Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 4 2017

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ժամանակը չի՞ հերիքում

Ժամանակը չի՞ հերիքում

Այնպիսի զգացում ունեք, որ ժամանակը ձեզ չի՞ հերիքում։ Եթե այդպես է, ապա իմացեք, որ միայն դուք չէ, որ նման զգացումներ ունեք։ «Էկոնոմիստ» հանդեսում ասվում է. «Ամենուրեք բոլորը զբաղված են» (The Economist)։

2015 ԹՎԱԿԱՆԻՆ ութ երկրներում ամբողջ օրով աշխատողների շրջանում անցկացված մի հարցման ժամանակ հարցվածներից շատերն ասացին, որ դժվարանում են կատարել այն ամենը, ինչ իրենցից պահանջվում է տանը և աշխատանքի վայրում։ Պատճառներից մեկն այն է, որ տան ու աշխատանքի հետ կապված նրանց պարտականություններն այսօր ավելի շատ են։ Բացի այդ՝ գնալով շատանում են ծախսերը և ավելանում աշխատաժամերը։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում ամբողջ օրով աշխատողները ասացին, որ իրենք աշխատում են միջին հաշվով շաբաթական 47 ժամ, իսկ ամեն 5-ից 1-ը նշեց, որ աշխատում է 60 կամ ավելի ժամեր։

Մեկ այլ հարցման ժամանակ, որն անցկացվել է 36 երկրներում, հարցվածների ավելի քան մեկ քառորդն ասաց, որ հաճախ իրենք շտապում են նույնիսկ ազատ ժամանակ։ Նման զգացումներ են ունենում նաև երեխաները, երբ նրանց գրաֆիկը գերծանրաբեռնված է լինում։

Եթե շարունակ փորձենք անել ավելին, քան թույլ է տալիս մեր ժամանակը, գուցե սկսենք ապրել գերլարված կյանքով ու ընկնենք, այսպես ասած՝ մշտական վազքի մեջ։ Իսկ հնարավո՞ր է ավելի հավասարակշռված կյանքով ապրել։ Ի՞նչ դեր ունեն այս հարցում մեր տեսակետները, նախընտրություններն ու նպատակները։ Նախ քննենք չորս պատճառ, թե ինչու են ոմանք փորձում չափից շատ բան վերցնել իրենց ուսերին։

 1 ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Գարի անունով մի հայր պատմում է. «Ես աշխատում էի շաբաթը յոթ օր։ Պատճառն այն էր, որ ուզում էի՝ երեխաներս ոչ մի լավ բանից չզրկվեն։ Ուզում էի՝ նրանք ունենան այն ամենը, ինչ ժամանակին ինքս չեմ ունեցել»։ Թեև նման մտածելակերպ ունեցող ծնողների մղումները լավն են, բայց կարիք կա, որ նրանք վերանայեն իրենց առաջնահերթությունները։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այն մեծահասակներն ու երեխաները, ովքեր մեծ կարևորություն են տալիս փողին և նյութական այլ բաներին, այնքան էլ երջանիկ չեն։ Նրանք ավելի քիչ բավականություն են ստանում կյանքից և առողջական ավելի շատ խնդիրներ ունեն, քան այն մարդիկ, ովքեր նյութապաշտ չեն։

Այն երեխաները, ում սովորեցնում են նյութական բաներին ավելի մեծ կարևորություն տալ, այնքան էլ երջանիկ չեն լինում

Որոշ ծնողներ, ջանալով այնպես անել, որ իրենց երեխաները հաջողության հասնեն ապագայում, թե՛ երեխաներին և թե՛ իրենք իրենց ծանրաբեռնում են տարբեր գործերով։ Նման ծնողները թեև լավ միտումներ ունեն, բայց արդյունքում վնասում են թե՛ իրենց, թե՛ իրենց երեխաներին։

2 «ՈՐՔԱՆ ՇԱՏ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ» ՏԵՍԱԿԵՏԸ

Գովազդատուները փորձում են համոզել, որ մենք շատ բան կկորցնենք, եթե չգնենք իրենց վերջին արտադրանքը։ «Էկոնոմիստ» հանդեսում ասվում է. «Զանազան ապրանքների հեղեղը միայն նպաստել է նրան, որ ժամանակն ավելի սուղ է դարձել», քանի որ սպառողները ստիպված են իրենց ունեցած առանց այն էլ քիչ ժամանակը վատնել այն բանի վրա, «որ ընտրեն՝ ինչ գնել, ինչ դիտել, և ինչ ուտել» (The Economist)։

