Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 4 2017

Զարմանահրաշ բևեռային ջրածիծառը

Զարմանահրաշ բևեռային ջրածիծառը

ԵՐԿԱՐ ժամանակ գիտնականները կարծում էին, թե բևեռային ջրածիծառները Արկտիկայից Անտարկտիկա թռչելու և վերադառնալու համար անցնում են մոտ 35 200 կիլոմետր (22 000 մղոն) տարածություն։ Սակայն վերջերս կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ այդ թռչունները իրականում ավելի երկար ճանապարհ են անցնում։

Ինչպես ցույց է տրված նկարում, ջրածիծառները իրենց միգրացիայի ժամանակ ուղիղ ճանապարհով չեն թռչում

Ուսումնասիրությունների ընթացքում թռչուններից մի քանիսի վրա ամրացրին փոքրիկ տեղորոշիչ սարքեր, որոնք կոչվում են գեոլոկատորներ։ Գրեթե թղթի ամրակի չափ կշռող այդ հիանալի սարքերը ցույց տվեցին, որ որոշ ջրածիծառներ մի բևեռից մյուսը թռչելու ու վերադառնալու համար անցնում են միջին հաշվով 90 000 կիլոմետր (56 000 մղոն)։ Սա միգրացիայի ժամանակ անցած տարածության ամենաբարձր ցուցանիշն է կենդանական աշխարհում։ Իսկ թռչուններից մեկը նույնիսկ անցել էր մոտ 96 000 կիլոմետր (60 000 մղոն)։ Ինչո՞ւ էին նոր ցուցանիշները այդքան բարձր նախկին ցուցանիշներից։

Պարզվեց, որ բևեռային ջրածիծառները, անկախ նրանից, թե որ բևեռից են սկսում իրենց չուն, երբեք չեն թռչում ուղիղ ճանապարհով։ Ինչպես ցույց է տրված նկարում, Ատլանտյան օվկիանոսով նրանց սովորական թռիչքի ուղղությունը նման է անգլերեն «S» տառի։ Ինչո՞ւ են նրանք այդպես թռչում։ Բանն այն է, որ այս թռչուններն օգտվում են գերիշխող քամիներից։

Ջրածիծառները իրենց կյանքի ընթացքում, որի տևողությունը մոտ 30 տարի է, կարող են թռչել ավելի քան 2,4 միլիոն կիլոմետր (1,5 միլիոն մղոն)։ Դա համահավասար է երեքից չորս անգամ դեպի լուսին թռչելուն ու վերադառնալուն։ Հետազոտողներից մեկն ասում է. «Սա աներևակայելի սխրանք է մոտ 100 գրամ [3,5 ունցիա] կամ մի փոքր ավելի կշռող թռչնակի համար»։ Ավելին՝ քանի որ բևեռային ջրածիծառները երկու բևեռային շրջաններում էլ լինում են ամռանը, նրանք, ինչպես նշվում է մի գրքում, «տարվա ընթացքում ավելի շատ են ցերեկային լույս տեսնում, քան ցանկացած այլ կենդանի արարած» (Life on Earth: A Natural History)։