Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԴԵԿՏԵՄԲԵՐ 2016

Քո ամբողջ հոգսը Եհովայի վրա գցիր

Քո ամբողջ հոգսը Եհովայի վրա գցիր

«Ձեր ամբողջ հոգսը [Եհովայի] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 ՊԵՏ. 5։7

ԵՐԳ 60, 23

1, 2. ա) Ինչո՞ւ զարմանալի չէ, որ անհանգստության զգացում ենք ունենում (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

ՄԵՆՔ ապրում ենք տագնապալի ժամանակներում։ Բանսարկու Սատանան զայրացած է և «մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 Պետ. 5։8; Հայտն. 12։17)։ Ուստի զարմանալի չէ, որ նույնիսկ մենք՝ Աստծու ծառաներս, երբեմն անհանգստության զգացում ենք ունենում։ Հարկ է նշել, որ հնում ապրած Եհովայի աստվածավախ ծառաները նույնպես ժամանակ առ ժամանակ անհանգստանում էին, ինչպես օրինակ՝ Դավիթ թագավորը (Սաղ. 13։2)։ Նաև հիշենք, որ Պողոս առաքյալը մտահոգվում էր ժողովների բարօրությամբ (2 Կորնթ. 11։28)։ Ի՞նչ կարող ենք անել, երբ անհանգստության զգացումը համակում է մեզ։

2 Մեր երկնային սիրառատ Հայրը միշտ օգնել է անցյալում ապրած իր ծառաներին և այսօր էլ կարող է մեղմացնել մեր ունեցած անհանգստության զգացումը։ Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Ձեր ամբողջ հոգսը [կամ՝ մտահոգությունները, անհանգստությունները] նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետ. 5։7)։ Ինչպե՞ս կարող ես ամբողջ հոգսդ Եհովայի վրա գցել։ Քննենք չորս միջոց։ Դրանք են՝ սրտագին աղոթքը, Աստծու Խոսքի ընթերցանությունն ու կարդացածի շուրջ  խորհրդածելը, Եհովայից նրա սուրբ ոգին խնդրելը, վստահելի և մտերիմ անձնավորության հետ զգացումների մասին խոսելը։ Այս միջոցները քննելիս մտածիր, թե ինչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել։

«ՔՈ ԲԵՌԸ ԵՀՈՎԱՅԻ ՎՐԱ ԳՑԻՐ»

3. Ինչպե՞ս կարող ես «քո բեռը Եհովայի վրա գցել»։

3 Առաջին քայլը, որ կարող ենք անել, Եհովային թախանձագին աղոթելն է։ Երբ բախվում ես այնպիսի իրավիճակների, որոնք անհանգստություն, մտահոգություն կամ տագնապ են առաջացնում, սիրտդ բացիր քո սիրառատ Հոր առաջ։ Սաղմոսերգու Դավիթը խնդրեց Եհովային. «Ակա՛նջ դիր, ո՜վ Աստված, իմ աղոթքին»։ Նույն սաղմոսում նա նաև ասաց. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղ. 55։1, 22)։ Եթե խնդիրը լուծելու համար արել ես ամեն բան, ինչ կարող ես, ապա սրտագին աղոթքը քեզ ավելի շատ բան կտա, քան անհանգստանալը։ Աղոթքը ինչպե՞ս կարող է օգնել, որ անհանգստացնող մտքերն ու տանջող հոգսերը չխեղդեն քեզ (Սաղ. 94։18, 19

4. Ինչո՞ւ է կարևոր աղոթել, երբ անհանգստության զգացում ենք ունենում։

4 Կարդա Փիլիպպեցիներ 4։6, 7։ Եհովան պատասխանում է մեր թախանձագին, անկեղծ աղաչանքներին, որ անդադար ուղղում ենք նրան։ Ինչպե՞ս։ Նա մեզ ներքին խաղաղություն է տալիս, որպեսզի մեր մտքից ու սրտից թոթափենք ճնշող զգացումները։ Շատերն են սեփական փորձով համոզվել դրանում։ Աստված օգնել է նրանց, որ անհանգստանալու և տագնապելու փոխարեն՝ նրանք խաղաղության ու հանգստության այնպիսի զգացում ունենան, որը «գերազանցում է ամեն միտք»։ Դու էլ կարող ես այդ զգացումն ունենալ։ «Աստծու խաղաղությունը» ավելի զորեղ է, քան ցանկացած դժվարություն, որի կարող ես բախվել։ Ամբողջովին վստահիր մեր կարեկից Աստծու խոստմանը. «Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ» (Ես. 41։10

ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ

5. Աստծու Խոսքը ինչպե՞ս է ներքին խաղաղություն տալիս։

5 Ներքին խաղաղություն ձեռք բերելու երկրորդ միջոցն այն է, որ Աստվածաշնչից հատվածներ ընթերցես ու դրանց շուրջ խորհրդածես։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Աստծու Խոսքը գործնական խորհուրդներ պարունակող ուղեցույց է. այն կարող է օգնել, որ խուսափես անհանգստությունից, նվազեցնես կամ հաղթահարես այն։ Մի՛ մոռացիր, որ Աստվածաշնչում գրված են մեր Արարչի իմաստուն խոսքերը, այդ պատճառով այն օգնում և թարմացնում է մեզ։ Եթե խորհրդածես Աստծու մտքերի շուրջ և մտածես, թե ինչպես կիրառես Աստվածաշնչի գործնական խորհուրդները, դա քեզ շատ կզորացնի։ Հատկանշական է, որ Եհովան իր Խոսքի ընթերցանությունը կապեց «քաջ լինելու և շատ զորանալու» հետ. այն կօգնի, որ «չսարսափես ու չզարհուրես» (Հեսու 1։7–9

6. Հիսուսի խոսքերը ինչպե՞ս կարող են օգնել քեզ։

6 Աստծու Խոսքում կարդում ենք Հիսուսի մխիթարական խոսքերը։ Այն ամենը, ինչ նա ասում էր և սովորեցնում, թարմություն էր պարգևում նրան լսողներին։ Մարդիկ փափագում էին լինել նրա կողքին, քանի որ նա հանգստացնում էր տագնապած սրտերը, զորացնում էր թույլերին և մխիթարում վհատվածներին (կարդա Մատթեոս 11։28–30)։ Նա սիրով հոգում էր ուրիշների հոգևոր, էմոցիոնալ և ֆիզիկական կարիքները (Մարկ. 6։30–32)։ Հիսուսը խոստացավ աջակցել, և նրա խոստումը այսօր էլ ուժի մեջ է։ Նա կօգնի քեզ, ինչպես որ օգնում էր իր հետ ճամփորդող առաքյալներին։ Կարիք չկա, որ Հիսուսի հոգատարությունը զգալու համար բառացի գտնվես նրա կողքին։ Որպես երկնային Թագավոր՝ Հիսուսը շարունակում է կարեկցանք դրսևորել։ Ուստի երբ մտահոգված ես, նա, ողորմածությունից դրդված, օգնության է հասնում ճիշտ ժամանակին։ Այո՛, Հիսուսը կարող է օգնել, որ հաղթահարես անհանգստության զգացումը և լցվես հույսով ու քաջությամբ (Եբր. 2։17, 18; 4։16

 ՍՈՒՐԲ ՈԳԻՆ ԱՌԱՋ Է ԲԵՐՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

7. Ի՞նչ օգուտ կստանաս, երբ Աստված, պատասխանելով աղոթքներիդ, տա քեզ իր սուրբ ոգին։

7 Հիսուսը խոստացավ, որ մեր երկնային Հայրը իր սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն (Ղուկ. 11։10–13)։ Ոգու պտուղը երրորդ զորեղ միջոցն է, որ կարող է նվազեցնել անհանգստությունը։ Աստծու գործուն ուժը առաջ է բերում դրական հատկություններ, որոնք արտացոլում են Ամենակարողի էությունը (կարդա Գաղատացիներ 5։22, 23; Կող. 3։10)։ Եթե զարգացնես ոգու պտղի մաս կազմող հատկությունները, ավելի լավ փոխհարաբերություններ կունենաս ուրիշների հետ։ Արդյունքը կլինի այն, որ մտահոգություն առաջացնող շատ իրավիճակներ չեն ստեղծվի։ Համառոտ քննենք, թե այդ հատկություններն ինչպես կարող են քեզ օգնել։

