Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԱՊՐԻԼ 2016

«Տոկունությունը թող ամբողջացնի իր գործը»

«Տոկունությունը թող ամբողջացնի իր գործը»

«Տոկունությունը թող ամբողջացնի իր գործը, որպեսզի դուք կատարյալ և անարատ լինեք ամեն ինչում և ոչ մի բանի պակասություն չունենաք» (ՀԱԿ. 1։4

ԵՐԳ 135, 139

1, 2. ա) Ի՞նչ ենք սովորում Գեդեոնի և նրա 300 մարտիկների օրինակից (տես 13-րդ էջի նկարը)։ բ) Ղուկաս 21։19-ի համաձայն՝ ինչո՞ւ է տոկունությունը կարևոր։

ՄԱՐՏԸ թեժ էր։ Ամբողջ գիշեր Իսրայելի բանակը Գեդեոնի գլխավորությամբ մոտ 32 կիլոմետր հետապնդեց թշնամու՝ մադիանացիների և նրանց դաշնակիցների զորքին։ Աստվածաշունչը պատմում է, թե ինչ եղավ հետո. «Գեդեոնը և իր հետ եղող երեք հարյուր մարդիկ եկան Հորդանանի մոտ ու անցան գետը. թեպետ նրանք հոգնած էին, բայց շարունակեցին հետապնդել իրենց թշնամիներին»։ Սակայն Գեդեոնն ու իր զինվորները պատերազմը դեռ չէին հաղթել, քանի որ թշնամուց 15000 զինվոր էր մնացել։ Տարիներ շարունակ մադիանացիները կեղեքել էին իսրայելացիներին. ուստի ժամանակը չէր զենքը ցած դնելու։ Թշնամուն ոչնչացնելու համար իսրայելացիները «շարունակեցին հետապնդել» և Մադիանին հպատակեցրին (Դատ. 7։22; 8։4, 10, 28

2 Մենք նույնպես մարտնչում ենք անողոք պատերազմում։ Մեր թշնամիներն են Սատանան, նրա աշխարհը և մեր իսկ անկատարությունը։ Մեզանից ոմանք արդեն տասնամյակներ է, ինչ այդ պայքարի մեջ են, սակայն Եհովայի օգնությամբ մենք հաղթանակներ ենք տարել։ Հնարավոր է՝ երբեմն հոգնենք պայքարելուց և այս համակարգի վախճանին սպասելուց։ Բայց հիշենք,  որ «պատերազմը» դեռ ավարտված չէ։ Հիսուսը զգուշացրեց, որ վերջին օրերում մեզ կհալածեն ու դաժան վերաբերմունքի կարժանացնեն։ Սակայն նաև ասաց, որ կհաղթենք, եթե տոկանք (կարդա Ղուկաս 21։19)։ Իսկ ի՞նչ է տոկունությունը։ Ի՞նչը կօգնի, որ տոկանք։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանցից, ովքեր տոկունություն են դրսևորել։ Եվ ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ տոկունությունը «ամբողջացնի իր գործը» (Հակ. 1։4

Ի՞ՆՉ Է ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

3. Ի՞նչ է տոկունությունը։

3 Աստվածաշնչում տոկունությունն ավելին է նշանակում, քան պարզապես փորձություններին և դժվարություններին դիմանալը։ Այս հատկությունը կապված է սրտի, մտքի և վարվելակերպի հետ, այն բանի հետ, թե ինչպես ենք արձագանքում դժվարություններին։ Տոկունություն դրսևորելու համար պահանջվում է նաև քաջություն, հաստատակամություն և համբերություն։ Տոկունությունը, ըստ մի աշխատության, մարդու «այն ոգին է, որով նա դիմանում է դժվարություններին ոչ թե իր վիճակի հետ հաշտվելով, այլ բոցավառվող հույս ունենալով.... Դա մի հատկություն է, որի շնորհիվ մարդը կարողանում է քամու դեմ կանգնած մնալ։ Մի արժանիք է, որն օգնում է ցավի հետևում տեսնել նպատակը և ամենածանր փորձությունը հաղթանակի է վերածում»։

