Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 2 2016

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՅԱՆ-ԴԵՐ ՀՍՅՈՒ

Սաղմնաբանը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Սաղմնաբանը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

ՊՐՈՖԵՍՈՐ Յան-Դեր Հսյուն ղեկավարում է սաղմի զարգացման ուսումնասիրությունները Պինդունի՝ գիտության և տեխնոլոգիայի պետական համալսարանում (Թայվան)։ Մի ժամանակ նա հավատում էր էվոլյուցիային, բայց երբ դարձավ գիտահետազոտող, փոխեց իր տեսակետը։ Նա «Արթնացե՛ք»-ին պատմում է, թե ինչու։

— Խնդրում ենք մի փոքր պատմեք Ձեր մասին։

— Ծնվել եմ 1966թ.-ին։ Մեծացել եմ Թայվանում։ Ծնողներիս հավատալիքները հիմնված էին և՛ դաոսականության, և՛ բուդդայականության վրա։ Մենք պաշտում էինք մեր նախնիներին և աղոթում էինք պատկերներին, բայց երբեք չենք շոշափել Ստեղծչի գոյության թեման։

— Ինչո՞ւ սկսեցիք կենսաբանություն ուսումնասիրել։

— Երբ փոքր էի, սիրում էի հոգ տանել ընտանի կենդանիների մասին և ցանկանում էի իմանալ, թե ինչպես կարելի է թեթևացնել կենդանիների ու մարդկանց ցավերը։ Որոշ ժամանակ անասնաբուժություն ուսումնասիրեցի, իսկ հետագայում՝ սաղմնաբանություն։ Ես հույս ունեի, որ այդ գիտությունը նաև կօգնի ինձ հասկանալու, թե ինչպես է առաջացել կյանքը։

— Մի ժամանակ հավատում էիք էվոլյուցիային։ Կբացատրե՞ք՝ ինչու։

— Համալսարանի պրոֆեսորները էվոլյուցիա էին դասավանդում և ասում, թե փաստերը թիկունք են կանգնում դրան։ Ես էլ հավատում էի նրանց։

— Ինչո՞ւ սկսեցիք Աստվածաշունչ կարդալ։

— Երկու պատճառով։ Նախ մտածում էի, որ բազմաթիվ աստվածների միջից, որոնց մարդիկ պաշտում են, պետք է որ մեկը մեծագույնը լինի։ Եվ ուզում էի իմանալ, թե ով է նա։ Բացի այդ, գիտեի, որ Աստվածաշունչը շատ հեղինակավոր գիրք է։ Դրա համար էլ սկսեցի հաճախել Աստվածաշնչի ուսումնասիրության դասընթացների։

1992թ.-ին սկսեցի սովորել Լյովենի կաթոլիկական համալսարանում (Բելգիա)։ Մի օր գնացի կաթոլիկ եկեղեցի և քահանային խնդրեցի, որ օգնի ինձ հասկանալ Աստվածաշունչը, բայց նա մերժեց խնդրանքս։

— Իսկ ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք Աստվածաշունչ ուսումնասիրել։

— Երկու տարի անց, երբ դեռ Բելգիայում էի և գիտական հետազոտություններ էի անում, հանդիպեցի Հռութ անունով մի լեհ կնոջ։ Նա Եհովայի վկա էր։ Հռութը չինարեն էր սովորել, որպեսզի օգներ այն ուսանողներին, ովքեր ցանկանում էին իմանալ Աստծու մասին։ Ես աղոթել էի նման օգնություն ստանալու համար, ուստի շատ ուրախացա, երբ հանդիպեցի նրան։

