Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 3 2017

Էնտերային նյարդային համակարգը՝ ԷՆՀ-ն (պատկերված է կապույտ գույնով), տեղակայված է մեր մարսողական համակարգում

Էնտերային նյարդային համակարգ. մեր «երկրորդ ուղեղը»

Էնտերային նյարդային համակարգ. մեր «երկրորդ ուղեղը»

ՔԱՆԻ՞ ուղեղ ունի մարդը։ Եթե ասենք՝ մեկ, ապա սխալված չենք լինի։ Սակայն մեր օրգանիզմում կան նաև այլ նյարդային համակարգեր։ Նյարդային բջիջների այդ ցանցերից մեկն այնքան ընդարձակ է, որ որոշ գիտնականներ այն կոչում են «երկրորդ ուղեղ»։ Դա էնտերային (աղիքային) նյարդային համակարգն է (ԷՆՀ), որը գտնվում է ոչ թե գլխում, այլ մեծամասամբ որովայնում։

Որպեսզի մեր ընդունած սնունդը էներգիայի փոխակերպվի, օրգանիզմում պետք է հսկայական աշխատանք և փոխհամաձայնեցված գործունեություն իրականացվի։ Հետևաբար շատ տեղին է, որ ուղեղը մարսողության գործընթացի վերահսկողությունը հիմնականում «հանձնել» է ԷՆՀ-ին։

Թեև ԷՆՀ-ն գլխուղեղի համեմատ շատ ավելի պարզ է, սակայն այն, ըստ էության, բավականին բարդ համակարգ է։ Հաշվարկների համաձայն՝ մարդու օրգանիզմում այդ համակարգը բաղկացած է 200–600 միլիոն նեյրոններից։ Նեյրոնների այդ բարդ ցանցը տեղակայված է մարսողական համակարգի պատերում։ Գիտնականները կարծում են, որ եթե ԷՆՀ-ի ֆունկցիաները իրականացներ գլխուղեղը, ապա դրանց համար անհրաժեշտ նյարդերը շատ հաստ կլինեին։ ԷՆՀ-ի մասին մի գրքում նշվում է, որ «շատ ավելի ապահով և արդյունավետ է, որ [մարսողական համակարգը] ինքն է հոգ տանում իր մասին» (The Second Brain)։

«ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ»

Սննդի մարսման համար անհրաժեշտ է, որ ճիշտ ժամանակին արտադրվեն համապատասխան կենսաբանական ակտիվ նյութեր և ուղարկվեն համապատասխան վայրեր։ Պրոֆեսոր Գարի Մոն մարսողական համակարգը իրավամբ համեմատում է «քիմիական նյութերի արտադրամասի» հետ։ Մարսողության կենսաքիմիական պրոցեսը աներևակաելիորեն բարդ է։ Օրինակ՝ աղիների պատերում տեղակայված են հատուկ մասնագիտացված բջիջներ, որոնք քիմիական նյութերի դետեկտորի կամ համային ընկալիչի դեր են կատարում. դրանք զատորոշում են սննդի մեջ առկա բոլոր քիմիական բաղադրամասերը։ Այդ տեղեկությունների հիման վրա՝ ԷՆՀ-ն արտադրում է համապատասխան մարսողական ֆերմենտներ, որոնց միջոցով սնունդը տարրալուծվում է այնպիսի մասնիկների, որոնք հեշտությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից։ ԷՆՀ-ն նաև մեծ դեր է խաղում սննդի թթվայնության աստիճանն ու մյուս քիմիական առանձնահատկությունները որոշելու և ըստ այդմ՝ մարսողական ֆերմենտների արտադրությունը կարգավորելու հարցում։

Մարսողական խողովակը կարելի է նմանեցնել արտադրական հոսքագծի, որը հիմնականում ղեկավարվում է ԷՆՀ-ի՝ մեր «երկրորդ ուղեղի» կողմից։ ԷՆՀ-ն առաջացնում է մարսողական խողովակի պատերում տեղակայված մկանների կծկումներ, որոնց շնորհիվ սնունդն առաջ է շարժվում մարսողական համակարգով։ ԷՆՀ-ն ըստ անհրաժեշտության փոփոխում է մկանային կծկումների ուժգնությունն ու հաճախականությունը, այնպես որ ողջ համակարգը գործում է կոնվեյերային ժապավենների հոսքագծի պես։