1930 թ.-ին հայտնի մի տնտեսագետ կանխատեսել էր, որ տեխնիկայի զարգացումը նպաստելու էր այն բանին, որ աշխատող մարդիկ ավելի շատ ազատ ժամանակ էին ունենալու։ Բայց որքա՜ն էր նա սխալվում։ Հայտնի մի ամսագրի հաստիքային լրագրող Էլիզաբեթ Կոլբերտը նշում է, որ փոխանակ դա օգներ, որ մարդիկ «ավելի քիչ աշխատեին», ընդհակառակը՝ նպաստել է նրան, որ այսօր «նորանոր ապրանքներ ու ծառայություններ են ի հայտ գալիս», և մարդիկ «մտածում են, թե դրանց կարիքն ունեն»։ Իսկ այդ ամենը ձեռք բերելու համար նրանց ժամանակ ու փող է պետք (New Yorker)։

3 ՄԱՐԴԿԱՆՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄԸ

Որոշ մարդիկ պատրաստ են ժամեր շարունակ ծանր գրաֆիկով աշխատելու, որպեսզի չհիասթափեցնեն իրենց գործատերերին։ Հնարավոր է նաև, որ աշխատակիցները ճնշում բանեցնեն նրանց վրա՝ մեղավորության զգացում առաջացնելով այն բանի համար, որ նրանք իրենց պես չեն մնում ավելի երկար աշխատելու։ Բացի այդ՝ տնտեսական անկայուն վիճակն է ստիպում մարդկանց, որ համաձայնեն ավելի երկար աշխատելու և միշտ պատրաստ լինեն ցանկացած ժամանակ ներկայանալու աշխատանքի։

Իսկ ծնողները, չցանկանալով հետ մնալ մյուս ընտանիքներից, նրանց պես՝ ընկնում են խելահեղ վազքի մեջ։ Եվ եթե այդպես չեն վարվում, կարծում են, թե իրենց երեխաներին «զրկում են» ինչ-որ բանից։

 4 ԴԻՐՔԻ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՎԵԼՈՒ ՁԳՏՈՒՄԸ

Թիմը, ով ապրում է Միացյալ Նահանգներում, ասում է. «Ես սիրում էի իմ գործը և աշխատում էի ամեն օր իմ ողջ ուժով։ Ուզում էի լիարժեքորեն դրսևորել ինքս ինձ, ցույց տալ՝ ինչի եմ ընդունակ»։

Թիմի պես շատերն են մտածում, որ իրենց համբավը կախված է իրենց ընտրած կյանքի տեմպից։ Արդյունքում՝ ինչպես ասում է Էլիզաբեթ Կոլբերտը, «այսօր մարդկանց հասարակական կարգավիճակը որոշվում է նրանց զբաղվածության աստիճանով»։ Նա նաև նշում է. «Որքան շատ ես զբաղված լինում, այնքան ավելի կարևոր ես համարվում»։

ՍՈՎՈՐԵՔ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԼԻՆԵԼ

Աստվածաշունչը հորդորում է ժրաջան լինել (Առակներ 13։4)։ Բայց այն նաև զգուշացնում է, որ պետք է լինենք հավասարակշռված։ Ժողովող 4։6-ում կարդում ենք. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից»։

Հավասարակշռված ապրելակերպը նպաստում է մտային ու ֆիզիկական առողջությանը։ Բայց հնարավո՞ր է արդյոք քչացնել մեր գործերն ու դանդաղեցնել կյանքի տեմպը։ Այո՛, հնարավոր է։ Նկատի առնենք չորս գործնական խորհուրդ։

 1 ՎԵՐԱՆԱՅԵՔ ՁԵՐ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Բնական է, որ ցանկանում ենք որոշ չափով ֆինանսական ապահովություն ունենալ։ Բայց ինչքա՞ն գումար է անհրաժեշտ դրա համար։ Եվ արդյո՞ք հաջողությունը չափվում է միայն մեր ունեցած եկամտով ու նյութական միջոցներով։ Մտածեք՝ ի՞նչ արժեք կունենա փողը, եթե մարդ այնքան աշխատի, որ ժամանակ չունենա իր վաստակածը վայելելու համար։ Մյուս կողմից, սակայն, եթե չափից շատ ժամանակ տրամադրեք հանգստին ու զվարճությանը, արդյունքում՝ նորից կընկնեք վազքի մեջ։

Թիմը, որի խոսքերը մեջբերվեցին հոդվածի սկզբում, ասում է. «Ես ու կինս լրջորեն վերանայեցինք մեր կենսակերպը և որոշեցինք պարզեցնել այն։ Մենք մի աղյուսակ կազմեցինք և դրա մեջ նշեցինք, թե ինչպիսին է մեր ներկա իրավիճակը, և թե ինչ նոր նպատակներ ունենք։ Նաև խոսեցինք այն մասին, թե նախկինում մեր կայացրած որոշումները ինչ հետևանքներ են ունեցել, և ինչ պետք է անենք մեր նպատակներին հասնելու համար»։

