Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԴԵԿՏԵՄԲԵՐ 2016

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղա»

«Ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղա»

«Եթե մկրտվես, կհեռանամ քեզանից»։ Այսպես հայրս սպառնաց մորս։ Չնայած այս սպառնալիքին՝ մայրս հետ չկանգնեց իր որոշումից և նվիրվելով Եհովա Աստծուն՝ մկրտվեց։ Հայրս հեռացավ, ինչպես որ ասել էր։ 1941 թվականն էր։ Այդ ժամանակ ես ընդամենը ութ տարեկան էի։

ՄԻՆՉ այդ իմ մեջ արդեն հետաքրքրություն էր առաջացել աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ։ Մայրս Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններ էր ձեռք բերել, և ինձ շատ էր գրավել դրանց բովանդակությունը, հատկապես նկարները։ Հայրս չէր ուզում, որ նա ինձ հետ խոսեր իր սովորածի մասին։ Սակայն ես շատ հետաքրքրասեր էի և հարցեր էի տալիս, ուստի մայրս ուսումնասիրում էր ինձ հետ, երբ հայրս տանը չէր լինում։ Արդյունքում ես էլ որոշեցի կյանքս նվիրել Եհովային։ 1943 թ.-ին, երբ տասը տարեկան էի, մկրտվեցի Բլեկպուլում (Անգլիա)։

ՍԿՍՈՒՄ ԵՄ ԾԱՌԱՅԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

Այդ ժամանակվանից սկսած՝ ես ու մայրս միասին կանոնավորաբար մասնակցում էինք քարոզչական ծառայությանը։ Աստվածաշնչյան լուրը հայտնելու համար օգտագործում էինք ֆոնոգրաֆներ։ Դրանք մեծ չափսեր ունեին և կշռում էին մոտ 4,5 կիլոգրամ։ Պատկերացրեք, թե ինձ պես փոքր տղան ինչպես էր քարշ տալիս այդ սարքը։

Երբ 14 տարեկան էի, ցանկացա ռահվիրայություն սկսել։ Մայրս ասաց, որ նախ խոսեմ եղբայրներին ծառայողի հետ (այժմ կոչվում է շրջանային վերակացու)։ Եղբայրը խորհուրդ  տվեց, որ ինչ-որ մասնագիտություն ստանամ, որպեսզի ռահվիրա ծառայելիս կարողանամ ծախսերս հոգալ։ Ես հետևեցի նրա խորհրդին։ Երկու տարի աշխատելուց հետո մեկ ուրիշ շրջանային վերակացուից խորհուրդ հարցրի ռահվիրայություն սկսելու մասին։ Նա ասաց, որ կարող եմ սկսել։

Այդպիսով՝ 1949 թ. ապրիլին ես ու մայրս մեր կահույքի մի մասը վաճառեցինք, մի մասն էլ տվեցինք ուրիշներին և վարձակալած տնից տեղափոխվեցինք Միդլթոն (Մանչեստրի մոտ գտնվող քաղաք), որտեղ սկսեցինք ծառայել որպես ռահվիրա։ Չորս ամիս անց մի եղբոր առաջարկեցի լինել իմ ծառայակիցը։ Մասնաճյուղը մեզ խորհուրդ տվեց տեղափոխվել Էռլամում նոր կազմավորված ժողով։ Իսկ մայրս մի քրոջ հետ ռահվիրայություն էր անում մեկ ուրիշ ժողովում։

Թեպետ ընդամենը 17 տարեկան էի, ինձ ու ծառայակցիս նշանակեցին անցկացնելու ժողովի հանդիպումները, քանի որ այնտեղ համապատասխան որակներ ունեցող եղբայրները քիչ էին։ Որոշ ժամանակ անց ինձ առաջարկեցին տեղափոխվել Բաքստոնի ժողով, որտեղ շատ քիչ էին քարոզիչները և օգնության կարիք կար։ Այդ վաղ տարիներին շատ բան սովորեցի, ինչը ինձ նախապատրաստեց ապագա նշանակումների համար։

