Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հուլիս 2016

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ է նշանակում Եզեկիել 37-րդ գլխում նկարագրված երկու փայտերը իրար միացնելը։

Եհովան Եզեկիելին հուսադրող լուր հայտնեց՝ խոստանալով, որ Իսրայել ազգը Ավետյաց երկիր վերադառնալուց հետո կմիավորվի։ Այդ խոսքերը նաև կանխագուշակում են Աստծու ժողովրդի միավորումը, որը սկսել է կատարվել վերջին օրերում։

Եհովան պատվիրեց Եզեկիել մարգարեին երկու փայտ վերցնել։ Մեկի վրա նա պետք է գրեր «Հուդային և նրա դաշնակիցներին՝ Իսրայելի որդիներին», իսկ մյուսի վրա՝ «Հովսեփին՝ Եփրեմի փայտին, և նրա դաշնակիցներին՝ Իսրայելի ողջ տանը»։ Այդ երկու փայտերը Եզեկիելի ձեռքում դառնալու էին «մեկ փայտ» (Եզեկ. 37։15–17

Ո՞ւմ է ներկայացնում «Եփրեմը»։ Հյուսիսային տասցեղ թագավորության առաջին թագավորը Հերոբովամն էր՝ Եփրեմի  ցեղից, որը իշխող ցեղ էր (2 Օրենք 33։13, 17; 1 Թագ. 11։26)։ Այս ցեղը առաջ էր եկել Հովսեփի որդի Եփրեմից (Թվեր 1։32, 33)։ Հովսեփը առանձնահատուկ օրհնություն էր ստացել իր հորից՝ Հակոբից։ Ուստի տեղին էր, որ տասցեղ թագավորությունը ներկայացնող փայտը անվանվեր «Եփրեմի փայտ»։ Այն ժամանակ, երբ Եզեկիելը գրեց երկու փայտերի մասին մարգարեությունը, Ասորեստանը վաղուց կործանել էր Իսրայելի հյուսիսային թագավորությունը՝ մ. թ. ա. 740-ին (2 Թագ. 17։6)։ Ուստի այդ իսրայելացիների մեծամասնությունը ցրված էր Բաբելոնյան կայսրությունով մեկ, որը զավթել էր Ասորեստանյան կայսրությունը։

Մ. թ. ա. 607-ին հարավային երկցեղ թագավորության ժողովուրդը և հավանաբար հյուսիսային թագավորությունից մնացած մարդիկ գերի էին տարվել Բաբելոն։ Հուդայի շառավղից եկող թագավորները իշխում էին երկու ցեղի վրա, նաև այս թագավորությունում էր գտնվում քահանայական դասը, քանի որ քահանաները ծառայում էին տաճարում՝ Երուսաղեմում (2 Տար. 11։13, 14; 34։30)։ Ուստի տեղին էր, որ «Հուդայի» անունը կրող փայտը ներկայացներ երկցեղ թագավորությունը։

Այս երկու խորհրդանշական փայտերը ե՞րբ էին միացվելու և մեկ փայտ դառնալու։ Դա եղավ, երբ իսրայելացիները մ. թ. ա. 537-ին վերադարձան Երուսաղեմ՝ վերակառուցելու տաճարը։ Գերությունից միասին վերադարձան և՛ երկցեղ թագավորության, և՛ տասցեղ թագավորության մարդիկ։ Այլևս Իսրայելի որդիների միջև բաժանում չկար (Եզեկ. 37։21, 22)։ Իսրայելացիները կրկին երկրպագում էին Եհովային միասնաբար։ Այս հաշտության մասին նաև մարգարեացել էին Եսայիա և Երեմիա մարգարեները (Ես. 11։12, 13; Երեմ. 31։1, 6, 31

Մաքուր երկրպագության հետ կապված ի՞նչ կարևոր ճշմարտություն է ընդգծում այս մարգարեությունը։ Այն, որ Եհովան այնպես կանի, որ իր երկրպագուները մեկ կդառնան (Եզեկ. 37։18, 19)։ Միավորման մասին խոստումը իրականացա՞վ մեր օրերում։ Այո՛։ Սկզբում մարգարեությունը սկսվեց կատարվել 1919-ին, երբ Աստծու ժողովուրդը աստիճանաբար վերակազմակերպվեց և նորից միավորվեց։ Աստծու ժողովրդին մեկընդմիշտ բաժանելու Սատանայի փորձերը անհաջողության մատնվեցին։

Այդ ժամանակ Աստծու միավորված ժողովրդի մեծ մասը Հիսուսի հետ երկնքում թագավորներ և քահանաներ լինելու հույսն ուներ (Հայտն. 20։6)։ Փոխաբերական իմաստով նրանք նման էին Հուդայի փայտին։ Ժամանակի ընթացքում ավելի շատ մարդիկ, ովքեր երկրային հույս ունեին, սկսեցին միանալ այս հոգևոր հրեաներին (Զաք. 8։23)։ Նրանք նման էին Հովսեփի փայտին և Քրիստոսի հետ թագավորելու հույսը չունեին։

Այս երկու խմբերը այսօր միասնաբար ծառայում են որպես Եհովայի ժողովուրդ մեկ Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի իշխանության ներքո, որի մասին մարգարեաբար ասվել է՝ «իմ ծառա Դավիթը» (Եզեկ. 37։24, 25)։ Հիսուսը աղոթեց, որ իր բոլոր հետևորդները մի լինեն, ինչպես իր Հայրը միության մեջ է իր հետ և ինքը միության մեջ է իր Հոր հետ * (Հովհ. 17։20, 21)։ Հիսուսը նաև ասաց, որ իր օծյալ հետևորդների փոքր հոտը և «այլ ոչխարները» «մեկ հոտ կլինեն»։ Նրանք բոլորը կունենան «մեկ հովիվ» (Հովհ. 10։16)։ Որքա՜ն լավ են Հիսուսի խոսքերը նկարագրում այն հոգևոր միասնությունը, որ Եհովայի ժողովուրդը վայելում է այսօր, անկախ նրանից, թե ինչ հույս ունի ապագայի համար։

^ պարբ. 5 Հետաքրքիր է, թե Հիսուսը ինչ հերթականությամբ պատմեց իր ներկայության նշանի հետ կապված առակները։ Նախ նա խոսեց «հավատարիմ և իմաստուն ծառայի», այսինքն՝ օծյալ եղբայրների փոքր խմբի մասին, ովքեր առաջնորդություն էին վերցնելու (Մատթ. 24։45–47)։ Ապա պատմեց առակներ, որոնք հիմնականում վերաբերում են նրանց, ովքեր երկնային հույս ունեն (Մատթ. 25։1–30)։ Վերջում նա խոսեց նրանց մասին, ովքեր երկրային հույս ունեն և աջակցելու էին Քրիստոսի եղբայրներին (Մատթ. 25։31–46)։ Նմանապես, Եզեկիելի մարգարեության այսօրվա կատարումը առաջին հերթին ցույց է տալիս, թե ինչ է պատահելու նրանց, ովքեր երկնային հույս ունեն։ Թեև տասցեղ թագավորությունը սովորաբար չի ներկայացնում երկրային հույս ունեցողներին, սակայն այս մարգարեության մեջ նկարագրված միավորումը պետք է հիշեցնի մեզ այն միասնության մասին, որ տիրում է երկրային հույս և երկնային հույս ունեցողների միջև։