Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 3 2016

Սննդային ալերգիա և սննդի նկատմամբ անհանդուրժողականություն. ո՞րն է տարբերությունը

Սննդային ալերգիա և սննդի նկատմամբ անհանդուրժողականություն. ո՞րն է տարբերությունը

«Պատառաքաղս ցած դրեցի և զգացի, որ լավ չեմ։ Բերանիս մեջ քոր սկսվեց, և լեզուս սկսեց այտուցվել։ Գլուխս պտտվում էր, իսկ շնչառությունս դժվարացել էր։ Թևերիս ու վզիս վրա ցան հայտնվեց։ Փորձում էի խուճապի չմատնվել, բայց գիտակցում էի, որ պետք է շտապ դիմեմ բժշկի» (Էմիլի)։

ՇԱՏԵՐԻ համար ուտելը հաճելի պրոցես է։ Բայց ոմանք ստիպված են որոշակի ուտելիքներ համարել «թշնամի»։ Էմիլիի պես՝ նրանք տառապում են սննդային ալերգիաներից։ Էմիլիի օրգանիզմի ուժգին ալերգիական հակազդեցությունը կոչվում է անաֆիլաքսիա, ինչը շատ վտանգավոր է։ Բարեբախտաբար, սննդային ալերգիաների մեծ մասը կյանքի համար վտանգավոր չեն։

Վերջին տարիներին աճել է այն մարդկանց թիվը, ովքեր սննդային ալերգիաներ և սննդի նկատմամբ անհանդուրժողականություն ունեն։ Բայց ըստ որոշ հետազոտությունների՝ սննդային ալերգիայի ախտանշաններ ունեցողների միայն քիչ տոկոսն է դիմել բժշկի և հստակ ախտորոշում ստացել։

Ի՞նչ է սննդային ալերգիան

«Սննդային ալերգիան չունի համընդհանուր սահմանում»,— նշվում է մի զեկույցում, որը հրապարակել են դոկտոր Ջենիֆեր Ջ. Շնայդերը և մի խումբ գիտնականներ բժշկական մի հանդեսում (The Journal of the American Medical Association)։ Այնուամենայնիվ, մասնագետների մեծ մասը համակարծիք է, որ ալերգիական հակազդեցության պատճառը հիմնականում իմունային համակարգն է։

Որոշակի սննդամթերքի հանդեպ ալերգիան օրգանիզմի հակազդեցությունն է տվյալ սննդի որևէ սպիտակուցի նկատմամբ, որին իմունային համակարգը սխալմամբ համարում է վնասակար։ Երբ որևիցե սպիտակուց ներթափանցում է օրգանիզմ, իմունային համակարգը կարող է այն ճանաչել որպես օտարածին մարմին և դրան վնասազերծելու համար արտադրել իմունոգլոբուլին E հակամարմին։ Եվ երբ այդ սննդային ալերգենը նորից օրգանիզմ ներթափանցի, արդեն արտադրված հակամարմինները կարող են խթանել որոշակի կենսաբանական նյութերի, այդ թվում հիստամինի արտազատումը։

Սովորական հանգամանքներում հիստամինը օգտակար դեր է կատարում իմունային համակարգում։ Սակայն սննդային որևիցե սպիտակուցի հանդեպ գերզգայունություն ունեցող մարդկանց օրգանիզմում իմունոգլոբուլին E հակամարմինների առկայությունը և դրանց հետևանքով հիստամինի արտազատումը լիովին չբացահայտված պատճառներով առաջացնում են ալերգիական հակազդեցություն։

Ահա թե ինչու, երբ մարդն առաջին անգամ նոր բան է ուտում, որևէ ակնհայտ հակազդեցություն չի նկատվում, սակայն հաջորդ անգամ նույն սնունդը ընդունելիս նրա օրգանիզմում առաջանում է ալերգիական հակազդեցություն։

Ի՞նչ է սննդի նկատմամբ անհանդուրժողականությունը

Ինչպեսև սննդային ալերգիան, սննդի նկատմամբ անհանդուրժողականությունը հակազդեցություն է որոշակի սննդամթերքի նկատմամբ։ Բայց ի տարբերություն սննդային ալերգիայի, որն առաջացնում է իմունային համակարգը՝ սննդի նկատմամբ անհանդուրժողականության պատճառը մարսողական համակարգն է, ուստի այս դեպքում հակամարմիններ չեն արտադրվում։ Պարզապես մարդը չի կարողանում մարսել ինչ-որ սնունդ  թերևս որոշակի ֆերմենտների անբավարարության կամ էլ սննդամթերքի մեջ դժվարամարս նյութերի առկայության պատճառով։ Օրինակ՝ կաթնաշաքարի (լակտոզա) նկատմամբ անհանդուրժողականություն է առաջանում, երբ ստամոքսաղիքային համակարգում չեն արտադրվում այն ֆերմենտները, որոնք անհրաժեշտ են կաթնամթերքի մեջ եղած շաքարի այդ տեսակը մարսելու համար։

