Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 6 2016

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍԻՆՆԵՐ

Ինչպես հարգանք դրսևորել

Ինչպես հարգանք դրսևորել

ԽՆԴԻՐ

Ամուսինն ասում է. «Երբ ամուսնացանք, ես ու կինս տարբեր պատկերացումներ ունեինք հարգանք դրսևորելու վերաբերյալ։ Այնպես չէ, որ դրանցից մեկը ճիշտ էր, մյուսը՝ սխալ. մեր տեսակետները պարզապես տարբեր էին։ Հաճախ ինձ թվում էր, որ կինս այդքան էլ հարգալից չի խոսում ինձ հետ»։

Կինն ասում է. «Այն մշակույթում, որտեղ մեծացել եմ, սովորական բան է, երբ մարդիկ խոսում են բարձր՝ փոփոխելով դեմքի արտահայտությունը և ընդհատում դիմացինին, երբ վերջինս խոսում է։ Մեզ համար այս ամենը անհարգալից վարվելակերպ չի համարվում, բայց ամուսինս բոլորովին այլ միջավայրում է մեծացել»։

Ամուսնության մեջ հարգանքը անհրաժեշտ պայման է և պետք է դրսևորվի ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ միշտ։ Ինչպե՞ս կարող եք հարգանք դրսևորել ձեր կողակցի նկատմամբ։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Հարգանքի կարիք ունեն հատկապես տղամարդիկ։ Աստվածաշունչը ամուսիններին ասում է. «Ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը»։ Ապա ավելացնում է. «Իսկ կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33)։ Ճիշտ է, թե՛ ամուսինը, թե՛ կինը ուզում են սիրված ու հարգված լինել, բայց տղամարդիկ ավելի շատ են զգում հարգանքի կարիքը։ Կարլոս * անունով մի տղամարդ ասում է. «Տղամարդիկ պետք է զգան, որ կարողանում են գլուխ հանել բարդ իրավիճակներից, լուծել խնդիրները և հոգ տանել ընտանիքի մասին»։ Երբ կինը հարգում է ամուսնուն նրա այս ունակությունների համար, դա օգուտ է բերում ոչ միայն ամուսնուն, այլև հենց իրեն՝ կնոջը։ Քորին անունով մի կին ասում է. «Երբ հարգանք եմ դրսևորում ամուսնուս հանդեպ, նա ավելի շատ է հակված լինում ցույց տալու, որ սիրում է ինձ»։

Կանայք նույնպես հարգանքի կարիք ունեն։ Սա, ինչ խոսք, տրամաբանական է, քանի որ տղամարդը չի կարող իսկապես սիրել այն կնոջը, ում չի հարգում։ Դենիելն ասում է. «Հասկացել եմ, որ պետք է հարգեմ կնոջս կարծիքը և հաշվի առնեմ տարբեր հարցերի հետ կապված նրա առաջարկները։ Կարևոր է նաև, որ հարգեմ նրա զգացմունքները. եթե չեմ հասկանում՝ ինչու է նա այս կամ այն կերպ զգում, դա դեռ չի նշանակում, որ կարող եմ անտեսել այն, ինչ նա զգում է»։

Ամեն մարդ հարգանքի վերաբերյալ իր պատկերացումն ունի։ Գուցե մտածում եք, թե հարգում եք ձեր կողակցին, բայց կարևորն այն է, որ նա զգա այդ հարգանքը։ Կինը, որի խոսքերը մեջբերվեցին «Խնդիր» ենթավերնագրի տակ, ասում է. «Անգամ եթե մտածում եմ, թե անհարգալից չեմ վերաբերվում ամուսնուս, բայց նա հակառակն է զգում, պետք է փոփոխություններ անեմ»։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Գրի առեք երեք հատկություն, որոնք ձեզ հիացրել են ձեր ամուսնու կամ կնոջ մեջ։ Դրանք կարող են լավ հիմք հանդիսանալ նրա հանդեպ հարգանք զարգացնելու համար։

  • Մեկ շաբաթ հետևեք ձեր, ոչ թե ձեր կողակցի վարքին հետևյալ բնագավառներում։

Ձեր խոսքերը։ Ըստ մի ուսումնասիրության արդյունքների՝ «երջանիկ և կայուն ամուսնական փոխհարաբերություններում տարաձայնությունները քննարկելիս դրական և բացասական արտահայտությունների հարաբերակցությունը կազմում է 5։1։ Մինչդեռ այն զույգերի պարագայում, որոնք ի վերջո ամուսնալուծվում են, այդ հարաբերակցությունը կազմում է 0,8։1»։ * Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 12։18։

Հարցրեք ինքներդ ձեզ։ «Հարգալի՞ց եմ խոսում կողակցիս հետ։ Ավելի շատ քննադատո՞ւմ եմ նրան, թե՞ գովում։ Ինչպիսի՞ն է ձայնիս տոնը, երբ որևէ դիտողություն եմ անում կամ դժգոհություն արտահայտում։ Կողակիցս կհամաձայնե՞ր այս հարցերին տված իմ պատասխաններին»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 3։13։

Փորձեք հետևյալը։ Նպատակ դրեք ամեն օր առնվազն մեկ հաճոյախոսություն անել ձեր կողակցին։ Կրկին ուշադրություն դարձրեք ձեր ամուսնու կամ կնոջ այն լավ հատկություններին, որոնցով մի ժամանակ հիացել եք։ Սովորություն դարձրեք ասելու նրան, թե ինչն է ձեզ դուր գալիս նրա մեջ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Կորնթացիներ 8։1։

Ձեր գործերը։ Ալիսիա անունով մի կին ասում է. «Ես շատ ժամանակ եմ տրամադրում տնային գործերին, և երբ տեսնում եմ, որ ամուսինս հարգում է ինձ ու գնահատում ջանքերս, օրինակ՝ հավաքում է իր հետևից կամ լվանում իր օգտագործած ափսեները, զգում եմ, որ ջանքերս զուր չեն, և ես կարևոր դեր ունեմ մեր ընտանիքում»։

Հարցրեք ինքներդ ձեզ։ «Իմ վարվելակերպից հստակ երևո՞ւմ է, որ հարգում եմ կողակցիս։ Բավականաչափ ժամանակ և ուշադրություն հատկացնո՞ւմ եմ նրան։ Կողակիցս կհամաձայնե՞ր այս հարցերին տված իմ պատասխաններին»։

Փորձեք հետևյալը։ Թղթի վրա նշեք, թե ինչ երեք կերպով դուք կցանկանայիք, որ ձեր կողակիցը հարգանք դրսևորեր ձեր հանդեպ։ Խնդրեք, որ նույնը ձեր կողակիցն անի։ Հետո փոխանակեք թղթերը, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե հարգանք դրսևորելու հետ կապված որ ոլորտներում աշխատելու տեղ ունի։ Կենտրոնացեք այն բանի վրա, թե դուք ինչ պետք է անեք հարգանք դրսևորելու համար։ Երբ կողակիցներից մեկը նախաձեռնություն է վերցնում այս հարցում, հավանականությունը մեծ է, որ մյուսը կհետևի նրա օրինակին։

^ պարբ. 8 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 14 Մեջբերումը «Ten Lessons to Transform Your Marriage» գրքից։