Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԱՊՐԻԼ 2016

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նախկինում՝ միանձնուհիներ, այսօր՝ իսկական հոգևոր քույրեր

Նախկինում՝ միանձնուհիներ, այսօր՝ իսկական հոգևոր քույրեր

«ԻՆՁ հետ մի՛ խոսիր,— բղավեց Առասելին՝ իմ կրտսեր քույրը։— Էլ ոչինչ չեմ ուզում լսել քո կրոնի մասին։ Սիրտս խառնում է դրանից։ Ատում եմ քեզ»։ Այժմ 91 տարեկան եմ ու մինչև հիմա հիշում եմ, թե որքան ցավ պատճառեցին ինձ այդ խոսքերը։ Բայց, ինչպես Ժողովող 7։8-ն է ասում, «գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը»։ Մեր կյանքում այդպես էլ եղավ։ (Ֆելիսա)

Ֆելիսա — Մեծացել եմ շատ կրոնասեր ընտանիքում։ Մեր ազգականներից 13-ը եղել են քահանաներ և կաթոլիկ եկեղեցու օրդենի անդամներ։ Հովհաննես Պողոս II պապը նույնիսկ սրբերի դասին է կարգել մորս զարմիկին, որը քահանա էր և ուսուցիչ կաթոլիկ դպրոցում։ Մեր ընտանիքը համեստ կյանքով էր ապրում։ Հայրս դարբին էր, իսկ մայրս աշխատում էր հանդերում։ Ես նրանց ութ երեխաներից ամենամեծն էի։

Երբ 12 տարեկան էի, Իսպանիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Պատերազմից հետո հորս բանտարկեցին։ Նրա լիբերալիստական գաղափարները դուր չէին գալիս բռնատիրական իշխանություններին։ Մայրս հազիվ էր կարողանում մեզ պահել, ուստի մեր ծանոթներից մեկը խորհուրդ տվեց երեք փոքր քույրերիս՝ Առասելիին, Լաուրիին և Ռամոնիին, ուղարկել Բիլբաոի մենաստան (Իսպանիա)։ Նրանք այնտեղ գոնե սոված չէին մնա։

Առասելի — Այդ ժամանակ մենք 14, 12 և 10 տարեկան երեխաներ էինք և ծանր տարանք ընտանիքից բաժանվելը։ Բիլբաոում մենք մաքրություն էինք անում։ Երկու տարի հետո միանձնուհիները մեզ ուղարկեցին ավելի մեծ մենաստան Սարագոսա քաղաքում, որտեղ խնամում էին տարեցների։ Մեզ տվեցին խոհանոցի մաքրության գործը, որը շատ ծանր աշխատանք էր, հատկապես մեր տարիքի երեխաների համար։

Ֆելիսա — Երբ քույրերիս ուղարկեցին Սարագոսա, մայրս ու քեռիս, որը մեր եկեղեցու քահանան էր, որոշեցին ինձ էլ ուղարկել նույն մենաստան՝ աշխատելու։ Նրանք մտածում էին, որ այդպես ինձ հեռու կպահեն այն տղայից, որը հետաքրքրվում էր  ինձնով։ Քանի որ շատ կրոնասեր աղջիկ էի, ինձ դուր եկավ մենաստանում որոշ ժամանակ ապրելու միտքը։ Ամեն օր մասնակցում էի պատարագի և նույնիսկ ուզում էի զարմիկիս պես դառնալ միսիոներ, որը վանական էր Աֆրիկայում։

Ձախում՝ Սարագոսայի մենաստանը (Իսպանիա); աջում՝ Աստվածաշնչի Nácar-Colunga թարգմանությունը

Միանձնուհիները ոչնչով ինձ չոգևորեցին գնալ ուրիշ երկիր՝ Աստծուն ծառայելու։ Մենաստանում ինձ բանտարկված էի զգում։ Մեկ տարի հետո որոշեցի տուն վերադառնալ, որ խնամեմ քեռուս։ Բացի տան գործերից, ամեն երեկո աղոթում էինք միասին՝ տերողորմյա քաշելով։ Ինձ նաև դուր էր գալիս եկեղեցում ծաղիկները դասավորելու և կույսի ու «սրբերի» արձանների շորերը հագցնելու գործը։

