Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒԼԻՍ 2016

Էրիկը և Էմին

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Գանա

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Գանա

ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ես որևէ եղբոր կամ քրոջ, ով տեղափոխվել է ծառայելու այնպիսի երկրում, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։ Մտածե՞լ ես, թե ինչն է մղել նրանց ծառայելու օտար երկրում, ինչ են արել նրանք այդ տեսակ ծառայությանը պատրաստ լինելու համար, և կարո՞ղ ես դու էլ մասնակցել այդ ծառայությանը։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար, ինչ խոսք, լավ կլինի հարցնել հենց այդ եղբայրներին ու քույրերին։ Եկեք լսենք նրանց։

ԻՆՉՆ Է ՄՂԵԼ ՆՐԱՆՑ

Ի՞նչը մղեց ձեզ մտածել այնպիսի երկրում ծառայելու մասին, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Էմին, որը Միացյալ Նահանգներից է և այժմ մոտ 35 տարեկան է, ասում է. «Տարիներ շարունակ մտածում էի օտար երկրում ծառայելու մասին, բայց թվում էր՝ դա ինձ համար անհասանելի նպատակ է»։ Ի՞նչը փոխեց նրա տեսակետը։ Էմին ասում է. «2004-ին Բելիզում ծառայող մի ամուսնական զույգ հրավիրեց ինձ մեկ ամիս ծառայել իրենց հետ։ Ինձ շատ դուր եկավ այնտեղ նրանց հետ ծառայելը։ Մեկ տարի անց տեղափոխվեցի Գանա և այնտեղ շարունակեցի ծառայել որպես ռահվիրա»։

Էրընը և Ստեֆանին

Մի քանի տարի առաջ Ստեֆանին, որն այժմ մոտ 30 տարեկան է և նույնպես Միացյալ Նահանգներից է, վերանայեց իր հանգամանքները ու մտածեց. «Ես առողջ եմ ու չունեմ ընտանեկան պարտականություններ։ Իրականում ավելին կարող եմ անել Եհովայի համար, քան այժմ անում եմ»։ Անկեղծ ինքնաքննությունը մղեց նրան ընդլայնել իր ծառայությունը՝ տեղափոխվելով Գանա։ 50-ն անց մի ռահվիրա ամուսնական զույգ՝ Ֆիլիպն ու Իդան, որոնք Դանիայից են, միշտ երազել են տեղափոխվել այնպիսի երկիր, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Նրանք սկսեցին մտածել, թե ինչ կարող են անել իրենց երազանքը իրականացնելու համար։ Ֆիլիպը ասում է. «Երբ հարմար առիթ ստեղծվեց, կարծես Եհովան մեզ ասաց՝ գնացեք»։ 2008-ին նրանք տեղափոխվեցին Գանա և երեք տարուց ավել ծառայեցին այնտեղ։

Բրուքը և Հանսը

 Հանսն ու Բրուքը՝ մոտ 30-ն անց մի ամուսնական ռահվիրա զույգ, ծառայում են Միացյալ Նահանգներում։ 2005-ին նրանք մասնակցեցին «Կատրինա» փոթորկից տուժածներին օգնություն տրամադրելու գործին։ Հետագայում նրանք միջազգային շինարարական ծրագրի ծառայողի դիմում լրացրին, բայց հրավեր չստացան։ Հանսը պատմում է. «Համաժողովի ելույթներից մեկում ասվեց, որ Դավիթ թագավորը ընդունեց այն որոշումը, որ ինքը չէր կառուցելու տաճարը, և փոխեց իր նպատակը։ Այս միտքը օգնեց մեզ հասկանալ, որ ճիշտ կլինի՝ մենք էլ փոխենք մեր աստվածապետական նպատակները» (1 Տար. 17։1–4, 11, 12; 22։5–11)։ Բրուքը ավելացնում է. «Եհովան ուզում էր, որ մենք մեկ ուրիշ դուռ թակեինք»։

Լսելով օտար երկրներում ծառայող իրենց ընկերների հետաքրքիր պատմությունները՝ Հանսը և Բրուքը որոշեցին տեղափոխվել այլ երկիր՝ ռահվիրա ծառայելու համար։ 2012-ին նրանք մեկնեցին Գանա և մոտ չորս ամիս ծառայեցին այնտեղ ժեստերի լեզվով ժողովում։ Չնայած նրանք պետք է վերադառնային Միացյալ Նահանգներ, սակայն Գանայում ծառայելու շնորհիվ Թագավորության շահերը կյանքում առաջին տեղում դնելու նրանց ցանկությունը ավելի մեծացավ։ Դրանից հետո նրանք մասնակցեցին Միկրոնեզիայի մասնաճյուղի շինարարությանը։

ՔԱՅԼԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ի՞նչ եք արել, որ պատրաստ լինեք ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա։ Ստեֆանին պատմում է. «Այդ թեմայի շուրջ «Դիտարանի» հոդվածներում փնտրտուքներ արեցի։ * Իմ ցանկության մասին խոսեցի ժողովի երեցների և շրջանային վերակացուի ու նրա կնոջ հետ։ Նաև իմ աղոթքներում հաճախ էի նշում նպատակիս մասին»։ Միևնույն ժամանակ Ստեֆանին պարզ կյանքով էր ապրում, ինչի շնորհիվ կարողանում էր գումար խնայել օտար երկրում ծառայելու համար։

Հանսը ասում է. «Մենք աղոթեցինք Եհովային առաջնորդության համար,  քանի որ ուզում էինք գնալ այնտեղ, ուր նա կառաջնորդեր։ Աղոթքում նաև նշում էինք, թե կոնկրետ որ օրն էինք ուզում մեր ծրագիրը իրականացնել»։ Նրանք նամակներ ուղարկեցին չորս տարբեր մասնաճյուղեր։ Գանայի մասնաճյուղից դրական պատասխան ստանալուց հետո երկու ամսով մեկնեցին այնտեղ։ Հանսը ասում է. «Մեզ այնքան դուր եկավ այնտեղի ժողովի հետ համագործակցելը, որ որոշեցինք ավելի երկար մնալ»։

Ադրիան և Ջորջը

Ջորջն ու Ադրիան՝ մոտ 40 տարեկան ամուսնական զույգ Կանադայից, հասկանում էին, որ Եհովան օրհնում է ոչ թե լավ ցանկությունները, այլ լավ որոշումները։ Ուստի վճռական քայլեր արեցին իրենց նպատակին հասնելու համար. կապ հաստատեցին մի քրոջ հետ, ով տեղափոխվել էր ծառայելու Գանայում, և որոշ հարցեր ճշտեցին։ Հետո նամակ գրեցին Կանադայի և Գանայի մասնաճյուղերին։ Ադրիան ասում է. «Նաև փորձում էինք մեր կյանքը էլ ավելի պարզեցնել»։ Այդ ամենի շնորհիվ 2004-ին նրանք տեղափոխվեցին Գանա։

ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տեղափոխվելուց հետո ի՞նչ դժվարությունների բախվեցիք և ինչպես հաղթահարեցիք դրանք։ Էմիի համար ամենադժվարը կարոտի զգացումն էր։ Նա ասում է. «Այստեղ ամեն ինչ ուրիշ է»։ Ի՞նչն օգնեց նրան։ Էմին շարունակում է. «Ընտանիքիս անդամները շատ էին քաջալերում ինձ։ Նրանք զանգում էին ու ասում, թե որքան շատ են գնահատում իմ ծառայությունը։ Դա ինձ օգնում էր, որ հիշեի, թե ինչու եմ տեղափոխվել այստեղ։ Հետագայում ընտանիքիս հետ սկսեցի շփվել տեսակապի միջոցով։ Քանի որ կարողանում էինք տեսնել իրար, նրանցից ինձ շատ հեռու չէի զգում»։ Էմին ասում է, որ տեղացի հասուն քույրերից մեկը, ում հետ նա ընկերացել էր, օգնեց  իրեն հաղթահարելու մշակութային դժվարությունները։ Նա պատմում է. «Նրան կարող էի վստահել և օգնության դիմել։ Երբ չէի հասկանում, թե ինչու են մարդիկ այս կամ այն կերպ վարվում, միշտ նրան էի հարցնում։ Այդ քրոջ օգնությամբ սովորեցի, թե ինչ է հարկավոր անել և ինչից խուսափել։ Դա օգնեց ինձ, որ իմ ծառայությունից ուրախություն ստանամ»։

Ջորջն ու Ադրիան պատմում են, որ երբ գնացին Գանա, սկզբում այնպիսի զգացում ունեին, որ կարծես անցյալ են վերադարձել։ Ադրիան ասում է. «Լվացքի մեքենայի փոխարեն տաշտ էինք օգտագործում։ Կերակուր պատրաստելու համար գրեթե տասը անգամ ավելի շատ ժամանակ էինք ծախսում, քան նախկինում։ Բայց ժամանակի ընթացքում ընտելացանք և նոր փորձ ձեռք բերեցինք»։ Իսկ Բրուքն ասում է. «Չնայած այն դժվարություններին, որ ունենում ենք՝ ծառայելով ռահվիրա, մենք ապրում ենք բավարարված կյանքով։ Երբ իրար կողք ենք դնում մեզ հետ պատահած բոլոր քաջալերական դեպքերը, հիշողությունների մի գեղեցիկ փունջ ենք ստանում, որը շատ թանկ է մեզ համար»։

ՎԱՐՁԱՏՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ կուզեք ուրիշներին էլ քաջալերել մասնակցել ծառայության այս ձևին։ Ստեֆանին ասում է. «Երբ ծառայում ես այնպիսի տարածքում, որտեղ հանդիպում ես մարդկանց, ովքեր ուզում են իմանալ ճշմարտությունը և Աստվածաշունչն ուսումնասիրել ամեն օր, մեծ ուրախություն ես ստանում»։ Նա ավելացնում է. «Սա իմ կայացրած ամենալավ որոշումներից մեկն է»։ 2014-ին Ստեֆանին ամուսնացավ Էրընի հետ, և նրանք այսօր ծառայում են Գանայի մասնաճյուղում։

