ԽՆԴԻՐ

Ամուսնական զույգերի կյանքում ամենածանրը հաճախ լինում է այն շրջանը, երբ երեխաները մեծանալով հեռանում են տնից։ Տունը դատարկվում է, և այդ դատարկությունը այնպիսի զգացում է առաջացնում ամուսինների մեջ, ասես նրանք միմյանց համար բոլորովին օտար մարդիկ են։ Ընտանեկան հոգեբան-խորհրդատու Գարի Նյումանը գրում է. «Իմ աշխատանքային պրակտիկայում շատ եմ հանդիպում այնպիսի մարդկանց, ովքեր չգիտեն, թե ինչպես կրկին վերականգնեն իրենց կողակցի հետ ունեցած ջերմ փոխհարաբերությունները»։ Նյումանը շարունակում է. «Երեխաների հեռանալուց հետո [ծնողները] շատ քիչ ընդհանուր անելիքներ և խոսելու ընդհանուր թեմաներ են ունենում»։ *

Ձեր ընտանիքն է՞լ է հայտնվել նման դժվար իրավիճակում։ Եթե այո, մի՛ հուսահատվեք. հնարավո՛ր է այնպես անել, որ ամեն ինչ իր տեղն ընկնի։ Բայց նախ եկեք նկատի առնենք մի շարք գործոններ, որոնց պատճառով կողակիցները օտարանում են իրարից։

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Տարիներ շարունակ կողակիցների կյանքում առաջին տեղում եղել են երեխաները։ Բազմաթիվ ծնողներ հաճախ, լավ մղումներից ելնելով, երեխաների կարիքները իրենց փոխհարաբերություններից ավելի բարձր են դասում։ Արդյունքում՝ նրանք այնքան են հարմարվում ծնողի դերին, որ հետզհետե մոռանում են, որ իրենք նաև ամուսին ու կին են։ Այդ իրողությունն ավելի ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ երեխաները հեռանում են տնից։ 59-ամյա մի կին ասում է. «Երբ երեխաները մեզ հետ էին, գոնե որոշ բաներ միասին էինք անում»։ Սակայն, ինչպես նշում է այդ կինը, երեխաների հեռանալուց հետո նա և իր ամուսինը արդեն բոլորովին տարբեր հետաքրքրություններ և առաջնահերթություններ ունեին կյանքում։ Մի առիթով նա նույնիսկ իր ամուսնուն ասաց. «Մենք խանգարում ենք իրար»։

Որոշ զույգեր պատրաստված չեն կյանքի այս նոր փուլի համար։ Ինչպես նշվում է մի գրքում, «բազմաթիվ ամուսնական զույգեր այնպիսի զգացում են ունենում, ասես նոր են ամուսնացել» ու դեռ նոր պետք է հարմարվեն իրար (Empty Nesting)։ Շատ ամուսիններ, այլևս չունենալով ընդհանուր հետաքրքրություններ, մեկուսանում են իրարից, սկսում են ապրել ամեն մեկն իր կյանքով և ավելի շուտ սենյակակիցների են նմանվում, ոչ թե կողակիցների։

Սակայն վստահ եղեք, որ հնարավոր է խուսափել նման հետևանքներից և անգամ վայելել այն օրհնությունները, որ իր հետ բերում է կյանքի այս նոր փուլը։ Աստվածաշունչը կարող է օգնել այս հարցում։ Տեսնենք, թե ինչպես։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Վճռեք հարմարվել փոփոխություններին։ Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչ է լինում, երբ երեխան մեծանում ու դառնում է չափահաս անձնավորություն։ Այնտեղ կարդում ենք. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը» (Ծննդոց 2։24)։ Որպես ծնող՝ ձեր նպատակն էր նախապատրաստել նրան այդ օրվան և օգնել, որ նա ձեռք բերի չափահաս կյանքի համար անհրաժեշտ հմտություններ։ Եթե իրավիճակին նայեք այդ տեսանկյունից, ապա իրավամբ կարող եք հպարտանալ, որ ձեր երեխաները դարձել են հասուն մարդիկ ու արդեն պատրաստ են հեռանալու տնից։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Մարկոս 10։7։

Անկասկած, երեխաների մեծանալուց հետո էլ դուք շարունակում եք մնալ նրանց ծնողները։ Սակայն այժմ դուք ավելի շուտ խորհրդատուի դերում եք, ոչ թե վերակացուի։ Երեխաների հետ այս նոր բնույթի փոխհարաբերությունը հնարավորություն է տալիս պահպանել ամուր կապ նրանց հետ և միևնույն ժամանակ ձեր ուշադրությունը կենտրոնացնել ձեր կողակցի վրա։ * Աստվածաշնչյան սկզբունք՝ Մատթեոս 19։6։

Խոսեք ձեր մտահոգությունների մասին։ Ասեք ձեր կողակցին, թե կյանքի այս լուրջ փոփոխությունը ինչ ազդեցություն է թողնում ձեզ վրա, նաև պատրաստակամորեն լսեք նրան, երբ նա խոսում է իր զգացումների մասին։ Եղեք համբերատար և կարեկից։ Ժամանակ է հարկավոր, որ ամրացնեք ձեր կապը որպես ամուսին և կին, սակայն արժե ջանք թափել դրա համար։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Կորնթացիներ 13։4։

Փնտրեք ընդհանուր հետաքրքրություններ։ Խոսեք այն մասին, թե ինչ նպատակների կցանկանայիք հասնել միասին և ինչ ընդհանուր հետաքրքրություն կուզեիք ունենալ։ Երեխաներ մեծացնելով՝ դուք ձեռք եք բերել գործնական իմաստություն։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել դա ուրիշներին օգնելու համար։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հոբ 12։12։

Ամրացրեք ձեր ամուսնական միությունը։ Մտածեք ձեր կողակցի այն հատկությունների մասին, որոնք գրավել են ձեզ։ Միասին խորհրդածեք ձեր ապրած համատեղ կյանքի շուրջ և հիշեք, թե ինչ փոթորկանման դժվարություններ եք հաղթահարել։ Կյանքի այս նոր փուլը կարող է հաճելի ժամանակաշրջան լինել ձեզ համար։ Միասին համագործակցելով՝ դուք կարող եք բարելավել ձեր ամուսնական փոխհարաբերությունները և կրկին բոցավառել այն սիրո կրակը, որը տարիներ առաջ միավորել էր ձեր սրտերը։

^ պարբ. 4 «Emotional Infidelity» գրքից։

^ պարբ. 12 Եթե դեռևս երեխաներ եք մեծացնում, մի՛ մոռացեք, որ դուք և ձեր կողակիցը «մեկ մարմին» եք (Մարկոս 10։8)։ Երեխաներն իրենց շատ ավելի ապահով են զգում, երբ տեսնում են, որ իրենց ծնողները ամուր փոխհարաբերություններ ունեն։