8–12. Աստծու սուրբ ոգին ինչպե՞ս կարող է օգնել, որ դուրս գաս սթրեսային իրավիճակներից կամ խուսափես դրանցից։

8 «Սեր, ուրախություն, խաղաղություն»։ Եթե սիրով, հարգանքով ու ջերմությամբ վերաբերվես մարդկանց, անհանգստության պատճառները կնվազեն, քանի որ կխուսափես այնպիսի իրավիճակներից, որոնք գուցե բարկություն, հիասթափություն և սթրես առաջացնեն։ Բացի այդ, ավելի հեշտ կլինի խաղաղ հարաբերություններ պահպանել ուրիշների հետ (Հռոմ. 12։10

9 «Համբերատարություն, բարություն, առաքինություն»։ Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Իրար հանդեպ եղեք բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար» (Եփես. 4։32)։ Եթե գործես այս հորդորի համաձայն, ուրիշների հետ խաղաղ հարաբերություններ կունենաս և չես թողնի, որ մտահոգություն առաջացնող իրավիճակներ ստեղծվեն։ Նաև կկարողանաս ճիշտ վարվել այն իրավիճակներում, որոնք առաջանում են մարդկանց անկատարության պատճառով։

10 «Հավատ»։ Այսօր մեր մտահոգությունները հաճախ կապված են լինում փողի և ունեցվածքի հետ (Առակ. 18։11)։ Ուստի եթե ամուր հավատ ունենաս այն բանի հանդեպ, որ Եհովան սիրով հոգ կտանի քո մասին, կկարողանաս խուսափել անհանգստության զգացումից կամ հաղթահարել այն։ Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս «բավարարվել եղածով»։ Եթե այս խորհրդին հետևես, անհանգստանալու քիչ պատճառներ կունենաս։ Պողոսը ավելացնում է. «[Աստված] ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»։ Այնպես որ քաջությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»» (Եբր. 13։5, 6

11 «Մեղմություն, ինքնատիրապետում»։ Մտածիր, թե ինչ մեծ օգուտ կստանաս, եթե դրսևորես այս հատկությունները։ Այդ դեպքում չես ասի կամ անի այնպիսի բաներ, որոնք գուցե մտահոգության առիթ դառնան քեզ համար, նաև հեռու կմնաս «ամեն չարասիրտ դառնությունից, բարկությունից և զայրույթից, գոռգոռոցից և վիրավորական խոսքից» (Եփես. 4։31

12 Ինչ խոսք, խոնարհություն է հարկավոր «Աստծու հզոր ձեռքին» ապավինելու և «ամբողջ հոգսը նրա վրա գցելու» համար (1 Պետ. 5։6, 7)։ Խոնարհություն զարգացնելով՝ կհաճեցնես Եհովային և կվայելես նրա աջակցությունը (Միք. 6։8)։ Եթե իրատեսորեն գնահատես քո ֆիզիկական, էմոցիոնալ ու մտային կարողությունները և ապավինես Աստծուն, չափից շատ չես անհանգստանա։

«ԵՐԲԵՔ ՄԻ՛ ՄՏԱՀՈԳՎԵՔ»

13. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց՝ «երբեք մի՛ մտահոգվեք»։

13 Կարդա Մատթեոս 6։34։ Հիսուսը իմաստուն խորհուրդ տվեց. «Երբեք մի՛ մտահոգվեք»։ Ինչ խոսք, գուցե թվա, որ այս խորհրդին հետևելը դժվար է։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց այս խոսքերը։ Ըստ ամենայնի, նա չէր ուզում ասել, թե Աստծու ծառան իր կյանքի ընթացքում անհանգստության զգացում չի ունենա. օրինակ՝ մենք խոսեցինք Դավթի և Պողոսի մասին։ Հիսուսն ուզում էր՝ իր աշակերտները հասկանան, որ չափից շատ կամ անտեղի անհանգստանալով՝ նրանք իրենց խնդիրները չեն լուծի։ Յուրաքանչյուր օր իր խնդիրներն է բերում, ուստի քրիստոնյաները չպետք է  այսօրվա մտահոգություններին ավելացնեն անցյալի կամ ապագայի հետ կապված անհանգստություններ։ Ինչպե՞ս կարող ես կիրառել Հիսուսի խորհուրդը և ազատվել անհանգստության ուժասպառ անող զգացումից։