4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ սերն է մղում տոկալ։

4 Քրիստոնյային սերն է մղում տոկալ (կարդա 1 Կորնթացիներ 13։4, 7)։ Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ դիմանալ ցանկացած դժվարության, որ հանդիպում ենք նրա կամքը կատարելիս (Ղուկ. 22։41, 42)։ Եղբայրների հանդեպ սերը օգնում է մեզ հանդուրժել նրանց անկատարությունը (1 Պետ. 4։8)։ Իսկ սերը կողակցի հանդեպ ամրացնում է ամուսնական միությունը և օգնում է կրել այն «դժվարությունները», որ ունենում են նույնիսկ երջանիկ զույգերը (1 Կորնթ. 7։28

Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ ՔԵԶ ՏՈԿԱԼ

5. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան միակն է, ով գիտի, թե ինչ է մեզ անհրաժեշտ տոկալու համար։

5 Եհովայից զորություն խնդրիր։ Եհովան «տոկունություն և մխիթարություն տվող» Աստված է (Հռոմ. 15։5)։ Նա ոչ միայն գիտի, թե ինչ խնդիրների ենք մենք բախվում, այլև լիովին հասկանում է, թե ինչպես են մեր էմոցիաները, միջավայրը և նույնիսկ ժառանգած գեները ազդում մեզ վրա։ Նա միակն է, ով գիտի, թե ինչ է մեզ անհրաժեշտ տոկալու համար։ Աստվածաշունչն ասում է. «Նա կկատարի իրենից վախեցողների փափագը, կլսի նրանց օգնության կանչն ու կփրկի նրանց» (Սաղ. 145։19)։ Իսկ ինչպե՞ս Եհովան կօգնի մեզ տոկալ։

6. Ինչպե՞ս է Եհովան փորձությունների ժամանակ «ելքը տալիս»։

6 Կարդա 1 Կորնթացիներ 10։13։ Երբ խնդրում ենք Եհովային, որ օգնի մեզ հաղթահարել փորձությունները, նա «տալիս է ելքը»։ Արդյոք նա փոխո՞ւմ է իրավիճակը, որպեսզի հեռացնի փորձությունը։ Որոշ դեպքերում՝ գուցե։ Սակայն հաճախ նա տալիս է ելքը, «որպեսզի կարողանանք տոկալ»։ Այո՛, Եհովան զորացնում է մեզ, որպեսզի «կարողանաք ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել» (Կող. 1։11)։ Քանի որ նա շատ լավ գիտի, թե մենք ինչի ենք ունակ ֆիզիկական, մտային և զգացական առումներով, երբեք թույլ չի տա, որ փորձությունն այն աստիճան սաստկանա, որ չկարողանանք պահել մեր հավատարմությունը։

7. Օրինակով բացատրիր, թե տոկալու համար ինչու է անհրաժեշտ հոգևոր սնունդը։

7 Սնիր հավատդ հոգևոր կերակուրով։ Էվերեստ բարձրանալու համար, որը աշխարհի ամենաբարձր լեռն է, ալպինիստը օրական 6000 կալորիա է ծախսում՝ զգալիորեն ավելի շատ, քան մեր օրգանիզմը պահանջ ունի ստանալու։ Ուստի չհանձնվելու և իր նպատակակետին հասնելու համար նա պետք է հնարավորինս շատ կալորիա ընդունի։ Նույն ձևով էլ մենք, որպեսզի  տոկանք և հասնենք մեր նպատակակետին, պետք է հոգևորապես կանոնավորաբար և հնարավորինս շատ սնվենք։ Դրա համար ինքնակարգապահություն է անհրաժեշտ, որպեսզի ժամանակ տրամադրենք ընթերցանությանը, ուսումնասիրությանը և ժողովների հանդիպումներին։ Դրանց միջոցով մենք կսնենք մեր հավատը «այն ուտելիքով, որը մնայուն է և հավիտենական կյանք է տալիս» (Հովհ. 6։27

8, 9. ա) Հոբ 2։4, 5 խոսքերի համաձայն՝ ո՞ր կարևոր հարցն է կանգնած մեր փորձությունների հետևում։ բ) Երբ փորձության մեջ ես, ի՞նչ տեսարան լավ կլինի՝ պատկերացնես։