Հռութը ինձ ցույց տվեց, որ թեև Աստվածաշունչը գիտական գիրք չէ, բայց ներդաշնակ է գիտական փաստերին։ Օրինակ՝ Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Դավիթը, իր աղոթքում ասաց. «Քո աչքերը տեսան իմ սաղմը, և քո գրքում գրված էին այն օրերը, երբ նրա բոլոր մասերը կազմավորվեցին, թեև դրանցից դեռ մեկն էլ չկար» (Սաղմոս 139։16)։ Թեև Դավիթը պոետիկ լեզու է օգտագործել այստեղ, բայց նրա ասածը, ըստ էության, ճիշտ էր։ Մարմնի մասերը դեռ չձևավորված՝ դրանց կազմավորման վերաբերյալ բոլոր հրահանգները արդեն կան։ Տեսնելով Աստվածաշնչի ճշգրտությունը՝ համոզվեցի, որ այն Աստծու Խոսքն է։ Նաև հասկացա, որ միայն մեկ ճշմարիտ Աստված կա՝ Եհովան։ 1

 — Ինչո՞ւ եկաք այն համոզման, որ Աստված է ստեղծել կյանքը։

— Գիտական հետազոտության նպատակը ճշմարտությունը գտնելն է, ոչ թե անհիմն ենթադրություններին թիկունք կանգնելը։ Սաղմի զարգացման վերաբերյալ իմ հետազոտությունները փոխեցին տեսակետս. ես եկա այն եզրահանգման, որ կյանքը ստեղծվել է։ Բացատրեմ օրինակով։ Ինժեներները նախագծում են արտադրական հոսքագծեր, որպեսզի արտադրանքի համապատասխան մասերը ճիշտ հերթականությամբ և ճիշտ ձևով միանան իրար։ Սաղմի զարգացումը նման մի բան է, բայց անհամեմատ ավելի բարդ։

— Ամեն բան սկսվում է ընդամենը մեկ բեղմնավորված բջջից, այնպես չէ՞։

— Այո՛։ Բեղմնավորված բջիջը սկսում է կիսվել։ Որոշակի ժամանակահատվածում յուրաքանչյուր 12–24 ժամը մեկ բջիջների քանակը կրկնապատկվում է։ Այս պրոցեսի սկզբնական շրջանում կազմավորվում են ցողունային 2 բջիջները։ Դրանք կարող են արտադրել գրեթե 200 կամ ավելի տեսակի բջիջներ, որոնք անհրաժեշտ են երեխայի լիարժեք կազմավորման համար։ Դրանցից են, օրինակ, արյան, ոսկրային և նյարդային բջիջները։

Հետազոտելով սաղմի զարգացումը՝ ես եկա այն եզրահանգման, որ կյանքը ստեղծվել է

Պետք է արտադրվեն համապատասխան բջիջներ ճիշտ հերթականությամբ և ճիշտ հատվածներում։ Սկզբում դրանք խմբավորվում են՝ կազմելով հյուսվածքներ, որոնք էլ իրենց հերթին ձևավորում են օրգաններն ու վերջույթները։ Ինժեներները չեն էլ կարող երազել նման պրոցես նախագծելու մասին։ Մինչդեռ սաղմի ձևավորման վերաբերյալ հրահանգները ապշեցուցիչ կերպով ամփոփված են ԴՆԹ-ում։ Երբ մտածում եմ, թե որքան հիասքանչ է այս ամենը, համոզվում եմ, որ կյանքը նախագծված է Աստծու կողմից։

— Ինչո՞ւ դարձաք Եհովայի վկա։

— Եթե ասեմ մեկ բառով, պատճառը սերն էր։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։35)։ Այս սերը տարբերություններ չի դնում։ Դրա վրա չի ազդում մարդու ազգությունը, մշակույթը կամ մաշկի գույնը։ Վկաների հետ շփվելով՝ հենց այդպիսի սեր տեսա ու զգացի։

^ 2. Պրոֆեսոր Յան-Դեր Հսյուի՝ քրիստոնեական սկզբունքներով կրթված խիղճը թույլ չի տալիս աշխատել մարդու սաղմի ցողունային բջիջների հետ։

Իմացիր ավելին

ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Ինչպե՞ս է կյանքն առաջացել