14. Ի՞նչ կարող ես անել, եթե անհանգստանում ես անցյալիդ պատճառով։

14 Անհանգստության պատճառ կարող են լինել մարդու՝ նախկինում գործած արարքները կամ սխալները։ Տարիներ հետո նրան դեռ կարող է տանջել մեղավորության զգացումը։ Երբեմն այսպիսի զգացողություն էր ունենում Դավիթ թագավորը։ Նա գրեց. «Անօրենություններս գլխիցս վեր են բարձրացել»։ Ապա ավելացրեց. «Ոռնում եմ սրտիս հեծությունից» (Սաղ. 38։3, 4, 8, 18)։ Այս իրավիճակում ի՞նչը իմաստուն քայլ կլիներ։ Ի՞նչ արեց Դավիթը։ Նա վստահությամբ լցվեց, որ Եհովան ողորմություն ու ներողամտություն կդրսևորի իր նկատմամբ։ Արտահայտելով իր համոզվածությունը՝ նա ասաց. «Երջանիկ է այն մարդը, ում հանցանքը ներված է» (կարդա Սաղմոս 32։1–3, 5

15. ա) Ինչո՞ւ չպետք է անհանգստանաս ներկայի համար։ բ) Ի՞նչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել անհանգստությունը նվազեցնելու համար (տես « Անհանգստությունը նվազեցնելու գործնական քայլեր» շրջանակը)։

15 Երբեմն ներկան էլ կարող է անհանգստության պատճառ լինել։ Օրինակ՝ 55-րդ սաղմոսը գրելիս Դավիթը վախենում էր իր կյանքի համար (Սաղ. 55։2–5)։ Սակայն նա թույլ չտվեց, որ անհանգստության զգացումը քայքայի Եհովայի հանդեպ իր ունեցած վստահությունը։ Դավիթը ջերմեռանդորեն աղոթում էր Եհովային ու պատմում իր խնդիրները, բայց միևնույն ժամանակ հասկանում էր, որ կարևոր է գործնական քայլեր ձեռնարկել անհանգստություն առաջացրած խնդիրը լուծելու համար (2 Սամ. 15։30–34)։ Հետևիր Դավթի օրինակին։ Մի՛ թող, որ անհանգստության զգացումը խեղդի քեզ, փոխարենը՝ արա այն ամենը, ինչ կարող ես՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ապա վստահություն դրսևորելով՝ խնդիրներդ Եհովայի ձեռքը հանձնիր։

16. Աստծու անվան նշանակությունը ինչպե՞ս է զորացնում քո հավատը։

16 Անտեղի անհանգստություն հաճախ առաջանում է այն դեպքում, երբ քրիստոնյան, մտածելով ապագա հնարավոր խնդիրների մասին, սկսում է տանջվել։ Սակայն կարիք չկա, որ չափից շատ անհանգստանաս այն իրադարձությունների համար, որոնց մասին ոչինչ չգիտես։ Ինչո՞ւ։ Որովհետև հաճախ այն, ինչից վախենում ենք, այնքան վատ չի լինում, որքան պատկերացնում ենք։ Բացի այդ, չկա մի իրավիճակ, որ դուրս լինի Աստծու վերահսկողությունից, ում վրա կարող ես գցել ամբողջ հոգսդ։ Չէ՞ որ նրա անունը նշանակում է «նա դարձնում է» (Ելք 3։14)։ Աստծու խորիմաստ անվան նշանակությունը հասկանալով՝ վստահությամբ ենք լցվում, որ նա լիովին ունակ է իր ծառաների առնչությամբ իր ունեցած նպատակներն իրականացնել։ Վստահ եղիր, որ Աստված կարող է վարձատրել իր հավատարիմ ծառաներին և օգնել հաղթահարելու անցյալի, ներկայի ու ապագայի հետ կապված անհանգստությունները։

ԽՈՍԻՐ ՎՍՏԱՀԵԼԻ ԵՎ ՄՏԵՐԻՄ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

17, 18. Լավ հաղորդակցությունը ինչպե՞ս կարող է օգնել, որ հաղթահարես անհանգստության զգացումը։