8 Հիշիր անարատության հարցը։ Երբ Եհովայի ծառան փորձության է ենթարկվում, հնարավոր է ծանր տառապանքներ կրի։ Սակայն պետք է հիշի, թե ինչ կարևոր հարց է կանգնած այդ փորձության հետևում։ Մեր արձագանքը ցույց կտա, թե արդյոք Եհովային իսկապես ընդունում ենք որպես Գերիշխանի։ Սատանան՝ Եհովայի գերիշխանության թշնամին, դարեր առաջ հեգնանքով ասաց. «Մարդն իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու փոխարեն։ Սակայն ձեռքդ մեկնիր, խնդրեմ, և դիպիր [Հոբի] ոսկորին ու նրա մարմնին և տես, թե արդյոք երես առ երես չի՞ անիծի քեզ» (Հոբ 2։4, 5)։ Ըստ Սատանայի՝ ոչ ոք չի ծառայում Եհովային անշահախնդիր սիրուց մղված։ Փոխե՞լ է նա իր տեսակետը։ Բոլորովի՛ն։ Երկնքից վռնդվելիս նա դեռ կոչվում էր «մեր եղբայրներին մեղադրող», ով «օր ու գիշեր մեղադրում էր նրանց մեր Աստծու առաջ» (Հայտն. 12։10)։ Սատանան չի մոռացել իր բարձրացրած հարցը։ Նա փափագում է, որ մենք հանձնվենք փորձությունների ժամանակ և թիկունք դարձնենք Աստծու գերիշխանությանը։

9 Երբ փորձությունների մեջ ես, պատկերացրու հետևյալ տեսարանը։ Սատանան ու նրա դևերը, մի կողմում կանգնած, նայում են քեզ ու պնդում, թե ճնշման տակ դու չես դիմանա, հանձնվելու ես։ Մյուս կողմում Եհովան է, նրա գահակալված Որդին, հարություն առած օծյալները և բյուրավոր հրեշտակները։ Նրանք ոգևորում են քեզ, քանի որ ուրախանում են՝ տեսնելով, թե ինչպես ես ամեն օր տոկում և թիկունք կանգնում Եհովայի գերիշխանությանը։ Պատկերացրու՝ Եհովան անձամբ քեզ ասում է. «Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ նրան, ով չարախոսում է ինձ» (Առակ. 27։11

10. Փորձությունների մեջ լինելիս ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։

10 Մտքումդ պահիր տոկունության վարձատրությունը։ Ենթադրենք՝ ճանապարհորդության ընթացքում կանգ ես առնում երկար թունելի մեջտեղում։ Չորս կողմդ մութ է։ Սակայն գիտես, որ եթե շարունակես ճանապարհդ, ի վերջո թունելի մյուս ծայրից լույս կերևա։ Այսօր գուցե խնդիրներն այնքան ծանրանան, որ թվա, թե անելանելի վիճակում ենք՝ չորս կողմը մութ է։ Հնարավոր է՝ նույնիսկ Հիսուսն է այդպես զգացել։ Նա ստորացվեց «մեղավորների թշնամական խոսքերով», նույնիսկ «տանջանքի ցցի» վրա մահվան դատապարտվեց. սա նրա երկրային կյանքի «ամենամութ» պահն էր։ Սակայն Հիսուսը այդ ամենին տոկաց «իր առաջ դրված ուրախության համար» (Եբր. 12։2, 3)։ Նա իր ուշադրության կենտրոնում պահում էր տոկունության վարձատրությունը, հատկապես Աստծու անվան սրբացման և նրա գերիշխանության արդարացման մեջ իր դերը։ Հիսուսի փորձությունները ժամանակավոր էին, իսկ երկնային վարձատրությունը՝ հավիտենական։ Ներկայիս փորձությունները գուցե աներևակայելի ցավ պատճառեն քեզ։ Բայց հիշիր, որ հավիտենական կյանքի ճանապարհին հանդիպող նեղությունները ժամանակավոր են։

«ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՏՈԿԱՑԻՆ»

11. Ինչո՞ւ արժե քննել նրանց օրինակը, ովքեր տոկացել են։

11 Մենք միայնակ չենք։ Քրիստոնյաներին քաջալերելու համար, որպեսզի տոկան Սատանայի փորձություններին, Պետրոս առաքյալը գրեց. «Դուք ամուր հավատով դեմ կանգնեք նրան՝ իմանալով, որ  նույնանման չարչարանքներ նաև ձեր ողջ եղբայրությունն է կրում աշխարհում» (1 Պետ. 5։9)։ Նրանց օրինակը, ովքեր տոկացել են, սովորեցնում է մեզ անսասան մնալ, վստահեցնում է, որ մենք էլ կարող ենք տոկալ, և հիշեցնում է, որ մեր հավատարմությունը կվարձատրվի (Հակ. 5։11)։ Եկեք Աստվածաշնչից քննենք տոկունության մի քանի օրինակ։ [1]