Առասելի — Մեր կյանքը շատ փոխվեց մենաստանում։ Միանձնուհու առաջին երդումս տալուց հետո, մեզ երեքիս առանձնացրին իրարից։ Ռամոնիին թողեցին Սարագոսայում, Լաուրիին ուղարկեցին Վալենսիա, ինձ էլ ուղարկեցին Մադրիդ, որտեղ ես տվեցի իմ երկրորդ երդումը։ Մադրիդի մենաստանում մնում էին ուսանողներ, տարեցներ և տարբեր այցելուներ, ուստի այնտեղ էլ շատ գործ կար անելու։ Ես աշխատում էի մենաստանի հիվանդանոցում։

Ճիշտն ասած մտածում էի, որ միանձնուհու կյանքը ավելի մեծ բավարարվածություն կտա ինձ։ Նաև ակնկալում էի, որ մենաստանում Աստվածաշունչ կկարդանք և կհասկանանք այն։ Սակայն այնտեղ ոչ ոք անգամ չէր խոսում Աստծու կամ Հիսուսի մասին, և Աստվածաշունչ չէր օգտագործվում։ Պարզապես մի փոքր լատիներեն էինք սովորում, ուսումնասիրում «սրբերի» կյանքը և պաշտում Մարիամին։ Մեր հիմնական զբաղմունքը ֆիզիկական ծանր աշխատանքն էր։

Սկսեցի մեծ սթրես ապրել, ուստի մոտեցա մայրապետին և ասացի, որ սա արդարություն չէ. ես ծանր աշխատեմ, որպեսզի ուրիշները լցնեն իրենց գրպանները, այն դեպքում, երբ ընտանիքս իմ օգնության կարիքն ունի։ Նա ինձ փակեց խցում՝ հույս ունենալով, որ կփոխեմ միտքս և չեմ հեռանա մենաստանից։

Երեք անգամ միանձնուհիները ինձ խցից հանեցին, որպեսզի տեսնեն՝ միտքս փոխել եմ, թե ոչ։ Քանի որ վճռել էի հեռանալ, նրանք պահանջեցին, որ գրեմ հետևյալը. «Ես հեռանում եմ, որովհետև նախընտրում եմ ծառայել Սատանային և ոչ թե Աստծուն»։ Դա կանգնեցրեց ինձ։ Թեև ուզում էի թողնել ու հեռանալ, բայց չէի կարող նման բան գրել։ Ասացի, որ ուզում եմ խոստովանահորը տեսնել, և նրան պատմեցի տեղի ունեցածը։ Նա այնպես արեց, որ ինձ հետ ուղարկեն Սարագոսայի մենաստան։ Մի քանի ամիս հետո թույլ տվեցին, որ տուն վերադառնամ։ Շատ չանցած՝ Լաուրին ու Ռամոնին նույնպես եկան տուն։

«ԱՐԳԵԼՎԱԾ» ԳԻՐՔԸ ԲԱԺԱՆՈՒՄ Է ՄԵԶ

Ֆելիսա

Ֆելիսա — Որոշ ժամանակ անց ամուսնացա, և մենք տեղափոխվեցինք Կանտաբրիա։ Ամեն շաբաթ  մասնակցում էի պատարագին։ Մի կիրակի քահանան բեմից անսպասելի հայտարարություն արեց։ Ցույց տալով «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը, բարկացած ասաց. «Եթե որևէ մեկը ունի այս գրքից, կա՛մ այն ինձ է տալիս, կա՛մ էլ գցում է աղբը»։

Թեև չունեի այդ գրքից, այդ պահին իմ մեջ ցանկություն առաջացավ ունենալ դրանից։ Հետաքրքիր է՝ մի քանի օր անց երկու Եհովայի վկա թակեցին իմ դուռը ու առաջարկեցին հենց այդ «արգելված» գիրքը։ Այդ նույն օրը կարդացի այն, և երբ վկաները վերադարձան, համաձայնվեցի ուսումնասիրել Աստվածաշունչը։

«Արգելված» գիրքը

Շատ կարճ ժամանակում ճշմարտությունը հասավ սրտիս։ 1973-ին մկրտվեցի։ Կրոնի հանդեպ նախկինում ունեցած իմ նվիրվածությունը փոխարինվեց Եհովայի ու նրա ծառայության հանդեպ սիրով ու եռանդով։ Թեև առիթները քիչ էին, բայց փորձեցի որքան հնարավոր է վկայություն տալ ճշմարտության մասին ընտանիքիս անդամներին։ Ինչպես պատմեցի հոդվածի սկզբում, նրանք խիստ հակառակվեցին իմ հավատալիքներին, հատկապես Առասելին։

