Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 4 2016

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Արտաքին գեղեցկություն

Արտաքին գեղեցկություն

Մարդու երջանկության հարցում մեծ դեր է խաղում այն, թե նա ինչ տեսակետ ունի արտաքին գեղեցկության վերաբերյալ։

Ինչո՞ւ ենք գնահատում գեղեցկությունը

Մարդու ուղեղը ունակ է ընկալելու գեղեցկությունը, թեև դեռևս լիովին հայտնի չէ, թե ինչպես։ Աստվածաշնչում նույնպես գրված չէ, թե ինչպես է դա տեղի ունենում, բայց այն հայտնում է, թե ինչու մարդը գեղեցիկը գնահատելու ունակություն ունի։ Աստված մարդուն ստեղծել է այնպիսի հատկություններով, ինչպիսիք որ ինքն ունի (Ծննդոց 1։27; Ժողովող 3։11)։ Նա նաև տվել է նրան այնպիսի մարմին, որն ունի բարդ կառուցվածք, առանձնահատուկ ձև ու ֆունկցիաներ։ Սրա վերաբերյալ հին ժամանակներում ապրած մի երգասաց գրել է. «Պիտի գովերգեմ քեզ [Աստված], քանի որ զարմանալի կերպով եմ ստեղծված, և դա ակնածանք է ներշնչում» (Սաղմոս 139։14

Սակայն այսօր մարդիկ շատ հաճախ արտաքին գեղեցկության վերաբերյալ անհավասարակշռված տեսակետ ունեն, մի երևույթ, որը խրախուսվում է նորաձևության և տեղեկատվական միջոցների կողմից։ Ինչպես նշվում է մի գրքում, արևմտյան քաղաքակրթության շրջանում կատարված մի շարք ուսումնասիրություններ «ցույց են տվել, որ անձնավորության ինքնագնահատականի ձևավորման հարցում ամենակարևոր գործոնը արտաքին տեսքն է» (Body Image)։ Սակայն միայն արտաքինի վրա կենտրոնանալով՝ մարդը աչքաթող է անում շատ ավելի կարևոր մի բան՝ ներքին էությունը (1 Սամուել 16։7

Շատ մշակույթներում այսօր չափազանց մեծ կարևորություն են տալիս արտաքին տեսքին ու սեռական գրավչությանը

Արտաքինի վրա չափից շատ կենտրոնանալով՝ մարդիկ սկսել են ավելի ու ավելի շատ կարևորել անհատի, հատկապես կանանց սեռական գրավչությունը։ Ինչպես նշվում է Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի 2007 թ. մի հաշվետվության մեջ, «ուսումնասիրությունները հստակ ցույց են տալիս, որ գրեթե բոլոր տեղեկատվական և ժամանցի միջոցները.... ամեն կերպ ջանում են կանանց ավելի ցանկահարույց ներկայացնել»։ Աստվածաշունչը հորդորում է, որ թույլ չտանք՝ նման մտածելակերպը ազդի մեզ վրա, և դրա համար կա հիմնավոր պատճառ (Կողոսացիներ 3։5, 6

«Թող ձեր զարդարանքը չլինի արտաքուստ.... Այլ ձեր զարդարանքը թող լինի սրտի ծածուկ մարդը՝ հանդարտ ու մեղմ ոգու անապականելի հագուստը հագած, ինչը և մեծ արժեք ունի Աստծու աչքում» (1 Պետրոս 3։3, 4)։

Ինչո՞ւ է հավասարակշռված տեսակետ ունենալը խելամիտ

Արտաքին գեղեցկության վերաբերյալ ոմանք ասում են. «Եթե ունես, ուրեմն ցուցադրիր»։ Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի մի հաշվետվության մեջ նշվում է, որ այն մշակույթներում, որտեղ ընդունված է նման մտածելակերպը, պատանեկան և նույնիսկ նախապատանեկան տարիքի աղջիկները սկսել են իրենց համարել «դիմացինի ցանկությունների բավարարման առարկա.... և այնպես անել, որ իրենց ուշադրություն դարձնեն ու գնահատեն արտաքինի համար»։  Այս մտածելակերպը, սակայն, կարող է վատ հետևանքների հանգեցնել։ Ըստ էության, այն դարձել է հասարակական և առողջապահական լուրջ խնդիր, որը համաձայն նույն ասոցիացիայի՝ կարող է «զգացական լուրջ վնասներ» պատճառել, օրինակ՝ անհանգստություն, «անգամ խորշանք սեփական անձի հանդեպ.... նաև սննդի ընդունման խանգարումներ, թերարժեքության զգացում, դեպրեսիա կամ ընկճվածություն»։

«Հեռացրու տրտմությունը քո սրտից և հետ մղիր փորձանքը քո մարմնից, քանի որ երիտասարդությունն ու կյանքի արշալույսը ունայնություն են» (Ժողովող 11։10)։

Ո՞ր տեսակետն է ողջամիտ

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ «ողջամտությունը» կապված է համեստության հետ (1 Տիմոթեոս 2։9)։ Իսկապես, համեստ մարդիկ մակերեսային ու սնափառ չեն և տարված չեն իրենց արտաքինով։ Նրանք հաշվի են առնում ուրիշների զգացմունքները և այդպիսով արժանանում նրանց հիացմունքին ու հարգանքին և ամենակարևորը՝ Աստծու հավանությանը (Միքիա 6։8)։ Ավելին, այդպիսի մարդիկ ավելի հեշտությամբ են ձեռք բերում իսկական ընկերներ և այնպիսի կողակից, որին հետաքրքրում է ոչ թե լոկ ֆիզիկական մտերմությունը, այլ երջանիկ ու հարատև միությունը։

Ահա թե ինչու է Աստվածաշունչը հորդորում ավելի շատ ուշադրություն դարձնել ներքին անձնավորությանը՝ «սրտի ծածուկ մարդուն» (1 Պետրոս 3։3, 4)։ Ներքին գեղեցկությունը անանց է։ Ժամանակի ընթացքում այն նույնիսկ կարող է կատարելագործվել։ Առակներ 16։31-ն ասում է. «Ալևորությունը գեղեցկության պսակ է, եթե գտնվում է արդարության ճանապարհին»։ Այո՛, Աստվածաշնչի իմաստուն խորհուրդներին հետևող մարդիկ՝ լինեն տարեց, թե երիտասարդ, կարող են ձեռք բերել մնայուն գեղեցկություն և ունենալ արժանապատվության ու գոհունակության զգացում։

«Հմայքը կարող է սուտ լինել և գեղեցկությունը՝ ունայն, բայց այն կինը, որը վախենում է Եհովայից, գովասանքի կարժանանա» (Առակներ 31։30)։

Իմացիր ավելին

Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները

Հիսուսն ասաց, թե ինչու մենք առաջնորդության կարիք ունենք և որ երկու սկզբունքները առաջնային կարևորություն ունեն։