Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 6 2016

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Ճշտապահություն

Ճշտապահություն

Բոլորն էլ գնահատում են ճշտապահությունը, նույնիսկ նրանք, ովքեր ուշանալու սովորություն ունեն։ Աստվածաշնչում գործնական խորհուրդներ կան այս թեմայի վերաբերյալ։

Ինչո՞ւ է կարևոր ճշտապահ լինել

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։

Ոմանք զգացել են, որ պայմանավորված ժամից մի փոքր շուտ տեղ հասնելը նվազեցնում է լարվածությունը։ Բացի այդ, ճշտապահությունը լավ է անդրադառնում մարդու համբավի վրա։ Տեսնենք, թե ինչպես։

Ճշտապահությունը ցույց է տալիս, որ կարողանում եք վերահսկել ձեր կյանքը։ Երբ չեք ուշանում, դա վկայում է այն մասին, որ փորձում եք վերահսկել ձեր կյանքը և թույլ չեք տալիս, որ հանգամանքները խանգարեն ձեր ծրագրերի իրականացմանը։

Ճշտապահությունը ցույց է տալիս, որ վստահելի անձնավորություն եք։ Այսօրվա հասարակության մեջ խոստումները դրժելը և պայմանավորվածությունները խախտելը սովորական բան է։ Այդ պատճառով մարդիկ գնահատում են նրանց, ովքեր իրենց խոսքի տերն են։ Վստահելի մարդը շահում է իր ընտանիքի անդամների և ընկերների հարգանքը։ Գործատերերը շատ թանկ են գնահատում այն աշխատողներին, ովքեր չեն ուշանում աշխատանքից և իրենց գործը ավարտին են հասցնում սահմանված ժամկետում։ Հուսալի աշխատողները երբեմն նույնիսկ ավելի բարձր են վարձատրվում, և նրանց ավելի շատ բան են վստահում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշնչում կան ճշտապահության հետ կապված օգտակար մտքեր։ Օրինակ՝ այնտեղ կարդում ենք. «Ամեն ինչ թող պարկեշտությամբ և կարգուկանոնով լինի» (1 Կորնթացիներ 14։40)։ Եթե երկու հոգի պայմանավորվում են կոնկրետ ժամի հանդիպել, ապա «կարգուկանոն» պահած կլինեն, եթե չուշանան պայմանավորված ժամից։ Աստվածաշնչում նաև ասվում է. «Ամեն ինչ իր ժամանակն ունի, և երկնքի տակ եղող ամեն գործի համար ժամանակ կա» (Ժողովող 3։1)։ Այս համարի համատեքստում նաև կարդում ենք, որ կա «տնկելու ժամանակ և տնկածը արմատախիլ անելու ժամանակ» (Ժողովող 3։2)։ Հողագործները սերմերը ցանում են ճիշտ ժամանակին, առանց ուշացնելու, որպեսզի լավ բերք ստանան։ Այլ խոսքով ասած՝ լավ բերք ստանալը կախված է հողագործի ճշտապահությունից։

Աստվածաշունչը ճշտապահ լինելու ավելի վեհ պատճառ է նշում։ Ճշտապահ լինելով՝ ցույց ենք տալիս, որ հարգում ենք դիմացինին և թանկ ենք գնահատում նրա ժամանակը (Փիլիպպեցիներ 2։3, 4)։ Բայց նրանք, ովքեր սովորություն ունեն ուրիշներին սպասեցնելու, կարելի է ասել՝ գողանում են նրանց ժամանակը։

«Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4

 Ի՞նչ կարող եք անել ճշտապահ լինելու համար

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշունչը հորդորում է, որ ամեն բան նախօրոք պլանավորենք (Առակներ 21։5)։ Անընդհատ ուշանալու պատճառ կարող է լինել չափազանց խիտ գրաֆիկը։ Այդ դեպքում կարելի է գրաֆիկից հանել ժամանակատար, անկարևոր գործերը։ Այնպես կազմեք ձեր գրաֆիկը, որ ձեր պլանավորած գործերի միջև բավականաչափ ժամանակ մնա։ Եվ նպատակ դրեք ավելի շուտ տեղ հասնել։ Այդ դեպքում չեք ուշանա, նույնիսկ եթե անկանխատեսելի բաներ պատահեն, օրինակ՝ խցանման մեջ ընկնեք կամ եղանակը դժվարություններ ստեղծի։

Աստվածաշունչը նաև խորհուրդ է տալիս համեստ լինել (Առակներ 11։2)։ Համեստ մարդը գիտակցում է, որ սահմանափակ հնարավորություններ ունի։ Հետևաբար որևէ բան պայմանավորվելուց կամ որևէ վերջնաժամկետի համաձայնություն տալուց առաջ ստուգեք, թե իսկապես կարո՞ղ եք հասցնել դրանք ձեր մյուս գործերի հետ։ Չափից շատ բան ծրագրելու պատճառով հիասթափություն և ավելորդ լարվածություն կպատճառեք թե՛ ինքներդ ձեզ, թե՛ ուրիշներին։

Աստվածաշունչը նաև հորդորում է, որ ճիշտ օգտագործենք մեր ժամանակը (Եփեսացիներ 5։15, 16)։ Առաջնահերթությունը տվեք ամենակարևոր բաներին (Փիլիպպեցիներ 1։10)։ Օրինակ՝ հանրային տրանսպորտով երթևեկելիս կամ ինչ-որ մեկին սպասելիս ժամանակը օգտագործեք որոշ գործեր անելու համար։ Կարող եք այդ ընթացքում կատարել ձեր ծրագրած ընթերցանությունը կամ պլանավորել օրվա մնացած մասը։

«Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5)