«Ես.... խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29։11)։

 «ՀՈՒՅՍԸ.... ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆ Է»,— նշվում է մի հոգեբանական գրքում։ Նույն աղբյուրում նաև ասվում է. «[Հույսը] լավագույն դեղամիջոցն է այնպիսի բացասական զգացումների դեմ, ինչպիսիք են՝ անօգնականությունը, մարդկանցից օտարացած լինելու զգացումը և վախը» (Hope in the Age of Anxiety)։

Աստվածաշունչը ևս հստակ ցույց է տալիս, որ բոլոր մարդիկ էլ հույսի կարիք ունեն, սակայն այդ գիրքը նաև հորդորում է զգուշանալ կեղծ հույսերից։ Սաղմոս 146։3-ում ասվում է. «Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա»։ Իմաստություն դրսևորած կլինենք, եթե փրկության հարցում ապավինենք ոչ թե մարդկանց, այլ մեր Ստեղծչին, ով բավականաչափ զորություն ունի իր բոլոր խոստումները իրագործելու համար։ Իսկ ի՞նչ խոստումներ է նա տվել։ Քննենք դրանցից մի քանիսը։

ՉԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋ ԿԴՐՎԻ, ԵՎ ԱՐԴԱՐՆԵՐԸ ՀԱՐԱՏԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿՎԱՅԵԼԵՆ։ «Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի.... Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ»,— ասվում է Սաղմոս 37։10, 11 համարներում։ Իսկ 29-րդ համարում գրված է, որ «արդարները.... հավիտյան կբնակվեն» երկրի վրա։

ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ։ «[Եհովան] դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը. փշրում է աղեղը և կոտրատում նիզակը, կառքերը այրում է կրակով» (Սաղմոս 46։8, 9

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ՏԱՌԱՊԱՆՔ ԵՎ ՄԱՀ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԼԻՆԻ։ «Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է.... նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։3, 4

ԲՈԼՈՐԸ ԱՌԱՏ ՍՆՈՒՆԴ ԿՈՒՆԵՆԱՆ։ «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16

ՈՂՋ ԵՐԿՐԻ ՎՐԱ ԿԻՇԽԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐԴԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ։ «[Հիսուս Քրիստոսին] տրվեց իշխանություն, պատիվ ու թագավորություն, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ծառայեն նրան։ Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որը չի անցնի, և նրա թագավորությունը չի ավերվի» (Դանիել 7։14

Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ այս խոստումները կիրականանան։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը փաստեց, որ արժանի է լինելու Աստծու Թագավորության Թագավորը։ Նա բուժում էր հիվանդներին, կերակրում էր աղքատներին և հարություն էր տալիս մահացածներին։ Բայց որ ավելի կարևոր է՝ նա սովորեցնում էր այնպիսի սկզբունքներ, որոնց շնորհիվ մարդիկ կկարողանան հավիտյան ապրել խաղաղության և միասնության մեջ։ Հիսուսը նաև նշել էր այն բոլոր իրադարձությունները, որ տեղի էին ունենալու ներկայիս աշխարհի վերջին օրերում։

ՓՈԹՈՐԻԿ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Հիսուսը մարգարեացավ, որ վերջին օրերում ոչ թե խաղաղություն և ապահովություն էր լինելու, այլ ճիշտ հակառակը։ Նա «աշխարհի վախճանի» վերաբերյալ մի նշան տվեց, որն իր մեջ ընդգրկում է տարբեր իրադարձություններ՝ մեծամասշտաբ պատերազմներ, սովեր, համաճարակներ և ուժեղ երկրաշարժեր (Մատթեոս 24։3, 7; Ղուկաս 21։10, 11; Հայտնություն 6։3–8)։ Հիսուսը նաև ասաց. «Անօրենության շատանալու պատճառով շատ-շատերի սերը կսառչի» (Մատթեոս 24։12

Այսօր ակնհայտ է, որ մարդկանց սերը սառել է, և դա դրսևորվում է բազմաթիվ կերպերով։ Այդ մասին ավելի հանգամանորեն գրել է նաև աստվածաշնչյան գրողներից մեկը։ 2 Տիմոթեոս 3։1–5 համարներից իմանում ենք, որ «վերջին օրերում» մարդկանց միտքը մեծ մասամբ կենտրոնացած էր լինելու իրենց անձի, փողի և հաճույքների վրա։ Նրանք լինելու էին մեծամիտ ու դաժան։ Ընտանիքի անդամների միջև բնական կապվածություն չէր լինելու, իսկ երեխաները անհնազանդ էին լինելու ծնողներին։ Կեղծ աստվածապաշտությունը համատարած բնույթ էր կրելու։

Այս ամենը փաստում է, որ աշխարհի օրերը հաշվված են։ Դա նաև ցույց է տալիս, որ շատ մոտ է այն ժամանակը, երբ երկրի վրա կսկսի իշխել Աստծու Թագավորությունը, և ամենուր խաղաղություն կտիրի։ Վերջին օրերի հետ կապված իր մարգարեության մեջ Հիսուսը նաև հետևյալ մխիթարական վստահեցումն է տվել. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14

Այդ բարի լուրը չարագործների համար նախազգուշացում է պարունակում, իսկ արդարների համար՝ հույս, հույս, որ խոստացված օրհնությունները շուտով իրականություն կդառնան։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ այդ օրհնությունների մասին, կարող եք կարդալ այս ամսագրի վերջին էջը։