Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 4 2017

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՌԱՋԵՇ ՔԱԼԱՐԻԱ

Նյարդաախտաբանը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Նյարդաախտաբանը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

ՊՐՈՖԵՍՈՐ Ռաջեշ Քալարիան, որն աշխատում է Նյուքասլի համալսարանում (Անգլիա), ավելի քան 40 տարի է՝ զբաղվում է մարդու գլխուղեղի ուսումնասիրությամբ։ Մի ժամանակ նա հավատում էր էվոլյուցիոն տեսությանը, բայց հետագայում փոխեց իր տեսակետը։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

Կպատմե՞ք՝ ինչ կրոնական դաստիարակություն եք ստացել։

Հայրս ծնվել էր Հնդկաստանում, իսկ մայրս՝ Ուգանդայում, բայց նա նույնպես հնդկական ծագում ուներ։ Նրանց ապրելակերպը գլխավորաբար հիմնված էր հինդուական սովորույթների վրա։ Մեր ընտանիքի երեք երեխաներից երկրորդն էի։ Մենք ապրում էինք Նայրոբիում (Քենիա)։ Մեր հարևանությամբ ուրիշ շատ հինդուականներ էլ էին ապրում։

Ի՞նչը ձեր մեջ գիտության նկատմամբ հետաքրքրություն արթնացրեց։

Ինձ միշտ հետաքրքրել են կենդանիները, և ես հաճախ էի ընկերներիս հետ արշավների գնում, որ զմայլվեմ վայրի բնությամբ ու կենդանական աշխարհով։ Սկզբում ցանկանում էի անասնաբույժ-վիրաբույժ դառնալ։ Բայց Նայրոբիում տեխնիկական ինստիտուտ ավարտելուց հետո գնացի Անգլիա, որ Լոնդոնի համալսարանում կրթություն ստանամ ախտաբանության գծով։ Ավելի ուշ ես մասնագիտացա մարդու գլխուղեղի ուսումնասիրության ոլորտում։

Ձեր կատարած ուսումնասիրությունները անդրադարձա՞ն ձեր հավատալիքների վրա։

Այո՛, որքան շատ էի գիտական ուսումնասիրություններ անում, այնքան ավելի էի դժվարանում հավատալ հինդուական առասպելներին ու ավանդույթներին, ինչպիսիք են, օրինակ, կենդանիների ու զանազան պատկերների երկրպագությունը։

Իսկ ինչպե՞ս էիք սկսել հավատալ էվոլյուցիոն տեսությանը։

Երիտասարդ տարիներին իմ շրջապատում շատերը հավատում էին էվոլյուցիոն տեսությանը և կարծում էին, որ մարդկության էվոլյուցիան սկսվել է Աֆրիկայում։ Դպրոցում հաճախ էինք քննարկում այդ թեման։ Բացի այդ՝ թե՛ ուսուցիչները, թե՛ դասախոսները մեզ՝ ուսանողներիս, այն միտքն էին ներշնչել, թե բոլոր անվանի գիտնականները հավատում են էվոլյուցիոն տեսությանը։

 Հետո դուք սկսեցիք այլ կերպ նայել կյանքի առաջացման հարցին։ Ո՞րն էր պատճառը։

Ես արդեն մի քանի տարի էր՝ կենսաբանություն և անատոմիա էի ուսումնասիրում Նայրոբիում, երբ մի օր ինձ հետ սովորող ուսանողներից մեկը պատմեց, թե Եհովայի վկաների օգնությամբ ինչեր է իմացել Աստվածաշնչից։ Ինձ շատ հետաքրքրեց այդ ամենը։ Եվ երբ Վկաները համաժողով էին անցկացնում մեր ինստիտուտի դահլիճում, ես նույնպես ներկա եղա։ Ավելի ուշ երկու Վկա միսիոներներ ինձ մանրամասնորեն բացատրեցին աստվածաշնչյան որոշ ուսմունքներ։ Նրանց այն համոզմունքը, որ գոյություն ունի իմաստուն Արարիչ, ով տալիս է կյանքի կարևորագույն հարցերի պատասխանները, բոլորովին նման չէր առասպելաբանության և շատ տրամաբանական էր, ուստի հետաքրքրեց ինձ։

Իսկ բժշկության բնագավառում ձեր ստացած գիտելիքները որևէ կերպ թուլացրի՞ն արարչագործության հանդեպ ձեր հավատը։

Ընդհակառակը։ Անատոմիա ուսումնասիրելով՝ ես տեսնում էի, թե ինչ հանճարեղ ու բարդ ձևով են կառուցված կենդանի օրգանիզմները։ Եվ ավելի էի համոզվում, որ անտրամաբանական է այդ բարդ ու հանճարեղ օրգանիզմների առաջացումը վերագրել պատահական, չվերահսկվող պրոցեսների։