Առասելի — Մենաստանում պատահածը իմ մեջ վատ հուշեր էր թողել։ Չնայած դրան՝ ես ամեն կիրակի մասնակցում էի պատարագին և ամեն օր կրկնում տերողորմյան։ Աստվածաշունչը հասկանալու իմ ցանկությունը դեռ չէր մարել, և ես Աստծուց օգնություն խնդրեցի։ Բայց երբ Ֆելիսան խոսեց ինձ հետ իր նոր հավատի մասին, նա այնքան ոգևորված էր, որ ինձ թվաց, թե ֆանատիկ է դարձել։ Ես շատ դեմ էի նրա ասածներին։

Առասելի

Մի քանի տարի անց աշխատանքի բերումով վերադարձա Մադրիդ և այնտեղ ամուսնացա։ Ժամանակի ընթացքում նկատեցի, որ պատարագին մասնակցող մարդիկ չեն ապրում Ավետարանների սովորեցրածի համաձայն։ Այդ իսկ պատճառով դադարեցի եկեղեցի հաճախելուց, մեղքերս խոստովանելուց և «սրբերին» ու դժոխքի գաղափարին հավատալուց։ Նույնիսկ վերացրի «սրբերի» բոլոր պատկերները, թեև համոզված չէի՝ ճիշտ եմ անում, թե ոչ։ Հուսախաբված էի, բայց շարունակում էի աղոթել Աստծուն. «Ուզում եմ ճանաչել քեզ։ Օգնիր ինձ»։ Հիշում եմ՝ Եհովայի վկաները մի քանի անգամ եկել են մեր տուն, բայց երբեք չեմ բացել դուռը, քանի որ չէի վստահում կրոններին։

1980-ականների սկզբներին Լաուրին սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների  հետ Ֆրանսիայում, իսկ Ռամոնին՝ Իսպանիայում։ Ես մտածում էի, որ Ֆելիսայի նման նրանք էլ են մոլորվել։ Այնպես պատահեց, որ ծանոթացա իմ հարևանուհու՝ Անխելինեսի հետ, որը հետագայում դարձավ իմ մտերիմ ընկերը։ Նա և իր ամուսինը նույնպես Եհովայի վկա էին և ժամանակ առ ժամանակ առաջարկում էին Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Նրանք տեսնում էին, որ իմ քննադատական ոգու հետևում թաքնված էր աստվածաշնչյան գիտելիքների հանդեպ ծարավը։ Ի վերջո նրանց ասացի. «Լա՛վ, կուսումնասիրեմ, բայց իմ Աստվածաշնչով»։ Ես նկատի ունեի Աստվածաշնչի Nácar-Colunga թարգմանությունը։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԵԶ

Ֆելիսա — Երբ 1973-ին մկրտվեցի, Կանտաբրիա ինքնավար մարզի վարչական կենտրոն Սանտանդերում կային մոտ 70 Վկաներ։ Մեր քարոզչական տարածքը հսկայական էր։ Ավտոբուսով, իսկ հետագայում ավտոմեքենայով ճանապարհորդում էինք մարզով մեկ՝ բարի լուրը քարոզելու համար։ Այդ տարածքում հարյուրավոր գյուղեր այցելեցինք։

Տարիների ընթացքում առանձնաշնորհում եմ ունեցել Աստվածաշնչի շատ ուսումնասիրություններ անցկացնելու և 11 հոգու օգնելու, որ մկրտվեն։ Քանի որ նրանց մեծամասնությունը կաթոլիկ էր և ես ինքս էլ ժամանակին մոլեռանդ հավատացյալ եմ եղել, գիտակցում էի, որ պետք է նրանց հետ լինեմ համբերատար ու հասկացող։ Ես հասկանում էի, որ ժամանակ է պետք, որ նրանք թողնեն իրենց արմատացած հավատալիքները և թույլ տան, որ Աստվածաշնչի և Եհովայի սուրբ ոգու միջոցով ճշմարտությունը հասնի իրենց սրտին (Եբր. 4։12)։ Ամուսինս՝ Բիենվենիդոն, որը նախկինում եղել է ոստիկան, մկրտվեց 1979-ին։ Իսկ մայրս սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը մահանալուց կարճ ժամանակ առաջ։

