Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԱՊՐԻԼ 2016

Ծառայությունդ ցողի պե՞ս է

Ծառայությունդ ցողի պե՞ս է

ՄԵՐ ծառայությունը անչափ կարևոր է և արժեքավոր։ Սակայն մեզ հանդիպած մարդկանցից ոչ բոլորն են գնահատում մեր տարած լուրը։ Նույնիսկ եթե նրանց հետաքրքրում է Աստվածաշունչը, միշտ չէ, որ տեսնում են այն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։

Սա կարելի է տեսնել Գեվինի օրինակից։ Նա սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին, սակայն հրաժարվում էր Աստվածաշնչի ուսումնասիրության առաջարկից։ Գեվինը պատմում է. «Աստվածաշնչից շատ քիչ բան գիտեի, ուստի չէի ուզում, որ նկատեն դա։ Նաև վախենում էի, որ կխաբվեմ կամ էլ չեմ կարողանա հետ կանգնել այդ ճանապարհից»։ Անիմա՞ստ էր Գեվինին ժամանակ տրամադրելը։ Ո՛չ։ Ուշադրություն դարձրու, թե Աստվածաշնչի ուսմունքները ինչ դրական ազդեցություն կարող են ունենալ մարդու վրա։ Դարեր առաջ Եհովան իր ժողովրդին ասաց. «Իմ խոսքերը ցողի պես կշաղեն, ինչպես մեղմ անձրևը՝ խոտի վրա» (2 Օրենք 31։19, 30; 32։2)։ Ցողի առանձնահատկությունները քննելով՝ տեսնենք, թե ինչպես կարող ենք օգնել ամեն տեսակ մարդկանց (1 Տիմոթ. 2։3, 4

 ԻՆՉՈ՞Վ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ՑՈՂԻ

Ցողը մեղմ է։ Ցողը աստիճանաբար է առաջանում. օդի մեջ գոլորշու հատիկները միանալով իրար՝ ստեղծում են ցողակաթիլներ։ Եհովան իր խոսքերը «ցողի պես է շաղել»։ Նա իր ժողովրդի հետ խոսել է մեղմությամբ, բարությամբ ու նրբանկատորեն։ Մենք նրան ընդօրինակում ենք, երբ հարգում ենք դիմացինի տեսակետը։ Նաև քաջալերում ենք մարդկանց ինքնուրույն տրամաբանել և գալ սեփական եզրահանգման։ Այսպիսի նրբանկատության արդյունքում մարդիկ ավելի հակված են լինում ընդունելու մեր ասածը, և մեր ծառայությունը էլ ավելի արդյունավետ է լինում։

Ցողը թարմություն է տալիս։ Մեր ծառայությունը թարմություն է տալիս մարդկանց, երբ նախապես մտածում ենք, թե ինչպես զարգացնենք նրանց հետաքրքրությունը։ Գեվինին, ում մասին խոսեցինք հոդվածի սկզբում, չստիպեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Որպեսզի նա անկաշկանդ խոսի Աստվածաշնչի մասին, մեր եղբայրներից Քրիսը փորձեց գտնել մեկ այլ մոտեցում։ Նա բացատրեց, որ Աստվածաշունչը ունի գլխավոր թեմա, ինչը իմանալը կօգնի նրան, որ ժողովի հանդիպումներին ավելի շատ բան հասկանա։ Հետո պատմեց, որ անձամբ իրեն մարգարեությունների կատարումն է համոզել, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Արդյունքում՝ նրանք հետաքրքիր զրույցներ ունեցան մարգարեությունների վերաբերյալ։ Այդ զրույցները իսկական թարմություն եղան Գեվինի համար, և նա ի վերջո համաձայնվեց ուսումնասիրել Աստվածաշունչը։

Ցողը կենսատու է։ Իսրայելում շոգ եղանակին հնարավոր է ամիսներով անձրև չգա։ Եթե ցող չի լինում, բույսերը թառամում ու չորանում են։ Եհովան նախազգուշացրել էր, որ մեր օրերում հոգևոր երաշտ է լինելու (Ամոս 8։11)։ Օծյալ քարոզիչները «Եհովայից եկած ցողի պես» են, երբ «ուրիշ ոչխարների» հետ քարոզում են Թագավորության պատգամը (Միք. 5։7; Հովհ. 10։16)։ Թագավորության բարի լուրը համարո՞ւմ ես Եհովայի տված կենսատու հոգևոր ցողի մի մասը։

Ցողը Եհովայի օրհնություններից է (2 Օրենք 33։13)։ Մեր ծառայությունը օրհնություն է նրանց համար, ովքեր դրականորեն են արձագանքում մեր հայտնած լուրին, ինչպես եղավ Գեվինի դեպքում։ Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ նա գտավ իր բոլոր հարցերի պատասխանները, արագ առաջադիմեց ու մկրտվեց։ Այժմ իր կնոջ՝ Ջոյսի հետ նա լիարժեքորեն մասնակցում է Թագավորության բարի լուրի քարոզչությանը։

Եհովայի վկաները ցողի նման թարմություն են բերում՝ քարոզելով Թագավորության լուրը

ԱՐԺԵՎՈՐԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԴ

Ցողի օրինակը օգնում է մեզ արժևորել մեր անհատական մասնակցությունը ծառայության մեջ։ Ցողի մեկ կաթիլը շատ քիչ բան կարող է անել, սակայն միլիոնավոր ցողակաթիլները միասին կարող են հողը խոնավացնել։ Նմանապես, մեր անհատական մասնակցությունը ծառայության մեջ գուցե մեր աչքին շատ փոքր բան թվա։ Սակայն Եհովայի բոլոր ծառաների միասնական ջանքերի շնորհիվ վկայություն է տրվում «բոլոր ազգերին» (Մատթ. 24։14)։ Իսկ օրհնություն կլինի՞ մեր ծառայությունը ուրիշների համար։ Այո՛, եթե մեր քարոզած պատգամը լինի ցողի պես մեղմ, թարմացնող և կենսատու։