Կարող ե՞ք օրինակ բերել։

1970-ականների սկզբներից մինչև օրս ես ուսումնասիրում եմ մարդու ուղեղը, և այդ զարմանահրաշ օրգանը չի դադարում ապշեցնել ինձ։ Այն մտածողության և հիշողության կենտրոնն է և կարգավորում է օրգանիզմի բազմաթիվ ֆունկցիաներ։ Այն վերահսկում է մեր զգայարանների աշխատանքը՝ վերլուծելով ու վերամշակելով թե՛ արտաքին աշխարհից և թե՛ օրգանիզմի տարբեր մասերից եկող տեղեկությունները։

Գլխուղեղը այդ բոլոր գործառույթները կարողանում է իրականացնել իր բարդ քիմիական կառուցվածքի, քիմիական զանազան պրոցեսների և նեյրոնների խրթին ցանցի շնորհիվ (նեյրոնները նյարդային համակարգի հիմնական բջիջներն են)։ Մարդու գլխուղեղում կան միլիարդավոր նեյրոններ։ Դրանք միմյանց տեղեկություններ են հաղորդում աքսոն կոչվող երկար լարանման ելուստի միջոցով, իսկ միմյանցից տեղեկություններ ստանում են դենդրիտներ կոչվող ելուստների միջոցով։ Այդ ճյուղավորվող ելուստների միջոցով մեկ նեյրոնը կարող է հազարավոր կապեր ստեղծել այլ նեյրոնների հետ։ Արդյունքում՝ ուղեղի նյարդային կապերի քանակը կարող է աստղաբաշխական թվերի հասնել։ Ավելին՝ նեյրոնների և դենդրիտների այդ խիտ անտառում ամեն մի նյարդային բջիջ մյուսի հետ փոխկապակցվում է ոչ թե քաոսայնորեն, այլ ճշգրիտ ու կանոնակարգված ձևով։ Այն կարելի է նմանեցնել հաղորդալարերի անչափ բարդ մի ցանցի։

Կբացատրե՞ք։

Նյարդային «հաղորդալարերի» անցկացումը տեղի է ունենում կանոնակարգված ձևով դեռևս այն ժամանակ, երբ երեխան մոր արգանդում է, և շարունակվում է նրա ծննդից հետո։ Նեյրոնները ելուստներ են արձակում դեպի այլ նեյրոններ, որոնք կարող են նույնիսկ մի քանի սանտիմետր հեռու լինել, ինչը բջջային մակարդակում մեծ տարածություն է։ Ընդ որում՝ ելուստի նպատակակետը կարող է լինել ոչ միայն որոշակի նյարդային բջիջ, այլև այդ բջջի կոնկրետ մի մաս։

Երբ նեյրոնից նոր ելուստ է աճում, հատուկ քիմիական նյութերը ուղղորդիչ նշանների պես թելադրում են դրան «կանգնել», «գնալ», «շրջվել», մինչև որ ելուստը հասնում է իր նպատակակետին։ Առանց այդ հստակ հրահանգների աճող ելուստները կկորցնեին իրենց ուղղությունը։ Այդ ողջ գործընթացը կազմակերպվում և կանոնակարգում է հանճարեղ կերպով։ Կազմակերպման այդ պրոցեսը սկսվում է մեր ԴՆԹ-ում տեղադրված հրահանգներից։

Թեև այսօր մեզ բավականին բաներ են հայտնի ուղեղի գործունեության մասին, այդուհանդերձ, մենք դեռևս չենք կարող լիովին հասկանալ, թե ուղեղն ինչպես է զարգանում ու գործում, ինչպես է ստեղծում հիշողություններ, առաջացնում հույզեր ու մտքեր։ Իմ կարծիքով՝ հենց միայն այն փաստը, որ ուղեղը գործում է, արդեն իսկ ցույց է տալիս, որ գոյություն ունի մեր բանականությունից անհամեմատ բարձր բանականություն, էլ չեմ խոսում այն մասին, թե որքան հիանալի ձևով է գործում ու զարգանում ուղեղը։

Ինչո՞ւ դարձաք Եհովայի վկա։

Վկաները օգնեցին ինձ համոզվելու, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է՝ ներկայացնելով հիմնավոր փաստեր։ Օրինակ՝ նրանք ցույց տվեցին, որ թեև Աստվածաշունչը գիտական գիրք չէ, բայց գիտական թեմաների վերաբերյալ այնտեղ գրված բոլոր տեղեկությունները ճշգրիտ են։ Այնտեղ նաև կան բազմաթիվ մարգարեություններ, որոնք ճշգրտորեն կատարվել ու կատարվում են։ Բացի այդ՝ երբ մարդիկ կիրառում են Աստվածաշնչի խորհուրդներն ու սկզբունքները, նրանց կյանքը փոխվում է դեպի լավը։ Այդպես եղավ նաև իմ դեպքում։ Սկսած 1973 թ.-ից, երբ դարձա Եհովայի վկա՝ Աստվածաշունչը միշտ եղել է իմ կյանքի ուղեցույցը։ Եվ դրա շնորհիվ ես ապրում եմ բավարարվածություն պատճառող իմաստալից կյանքով։