Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 6 2017

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐ

Ձեր երեխային խոնարհություն սովորեցրեք

Ձեր երեխային խոնարհություն սովորեցրեք

ԽՆԴԻՐ

  • Ձեր տղան, որն ընդամենը տասը տարեկան է, ամբարտավան պահվածք է դրսևորում։

  • Նա ակնկալում է, որ բոլորը իր հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք դրսևորեն։

«Ինչո՞ւ է նա իրեն այդպես պահում,— թերևս մտածում եք դուք։— Ես իհարկե ուզում եմ, որ նա ինքնահարգանք ունենա, բայց չեմ ուզում, որ մտածի, թե ինքը բոլորից լավն է»։

Հնարավո՞ր է արդյոք երեխային խոնարհություն սովորեցնել, բայց միևնույն ժամանակ թերարժեքության զգացում չառաջացնել նրա մեջ։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Վերջին տասնամյակների ընթացքում տարածված էր այն տեսակետը, որ ծնողները պետք է միշտ ձգտեն կատարել իրենց երեխայի ուզածները, շատ գովեն նրան, անգամ եթե նա գովեստի արժանի ոչինչ չի արել, և հնարավորինս քիչ ուղղեն ու խրատեն։ Եվ կարծիք կար, որ եթե երեխային ներշնչեն այն միտքը, որ նա յուրահատուկ է, ապա մեծանալով՝ նա ինքնահարգանքի առողջ զգացում կունենա։ Բայց ի՞նչ են ցույց տվել արդյունքները։ «Եսասիրական սերունդ» գրքում ասվում է. «Երեխաների ինքնագնահատականը բարձրացնելու այդ գաղափարախոսությունը իրականում ոչ թե նպաստել է, որ նրանք դառնան հավասարակշռված ու երջանիկ անձնավորություններ, այլ ստեղծել է փոքրիկ ինքնասիրահարվածների մի մեծ բանակ» (Generation Me)։

Շատ երեխաներ, ում առանց որևէ հիմքի գովասանք են շռայլում, չափահաս տարիքում բոլորովին պատրաստված չեն լինում ընդունելու հիասթափությունները, քննադատությունները կամ ժամանակ առ ժամանակ պատահող ձախողումները։ Ու քանի որ նրանց մանկուց սովորեցրել են կենտրոնանալ իրենց սեփական ցանկությունների վրա, դառնալով հասուն մարդիկ՝ նրանք դժվարանում են մնայուն փոխհարաբերություններ հաստատել։ Արդյունքում՝ նրանցից շատերը ունենում են վախի ու անապահովության զգացում և տառապում են դեպրեսիայով։

Երեխաները իսկական ինքնագնահատանք են ձեռք բերում ոչ թե այն բանի շնորհիվ, որ իրենց անընդհատ ասում են, թե իրենք յուրահատուկ են, այլ երբ իսկապես որևէ լավ բան են անում։ Դրա համար բավական չէ պարզապես հավատալ սեփական ուժերին։ Նրանք պետք է սովորեն, գործնականում կիրառեն իրենց սովորածը և շարունակ ջանք թափելով՝ հմտանան այն գործում, որն ընտրել են (Առակներ 22։29)։ Երեխաները նաև պետք է սովորեն մտածել ուրիշների կարիքների մասին (1 Կորնթացիներ 10։24)։ Այս ամենի համար խոնարհություն է անհրաժեշտ։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Գովեք, երբ իսկապես հիմք կա։ Ենթադրենք՝ ձեր աղջիկը ստուգողական աշխատանքից բարձր գնահատական է ստացել։ Այդ դեպքում կարելի է գովել նրան։ Իսկ եթե նա ցածր գնահատական է ստացել, մի՛ շտապեք անմիջապես ուսուցչին մեղադրել։ Հազիվ թե ձեր դուստրը դրանից խոնարհություն սովորի։ Փոխարենը՝ օգնեք նրան հասկանալու, թե ինչպես կարող է բարելավումներ անել ու մյուս անգամ ավելի լավ հանձնել ստուգողական աշխատանքը։ Գովասանքը պահեք այն դեպքերի համար, երբ նա իսկապես կարժանանա դրան։

Ուղղեք, երբ դրա կարիքը կա։ Սա չի նշանակում, որ պետք է քննադատեք երեխային նրա արած ամեն մի սխալի համար (Կողոսացիներ 3։21)։ Բայց երբ նա լուրջ սխալ է անում, անհրաժեշտ է ուղղել նրան։ Նաև շատ կարևոր է ուղղել երեխայի սխալ մտածելակերպն ու վերաբերմունքը։ Հակառակ դեպքում՝ դրանք խորապես կարմատավորվեն նրա մեջ։

Օրինակ՝ ենթադրենք՝ ձեր տղայի մեջ պարծենալու հակում եք նկատում։ Եթե չուղղեք նրա մտածելակերպը, նա գուցե մեծամտանա ու սկսի իրենից վանել ուրիշներին։ Ուստի բացատրեք նրան, որ պարծենալով՝ վատ տպավորություն կթողնի ուրիշների վրա և անհարմար դրության մեջ կհայտնվի (Առակներ 27։2)։ Նաև բացատրեք, որ իր մասին հավասարակշռված տեսակետ ունեցող մարդը կարիք չունի ուրիշների մոտ գովազդելու իր ունակությունները։ Այդպիսի մեղմ ու սիրալիր ոգով խրատելով ձեր երեխային՝ նրան խոնարհություն կսովորեցնեք՝ առանց նրա արժանապատվության զգացումը վիրավորելու։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Մատթեոս 23։12։

Օգնեք երեխային պատրաստվել իրական կյանքին։ Եթե կատարեք երեխայի ամեն մի ցանկությունը, նա գուցե սկսի մտածել, թե բոլորը պարտավոր են անել իր ուզածը։ Այդ պատճառով եթե, օրինակ, ձեր երեխան ուզում է մի բան, ինչի հնարավորությունը չունեք, բացատրեք նրան, թե ինչու է կարևոր ապրել ունեցած միջոցների սահմաններում։ Կամ եթե ինչ-որ պատճառով չի ստացվում հանգստանալու գնալ, ապա կարող եք երեխային բացատրել, որ կյանքում միշտ էլ լինում են բաներ, որ մեզ հիասթափություն են պատճառում։ Նաև կարող եք ասել նրան, թե ինչպես եք դուք ինքներդ հաղթահարում հիասթափությունները։ Երեխային ամեն մի դժվարությունից պաշտպանելու փոխարեն՝ ավելի լավ կլինի՝ օգնեք նրան, որ պատրաստ լինի դիմագրավելու չափահաս կյանքի դժվարությունները։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 29։21։

Խրախուսեք երեխային օգնել ուրիշներին։ Օգնեք երեխային համոզվելու, որ «ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Ինչպե՞ս կարող եք դա անել։ Կարող եք միասին կազմել օգնության կարիք ունեցող մարդկանց մի ցուցակ՝ նշելով, թե ում է հարկավոր օգնել, օրինակ, առևտուր անելու, փոխադրամիջոցի կամ տանը ինչ-որ բան նորոգելու հարցում։ Ապա երբ գնաք օգնելու նրանց, ձեր երեխային տարեք ձեզ հետ։ Թող նա տեսնի, թե դուք ինքներդ ինչ մեծ բավականություն և ուրախություն եք ստանում՝ հոգ տանելով ուրիշների մասին։ Դա կլինի երեխային խոնարհություն սովորեցնելու ամենաազդեցիկ կերպը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ղուկաս 6։38։