ԷՆՀ-ն նաև վերահսկում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները։ Մեր ընդունած սնունդը կարող է պարունակել վնասակար բակտերիաներ։ Ուստի զարմանալի չէ, որ իմունային համակարգի կարևոր մաս կազմող պաշտպանական բջիջների՝ լիմֆոցիտների 70–80 տոկոսը գտնվում է որովայնի հատվածում։ Երբ մեր օրգանիզմ են ներթափանցում մեծ քանակությամբ վնասակար բակտերիաներ, ԷՆՀ-ն մեզ պաշտպանելու համար առաջացնում է ուժգին կծկումներ, որոնց արդյունքում թունավոր նյութերի մեծ մասը դուրս է մղվում փսխման կամ փորլուծության միջոցով։

ՄՇՏԱԿԱՆ ԿԱՊ

Թեև ԷՆՀ-ն համեմատաբար անկախ է գործում գլխուղեղից, սակայն այս երկու նյարդային  կենտրոնների միջև մշտական կապ կա։ Օրինակ՝ ԷՆՀ-ն կարևոր դեր է խաղում այն հորմոնների արտադրման և կարգավորման հարցում, որոնք գլխուղեղին տեղեկացնում են, թե երբ է հարկավոր ուտել և որքան։ Երբ կշտանում ենք, ԷՆՀ-ի նյարդային բջիջները համապատասխան ազդանշաններ են ուղարկում ուղեղին, և եթե չափից շատ ուտենք, կարող են փսխում առաջացնել։

Հավանաբար, դուք էլ նախքան այս հոդվածը կարդալը զգացել եք, որ կապ գոյություն ունի ձեր մարսողական համակարգի և ուղեղի միջև։ Օրինակ՝ գուցե նկատած լինեք, որ որոշ յուղոտ կերակուրներ ուտելը բարձրացնում է ձեր տրամադրությունը։ Գիտնականները կարծում են, որ դա տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ ԷՆՀ-ն ուղեղին ուղարկում է «երջանկության» ազդանշաններ՝ առաջացնելով շղթայական հակազդեցություն, ինչն էլ լավացնում է մեր ինքնազգացողությունը։ Թերևս դա է պատճառը, որ մարդիկ սթրեսային իրավիճակներում ձգտում են ուտել իրենց հոգեհարազատ կերակուրներ, որոնք բարձրացնում են իրենց տրամադրությունը։ Գիտնականները ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու համար, թե հնարավոր է արդյոք բուժել դեպրեսիան՝ արհեստական ճանապարհով ազդելով ԷՆՀ-ի վրա։

Գլխուղեղի և մարսողական համակարգի միջև եղած փոխազդեցության վառ ապացույց է նաև այն զգացողությունը, որը հաճախ նկարագրում են «փորի մեջ թիթեռներ ունենալ» (սիրտը թրթռալ) արտահայտությամբ։ Ըստ ամենայնի, այս զգացողությունը հետևանքն է այն բանի, որ երբ ուղեղը լարված է լինում կամ սթրեսի է ենթարկվում, ԷՆՀ-ն փոխում է դեպի ստամոքս հոսող արյան ուղղությունը։ Սթրեսի հետևանքով կարող է նաև սրտխառնոց առաջանալ, քանի որ այդ ժամանակ ուղեղը ԷՆՀ-ին դրդում է փոփոխել աղեստամոքսային տրակտի բնականոն մկանային կծկումները։ Մասնագետները կարծում են, որ, հավանաբար, գլխուղեղի և աղեստամոքսային համակարգի միջև եղած կապի հիման վրա է առաջանում նաև, այսպես կոչված, ներքին զգացողությունը։

Թեև ԷՆՀ-ն կարող է առաջացնել ներքին զգացողություն, բայց այն չի կարող մտածել մեր փոխարեն կամ որոշումներ կայացնել։ Այն չի կարող օգնել, որ երգեր գրենք, ստուգենք մեր բանկային հաշիվը կամ տնային աշխատանք անենք։ Այլ կերպ ասած՝ ԷՆՀ-ն իրականում ուղեղ չէ։ Այդուհանդերձ, այս յուրօրինակ նյարդային համակարգը շարունակում է ապշեցնել գիտնականներին իր բարդությամբ, ընդ որում՝ դրան առնչվող շատ բաներ դեռևս լիովին բացահայտված չեն։ Այնպես որ, հաջորդ անգամ ուտելուց առաջ մի պահ մտածեք այն մասին, թե վերահսկողական, տեղեկությունների մշակման, փոխհամաձայնեցման և փոխազդեցության ինչ բարդ գործառույթներ են ընթանալու ձեր մարսողական համակարգում։