Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 3 2017

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐ

Ինչո՞ւ է կարևոր երեխաներին տնային գործեր հանձնարարել

Ինչո՞ւ է կարևոր երեխաներին տնային գործեր հանձնարարել

ԽՆԴԻՐ

Որոշ ընտանիքներում ընդունված է, որ երեխաները պետք է օգնեն ծնողներին տնային գործերում, և նրանք անում են դա առանց որևէ տրտունջի։ Ուրիշ ընտանիքներում էլ ծնողները գնալով ավելի քիչ պահանջներ են դնում իրենց երեխաների առաջ։ Երեխաներն էլ, ուրախությամբ հարմարվելով այդ փոփոխությանը, ավելի քիչ են մասնակցում տնային գործերին։

Հետազոտողները նման տենդենց նկատել են հատկապես արևմուտքի երկրներում։ Այստեղ երեխաները ավելի շատ սպառողների դերում են, քան ներդրողների։ Ստիվեն անունով մի հայր ասում է. «Այսօր ծնողները իրենց երեխաներին թողնում են ինքնահոսի՝ թույլ տալով, որ վերջիններս տարվեն էլեկտրոնային խաղերով, թափառեն ինտերնետում և ժամերով նստեն հեռուստացույցի առջև։ Նրանք շատ քիչ ակնկալիքներ ունեն երեխաներից»։

Իրականում, երեխաներին տնային գործեր հանձնարարելը կարևոր է ոչ միայն տունը կոկիկ և բարվոք վիճակում պահելու, այլև երեխայի անձնավորության ձևավորման համար։ Իսկ դուք համաձա՞յն եք այս մտքին։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Որոշ ծնողներ վարանում են երեխաներին տնային գործեր հանձնարարել, հատկապես այն դեպքերում, երբ երեխայի ողջ շաբաթը արդեն իսկ հագեցած է տնային առաջադրանքներով և տարբեր արտադասարանային պարապմունքներով։ Բայց եկեք տեսնենք, թե ինչ օգուտներ է բերում երեխային տնային գործեր հանձնարարելը։

Օգնում է, որ երեխան հասուն անհատ դառնա։ Այն երեխաները, որոնք տնային գործեր են անում, որպես կանոն, ավելի լավ են սովորում դպրոցում։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ տնային գործերում օգնելով՝ նրանք վստահություն են ձեռք բերում, ինքնակարգապահ են դառնում և զարգացնում են կամքի ուժ՝ հատկություններ, որոնք անհրաժեշտ են լավ սովորելու համար։

Երեխան սովորում է ծառայել ուրիշներին։ Նկատվել է, որ այն երեխաները, ում ծնողները ակնկալում են, որ նրանք օգնեն տան հետ կապված գործերում, հետագայում ավելի պատրաստակամ են լինում կատարելու հանրօգուտ կամավոր աշխատանքներ։ Եվ սա միանգամայն տրամաբանական է, քանի որ տնային գործեր անելով՝ նրանք սովորում են ուրիշների շահը սեփական շահից վեր դասել։ Մյուս կողմից, սակայն, ինչպես ասում է Ստիվենը, «երբ երեխայից ոչ մի ակնկալիք չեն ունենում, նա սկսում է մտածել, թե ինքն աշխարհ է եկել, որ իրեն ծառայեն։ Եվ մեծանալով՝ նա սխալ պատկերացում է ունենում այն մասին, թե պատասխանատվություններ ստանձնելու և աշխատասեր լինելու հարցում իրենից ինչ է ակնկալվում կյանքում»։