Ազդարարում ենք հանրային ելույթի մասին (Ռոչեստեր, Նյու Յորք, 1953)

1951 թ.-ին Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում սովորելու դիմում լրացրի։ Սակայն 1952-ի դեկտեմբերին զորակոչվեցի։ Փորձեցի որպես լիաժամ կրոնական ծառայող ազատվել զինծառայությունից, սակայն դատարանը ինձ չճանաչեց որպես կրոնական  ծառայող և դատապարտեց 6 ամսվա ազատազրկման։ Երբ բանտում էի, «Գաղաադ» դպրոցի 22-րդ դասարանում սովորելու հրավեր ստացա։ Եվ այդպես 1953-ի հուլիսին «Ջորջիկ» նավով ուղևորվեցի Նյու Յորք։

Ժամանելով Նյու Յորք՝ հնարավորություն ունեցա ներկա լինելու «Նոր աշխարհի հասարակությունը» համաժողովին։ Ապա գնացքով ուղևորվեցի դեպի Սաութ Լանսինգ (Նյու Յորք նահանգ), որտեղ գտնվում էր դպրոցը։ Քանի որ բանտից նոր էի դուրս եկել, շատ քիչ փող ունեի։ Գնացքից հետո դեռ պետք է երթուղային ավտոբուս նստեի։ Ուղեվարձը վճարելու համար ստիպված եղա մեկ ուրիշ ուղևորից 25 ցենտ պարտքով վերցնել։

ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ԵՄ ԱՅԼ ԵՐԿԻՐ

«Գաղաադ» դպրոցում հրաշալի կրթություն ստացանք։ Այնտեղ սովորեցինք, թե ինչպես միսիոներական գործում «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ լինենք» (1 Կորնթ. 9։22)։ Մեզնից երեքին՝ Փոլ Բրունին, Ռեյմոնդ Լիչին և ինձ, նշանակեցին Ֆիլիպիններ։ Վիզաները ստացանք մի քանի ամիս հետո։ Ապա նավով ուղևորվեցինք մեր նշանակման վայր։ Մեր երթուղին անցնում էր Ռոտերդամով, Միջերկրական ծովով, Սուեզի ջրանցքով, Հնդկական օվկիանոսով, Մալայզիայով, Հոնկոնգով։ 47 օր ծովում անցկացրինք։ Վերջապես 1954-ի նոյեմբերի 19-ին հասանք Մանիլա (Ֆիլիպիններ)։

Միսիոներ ծառայակիցս՝ Ռեյմոնդ Լիչը, և ես ուղևորվում ենք Ֆիլիպիններ

Սկսեցինք հարմարվել տեղի ժողովրդին, երկրին ու լեզվին։ Սկզբում երեքիս նշանակեցին Կեսոն Սիթիում գտնվող մի ժողով։ Այդ քաղաքում շատերը անգլերեն էին խոսում։ Անցավ վեց ամիս, բայց մենք ընդամենը մի քանի բառ էինք սովորել տագալոգ լեզվով։ Մեր մյուս նշանակումը շտկելու էր այդ իրավիճակը։

1955-ի մայիսն էր. մի օր, երբ ես ու եղբայր Լիչը ծառայությունից եկանք տուն, մեր սենյակում նամակներ էին դրված։ Դրանցից տեղեկացանք, որ նշանակվել ենք որպես շրջանային վերակացուներ։ Ես ընդամենը 22 տարեկան էի։ Այդ նշանակումը ինձ նոր հնարավորություններ տվեց, որ «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ լինեմ»։