2 ՆՎԱԶԵՑՐԵՔ «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ» ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Աստվածաշունչը խորհուրդ է տալիս հսկել «աչքերի ցանկությունը» (1 Հովհաննես 2։15–17)։ Իսկ գովազդները հակառակը՝ ավելի են բորբոքում այդ ցանկությունները, և արդյունքում՝ մարդ սկսում է ավելի շատ աշխատել կամ էլ ընկնում է ժամանցի ու զվարճության հետևից՝ ավելի շատ ժամանակ ու նյութական միջոցներ տրամադրելով դրանց։ Ճիշտ է, չեք կարող ընդհանրապես խուսափել գովազդներից, սակայն կարող եք քայլեր ձեռնարկել, որ հնարավորինս քիչ դիտեք դրանք։ Կարող եք նաև լավ ծանրութեթև անել, թե իրականում ինչի կարիք ունեք։

Բացի այդ՝ հիշեք, որ ձեր ընկերները կարող են շատ մեծ ազդեցություն թողնել ձեզ վրա։ Եթե նրանք ագահաբար նյութական բաների են ձգտում կամ հաջողությունը չափում են միայն նյութական ձեռքբերումներով, ապա թերևս իմաստուն կլինի հեռու մնալ նրանցից ու փնտրել այնպիսի ընկերներ, ովքեր ճիշտ առաջնահերթություններ ունեն։ Աստվածաշնչում գրված է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակներ 13։20

3 ՀՍՏԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐ ԴՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻ ՎՐԱ

Խոսեք ձեր գործատիրոջ հետ ձեր աշխատաժամերի և ունեցած առաջնահերթությունների մասին։ Եվ մեղավոր մի՛ զգացեք այն բանի համար, որ աշխատանքից  դուրս էլ կյանք ունեք։ Աշխատանքի վերաբերյալ մի գրքում ասվում է. «Նրանք, ովքեր հստակորեն սահմանազատում են իրենց աշխատանքն ու անձնական կյանքը կամ էլ ժամանակ առ ժամանակ արձակուրդ են վերցնում, իրենց համար նույն բանն են բացահայտում, այն է՝ երբ բացակայում ես աշխատավայրից, աշխարհը շուռ չի գալիս» (Work to Live)։

Գարին, ում խոսքերը մեջբերվեցին հոդվածի սկզբում, ֆինանսապես կայուն վիճակում էր, ուստի որոշեց կրճատել իր աշխատաժամերը։ Նա ասում է. «Ես խոսեցի ընտանիքիս հետ և առաջարկեցի, որ պարզեցնենք մեր կյանքը։ Հետո աստիճանաբար քայլեր ձեռնարկեցինք այդ նպատակին հասնելու համար։ Նաև դիմեցի գործատիրոջս, որ թույլ տա շաբաթվա մեջ ավելի քիչ օրեր աշխատեմ, և նա համաձայնվեց»։

4 ԸՆՏԱՆԻՔԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՄԱՐԵՔ

Կարևոր է հիշել, որ կողակիցները միմյանց հետ ժամանակ անցկացնելու կարիք ունեն, երեխաներն էլ կարիք ունեն շփվելու իրենց ծնողների հետ։ Հետևաբար մի՛ ընդօրինակեք այն ընտանիքներին, որոնք ապրում են մշտական վազքի մեջ։ Գարին ասում է. «Ձեզ համար հանգստի ժամ հայտարարեք և մի կողմ դրեք այն գործերը, որոնք այդքան էլ առաջնահերթ չեն»։

Երբ ընտանիքով հավաքվում եք, թույլ մի՛ տվեք, որ հեռուստացույցը, բջջային հեռախոսները կամ այլ սարքեր խանգարեն ձեր շփմանը։ Ձգտեք օրական գեթ մեկ անգամ ընտանիքով միասին ճաշել և այդ առիթներն օգտագործեք իրար հետ զրուցելու համար։ Երբ ծնողները հետևում են այս պարզ խորհրդին, երեխաներն ավելի ուրախ ու առողջ են լինում և ավելի լավ են սովորում դպրոցում։

Ճաշելու ժամանակն օգտագործեք ընտանիքով զրուցելու համար

Այժմ հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչի՞ եմ ուզում հասնել այս կյանքում։ Ի՞նչ եմ ցանկանում ընտանիքիս համար»։ Եթե դուք ցանկանում եք ավելի երջանիկ ու իմաստալից կյանք ունենալ, դրեք այնպիսի առաջնահերթություններ, որոնք ներդաշնակ կլինեն Աստվածաշնչի իմաստուն խորհուրդներին, որոնց օգտակարությունը փաստվել է բազում անգամներ։