Նպաստում է ընտանիքի միասնությանը։ Տնային գործեր անելով՝ երեխաները սկսում են գիտակցել, որ իրենք ոչ միայն ընտանիքի սիրված ու կարևոր անդամ են, այլ որ իրենք էլ պարտավորություններ ունեն ընտանիքի հանդեպ։ Բայց նրանք սա չեն հասկանա, եթե ծնողները արտադասարանային պարապմունքներին ավելի մեծ կարևորություն տան, քան տնային գործեր անելուն։ Ինքներդ ձեզ հարցրեք. «Ի՞նչ օգուտ, եթե երեխաս մտերմանա իր  ֆուտբոլային թիմի անդամների հետ, բայց ընտանիքի անդամների հետ նրա փոխհարաբերությունները գնալով սառչեն»։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Փոքրուց սովորեցրեք։ Ոմանք ասում են, որ երեխաներին հարկավոր է տնային գործեր հանձնարարել՝ սկսած երեք տարեկանից։ Ուրիշներն էլ խորհուրդ են տալիս սկսել երկու տարեկանից կամ ավելի փոքր տարիքից։ Բանն այն է, որ շատ փոքր տարիքի երեխաները սիրում են իրենց ծնողների հետ համատեղ ինչ-որ բան անել և ընդօրինակել նրանց։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 22։6։

Տարիքին համապատասխան հանձնարարություններ տվեք։ Օրինակ՝ երեք տարեկան երեխան կարող է հավաքել իր խաղալիքները, սրբել փոշիները կամ մուգ գույնի լվանալու շորերը առանձնացնել բաց գույնի շորերից։ Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են փոշեկուլով մաքրել տունը, լվանալ մեքենան և անգամ ուտելիք պատրաստել։ Ձեր երեխային իր ունակություններին համապատասխան գործեր հանձնարարեք և գուցե նույնիսկ զարմանաք՝ տեսնելով, թե ինչ ոգևորությամբ է նա անում իրեն հանձնարարվածը։

Ճիշտ առաջնահերթություններ դրեք։ Գուցե դժվարանաք տնային գործերին առաջնահերթություն տալ, եթե ձեր երեխան մեծ քանակությամբ տնային աշխատանք ունի անելու։ Բայց մի գրքում ասվում է, որ եթե հանուն բարձր գնահատականների երեխային ազատում եք տան գործերից, դա «նշանակում է, որ սխալ առաջնահերթություններ եք դնում» (The Price of Privilege)։ Ինչպես արդեն նշվեց, տնային գործեր անելը օգնում է երեխային ավելի լավ սովորել դպրոցում և ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք նրան պետք կգան, երբ նա իր ընտանիքը կազմի։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Փիլիպպեցիներ 1։10։

Կենտրոնացեք նպատակի վրա, ոչ թե արդյունքի։ Երեխան թերևս տվյալ գործն անի ավելի երկար ժամանակում, քան դուք կցանկանայիք։ Նաև գուցե գործի որակը այնքան էլ լավը չլինի։ Նման դեպքերում դիմադրեք երեխայի փոխարեն գործն անելու գայթակղությանը։ Հիշեք, որ ձեր նպատակը ոչ թե այն է, որ երեխան մեծահասակի պես անթերի անի իր հանձնարարությունը, այլ որ սովորի պատասխանատվություններ ստանձնել և հասկանա, թե ինչ ուրախություն է պարգևում աշխատանքը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ժողովող 3։22։

Օգնեք, որ երեխան ճիշտ մղումներ ունենա։ Ոմանք ասում են, թե տնային գործեր անելու համար երեխային վճարելը օգնում է, որ նա ավելի պատասխանատվությամբ մոտենա իր հանձնարարությանը։ Ուրիշներն էլ ասում են, որ այդ դեպքում երեխան սկսում է կենտրոնանալ ընտանիքից ինչ-որ բան ստանալու, ոչ թե իր կողմից ինչ-որ բան տալու վրա։ Նաև վտանգ կա, որ երբ երեխան բավականաչափ փող ունենա, գուցե հրաժարվի տնային գործեր անելուց, ինչը ցույց կտա, որ նրան տնային գործեր հանձնարարելը չի ծառայում իր բուն նպատակին։ Ի՞նչ հետևություն կարելի է անել այս ամենից։ Լավ կլինի երեխային փող տալ ոչ թե տնային գործեր անելու դիմաց, այլ ուրիշ առիթներով։