12. Ի՞նչ կարող ենք սովորել Եդեմի պարտեզը հսկող քերովբեներից։

12 Քերովբեներ։ Քերովբեները ոգեղեն արարածներից առաջինն էին, որ երևացին մարդկանց։ Նրանց տոկունության օրինակը կարող է օգնել մեզ, երբ դժվար հանձնարարություն ենք ստանում։ Կարդում ենք, որ Եհովա Աստված «Եդեմի պարտեզի արևելյան կողմում քերովբեներ կանգնեցրեց ու բոցավառվող սայր ունեցող սուր դրեց, որն անդադար պտտվում էր։ Սա արեց կյանքի ծառը տանող ճանապարհը պահպանելու համար» [2] (Ծննդ. 3։24)։ Ինչ խոսք, քերովբեները այս նշանակման համար չէին ստեղծված։ Եվ մեղքն ու ըմբոստությունն էլ մարդկության առնչությամբ Եհովայի նպատակի մի մասը չէր կազմում։ Սակայն ոչ մի տեղ չի հիշատակվում, թե քերովբեները՝ բարձր դիրք ունեցող ոգեղեն արարածները, դժգոհած լինեն, որ այդ հանձնարարությունը իրենց համար չէ։ Նրանք չձանձրացան ու չդադարեցրին իրենց ծառայությունը։ Փոխարենը՝ հնազանդվեցին և տոկացին մինչև իրենց հանձնարարության ավարտը՝ հավանաբար մինչև Ջրհեղեղի սկսվելը՝ ավելի քան 1600 տարի։

13. Ինչպե՞ս Հոբը կարողացավ դիմանալ իր փորձություններին։

13 Հոբ նահապետ։ Եթե քո ընկերները կամ ընտանիքիդ անդամները վհատեցրել են քեզ իրենց խոսքերով, ծանր հիվանդացել ես կամ հարազատ ես կորցրել, Հոբի օրինակը կարող է մխիթարել քեզ (Հոբ 1։18, 19; 2։7, 9; 19։1–3)։ Թեպետ նա չգիտեր, թե որն էր իր դժբախտությունների աղբյուրը, սակայն չհանձնվեց։ Ինչո՞ւ։ Հոբը աստվածավախ մարդ էր (Հոբ 1։1)։ Նա վճռել էր հավատարիմ մնալ Եհովային և՛ լավ, և՛ վատ իրավիճակներում։ Եհովայի օգնությամբ նա խորհեց այն զարմանահրաշ գործերի մասին, որոնք Աստված արել էր իր սուրբ ոգու միջոցով։ Հոբը ավելի մեծ վստահությամբ լցվեց, որ Եհովան ճիշտ ժամանակին վերջ կդնի իր տառապանքին (Հոբ 42։1, 2)։ Եվ հենց այդպես էլ եղավ։ «Եհովան վերջ դրեց նրա նեղություններին։ Եհովան կրկնակի ավելացրեց այն բոլոր բաները, որ Հոբն ուներ»։ Հոբը ապրեց երկար և «մահացավ՝ ծերացած ու իր օրերից կշտացած» (Հոբ 42։10, 17

14. Ըստ 2 Կորնթացիներ 1։6-ի՝ ինչպե՞ս Պողոսի տոկունության օրինակը օգնեց ուրիշներին։

14 Պողոս առաքյալ։ Խիստ հակառակությա՞ն ես ենթարկվում կամ նույնիսկ հալածվո՞ւմ ճշմարիտ երկրպագության թշնամիների կողմից։ Ժողովի երե՞ց ես կամ  շրջանային վերակացո՞ւ, ծա՞նր են քեզ համար քո պարտականությունները։ Մտածիր Պողոս առաքյալի օրինակի մասին։ Մի կողմից՝ տարբեր տեսակ նեղություններն ու դաժան հալածանքը, մյուս կողմից՝ ժողովների հոգսը ամեն օր մտահոգում էին նրան (2 Կորնթ. 11։23–29)։ Սակայն նա չհանձնվեց և նրա օրինակը զորացրեց մյուսներին (կարդա 2 Կորնթացիներ 1։6)։ Երբ դու տոկում ես քո փորձություններում, հիշիր, որ քո օրինակն էլ, ըստ ամենայնի, քաջալերում է մյուսներին։

ԹՈՒՅԼ ԿՏԱ՞Ս, ՈՐ ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱՄԲՈՂՋԱՑՆԻ ԻՐ ԳՈՐԾԸ»

