Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒԼԻՍ 2016

Հռչակենք Աստծու անզուգական բարության բարի լուրը

Հռչակենք Աստծու անզուգական բարության բարի լուրը

«Հիմնովին վկայություն տանք Աստծու անզուգական բարության բարի լուրի մասին» (ԳՈՐԾ. 20։24)։

ԵՐԳ 101, 84

1, 2. Ինչպե՞ս Պողոս առաքյալը ցույց տվեց, որ գնահատում է Աստծու անզուգական բարությունը։

ՊՈՂՈՍ առաքյալը ասաց. «[Աստծու] անզուգական բարությունը, որ ցուցաբերվեց իմ հանդեպ, ապարդյուն չեղավ» (կարդա 1 Կորնթացիներ 15։9, 10)։ Նա շատ լավ հասկանում էր, որ ինքը ո՛չ վաստակել է, ո՛չ էլ արժանացել Աստծու մեծ ողորմությանը, քանի որ նախկինում հալածել էր քրիստոնյաներին։

2 Կյանքի վերջում Պողոսը գրեց իր համագործակցին՝ Տիմոթեոսին. «Երախտապարտ եմ Քրիստոս Հիսուսին՝ մեր Տիրոջը, որը զորություն տվեց ինձ և ինձ հավատարիմ համարեց՝ ծառայության նշանակելով» (1 Տիմոթ. 1։12–14)։ Ի՞նչ ծառայության մասին էր նա խոսում։ Պատասխանը կարող ենք գտնել Եփեսոսի ժողովի երեցներին ուղղված Պողոսի նամակում, որտեղ նա գրեց. «Ես իմ հոգին կարևոր չեմ համարում, ասես թե թանկ է ինձ համար, միայն թե կարողանամ ավարտել իմ ընթացքը և այն ծառայությունը, որ ստացա Տեր Հիսուսից, որպեսզի հիմնովին վկայություն տամ Աստծու անզուգական բարության բարի լուրի մասին» (Գործ. 20։24

3. Ի՞նչ յուրահատուկ հանձնարարություն էր տրվել Պողոսին (տես հոդվածի սկզբի նկարը)։

 3 Ի՞նչ «բարի լուր» էր քարոզում Պողոսը, և ինչպե՞ս էր այն ընդգծում Եհովայի անզուգական բարությունը։ Նա Եփեսոսի քրիստոնյաներին գրեց. «Անշուշտ, լսել եք Աստծու անզուգական բարության տնտեսության մասին, որը տրված է ինձ ձեզ համար» (Եփես. 3։1, 2)։ Պողոսը հանձնարարություն էր ստացել բարի լուրը հայտնել այլազգի մարդկանց, որ նրանք էլ կարողանային լինել նրանց թվում, ովքեր Քրիստոսի հետ կթագավորեն Մեսիական Թագավորությունում (կարդա Եփեսացիներ 3։5–8)։ Եռանդորեն կատարելով իր ծառայությունը՝ Պողոսը հրաշալի օրինակ թողեց այսօրվա քրիստոնյաների համար և ցույց տվեց, որ Աստծու անզուգական բարությունը, որ դրսևորվեց իր հանդեպ, «ապարդյուն չէր»։

ԱՍՏԾՈՒ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՂՈ՞ՒՄ Է ՔԵԶ ՔԱՐՈԶԵԼ

4, 5. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ «Թագավորության բարի լուրը» և «Աստծու անզուգական բարության բարի լուրը» նույնն են։

4 Այս վերջին ժամանակներում Եհովայի ժողովուրդը հանձնարարություն է ստացել քարոզելու «Թագավորության այս բարի լուրը.... բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24։14)։ «Թագավորության բարի լուրը» նաև «Աստծու անզուգական բարության բարի լուրն» է, քանի որ այն բոլոր օրհնությունները, որ հույս ունենք ստանալու Թագավորության իշխանության ներքո, ունենալու ենք Եհովայի բարության շնորհիվ Քրիստոսի միջոցով (Եփես. 1։3)։ Իսկ դու դրսևորո՞ւմ ես երախտագիտությունդ Եհովայի անզուգական բարության համար՝ Պողոսի պես եռանդորեն մասնակցելով ծառայությանը (կարդա Հռոմեացիներ 1։14–16

5 Նախորդ հոդվածում քննարկեցինք, թե ինչ զանազան կերպերով է Եհովան դրսևորում իր անզուգական բարությունը մեր՝ մեղավորներիս հանդեպ։ Ուստի մենք պարտավոր ենք ամեն ջանք թափել, որ բոլոր մարդիկ իմանան, թե ինչպես է Եհովան դրսևորում իր սերը, և ինչ օգուտ կարող են նրանք քաղել անհատապես։ Որո՞նք են Աստծու անզուգական բարության դրսևորումներից մի քանիսը, որ պետք է օգնենք ուրիշներին՝ գնահատեն։

