Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 4 2017

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Գայթակղություն

Գայթակղություն

Ամուսնալուծություն, առողջական խնդիրներ, խղճի խայթ. սրանք ընդամենը մի քանիսն են այն դառը հետևանքներից, որ բերում է գայթակղությանը տրվելը։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել այդ ծուղակն ընկնելուց։

Ի՞նչ է գայթակղությունը

Գայթակղությունն այն է, երբ մարդուն գրավում է ինչ-որ բան, հատկապես սխալ բան։ Օրինակ՝ պատկերացրեք՝ խանութում տեսնում եք մի իր, ինչը ձեզ շատ է դուր գալիս։ Հանկարծ միտք է ծագում, որ կարող եք հեշտությամբ գողանալ այն ու չբռնվել։ Բայց ձեր խիղճը ահազանգում է, և դուք վանում եք սխալ միտքը։ Այդպիսով՝ գայթակղությունը վերանում է, և դուք հաղթանակած եք դուրս գալիս։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

 

Երբ մարդ գայթակղվում է, դրանով նա վատը չի դառնում։ Աստվածաշունչն ասում է, որ բոլոր մարդիկ էլ կանգնում են գայթակղությունների, կամ՝ փորձությունների առաջ (1 Կորնթացիներ 10։13)։ Կարևորն այն է, թե ինչպես ենք վարվում գայթակղության առաջ կանգնելիս։ Ոմանք շարունակում են մտածել սխալ բանի մասին, և նրանց մեջ ցանկությունն այնքան է ուժգնանում, որ ի վերջո տրվում են դրան։ Իսկ ուրիշներն էլ անմիջապես վանում են սխալ մտքերը։

«Ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով» (Հակոբոս 1։14

Գայթակղության բախվելիս ինչո՞ւ է կարևոր արագ գործել

Աստվածաշունչը հայտնում է, թե որ քայլերն են տանում սխալ արարքների։ Հակոբոս 1։15-ում ասվում է. «Երբ [սխալ] ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում, և մեղքն էլ վերջում մահ է ծնում»։ Պարզ ասած՝ եթե թույլ ենք տալիս, որ սխալ ցանկությունը զարգանա, ապա գալիս է մի պահ, երբ այն իրագործելը արդեն դառնում է անխուսափելի, ինչպես հղի կնոջ ծննդաբերությունը։ Այդուհանդերձ, հնարավոր է խուսափել անպատշաճ ցանկությունների գերին դառնալուց։ Մենք կարող ենք ճնշել դրանք։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ։

 

Մեր միտքը կարող է, այսպես ասած՝ ջրել սխալ ցանկությունները կամ էլ հակառակը՝ արմատախիլ անել դրանք։ Ինչպե՞ս է հնարավոր արմատախիլ անել սխալ ցանկությունները։ Օրինակ՝ եթե մեր միտքը կենտրոնացնենք մեկ այլ բանի վրա. զբաղվենք ինչ-որ գործով, շփվենք ընկերների հետ կամ էլ մտածենք կերտիչ մի բանի մասին (Փիլիպպեցիներ 4։8)։ Օգտակար է նաև մտածել գայթակղությանը տրվելու հետևանքների մասին, ինչպիսիք են էմոցիոնալ, ֆիզիկական և հոգևոր վնասները (2 Օրենք 32։29)։ Աղոթքը նույնպես կարող է մեծապես օգնել։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Շարունակ աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մատթեոս 26։41

«Մի՛ մոլորվեք։ Աստծուն հնարավոր չէ խաբել։ Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7

 Ինչպե՞ս կարող եք պատրաստ լինել դիմադրելու գայթակղությանը

ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ։

 

Ընդունեք այն փաստը, որ գայթակղությունը իրականում խայծ է։ Անխոհեմ, միամիտ ու անզգույշ մարդը դրանով «հրապուրվում է [«խայծով բռնվում է», «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ., ծնթ.]» և ընկնում ծուղակը (Հակոբոս 1։14)։ Սա հատկապես վերաբերում է սեռական անբարոյության հետ կապված գայթակղություններին, որոնց տրվելը աղետալի հետևանքներ է բերում (Առակներ 7։22, 23

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ։

 

Հիսուս Քրիստոսն ասաց. «Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու մի կողմ գցիր» (Մատթեոս 5։29)։ Ինչ խոսք, Հիսուսը չէր խոսում բառացիորեն աչքը հանելու մասին։ Նա նկատի ուներ այն, որ եթե ուզում ենք հաճեցնել Աստծուն և հավիտենական կյանք ստանալ, պետք է, այսպես ասած՝ սպանենք մեր մարմնի անդամները, որ սխալ բան չանենք (Կողոսացիներ 3։5)։ Այսինքն՝ գուցե հարկ լինի, որ վճռական քայլեր ձեռնարկենք գայթակղությանը դիմադրելու համար։ Աստծու հավատարիմ ծառաներից մեկը աղոթեց. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց» (Սաղմոս 119։37

Ինչ խոսք, հեշտ չէ ինքնատիրապետում դրսևորել, քանի որ «մարմինը տկար է» (Մատթեոս 26։41)։ Ուստի հնարավոր է այնպես լինի, որ սխալվենք, բայց եթե անկեղծորեն զղջանք և ամեն ջանք թափենք, որ սխալ անելը սովորություն չդառնա մեզ համար, մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված, «բարեգութ և ողորմած» կլինի մեր հանդեպ (Սաղմոս 103։8)։ Որքա՜ն մխիթարական է այս միտքը։

«Եթե դու, ո՛վ Յահ, անօրենությունները զննես, Եհո՛վա, ո՞վ կարող է կանգնել» (Սաղմոս 130։3