Քանի որ սննդի նկատմամբ անհանդուրժողականության պատճառը հակամարմինները չեն, այն կարող է ի հայտ գալ հենց առաջին անգամ սնունդը ընդունելիս։ Այս դեպքում որոշիչ հանգամանք կարող է լինել նաև սննդամթերքի քանակությունը. փոքր քանակը թերևս հեշտությամբ մարսվի, մինչդեռ ավելի մեծ քանակությունը արդեն գուցե խնդիրներ առաջացնի։ Իսկ սննդային սուր ալերգիաների դեպքում սննդամթերքի նույնիսկ չնչին քանակությունը կարող է առաջացնել կյանքի համար վտանգավոր հակազդեցություն։

Ախտանշանները

Սննդային ալերգիայի դեպքում կարող են լինել այսպիսի ախտանշաններ. քոր, եղնջացան, կոկորդի, աչքերի և լեզվի այտուցվածություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, իսկ ծայրահեղ դեպքում՝ արյան ճնշման անկում, գլխապտույտ, ուշագնացություն և նույնիսկ սրտի կանգ։ Կարող է արագ առաջանալ անաֆիլաքսիա, ինչը գուցե տանի մահվան։

Ալերգիա կարող է առաջացնել ցանկացած սննդամթերք։ Սակայն հիմնականում սուր ալերգիա են առաջացնում մի քանի սննդամթերք՝ կաթը, ձուն, ձուկը, խեցգետնակերպերը, գետնանուշը, սոյան, ընկուզեղենը և ցորենը։ Մարդը կարող է ալերգիա ձեռք բերել ցանկացած տարիքում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարևոր դեր է խաղում մարդու գենետիկան. եթե երեխայի ծնողներից մեկը, կամ երկուսն էլ որոշակի ալերգիաներ ունեն, ապա հավանական է, որ նա էլ ալերգիա ձեռք կբերի։ Հաճախ տարիքի հետ ալերգիաներն անցնում են։

Սննդի նկատմամբ անհանդուրժողականության ախտանշանները սովորաբար այնքան լուրջ չեն, որքան սուր ալերգիաների ախտանշանները։ Այս դեպքում կարող են լինել ստամոքսի ցավեր, վքնածություն, գազեր, կծկումներ, գլխացավ, ցան, հոգնածություն և թուլություն։ Անհանդուրժողականություն կարող է առաջանալ տարբեր սննդամթերքների նկատմամբ, ավելի հաճախ՝ կաթնամթերքի, ցորենի, գլյուտենի, ալկոհոլի և խմորիչների։

Ախտորոշում և բուժում

Եթե մտածում եք, որ սննդային ալերգիա կամ որևէ սննդամթերքի նկատմամբ անհանդուրժողականություն ունեք, թերևս որոշեք դիմել մասնագետի։ Ինքնախտորոշումը և առանց մասնագետի հետ խորհրդակցելու որոշակի սննդամթերքից հրաժարվելը երբեմն կարող է վնաս բերել, քանի որ այդպես գուցե անգիտակցաբար ձեր օրգանիզմը զրկեք անհրաժեշտ սննդարար նյութերից։

Սննդային սուր ալերգիաների համար համընդհանուր ընդունված բուժում չկա։ Հիմնականում մարդը պետք է լիովին հրաժարվի այն սննդամթերքից, որն ալերգիա է առաջացնում։ * Մյուս կողմից՝ եթե ձեր ալերգիան սուր չէ, կամ դուք ուղղակի սննդի նկատմամբ անհանդուրժողականություն ունեք, թերևս ճիշտ համարեք պարզապես կրճատել որոշակի սննդամթերքների քանակությունը կամ ավելի հազվադեպ ընդունել դրանք։ Սակայն կախված անհանդուրժողականության աստիճանից՝ ոմանք գուցե ստիպված լինեն առնվազն մի որոշ ժամանակով ընդհանրապես հրաժարվել որոշակի սննդամթերքից։

Այսպիսով՝ եթե դուք սննդային ալերգիա կամ սննդի նկատմամբ անհանդուրժողականություն ունեք, թերևս ձեզ համար մխիթարական լինի իմանալ, որ այդպիսի խնդիրներ ունեցող շատ մարդիկ սովորել են վերահսկել դրանք և միևնույն ժամանակ վայելել զանազան սննդարար և համեղ ուտելիքներ։

^ պարբ. 19 Հաճախ խորհուրդ է տրվում, որ սուր ալերգիա ունեցողները իրենց մոտ ունենան ադրենալին (էպինեֆրին) պարունակող հատուկ ինքնաներարկիչ, որ անսպասելի իրավիճակներում կարողանան իրենք իրենց ներարկում կատարել։ Առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ նաև խորհուրդ են տալիս, որ ալերգիաներ ունեցող երեխաները ինչ-որ տեսանելի նշան կամ գրություն ունենան, որ ուսուցիչները կամ դայակները իմանան նրանց խնդրի մասին։