ՀՌՉԱԿԻՐ ՓՐԿԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ

6, 7. Մարդկանց փրկանքի մասին բացատրելով՝ ինչպե՞ս ենք հռչակում Աստծու անզուգական բարության բարի լուրը։

6 Այս թույլատու աշխարհում «մեղք» հասկացությունը կորել է։ Այդ պատճառով շատ մարդիկ չեն գիտակցում, որ մեղքերից ազատվելու կարիք ունեն։ Սակայն միևնույն ժամանակ գնալով ավելի շատ մարդիկ են տեսնում, որ իրենց ամենաթող ապրելակերպը երջանկություն չի բերում։ Նրանք Եհովայի վկաների հետ զրուցելուց հետո են հասկանում, թե ինչ է մեղքը, ինչպես է այն ազդում մարդու վրա, և ինչ է հարկավոր անել մեղքի ստրկությունից ազատվելու համար։ Անկեղծ սիրտ ունեցողները ներքին խաղաղություն են ձեռք բերում, երբ իմանում են, որ Եհովան մեծ սեր և անզուգական բարություն դրսևորելով՝ իր Որդուն երկիր է ուղարկել, որպեսզի նա ազատի մեզ մեղքից ու դրա հետևանքից՝ մահից (1 Հովհ. 4։9, 10

7 Խոսելով Աստծու սիրելի Որդու մասին՝ Պողոսը գրեց. «Նրա [Հիսուսի] միջոցով մենք ստացանք ազատությունը իր արյամբ տրված փրկանքով, այո՛, մեր հանցանքների ներումը Աստծու անզուգական բարության հարստության շնորհիվ» (Եփես. 1։7)։ Քրիստոսի քավիչ զոհը Աստծու սիրո մեծագույն ապացույցն է և ընդգծում է նրա անզուգական բարության առատությունը։ Որքա՜ն մխիթարական է  իմանալ, որ եթե հավատ դրսևորենք Հիսուսի թափված արյան հանդեպ, մեր մեղքերը կներվեն և կունենանք մաքուր խիղճ (Եբր. 9։14)։ Անկասկած, սա բարի լուր է, որի մասին արժե պատմել մարդկանց։

ՕԳՆԻՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՏԵՐՄԱՆԱԼ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

8. Ինչո՞ւ մեղավոր մարդիկ Աստծու հետ հաշտվելու կարիք ունեն։

8 Մենք պարտականություն ունենք օգնելու մարդկանց հասկանալ, որ նրանք կարող են իրենց Արարչի հետ ունենալ մտերիմ փոխհարաբերություններ։ Աստված մարդկանց թշնամիներ է համարում այնքան ժամանակ, քանի դեռ նրանք հավատ չեն դրսևորում Հիսուսի զոհի հանդեպ։ Հովհաննես առաքյալը գրեց. «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի։ Իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա» (Հովհ. 3։36)։ Շնորհիվ Քրիստոսի զոհի հնարավոր է հաշտվել Աստծու հետ։ Պողոսը գրեց. «Ձեզ, որ մի ժամանակ օտարացած էիք Աստծուց և թշնամի էիք նրան, քանի որ չար գործերի մասին էիք մտածում, այժմ նա հաշտեցրեց այդ մեկի ֆիզիկական մարմնի միջոցով, նրա մահով» (Կող. 1։21, 22

9, 10. ա) Ի՞նչ է Քրիստոսը հանձնարարել օծյալներին։ բ) Ինչպե՞ս են «ուրիշ ոչխարները» օգնում իրենց օծյալ եղբայրներին։

9 Երկրի վրա գտնվող իր օծյալ եղբայրներին Քրիստոսը հանձնարարել է կատարել, ինչպես Պողոսը անվանեց, «հաշտության ծառայությունը»։ Այդ ծառայության մասին Պողոսը առաջին դարի օծյալ քրիստոնյաներին գրեց. «Այս ամենն Աստծուց է, որը Քրիստոսի միջոցով հաշտեցրեց մեզ իր հետ և տվեց մեզ հաշտության ծառայությունը, այսինքն՝ այն, որ Աստված Քրիստոսի միջոցով աշխարհն իր հետ հաշտեցրեց՝ հաշվի չառնելով նրանց հանցանքները, և նա հաշտության խոսքը մեզ հանձնեց։ Հետևաբար, մենք Քրիստոսին փոխարինող դեսպաններ ենք, ասես թե Աստված խնդրելիս լինի մեր միջոցով։ Որպես Քրիստոսին փոխարինողներ՝ մենք աղերսում ենք. «Հաշտվե՛ք Աստծու հետ»» (2 Կորնթ. 5։18–20