17 Չորրորդ միջոցը, որ կօգնի քեզ հաղթահարել անհանգստության զգացումը,  լավ հաղորդակցությունն է՝ մտերիմ և վստահելի անձնավորության հետ զգացումներիդ մասին խոսելը։ Կողակիցդ, մտերիմ ընկերդ կամ ժողովի երեցներից մեկը կարող են օգնել, որ նոր լույսի ներքո նայես այն ամենին, ինչը քեզ անհանգստություն է պատճառում։ «Անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը, բայց բարի խոսքը ուրախացնում է այն» (Առակ. 12։25)։ Անկեղծ զրույցը կօգնի, որ ավելի լավ հասկանաս քեզ մտահոգող իրավիճակը և հաղթահարես անհանգստության զգացումդ։ Աստվածաշնչում գրված է. «Անկեղծ զրույց չլինելիս ծրագրերը խափանվում են, բայց խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում» (Առակ. 15։22

18 Եհովան նաև ժողովի հանդիպումների միջոցով է քրիստոնյաներին օգնում հաղթահարել անհանգստության զգացումը։ Ամեն շաբաթ անցկացվող այս հանդիպումներին դու հնարավորություն ունես շփվելու հավատակիցներիդ հետ, որոնք մտահոգվում են քո մասին և ուզում են քաջալերել միմյանց (Եբր. 10։24, 25)։ Այս «փոխադարձ քաջալերությունը» քեզ հոգևոր լիցք կհաղորդի, և քեզ համար ավելի հեշտ կլինի պայքարել անհանգստության զգացման դեմ (Հռոմ. 1։12

ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԶՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ

19. Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններդ քեզ կզորացնեն։

19 Այժմ տեսնենք, թե Կանադայում ապրող մի երեց ինչպես հասկացավ՝ որքան կարևոր է հոգսը Եհովայի վրա գցել։ Նա դպրոցում աշխատում է որպես ուսուցիչ և խորհրդատու, ինչը սթրեսային աշխատանք է։ Բացի այդ, նա տագնապային խանգարում ունի։ Ինչպե՞ս է այս եղբայրը հաղթահարում իր դժվարությունները։ Նա պատմում է. «Էմոցիոնալ խնդիրներիս դեմ պայքարում ինձ ամենից շատ օգնում է այն, որ մեծ ջանքեր եմ թափում Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններս ամրացնելու։ Իսկական ընկերների և հոգևոր եղբայրների աջակցությունը անչափ կարևոր է անհանգստության պահերին։ Կնոջս հետ անկեղծորեն խոսում եմ զգացումներիս մասին։ Երեցներն ու շրջանային վերակացուն ինձ շատ օգնեցին, որ ուրիշ աչքով նայեմ խնդիրներիս։ Նաև բժշկի դիմեցի, իմ գրաֆիկում փոփոխություններ մտցրի և ժամանակ հատկացրի հանգստին ու ֆիզիկական վարժություններին։ Աստիճանաբար սովորեցի ավելի լավ վերահսկել իրավիճակը։ Եթե մի բան իմ վերահսկողությունից վեր է, այն հանձնում եմ Եհովայի ձեռքը»։

20. ա) Ինչպե՞ս կարող ենք մեր հոգսը Եհովայի վրա գցել։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

20 Այսպիսով՝ մենք տեսանք, թե ինչպես կարող ենք մեր հոգսը Եհովայի վրա գցել սրտագին աղոթքի, Աստվածաշունչն ընթերցելու և կարդացածի շուրջ խորհրդածելու միջոցով։ Բացի այդ, քննեցինք, թե ինչ մեծ օգուտ կքաղենք, եթե զարգացնենք սուրբ ոգու պտղի հատկությունները, մեր զգացումների մասին խոսենք վստահելի ու մտերիմ անձնավորության հետ և ուժ ստանանք հավատակիցների հետ շփումից։ Հաջորդ հոդվածում կտեսնենք, թե ուրիշ ինչ կերպով է Եհովան մեզ աջակցում. կխոսենք վարձատրություն ստանալու հույսի մասին (Եբր. 11։6