Քրիստինը՝ 30-ն անց ռահվիրա մի քույր Գերմանիայից, ասում է. «Սա հրաշալի ծառայություն է»։ Մինչև Գանա տեղափոխվելը նա ծառայել է Բոլիվիայում։ Քրիստինը պատմում է. «Լինելով տնից հեռու՝ օգնության համար միշտ Եհովային էի դիմում, ինչի շնորհիվ նա դարձավ ինձ համար ավելի մտերիմ ու իրական։ Նաև զգացի, թե ինչ միասնություն է տիրում Եհովայի ժողովրդի մեջ։ Այս ծառայությունը հարստացրեց կյանքս»։ Վերջերս Քրիստինը ամուսնացավ Գեդեոնի հետ, և նրանք միասին շարունակում են ծառայել Գանայում։

Քրիստինը և Գեդեոնը

Ֆիլիպն ու Իդան պատմում են, թե ինչ են արել, որ օգնեն Աստվածաշունչ ուսումնասիրողներին առաջադիմել. «Մենք սովորաբար ունենում էինք 15-ից ավել ուսուցում, բայց սահմանափակվեցինք 10-ով, որպեսզի կարողանայինք նրանց հիմնովին ուսուցանել»։ Իսկ ի՞նչ օգուտ են քաղել ուսումնասիրողները։ Ֆիլիպն ասում է. «Մենք ուսումնասիրում էինք Մայքլ անունով մի երիտասարդի հետ։ Նա կարողանում էր ուսումնասիրել ամեն օր և այնքան լավ էր պատրաստվում, որ «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը ավարտեցինք մեկ ամսում։ Դրանից հետո Մայքլը դարձավ չմկրտված քարոզիչ։ Առաջին օրը ծառայության դուրս գալուց հետո նա ինձ ասաց. «Կօգնե՞ս ինձ ուսումնասիրություն անցկացնել»։ Ես զարմացած նայեցի նրան։ Նա պատմեց, որ երեք ուսումնասիրություն է սկսել և օգնության կարիք ունի»։ Պատկերացնո՞ւմ եք. այնքան շատ ուսուցանողների կարիք կա, որ նույնիսկ Աստվածաշունչ ուսումնասիրողներն են դա անում։

Իդան և Ֆիլիպը

Էմին պատմում է, թե որքան արագ հասկացավ, որ այդ տարածքում քարոզիչների մեծ կարիք կա. «Գանա գալուց կարճ ժամանակ անց մենք քարոզում էինք մի փոքր գյուղում և խուլ մարդկանց էինք փնտրում։ Եվ ընդամենը մի գյուղում գտանք ոչ թե մեկ, այլ ութ մարդու»։ Որոշ ժամանակ անց Էմին ամուսնացավ Էրիկի հետ, և այժմ միասին ծառայում են որպես հատուկ ռահվիրաներ։ Նրանք աջակցում են ժեստերի լեզվով ժողովին, որպեսզի օգնեն այդ երկրում ապրող ավելի քան 300 խուլ քարոզիչներին և հետաքրքրվող մարդկանց։ Իսկ Ջորջն ու Ադրիան Գանայում ծառայելիս միսիոներական ծառայության փորձ ձեռք բերեցին։ Նրանք շատ ուրախացան, երբ հրավեր ստացան սովորելու «Գաղաադ» դպրոցի 126-րդ դասարանում։ Այսօր նրանք միսիոներ են Մոզամբիկում։

ՍԻՐՈՒՑ ՄՂՎԱԾ

Սիրտդ ջերմանում է, երբ տեսնում ես տարբեր երկրներից քույրերի ու եղբայրների, որոնք ջանք չեն խնայում տեղացի քարոզիչների հետ «հնձին» մասնակցելու համար (Հովհ. 4։35)։ Գանայում ամեն տարի շաբաթական միջին թվով 120 հոգի մկրտվում է։ Այս երկիր տեղափոխված 17 անհատների նման՝ ամբողջ աշխարհում հազարավոր Եհովայի ծառաներ, նրա հանդեպ սիրուց մղված, «հոժար կամքով տրամադրում են իրենց» ծառայության համար՝ տեղափոխվելով այնպիսի վայրեր, որտեղ Թագավորության քարոզիչների կարիք կա։ Որքա՜ն է ուրախանում Եհովան՝ նայելով իր այս պատրաստակամ ծառայողներին (Սաղ. 110։3; Առակ. 27։11

^ պարբ. 9 Տես, օրինակ, 2009 թ. «Դիտարանի» ապրիլի 15-ի և դեկտեմբերի 15-ի համարներում «Կարո՞ղ ես ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա» և «Կարո՞ղ ես «անցնել Մակեդոնիա»» հոդվածները։