10 «Ուրիշ ոչխարները» իրենց օծյալ եղբայրներին այս ծառայության մեջ օգնելը պատիվ են համարում (Հովհ. 10։16)։ Ծառայելով որպես Քրիստոսի դեսպանորդներ՝ հոգևոր ճշմարտությունները սովորեցնելու գործի մեծ մասը նրանք են անում՝ օգնելով մարդկանց Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել։ Սա Աստծու անզուգական բարության բարի լուրի մասին հիմնովին վկայություն տալու գործի կարևոր մասն է։

ՀԱՅՏՆԻՐ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ԼՍՈՒՄ Է ԱՂՈԹՔՆԵՐԸ

11, 12. Այն, որ մարդիկ կարող են աղոթել Եհովային, ինչո՞ւ է բարի լուր։

11 Շատ մարդիկ աղոթում են հոգեպես թեթևանալու համար, բայց չեն հավատում, որ Աստված լսում է իրենց աղոթքները։ Նրանց անհրաժեշտ է հայտնել, որ Եհովան «աղոթքներ Լսող» է։ Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Ո՜վ աղոթքներ Լսող, ամեն մարմին քեզ մոտ է գալու։ Անօրենությունները տիրում են ինձ վրա։ Մեր հանցանքները դու ներելու ես» (Սաղ. 65։2, 3

12 Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Եթե որևէ բան խնդրեք իմ անունով, ես կանեմ» (Հովհ. 14։14)։ Անշուշտ, ինչ էլ որ խնդրենք Աստծուց, պետք է համապատասխան լինի նրա կամքին։ Հովհաննեսը հավաստիացնում է մեզ. «Ահա թե ինչ վստահություն ունենք, երբ դիմում ենք նրան. ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհ. 5։14)։ Որքա՜ն հաճելի է սովորեցնել մարդկանց, որ աղոթքը զուտ թեթևացում ստանալու միջոց չէ, այլ Եհովայի «անզուգական բարության գահին» մոտենալու  հրաշալի միջոց (Եբր. 4։16)։ Սովորեցնելով նրանց ճիշտ ձևով, ճիշտ անձնավորությանը և ճիշտ բաների համար աղոթել՝ կարող ենք օգնել նրանց մոտենալ Եհովային և մխիթարություն ստանալ կյանքի լարված ու դժվար պահերին (Սաղ. 4։1; 145։18

ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

13, 14. ա) Ի՞նչ յուրահատուկ առանձնաշնորհում են ունենալու օծյալները ապագայում։ բ) Ի՞նչ հրաշալի գործ են անելու օծյալները մարդկանց համար։

13 Եհովան անզուգական բարություն կդրսևորի ներկայիս չար համակարգի կործանումից հետո էլ։ Նկատի ունենալով այն յուրահատուկ առանձնաշնորհումը, որ Աստված շնորհել է 144 000 անհատներին՝ լինելու թագավորներ Քրիստոսի հետ երկնային Թագավորությունում, Պողոսը գրեց. «Աստված, որ հարուստ է ողորմությամբ, մեր հանդեպ դրսևորած իր մեծ սիրով կենդանացրեց մեզ և միավորեց Քրիստոսի հետ, երբ մեռած էինք հանցանքների մեջ (անզուգական բարության միջոցով դուք փրկվեցիք), և մեզ նրա հետ միասին նա կենդանացրեց ու նստեցրեց երկնային ոլորտում Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ, որպեսզի գալիք ժամանակներում իր անզուգական բարության գերազանց հարստությունը իր մեծահոգությամբ դրսևորի մեր հանդեպ, որ միության մեջ ենք Քրիստոս Հիսուսի հետ» (Եփես. 2։4–7

14 Չենք էլ կարող պատկերացնել, թե Եհովան ինչ հրաշալի բաներ է պատրաստել օծյալ քրիստոնյաների համար, երբ նրանք երկնքում նստեն գահերին՝ Քրիստոսի հետ իշխելու (Ղուկ. 22։28–30; Փիլիպ. 3։20, 21; 1 Հովհ. 3։2)։ Հատկապես նրանց հանդեպ Եհովան մեծահոգությամբ կդրսևորի իր «անզուգական բարության գերազանց հարստությունը»։ Նրանք կկազմեն «նոր Երուսաղեմը»՝ կլինեն Քրիստոսի հարսը (Հայտն. 3։12; 17։14; 21։2, 9, 10)։ Նրանք Հիսուսի հետ «կբուժեն ազգերին»՝ օգնելով հնազանդ մարդկանց ազատվել մեղքի ու մահվան կապանքներից և հասնել կատարելության (կարդա Հայտնություն 22։1, 2, 17

