Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 3 2016

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Մրջյունի պարանոցը

Մրջյունի պարանոցը

ԻՆԺԵՆԵՐ-ՄԵԽԱՆԻԿՆԵՐԻՆ պարզապես հիացնում է այն, թե ինչպես է սովորական մրջյունը կարողանում իր մարմնի զանգվածից մի քանի անգամ ծանր բեռներ բարձրացնել։ Միջատի այդ կարողության գաղտնիքը հասկանալու համար Օհայոյի պետական համալսարանի (ԱՄՆ) ինժեներները ստեղծեցին նրա կենսաբանական և ֆիզիկական առանձնահատկությունների, ինչպես նաև շարժողական համակարգի եռաչափ մոդելները։ Նրանք այդ մոդելները ստեղծեցին՝ օգտագործելով մրջյունի ռենտգենային շերտագրական պատկերները (համակարգչային միկրոտոմոգրաֆիայի միջոցով ստացված պատկերներ) և ճշգրտորեն վերարտադրելով այն ուժերը, որոնք մրջյունը գործադրում է ծանրություն բարձրացնելիս։

Մրջյունի մարմնի շատ կարևոր մասերից է նրա պարանոցը, որն իր վրա է կրում այն բոլոր բեռների ողջ ծանրությունը, որ միջատը բռնում է իր բերանով։ Պարանոցի փափուկ հյուսվածքները կրծքամասի և գլխի արտաքին կարծր ծածկույթին միանում են այնպես, ինչպես երկու ձեռքերի մատներն են ագուցվում միմյանց։ Հետազոտող մասնագետներից մեկն ասում է. «Փափուկ և կարծր հյուսվածքների միաձուլման հատվածը ունի առանձնահատուկ կառուցվածք, ինչը մեծ դեր է խաղում պարանոցի հոդի ֆունկցիայի համար։ Այս յուրօրինակ փոխկապակցման շնորհիվ փափուկ և կարծր հյուսվածքների միջև կապն, ըստ երևույթին, ավելի ամուր է դառնում, և, հավանաբար, հենց դրա շնորհիվ է պարանոցի հոդը մեծ ծանրության դիմանում»։ Մասնագետները հույս ունեն, որ մրջյունի պարանոցի ֆունկցիաների մասին լիարժեք պատկերացում ունենալը կարող է նպաստել ռոբոտային մեխանիզմների կատարելագործմանը։

Ի՞նչ եք կարծում։ Մրջյունի պարանոցի շարժողական բարդ համակարգը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

Իմացիր ավելին

ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Ինչպե՞ս է կյանքն առաջացել

Այն, թե ինչին եք հավատում կյանքի ծագման վերաբերյալ, շատ կարևոր է։