Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 4 2016

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԼԱՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Իրատես եղեք

1. Իրատես եղեք

Գուցե ցանկանաք ձեր կյանքում ամեն բան միանգամից փոխել։ Թերևս որոշեք. «Այս շաբաթվա մեջ կթողնեմ ծխելը, այլևս վատ բառեր չեմ գործածի, մինչև ուշ գիշեր արթուն չեմ մնա, կսկսեմ մարմնամարզությամբ զբաղվել, առողջ սնունդ կօգտագործեմ և ավելի հաճախ կզանգահարեմ տատիկիս ու պապիկիս»։ Բայց եթե փորձեք ձեր բոլոր նպատակներին հասնել միաժամանակ, ի վերջո դրանցից ոչ մեկին էլ չեք հասնի։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Իմաստությունը համեստների հետ է» (Առակներ 11։2

Համեստ մարդը իրատես է։ Նա հասկանում է, որ իր ունեցած ժամանակը, ուժերը և միջոցները սահմանափակ են։ Հետևաբար չի փորձում ամեն բան միանգամից փոխել, այլ աստիճանաբար է փոփոխություններ անում։

Եթե փորձեք ձեր բոլոր նպատակներին հասնել միաժամանակ, ի վերջո դրանցից ոչ մեկին էլ չեք հասնի

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Ամեն անգամ աշխատեք մեկ կամ երկու սովորության վրա։ Հետևյալ քայլերը կարող են օգտակար լինել։

  1. Կազմեք երկու ցուցակ. մեկում նշեք լավ սովորությունները, որոնք ցանկանում եք զարգացնել, իսկ մյուսում՝ վատ սովորությունները, որոնցից ցանկանում եք ձերբազատվել։ Յուրաքանչյուր ցուցակում հնարավորինս շատ սովորություններ ընդգրկեք։

  2. Ցուցակներում նշված սովորությունները համարակալեք ըստ առաջնահերթության։

  3. Ընտրեք մի քանի սովորություն, թեկուզև յուրաքանչյուր ցուցակից մեկը կամ երկուսը և աշխատեք դրանց վրա։ Հետո անցեք հաջորդ սովորություններին՝ կրկին յուրաքանչյուր ցուցակից ընտրելով մեկը կամ երկուսը։

Որպեսզի ավելի արագ հասնեք արդյունքի, վատ սովորությունը փոխարինեք լավ սովորությամբ։ Ենթադրենք վատ սովորությունների ցուցակում նշել եք չափից շատ հեռուստացույց դիտելը, իսկ լավ սովորությունների ցուցակում՝ հարազատների կամ ընկերների հետ ավելի շատ շփվելը։ Այդ դեպքում թերևս որոշեք ամեն օր աշխատանքից տուն գալուն պես ոչ թե անմիջապես միացնել հեռուստացույցը, այլ զանգահարել ձեր ընկերներից կամ հարազատներից մեկին և զրուցել նրա հետ։