Հանրային ելույթ եմ ներկայացնում բիկոլ լեզվով անցկացվող շրջանային համաժողովին

Օրինակ՝ որպես շրջանային վերակացու՝ առաջին հանրային ելույթս ներկայացրի դրսում՝ գյուղական խանութի առաջ։ Շուտով իմացա, որ Ֆիլիպիններում այդ ժամանակ ընդունված էր հանրային ելույթը բառիս բուն իմաստով հանրայնորեն ներկայացնել։ Երբ ինձ նշանակված շրջանում այցելում էի տարբեր ժողովներ, ելույթներ էի ունենում տաղավարներում, շուկաներում, այդ բնակավայրերի ղեկավար մարմինների շենքերի դիմաց, բասկետբոլի դաշտերում, զբոսայգիներում, հաճախ էլ՝ փողոցների անկյուններում։ Մի անգամ, երբ Սան Պաբլո քաղաքում էի, տեղատարափ անձրևի պատճառով չկարողացա ելույթ ունենալ շուկայում, ուստի տեղի պատասխանատու եղբայրներին առաջարկեցի ելույթս ներկայացնել Թագավորության սրահում։ Հետո եղբայրները հարցրին, թե հաշվետվություն ներկայացնելիս արդյոք կարող են գրել, որ դա հանրային հանդիպում էր, չէ՞ որ այն չէր անցկացվել հանրային վայրում։

Երբ այցելում էի ժողովներ, միշտ մնում էի եղբայրների տներում։ Թեև դրանք հասարակ տներ էին, բայց միշտ մաքուր էին։ Հաճախ քնում էի փայտե հատակին փռած խսիրի վրա։ Քանի որ լոգանք ընդունելու հարմարությունները թույլ չէին տալիս դա մեկուսի անել, սովորեցի բացօթյա պայմաններում շորերով լողանալ։ Տեղից տեղ գնալու համար ճանապարհորդում էի ավտոբուսով կամ «ջիպնի» կոչվող տրանսպորտային միջոցով, երբեմն էլ, երբ ուրիշ կղզիներ պետք է գնայի, նավակ էի նստում։ Երբեք մեքենա չեմ ունեցել։

Տագալոգ լեզուն սովորելու համար երբեք դասընթացների չեմ մասնակցել։ Այն սովորել եմ ժողովի հանդիպումների և քարոզչական ծառայության ժամանակ ուշադիր լսելով։ Եղբայրները ուզում էին օգնել ինձ այդ հարցում, և ես շատ էի գնահատում նրանց համբերատարությունն ու անկեղծ դիտողությունները։

Ամեն անգամ, երբ նոր նշանակումներ էի ստանում, հասկանում էի, որ դեռ կան բաներ, որոնց պետք է հարմարվեմ։ 1956 թ.-ին՝ եղբայր Նաթան Նորի այցելության ժամանակ, ինձ հանձնարարեցին երկրի մասշտաբով անցկացվող համաժողովի ընթացքում զբաղվել  հասարակայնության հետ կապերով։ Ես փորձ չունեի, բայց ուրիշները պատրաստակամորեն օգնեցին ինձ սովորելու։ Մի տարի չանցած՝ երկրի մասշտաբով մեկ ուրիշ համաժողով կազմակերպվեց, որին այցելեց Ֆրեդերիկ Ֆրանցը՝ գլխավոր վարչությունից։ Այդ ժամանակ ծառայում էի որպես համաժողովի վերակացու։ Տեսնելով, թե եղբայր Ֆրանցը որքան պատրաստակամ էր հարմարվելու մարդկանց՝ շատ բան սովորեցի։ Օրինակ՝ տեղի եղբայրները շոյվեցին՝ տեսնելով, որ եղբայր Ֆրանցը հանրային ելույթ ներկայացնելիս հագել է «բարոնգ տագալոգ» կոչվող ֆիլիպինյան ազգային զգեստ։

Երբ մարզային վերակացու նշանակվեցի, պետք է ավելի շատ հարմարվեի։ Այդ ժամանակ մենք ցուցադրում էինք «Նոր աշխարհի ուրախ հասարակությունը» ֆիլմը։ Դա մեծ մասամբ անում էինք բացօթյա հանրային վայրերում։ Երբեմն մեզ խանգարում էին միջատները։ Նրանց գրավում էր պրոյեկտորի լույսը, և նրանք լցվում էին այդ սարքի մեջ։ Ուստի վերջում ստիպված էինք լինում մաքրել պրոյեկտորը։ Այդպիսի ցուցադրումներ կազմակերպելը հեշտ չէր, սակայն բավարարվածություն էինք ստանում՝ տեսնելով մարդկանց լավ արձագանքը, երբ նրանք ծանոթանում էին Եհովայի միջազգային կազմակերպությանը։

