Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 2 2017

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Խաչ

Խաչ

Շատերը խաչը համարում են քրիստոնեության խորհրդանիշ։ Սակայն ոմանք համաձայն չեն, որ խաչը հարկավոր է կրել կամ ի ցույց դնել տանը և եկեղեցիներում։

Հիսուսը խաչի՞ վրա է մահացել

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։

 

Հռոմեացիները Հիսուսին մահապատժի ենթարկեցին՝ նրան գամելով խաչին, որը կազմված էր փայտի երկու կտորից։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

 

Հիսուսին «փայտից կախած սպանեցին» (Գործեր 5։30, «Արարատ» թարգմանություն)։ Աստվածաշնչում երկու բառ է օգտագործվել Հիսուսի մահապատժի գործիքը նկարագրելու համար, և երկու բառերն էլ նշանակում են փայտի մեկ կտոր, ոչ թե երկու։ Դրանցից մեկը՝ հունարեն ստավրոս բառը, նշանակում է «ցից՝ լայն իմաստով։ Այն համարժեք չէ «խաչ» բառին» (Crucifixion in Antiquity)։ Իսկ մյուս բառը՝ քսիլոն, որն օգտագործվել է Գործեր 5։30 համարում, «նշանակում է պարզապես ուղղահայաց մի սյուն կամ ցից, որին հռոմեացիները գամում էին նրանց, ում, այսպես ասած, խաչելության էին դատապարտում»։ *

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուսի մահապատժի ձևը կապ ուներ իսրայելացիներին տրված մի հին օրենքի հետ։ Այնտեղ ասվում է. «Եթե մի մարդ մահվան արժանի մեղք գործի ու մահվան մատնվի, և նրան ցցից կախես, ապա նրա դիակը ամբողջ գիշեր չպետք է մնա ցցի վրա.... քանի որ ցցից կախվածը անիծված է Աստծու կողմից» (2 Օրենք 21։22, 23)։ Այդ օրենքի մասին խոսելով՝ Պողոս առաքյալը գրեց. «Քրիստոսը.... անեծք [դարձավ] մեր փոխարեն, որովհետև գրված է. «ցցից [քսիլոն] կախված ամեն մարդ անիծյալ է»» (Գաղատացիներ 3։13)։ Այդպիսով Պողոսը հստակ նշեց, որ Հիսուսը մահացավ ցցի, այսինքն՝ փայտի մեկ կտորի վրա։

«[Հիսուսին] փայտից կախած սպանեցին» (Գործեր 10։39, «Արարատ» թարգմանություն)։

 Հիսուսի՝ առաջին դարի հետևորդները խաչ օգտագործո՞ւմ էին որպես քրիստոնեության խորհրդանիշ կամ որպես Աստծուն պաշտելու միջոց

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

 

Աստվածաշնչում ոչ մի տեղ չի նշվում, թե առաջին դարի քրիստոնյաները խաչ են օգտագործել որպես իրենց կրոնի խորհրդանիշ։ Այդ ժամանակաշրջանում հռոմեացիներն էին, որ օգտագործում էին խաչը՝ որպես իրենց աստվածներին ներկայացնող նշան։ Իսկ հետագայում՝ Հիսուսի մահից մոտ 300 տարի անց, Հռոմի կայսր Կոստանդինը խաչը դարձրեց հռոմեական բանակի խորհրդանիշ, և այդուհետ այն դարձավ նաև «քրիստոնեական» եկեղեցու նվիրական նշան։

Մի՞թե Հիսուսի աշակերտները կօգտագործեին խաչը ճշմարիտ Աստծու երկրպագության մեջ՝ իմանալով, որ հեթանոսներն այն օգտագործել են իրենց կեղծ աստվածների պաշտամունքի մեջ։ Ավելին, նրանք գիտեին, որ Աստված դեռ հնում արգելել էր երկրպագության մեջ օգտագործել «որևէ խորհրդանիշի կերպարանք», իսկ ավելի ուշ քրիստոնյաներին պատվեր էր տրվել «փախչել կռապաշտությունից» (2 Օրենք 4։15–19; 1 Կորնթացիներ 10։14)։ «Աստված Ոգի է», և անտեսանելի է մարդկանց համար։ Ուստի վաղ շրջանի քրիստոնյաները տեսանելի պատկերներ ու խորհրդանիշներ չէին օգտագործում, որ Աստծուն ավելի մոտ զգային։ Նրանք Աստծուն երկրպագում էին «ոգով», այսինքն՝ հետևում էին նրա անտեսանելի սուրբ ոգու առաջնորդությանը, և «ճշմարտությամբ», այսինքն՝ վարվում էին Աստծու կամքին ներդաշնակ, որը գրված է նրա Խոսքում (Հովհաննես 4։24

«Ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով և ճշմարտությամբ» (Հովհաննես 4։23

Քրիստոնյաները ինչպե՞ս պետք է ցույց տան իրենց հարգանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

 

«Միանգամայն բնական և տրամաբանական է, որ փրկության միջոցը պետք է արժանանար առանձնահատուկ հարգանքի և դառնար պաշտամունքի առարկա.... Նա, ով պաշտում է պատկերը, իրականում պաշտում է դրանում պատկերված անձնավորությանը» (Նոր կաթոլիկական հանրագիտարան)։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

 

Քրիստոնյաները պարտական են Հիսուսին, քանի որ նրա մահվան շնորհիվ՝ իրենք հնարավորություն ունեն մեղքերի ներում ստանալու, մտերմանալու Աստծու հետ և հավիտենական կյանք ունենալու (Հովհաննես 3։16; Եբրայեցիներ 10։19–22)։ Աստվածաշնչում չի ասվում, որ քրիստոնյաները պետք է Հիսուսի հանդեպ իրենց հարգանքը ցույց տան՝ նրան ներկայացնող ինչ-որ խորհրդանիշ գործածելով կամ էլ պարզապես ասելով, թե հավատում են նրան։ Այնտեղ ասվում է, որ «եթե հավատը գործեր չունի, ինքնըստինքյան մեռած է» (Հակոբոս 2։17)։ Հետևաբար քրիստոնյաները գործերով պետք է ցույց տան իրենց հավատը Հիսուսի հանդեպ։ Բայց ինչպե՞ս նրանք կարող են դա անել։

Աստվածաշունչն ասում է. «Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ, քանի որ այսպես ենք եզրակացնում, որ մեկը մահացավ բոլորի համար.... որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ» (2 Կորնթացիներ 5։14, 15)։ Քրիստոսի ցուցաբերած մեծ սերը քրիստոնյաներին մղում է փոփոխություններ անելու իրենց կյանքում, որպեսզի ընդօրինակեն նրան։ Այդպես վարվելը շատ ավելի մեծ պատիվ է բերում Հիսուսին, քան կրոնական ինչ-որ խորհրդանիշ օգտագործելը։

«Սա է իմ Հոր կամքը, որ ամեն ոք, ով տեսնում է Որդուն և հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 6։40

^ պարբ. 8 Էթելբերտ Ու. Բուլինգեր, A Critical Lexicon and Concordance to the English and Greek New Testament, 11-րդ հրատարակություն, էջ 818, 819։