Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 2 2017

Ծնող կորցրած դեռահասների ապրումները

Ծնող կորցրած դեռահասների ապրումները

Երբ հարազատ ես կորցնում, մեծ վիշտ ես ապրում։ Իսկ ինչպե՞ս կարող ես հաղթահարել կորստի ցավը։ Երեք երիտասարդներ պատմում են, թե Աստվածաշունչն ինչպես է օգնել նրանց այս հարցում։

ԴԱՄԻ։

Դամի

Սկզբում մեզ թվում էր, թե լուրջ բան չկա. հայրիկի գլուխը պարզապես մի քիչ ցավում է։ Բայց շուտով ցավը սաստկացավ, ու մայրս շտապօգնություն կանչեց։ Մինչև հիմա աչքիս առաջ է այն տեսարանը, թե ինչպես շտապօգնության աշխատողները տարան հորս։ Ես չգիտեի, որ վերջին անգամ եմ տեսնում նրան։ Երեք օր հետո հայրս անևրիզմայից մահացավ։ Այդ ժամանակ ես վեց տարեկան էի։

Տարիներ շարունակ ես ինձ էի մեղադրում հորս մահվան համար։ Անընդհատ հիշում էի այն պահը, երբ շտապօգնության աշխատողները տարան նրան, և մտածում. «Ինչո՞ւ էի պարզապես կանգնել ու նայում։ Ինչո՞ւ ոչինչ չարեցի»։ Եվ երբ հիվանդ տարեց մարդ էի տեսնում, ինքս ինձ հարցնում էի. «Ինչպե՞ս է որ այս մարդը կենդանի է, իսկ հայրս՝ ոչ»։ Ժամանակի ընթացքում մայրս օգնեց ինձ, որ խոսեմ զգացումներիս մասին։ Մեզ նաև շատ էին աջակցում մեր հավատակիցները՝ Եհովայի վկաները։

Ոմանք մտածում են, թե մարդ վիշտ է ապրում միայն ողբերգությունից անմիջապես հետո, բայց ժամանակի ընթացքում ցավն անցնում է։ Սակայն իմ պարագայում այդպես չէր։ Սկզբում ես այդքան մեծ ցավ չէի զգում, բայց պատանեկան տարիքում սկսեցի խոր վիշտ ապրել։

Ես հետևյալ խորհուրդը կտայի այն պատանիներին, ովքեր ծնող են կորցրել. «Խոսեք ինչ-որ մեկի հետ ձեր զգացումների մասին։ Ինչքան շուտ արտահայտեք ձեր զգացումները, այնքան ավելի լավ կզգաք և չեք վնասի ձեր առողջությունը»։

Ինձ համար հատկապես դժվար է այն պահերին, երբ իմ կյանքում կարևոր մի բան է տեղի ունենում, բայց հայրս կողքիս չէ։ Նման պահերին ինձ շատ է մխիթարում Հայտնություն 21։4 համարը, որտեղ ասվում է, որ Աստված շուտով «կսրբի ամեն արտասուք [մեր] աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի»։

ԴԵՐԻԿ։

Դերիկ

Հորս հետ կապված շատ լավ հիշողություններ են մնացել։ Միասին գնում էինք ձկնորսության կամ սարեր՝ արշավների. նա սարեր շատ էր սիրում։

Հայրս երբեմն սրտի հետ կապված խնդիրներ էր ունենում։ Հիշում եմ, որ երբ դեռ փոքր էի, մի քանի անգամ այցելել եմ նրան հիվանդանոցում։ Բայց ես չէի հասկանում, թե որքան լուրջ էր նրա հիվանդությունը։ Երբ ինը տարեկան էի, հայրս մահացավ սրտի հիվանդությունից։

Նրա մահից հետո անընդհատ լացում էի։ Ինձ թվում էր՝ շնչահեղձ եմ լինում։ Չէի ուզում ոչ ոքի հետ խոսել։ Ես դեռ երբեք այդքան ծանր ապրումներ չէի ունեցել։ Ոչ մի բան անելու ցանկություն չունեի։ Սկզբում մեր եկեղեցու երիտասարդական խմբակը ուշադրություն էր ցուցաբերում իմ հանդեպ, բայց դա երկար չտևեց։ Եկեղեցու անդամները  հորս մասին այսպիսի բաներ էին ասում. «Նրա ժամն արդեն հասել էր։ Աստված նրան իր մոտ տարավ»։ Կամ էլ ասում էին, որ նա հիմա երկնքում է։ Նրանց ասածները երբեք չէին մխիթարում ինձ։ Այդ ժամանակ ես չգիտեի, թե իրականում ինչ է ասում Աստվածաշունչը մահվան մասին։