15, 16. Ինչպե՞ս Եհովան կդրսևորի իր անզուգական բարությունը «ուրիշ ոչխարների» հանդեպ ապագայում։

15 Եփեսացիներ 2։7-ում կարդում ենք, որ Աստված կդրսևորի իր անզուգական բարությունը «գալիք ժամանակներում»։ Այդ ժամանակ երկրի վրա բոլորը ականատես կլինեն Եհովայի «անզուգական բարության գերազանց հարստությանը» (Ղուկ. 18։29, 30)։ Նրա բարության մեծագույն դրսևորումներից մեկը կլինի «գերեզմանում» լինող մարդկանց հարությունը (Հոբ 14։13–15; Հովհ. 5։28, 29)։ Աստծու վաղեմի հավատարիմ ծառաները, ովքեր մահացել են մինչև Քրիստոսի զոհաբերական մահը, ինչպես նաև «ուրիշ ոչխարներից» այն անհատները, ովքեր հավատարիմ են մնում և մահանում են վերջին օրերում, նորից կյանք կստանան ու կշարունակեն ծառայել Եհովային։

16 Միլիոնավոր մարդիկ, ովքեր չեն ճանաչել Աստծուն և մահացել են, նույնպես հարություն կառնեն։ Նրանք հնարավորություն կստանան թիկունք կանգնելու Եհովայի գերիշխանությանը։ Հովհաննեսը գրում է. «Տեսա մահացածներին՝ մեծերին ու փոքրերին՝ կանգնած գահի առաջ, և գրքեր բացվեցին։ Մեկ ուրիշ գիրք էլ բացվեց. դա կյանքի գիրքն էր։ Եվ մահացածները դատվեցին՝ ըստ իրենց գործերի՝ այդ գրքերում գրվածների համաձայն։ Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը իրենց միջի մահացածներին տվեցին, և նրանցից ամեն մեկը դատվեց՝ ըստ իր գործերի» (Հայտն. 20։12, 13)։ Հարություն առած մարդկանցից կպահանջվի սովորել և կիրառել այն սկզբունքները, որոնք գրված են Աստվածաշնչում։ Բացի այդ, նրանք պետք է հետևեն նոր «գրքերի» մեջ տրված առաջնորդությանը, որտեղ գրված կլինի նոր աշխարհում ապրելու համար Եհովայի  սահմանած պահանջները։ Այդ նոր առաջնորդությունը կլինի Եհովայի անզուգական բարության ևս մեկ դրսևորում։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՀՌՉԱԿԵԼ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ

17. Ի՞նչ պետք է հիշենք քարոզչական գործին մասնակցելիս։

17 Հիմա, մինչ մոտենում է վերջը, ավելի քան երբևէ կարևոր է քարոզել Թագավորության բարի լուրը (Մարկ. 13։10)։ Այս լուրը ընդգծում է Եհովայի անզուգական բարությունը, ինչի մասին չպետք է մոռանանք, երբ մասնակցում ենք քարոզչական գործին։ Քարոզելիս մեր նպատակը պետք է լինի Եհովային փառաբանելը։ Դա կարող ենք անել՝ ցույց տալով մարդկանց, որ նոր աշխարհի վերաբերյալ Եհովայի բոլոր խոստումները նրա սքանչելի բարության դրսևորումներն են։

Եռանդորեն ծառայենք որպես Աստծու անզուգական բարության հիանալի տնտեսներ (1 Պետ. 4։10) (տես պարբերություն 17–19)

18, 19. Ինչպե՞ս կարող ենք գովաբանել Եհովայի անզուգական բարությունը։

18 Մարդկանց քարոզելիս կարող ենք բացատրել, որ Քրիստոսի թագավորական իշխանության ներքո մարդիկ լիարժեքորեն օգուտներ կքաղեն փրկանքից և աստիճանաբար կհասնեն կատարելության։ Աստվածաշունչն ասում է. «Ստեղծագործությունը ինքն էլ ազատ կարձակվի ապականության ստրկությունից և կունենա Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։21)։ Այս ամենը հնարավոր կլինի միայն Եհովայի մեծագույն բարության շնորհիվ։

19 Մենք առանձնաշնորհում ունենք բոլորին պատմելու այն հիասքանչ խոստման մասին, որը գրված է Հայտնություն 21։4-րդ և 5-րդ համարներում. ««[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։ Նա, որ նստած էր գահին, ասաց. «Ահա ամեն բան նոր եմ անում»։ Նաև ասաց. «Գրի՛ր, որովհետև այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ»»։ Երբ խանդավառությամբ քարոզում ենք այս բարի լուրը, մենք գովաբանում ենք Եհովայի անզուգական բարությունը։