նա ուներ լարված, բայց լավ վարձատրվող աշխատանք մի հայտնի ընկերությունում։ Սակայն նա ուզում էր  ավելին անել Եհովայի համար, ուստի դուրս եկավ աշխատանքից և սկսեց ռահվիրա ծառայել։ Կես դրույքով աշխատանք գտնելը հեշտ չէր։ Սառան պաղպաղակի կրպակ բացեց, բայց որոշ ժամանակ անց գումարը սպառվեց, և նա ստիպված փակեց այն։ Սառան ասում է. «Կրպակը փակելուց հետո երեք տարի անցավ, բայց Եհովայի օգնությամբ կարողացա ապրել»։ Նա սովորեց տարբերել ցանկությունները անհրաժեշտություններից և չմտահոգվել հաջորդ օրվա համար (Մատթ. 6։33, 34)։ Ի վերջո նրա նախկին գործատերը զանգեց ու առաջարկեց այն նույն աշխատանքը, որ Սառան ուներ նախկինում։ Նա համաձայնվեց, սակայն այն պայմանով, որ կաշխատի կես դրույքով և թույլ կտրվի իրեն մասնակցել հոգևոր միջոցառումներին։ Չնայած նա այժմ չի վաստակում այնքան գումար, որքան առաջ, սակայն կարողանում է ռահվիրա ծառայել։ Սառան ասում է, որ այդ ամբողջ ընթացքում զգացել է Եհովայի հոգատար ձեռքը։

ԾԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատերը ծերանալու պատճառով մտահոգվում են։ Նրանք մեծանալու հետ մեկտեղ սկսում են անհանգստանալ, թե ծերության տարիներին ապրելու համար կունենան բավականաչափ գումար։ Նրանք նաև մտահոգվում են, թե ինչ առողջական խնդիրներ կունենան։ Հավանաբար Դավիթն էր, որ աղերսեց Եհովային. «Ծերության ժամանակ ինձ դեն մի՛ նետիր, ուժս պակասելիս ինձ մի՛ լքիր» (Սաղ. 71։9, 18

Ինչպե՞ս կարող են Եհովայի ծառաները չմտահոգվել ծերության ժամանակ։ Նրանք պետք է շարունակեն հավատ զարգացնել Աստծու հանդեպ՝ վստահ լինելով, որ նա կտա իրենց այն ամենը, ինչի կարիքը ունենան։ Իհարկե եթե մինչ այդ նրանք վայելել են ճոխ կյանք, գուցե կարիք լինի՝ պարզեցնեն իրենց կյանքը և բավարարվեն ավելի քիչ նյութական միջոցներով։ Եվ գուցե նրանք տեսնեն, որ «բանջարեղենով կերակուրը» ավելի հաճելի է, քան «պարարտ ցուլը» և նույնիսկ թերևս ավելի առողջարար (Առակ. 15։17)։ Եթե դու կենտրոնանում ես Եհովային հաճեցնելու վրա, նա հոգ կտանի քո մասին նաև ծերության ժամանակ։

Հոսեն և Ռոուզը Թոնիի և Ուենդիի հետ

Նկատի առնենք Հոսեի և Ռոուզի օրինակը, ովքեր ավելի քան 65 տարի լիաժամ ծառայում են Եհովային։ Տարիներ շարունակ նրանք պետք է հոգ տանեին Ռոուզի հոր մասին, որը շուրջօրյա խնամքի կարիք ուներ։ Հոսեն ինքն էլ հիվանդ էր եղել քաղցկեղով, վիրահատվել էր և քիմիաբուժություն ստացել։ Արդյո՞ք Եհովան մեկնել է իր աջ ձեռքը այս հավատարիմ զույգին։ Այո՛, բայց ինչպե՞ս է նա դա արել։ Թոնիի և Ուենդիի միջոցով, որոնք նույն ժողովից էին և բնակարան էին տրամադրել նրանց։ Թոնին ու Ուենդին նպատակադրել էին այն անվճար տալ ռահվիրաների։ Տարիներ առաջ, երբ Թոնին սովորում էր դպրոցում, պատուհանից տեսնում էր, թե ինչպես էին Հոսեն ու Ռոուզը կանոնավոր գնում ծառայության։ Նա սիրում էր այս զույգին նրանց նախանձախնդրության համար, ինչը մեծ ազդեցություն էր թողել նրա վրա։ Տեսնելով, որ այս տարեց ամուսինները իրենց ողջ կյանքը նվիրել են Եհովային ծառայելուն՝ Թոնին և Ուենդին որոշեցին հոգ տանել նրանց։ Արդեն 15 տարի է, ինչ նրանք օգնում են Հոսեին և Ռոուզին, որոնք այժմ 80-ն անց են։ Այս տարեց զույգը նրանց օգնությունը համարում է Եհովայից նվեր։

Աստված իր «արդար աջը» քեզ էլ է մեկնում։ Իսկ դու կմեկնե՞ս ձեռքդ նրան, ով խոստանում է քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։

^ պարբ. 11 Որոշ անուններ փոխված են։