Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 6 2016

Ծաղրածու ձկան թունավոր «տունը»

Բուստաձուկ-ծաղրածու

Ծաղրածու ձկան թունավոր «տունը»

ՔԻՉ ձկներ կան, որ այդքան շատ են գրավում մարդկանց ուշադրությունը, որքան ծաղրածու ձուկը։ Գուցե գաղտնիքը նրա արտասովոր գունազարդումն է, որը ծաղրածուի հանդերձանք է հիշեցնում։ Կամ էլ թերևս մեզ ապշեցնում է ծաղրածու ձկան զարմանալի «տունը». նա բնակվում է ակտինիայի (ծովային անեմոնի) թունավոր շոշափուկների մեջ։

Հոլիվուդյան շատ աստղերի պես՝ նրանք չեն խուսափում լուսանկարվելուց։ Սուզորդները հեշտությամբ կարող են լուսանկարել այս ձկներին, քանի որ վերջիններս շատ չեն հեռանում իրենց տնից և առանձնապես «ամաչկոտ» չեն։

Բայց ծաղրածու ձկան ամենահետաքրքիր առանձնահատկությունը նրա ընտրած վտանգավոր տունն է։ Թունավոր շոշափուկների մեջ ապրելը կարելի է նմանեցնել օձերի բնում ապրելուն։ Այդուհանդերձ, ծաղրածու ձուկն ու իր ընտրած ակտինիան անբաժանելի են։ Ի՞նչն է ընկած այս տարօրինակ փոխհարաբերությունների հիմքում։

«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ՔԵԶ»

Երկզոլավոր ձուկ-ծաղրածու

Ծաղրածու ձկան և ակտինիայի փոխհարաբերությունների հիմքում փոխշահավետ համագործակցությունն է։ Սակայն ծաղրածու ձկան համար այդ համագործակցությունը ոչ միայն շահավետ է, այլև կենսական։ Ծովային կենսաբանները պարզել են, որ ծաղրածու  ձուկը բնական միջավայրում չի կարող գոյատևել առանց իրեն օթևանող ակտինիայի։ Նա վատ լողորդ է և առանց ակտինիայի պաշտպանության հեշտությամբ կարող է դառնալ քաղցած գիշատիչների զոհը։ Բայց ակտինիայի շոշափուկների պաշտպանության շնորհիվ ծաղրածու ձուկը կարող է ապրել նույնիսկ մինչև տասը տարի։

Ակտինիան ձվադրման և բնակության ապահով վայր է ծաղրածու ձկան համար։ Վերջինս ձկնկիթները դնում է ակտինիայի շոշափուկների արանքում, և թե՛ էգը, թե՛ որձը ուշիուշով հսկում են դրանք։ Որոշ ժամանակ հետո նույն ակտինիայի շրջակայքում արդեն կարելի է տեսնել ծաղրածու ձկան ողջ ընտանիքին։

Իսկ ակտինիային ի՞նչ օգուտ է տալիս այդ համագործակցությունը։ Ծաղրածու ձուկը նրա համար ծառայում է որպես թիկնապահ՝ քշելով թիթեռնաձկներին, որոնք սնվում են ակտինիայի շոշափուկներով։ Ակտինիայի առնվազն մեկ տեսակ չի կարող գոյատևել առանց իր շոշափուկների մեջ բնակվող ծաղրածու ձկան։ Մի փորձի ժամանակ հետազոտողները այդ ակտինիայի միջից հեռացրին նրա բնակչին, և ընդամենը 24 ժամ հետո ակտինիան արդեն չկար։ Ըստ երևույթին, թիթեռնաձկները կերել էին այն։

Ծաղրածու ձուկը իր հյուրընկալին ապահովում է նաև էներգիայով. նրա արտաթորանքի մեջ առկա ամոնիումը նպաստում է ակտինիայի աճին։ Բացի այդ, ակտինիայի շոշափուկների արանքում այս ու այն կողմ լողալով՝ ծաղրածու ձուկը նպաստում է, որ թթվածնով հարուստ ջուրը պարբերաբար հոսի դեպի ակտինիան։

«ՁՈՒԿ՝ ԱԿՏԻՆԻԱՅԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔՈՎ»

Վարդագույն ձուկ-ծաղրածու

Ծաղրածու ձկան պաշտպանության գաղտնիքը նրա մաշկն է։ Այն արտադրում է հատուկ լորձ, որը պաշտպանում է նրան ակտինիայի խայթոցներից։ Քիմիական հատուկ բաղադրություն ունեցող այդ լորձային շերտի շնորհիվ ակտինիան, ըստ ամենայնի, ծաղրածու ձկանը համարում է յուրային։ Ինչպես բացատրեց մի ծովային կենսաբան, ծաղրածու ձուկը, կարելի է ասել, դառնում է «ձուկ՝ ակտինիայի հանդերձանքով»։

Ինչպես ցույց են տվել որոշ ուսումնասիրություններ, նոր «տուն» ընտրելիս ծաղրածու ձուկը հարմարվելու որոշակի գործընթաց է անցնում։ Երբ ձուկը առաջին անգամ է մոտենում ակտինիային, մի քանի ժամ շարունակ պարբերաբար հպվում է նրան։ Ըստ երևույթին, այդպիսի շփումը ձկանը հնարավորություն է տալիս իր արտաքին պաշտպանական շերտի քիմիական բաղադրությունը հարմարեցնելու նոր ակտինիայի թույնին։ Այդ ընթացքում ակտինիան, հավանաբար, մի քանի անգամ խայթում է նրան։ Բայց հետո նրանք հարմարվում են միմյանց։

Իրարից տարբերվող այս արարածների համագործակցությունը թիմային աշխատանքի հիանալի օրինակ է։ Տարբեր մշակույթների պատկանող և տարբեր ծագում ունեցող մարդիկ, միմյանց հետ համագործակցելով և իրենց ռեսուրսները համատեղելով, շատ հարցերում զարմանալի արդյունքների են հասնում։ Ինչպես ծաղրածու ձկան պարագայում է, հարմարվելու համար թերևս որոշ ժամանակ պահանջվի, բայց արդյունքները գուցե զարմացնեն մեզ։