Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 2 2017

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Ինչպե՞ս հաղթահարել ծնողի մահվան վիշտը

Ինչպե՞ս հաղթահարել ծնողի մահվան վիշտը

ԽՆԴԻՐ

Դամին վեց տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ անևրիզմայի հետևանքով։ Դերիկը ինը տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ սրտի հիվանդությունից։ Իսկ Ջինին յոթ տարեկան էր, երբ նրա մայրը մահացավ ձվարանի քաղցկեղից։ *

Դամին, Դերիկը և Ջինին շատ վաղ տարիքում բախվեցին ծնողի կորստի ցավին։ Դո՞ւ էլ ես նման կորուստ ունեցել։ Եթե այո, ապա այս հոդվածը կարող է օգնել քեզ, որ հաղթահարես այն մեծ վիշտը, որ պատճառում է ծնողի մահը։ * Նախ արի ծանոթանանք վիշտ ապրելու հետ կապված որոշ փաստերի։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

Տարբեր մարդիկ տարբեր կերպով են արտահայտում իրենց վիշտը։ Սա նշանակում է, որ դու գուցե յուրովի արտահայտես քո վիշտը։ Հարազատ կորցրած պատանիներին օգնություն ցույց տալու մասին մի ուղեցույցում հետևյալն է ասվում. «Մահացած մարդու կորստին համակերպվելու հատուկ ձև կամ կանոնների շարք չկա» (Helping Teens Cope With Death)։ Կարևորն այն է, որ անհարկի չզսպես հույզերդ։ Ինչո՞ւ։ Դրա համար կան մի քանի պատճառներ։

Վիշտը թաքցնելը կարող է վնասակար լինել։ Ջինին, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, ասում է. «Ես մտածում էի, որ պետք է ուժեղ լինեմ և փոքր քրոջս մոտ ցույց չտամ, որ ցավ եմ ապրում։ Այդ պատճառով թաքցնում էի վիշտս։ Մինչ օրս էլ, երբ ցավ եմ ապրում, թաքցնում եմ զգացումներս, իսկ դա վնասակար է»։

Մասնագետները նույնպես կարծում են, որ վիշտը թաքցնելը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Հարազատ կորցրած դեռահասների համար նախատեսված մի գրքում ասվում է. «Անհնար է շարունակ զսպել զգացմունքները։ Վաղ թե ուշ դրանք անսպասելիորեն կարտահայտվեն հուզական պոռթկումների կամ առողջական խնդիրների տեսքով» (The Grieving Teen)։ Եթե մարդ անընդհատ թաքցնի իր վիշտը, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ ցավը խեղդելու համար նա սկսի չարաշահել ալկոհոլը կամ թմրանյութեր օգտագործել։

Սգացող մարդու մեջ կարող են հակասական զգացումներ առաջանալ։ Օրինակ՝ որոշ մարդիկ զայրանում են իրենց մահացած հարազատի վրա, քանի որ այնպիսի զգացում ունեն, ասես նա լքել է իրենց։ Իսկ ոմանք Աստծուն են մեղադրում՝ մտածելով, որ նա պետք է ինչ-որ կերպ կանխեր իրենց սիրելիի մահը։ Շատերն էլ մեղավորության զգացում են ունենում, որովհետև նախքան իրենց հարազատի մահը, նրան ասել կամ արել են բաներ, որոնց համար այժմ զղջում են, բայց հասկանում են, որ արդեն շատ ուշ է որևէ բան փոխել։

Իսկապես, վիշտ ապրելը բարդ հոգեբանական պրոցես է։ Ինչպե՞ս կարող ես մխիթարություն գտնել և շարունակել ապրել։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Խոսիր մեկի հետ։ Երբ վիշտ ես ապրում, գուցե ձգտես մեկուսանալ։ Բայց եթե սիրտդ բացես ընտանիքիդ անդամի կամ ընկերոջդ առաջ, դա կօգնի, որ հաղթահարես բացասական հույզերդ և ուժասպառ չլինես։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 18։24։

Օրագիր պահիր։ Գրի առ տարբեր մտքեր մահացած ծնողիդ մասին։ Օրինակ՝ նշիր, թե նրա հետ կապված ինչ թանկ հուշեր ունես, կամ ինչ լավ հատկություններ ուներ նա։ Նաև կարող ես գրել, թե այդ հատկություններից հատկապես որոնք կցանկանայիր ընդօրինակել։

Հնարավոր է՝ քեզ տանջեն բացասական մտքերը։ Օրինակ՝ գուցե ծնողիդ մահից առաջ նրան ինչ-որ կոպիտ բան ես ասել, ու հիմա այդ ամենը մտքիցդ դուրս չի գալիս։ Այդ դեպքում կարող ես գրել՝ ինչ ես զգում և ինչու։ Օրինակ՝ գուցե այսպես շարադրես մտքերդ. «Ես ինձ մեղավոր եմ զգում, որովհետև հորս մահից մի օր առաջ վիճեցի նրա հետ»։

Հետո ստուգիր, թե որքանով է հիմնավոր քո մեղավորության զգացումը։ «Չես կարող մեղադրել քեզ այն բանի համար, որ չես իմացել, որ ներողություն խնդրելու հնարավորություն այլևս չի լինի,— ասվում է դեռահասների համար նախատեսված վերոհիշյալ գրքում։— Պարզապես անիրատեսական է ակնկալել, որ մարդ երբեք չպետք է ասի կամ անի այնպիսի բան, ինչի համար հետո հարկ կլինի ներողություն խնդրել» (The Grieving Teen)։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հոբ 10։1։

Հոգ տար քո առողջության մասին։ Բավականաչափ հանգստացիր, մարմնամարզություն արա և ճիշտ սնվիր։ Եթե ախորժակ չունես, ճաշելու փոխարեն կարող ես օրվա ընթացքում մի քանի անգամ ինչ-որ թեթև, առողջարար բան ուտել, մինչև որ ախորժակդ վերականգնվի։ Բայց մի՛ փորձիր վիշտդ փարատել՝ անառողջ սնունդ կամ ալկոհոլ օգտագործելով։ Դրանք միայն կվատթարացնեն վիճակդ։

Աղոթիր Աստծուն։ Աստվածաշունչն ասում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55։22)։ Աղոթքը պարզապես հոգեկան անդորր ձեռք բերելու միջոց չէ։ Այն իրական հաղորդակցություն է Աստծու հետ, ով «մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթացիներ 1։3, 4

Աստված տարբեր կերպերով է մխիթարում սգացողներին։ Դրանցից մեկը նրա Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Այնտեղից կարող ես իմանալ, թե իրականում ինչ վիճակում են գտնվում մահացածները, և թե ինչ հույս կա նրանց համար։ * Աստվածաշնչյան սկզբունք՝ Սաղմոս 94։19։

^ պարբ. 4 Դամիի, Դերիկի և Ջինիի մասին խոսվում է նաև հաջորդ հոդվածում։

^ պարբ. 5 Թեև այս հոդվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ծնող են կորցրել, բայց այստեղ քննարկվող սկզբունքները կարող են օգտակար լինել նաև այն մարդկանց համար, ում ընտանիքի այլ անդամը կամ ընկերն է մահացել։

^ պարբ. 19 Տես «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին հատորի 16-րդ գլուխը։ Գիրքը կարող եք անվճար բեռնել www.jw.org/hy կայքից (տես ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ)։

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար

Քո սիրելի հարազատը մահացե՞լ է։ Հնարավո՞ր է կրկին տեսնել նրան։ Իմացիր, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը հարության մասին։