15, 16. ա) Ի՞նչ «գործ» է ամբողջացնում տոկունությունը։ բ) Բեր օրինակ, թե ինչպես կարող ենք թույլ տալ, որ տոկունությունը «ամբողջացնի իր գործը»։

15 Աստծու ներշնչմամբ Հակոբոսը գրեց. «Տոկունությունը թող ամբողջացնի իր գործը»։ Ի՞նչ «գործ» է ամբողջացնում տոկունությունը։ Այն օգնում է, որ «կատարյալ և անարատ լինենք ամեն ինչում և ոչ մի բանի պակասություն չունենանք» (Հակ. 1։4)։ Փորձությունները հաճախ բացահայտում են մեր թուլությունները՝ թե մեր անձնավորության որ հատկությունների վրա պետք է աշխատենք։ Երբ տոկում ենք, մեր քրիստոնեական անձնավորությունը դառնում է ավելի «կատարյալ և անարատ»։ Օրինակ՝ մենք դառնում ենք ավելի համբերատար, գնահատող և կարեկցող։

Երբ տոկում ենք փորձություններին, ձևավորվում է մեր քրիստոնեական անձնավորությունը և ավելի կատարյալ դառնում (տես պարբերություն 15, 16)

16 Քանի որ տոկունությունը ամբողջացնում է մեր անձնավորության ձևավորումը, փորձությունը կանգնեցնելու համար մի՛ գնա փոխզիջման սուրբգրային սկզբունքների հարցում։ Օրինակ՝ ի՞նչ կանես, եթե պայքարում ես անմաքուր մտքերի դեմ։ Փոխանակ տրվելու այդ ցանկությանը՝ աղոթիր և մերժիր դրանք։ Այդպես դու ավելի շատ ինքնատիրապետում կզարգացնես։ Իսկ ի՞նչ կանես, եթե ընտանիքիդ անդամը հալածում է քեզ։ Ճնշման տակ թուլանալու փոխարեն՝ վճռիր ամբողջ սրտով շարունակել երկրպագել Աստծուն։ Արդյունքում դու ավելի շատ կվստահես Եհովային։ Հիշի՛ր. Աստծու հավանությունն ունենալու համար մենք պետք է տոկանք (Հռոմ. 5։3–5; Հակ. 1։12

17, 18. ա) Օրինակով բացատրիր, թե ինչու է կարևոր տոկալ մինչև վերջ։ բ) Մինչ մոտենում է վերջը, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

17 Մենք պետք է տոկանք ոչ թե մի որոշ ժամանակ, այլ մինչև վերջ։ Պատկերացնենք օրինակով. նավը խորտակվում է։ Փրկվելու համար մարդիկ պետք է լողան մինչև ափ։ Նա, ով հանձնվի ափից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, նույն վախճանը կունենա, ինչ այն մեկը, ով ավելի շուտ է հանձնվել։ Նմանապես, մենք որոշել ենք տոկալ մինչև վերջ, որպեսզի մտնենք նոր աշխարհ։ Այսպես մենք դրսևորում ենք նույն ոգին, ինչ Պողոս առաքյալը, որն ասաց. «Մենք չենք հանձնվում» (2 Կորնթ. 4։1, 16

18 Պողոս առաքյալի պես՝ մենք լիովին համոզված ենք, որ Եհովան կօգնի մեզ տոկալ մինչև վերջ։ Նա գրեց. «Մենք լիովին հաղթանակած ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ։ Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ կառավարությունները, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է» (Հռոմ. 8։37–39)։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ մենք գուցե հոգնենք։ Բայց թող որ մինչև վերջ տոկանք, որ մեր մասին էլ ասվի այն, ինչ ասվեց Գեդեոնի և իր մարտիկների մասին. «[Նրանք] շարունակեցին հետապնդել» (Դատ. 8։4

^ [1] (պարբերություն 11) Քաջալերական կարող է լինել նաև Աստծու ժամանակակից ծառաների տոկունությունը։ Օրինակ 1992, 1999, և 2008 թվականների «Տարեգրքերում» հավատ զորացնող դեպքեր կան գրված Եթովպիայի, Մալավիի և Ռուսաստանի եղբայրների մասին։

^ [2] (պարբերություն 12) Աստվածաշնչում չի նշվում, թե քանի քերովբե էր նշանակված կատարելու այդ հանձնարարությունը։