Կաթոլիկ քահանաները ճնշում էին բանեցնում տեղի իշխանությունների վրա, որպեսզի մեզ թույլտվություն չտան համաժողովներ անցկացնելու։ Իսկ երբ ելույթները ներկայացվում էին եկեղեցիների մերձակայքում, մեզ խանգարելու համար հնչեցնում էին եկեղեցու  զանգերը։ Չնայած դրան՝ մեր գործն առաջ էր գնում, և այդ տարածքներում ապրող շատ մարդիկ այսօր Եհովային են երկրպագում։

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ, ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1959 թ.-ին մի նամակ ստացա, որտեղ ասվում էր, որ նշանակվել եմ ծառայելու մասնաճյուղում։ Նոր նշանակումը սովորելու նոր հնարավորություններ բացեց իմ առաջ։ Որոշ ժամանակ անց ինձ խնդրեցին զոնալ այցելություններ կատարել այլ երկրներ։ Այցելություններից մեկի ժամանակ ծանոթացա Թաիլանդում ծառայող մի միսիոների՝ Ջանետ Դումոնդի հետ։ Որոշ ժամանակ մենք նամակագրական կապ էինք պահպանում, իսկ ավելի ուշ ամուսնացանք։ Արդեն 51 տարի է՝ որպես ամուսնական զույգ մեծ ուրախությամբ ծառայում ենք Եհովային։

Ջանետի հետ՝ Ֆիլիպինյան կղզիներից մեկում

Մինչ օրս հնարավորություն եմ ունեցել այցելելու 33 երկիր և վայելելու Եհովայի ժողովրդի հետ շփումը։ Որքա՜ն երախտապարտ եմ այն բանի համար, որ իմ նախկին նշանակումները ինձ օգնեցին նախապատրաստվելու այն դժվարություններին, որ կարող էի ունենալ այդքան բազմազան մարդկանց հետ առնչվելիս։ Այդ այցելությունները ինձ օգնեցին ավելի ընդլայնելու իմ մտահորիզոնը և տեսնելու, թե ինչպես է Եհովայի սերը դրսևորվում ամեն տեսակ մարդկանց հանդեպ (Գործ. 10։34, 35

Կանոնավորաբար մասնակցում ենք քարոզչական ծառայությանը

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ՀԱՐՄԱՐՎԵԼ

Մեծ հաճույք եմ ստանում՝ ծառայելով Ֆիլիպիններում ապրող մեր եղբայրների հետ։ Այժմ քարոզիչների թիվը մոտ տասն անգամ ավելի է, քան այն ժամանակ, երբ եկա այստեղ։ Ես ու Ջանետը շարունակում ենք միասին ծառայել Ֆիլիպինների մասնաճյուղում, որը գտնվում է Կեսոն Սիթիում։ Թեև ավելի քան 60 տարի է, ինչ օտարերկրյա նշանակման մեջ եմ, պետք է պատրաստ լինեմ հարմարվելու ցանկացած բանի, որ Եհովան կասի։ Կազմակերպության մեջ վերջերս տեղի ունեցած փոփոխությունների պատճառով անհրաժեշտություն է առաջանում, որ Աստծուն ու մեր եղբայրներին մատուցվող ծառայության մեջ միշտ ճկուն լինենք։

Ուրախանում ենք՝ տեսնելով վկաների թվի աճը

Մենք ջանում ենք ընդունել ցանկացած բան, ինչը տեսնում ենք՝ Եհովայի կամքով է. այդպիսի կյանքն է մեզ ամենից շատ բավարարվածության զգացում տալիս։ Նաև փորձում ենք այժմ էլ հարմարվող լինել և լավագույնս ծառայել մեր եղբայրներին։ Այո՛, մենք վճռել ենք «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ լինել», որքան որ Եհովան կկամենա։

Մինչ օրս ծառայում ենք Կեսոն Սիթիում գտնվող մասնաճյուղում