Որոշ ժամանակ հետո մայրս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, իսկ ավելի ուշ նրան միացանք նաև ես ու մեծ եղբայրս։ Մենք իմացանք, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները, և թե նրանց հետ կապված ինչ հույս է տալիս Աստված (Հովհաննես 5։28, 29)։ Բայց ինձ ամենաշատը օգնել է Եսայիա 41։10 համարը, որտեղ ասվում է. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ»։ Այն ժամանակ, երբ խոր վշտի մեջ էի, ինձ համար շատ մխիթարական էր իմանալ, որ Եհովան իմ կողքին է։ Այդ միտքը մինչև հիմա էլ զորացնում է ինձ։

ՋԻՆԻ։

Ջինի

Երբ յոթ տարեկան էի, մայրս քաղցկեղից մահացավ։ Հիշում եմ այդ օրը։ Ինձ թվում էր, որ այդ ամենը իրականություն չէ։ Մայրս մահացավ տանը. այդ ժամանակ տատիկս ու պապիկս մեր տանն էին։ Բոլորը լուռ էին։ Հիշում եմ, որ ընթրիքին ձվածեղ կերանք։ Ասես անզգայացած լինեի. ինձ թվում էր՝ այդ ամենը ինձ հետ չի կատարվում։

Այդ ժամանակ, ինչպեսև հետագա տարիներին ես մտածում էի, որ պետք է ուժեղ լինեմ հանուն իմ փոքր քրոջ։ Այդ պատճառով թաքցնում էի զգացումներս և մինչ օրս էլ այդպես եմ վարվում, թեև գիտեմ, որ դա վնասում է ինձ։

Հիշում եմ, թե ինչ մեծ սեր ու աջակցություն ցույց տվեցին Եհովայի վկաների տեղի ժողովի անդամները։ Չնայած մենք դեռ նոր էինք սկսել հաճախել Վկաների հանդիպումներին, սակայն նրանք միշտ մեր կողքին էին, ասես երկար տարիների մեր ընկերները լինեին։ Հայրս մի ամբողջ տարի կարող էր ուտելու ոչինչ չպատրաստել, քանի որ մեր դռան մոտ միշտ ճաշ էր դրված լինում։

Ինձ անչափ հոգեհարազատ են Սաղմոս 25։16, 17 համարները։ Այնտեղ գրված են սաղմոսերգուի խոսքերը՝ ուղղված Աստծուն. «Երեսդ ի՛նձ դարձրու և ցո՛ւյց տուր ինձ քո հաճությունը, քանի որ մենակ եմ ու ընկճված։ Սրտիս վշտերը բազմապատկվել են, ազատի՛ր ինձ իմ տառապանքներից»։ Ինձ համար քաջալերական է իմանալ, որ տխուր պահերին ես մենակ չեմ. Աստված ինձ հետ է։ Աստվածաշունչը օգնեց, որ հաղթահարեմ վիշտս և կենտրոնանամ դրական բաների վրա, ինչպիսին, օրինակ, հարության հույսն է։ Ես նորից կտեսնեմ իմ մայրիկին դրախտ-երկրում, որտեղ նա կունենա կատարյալ առողջություն, և ես կկարողանամ ավելի լավ ճանաչել նրան (2 Պետրոս 3։13

Եթե ցանկանում եք ավելին իմանալ, թե ինչ մխիթարական հույս է տալիս Աստվածաշունչը բոլոր սգացողներին, www.jw.org/հy կայքից անվճար բեռնեք «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկը (տես ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԳՐՔԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Ի՞նչ է լինում մահից հետո

Մահացածները գիտակցո՞ւմ են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Ի՞նչ է հարությունը

Գուցե զարմանաս, երբ իմանաս, թե ովքեր են ապագայում կրկին կյանքի վերադառնալու։