Առասելի — Երբ սկսեցի Վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել, չէի վստահում նրանց։ Բայց շաբաթներ անց անվստահության զգացումը աստիճանաբար անհետացավ։ Ամենաշատը ինձ տպավորեց այն, որ Վկաները չէին ասում մի բան և անում մեկ այլ բան։ Ժամանակի ընթացքում կասկածներս փոխարինվեցին հավատով, որի արդյունքում դարձա ավելի երջանիկ։ Նույնիսկ հարևաններիցս ոմանք, տեսնելով փոփոխություններ իմ մեջ, ասացին. «Առասե՛լի, քո ընտրած ճանապարհը լավն է, շարունակիր դրանով գնալ»։

Հիշում եմ, թե ինչպես էի աղոթում. «Շնորհակալ եմ, Եհովա՛, որ ինձանից ձեռք չքաշեցիր և տվեցիր շատ հնարավորություններ գտնելու այն, ինչ փնտրում էի՝ Աստվածաշնչի ճշմարտությունը»։ Ես ներողություն խնդրեցի Ֆելիսայից իմ ասած վիրավորական խոսքերի համար։ Մեր վեճերին փոխարինեցին Աստվածաշնչի թեմայով հաճելի զրույցները։ Ես մկրտվեցի 1989-ին 61 տարեկանում։

Ֆելիսա — Այժմ 91 տարեկան եմ, կորցրել եմ ամուսնուս և չունեմ առաջվա ուժը։ Բայց ամեն օր կարդում եմ Աստվածաշունչը, երբ առողջապես ի վիճակի եմ լինում, հաճախում եմ հանդիպումներին և հաճույք եմ ստանում՝ լավագույնս անելով ծառայության մեջ։

Առասելի — Քանի որ եղել եմ միանձնուհի, սիրում եմ քարոզել քահանաներին և միանձնուհիներին, ում հանդիպում եմ ծառայության ժամանակ։ Շատ գրականություն եմ բաժանել նրանց և ունեցել հետաքրքիր զրույցներ։ Հիշում եմ մի քահանայի։ Մի քանի անգամ այցելելուց հետո նա ասաց. «Առասե՛լի, ես ամբողջությամբ համաձայն եմ քեզ հետ, բայց այս տարիքում ո՞ւր գնամ։ Իմ հոտի և ընտանիքի անդամները ի՞նչ կասեն»։ Ես պատասխանեցի. «Իսկ մտածե՞լ ես՝ Աստված ինչ կասի»։ Նա գլուխը տմբտմբացնելով համաձայնեց, բայց քաջություն չունեցավ շարունակելու ճշմարտությամբ հետաքրքրվել։

Հիշում եմ մի շատ կարևոր օր իմ կյանքում, երբ առաջին անգամ ամուսինս ցանկացավ ժողովի հանդիպմանը մասնակցել։ Թեև այդ ժամանակ 80-ն անց էր, բայց դրանից հետո չբացակայեց հանդիպումներից։ Նա ուսումնասիրեց Աստվածաշունչը և դարձավ չմկրտված քարոզիչ։ Ջերմ հիշողություններ են մնացել, թե ինչպես էինք միասին գնում ծառայության։ Երկու ամիս էր մնացել, որ նա մկրտվեր, բայց ցավոք մահացավ։

Ֆելիսա — Կյանքում ամենամեծ ուրախություններից մեկն այն է եղել, որ երեք քույրերս էլ, որոնք սկզբում հակառակվում էին ճշմարտությանը, դարձան իմ իսկական հոգևոր քույրերը։ Որքա՜ն հաճելի է միասին խոսել Աստվածաշնչի և մեր սիրելի Աստծու՝ Եհովայի մասին։ Վերջապես Աստվածաշունչը միավորեց մեզ։ *

^ պարբ. 29 87-ամյա Առասելին, 91-ամյա Ֆելիսան և 83-ամյա Ռամոնին մինչ օրս շարունակում եմ նախանձախնդրաբար ծառայել։ Լաուրին հավատարմորեն ծառայեց Եհովային և մահացավ 1990-ին։