ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԸ ԲԱՑԱՌԻԿ Է. ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ԳՐԵԼ, ՆԿԱՐԵԼ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄՏԱԾԵԼ ԿՅԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ։ Այդ հարցերից են. ինչո՞ւ գոյություն ունի տիեզերքը, ինչպե՞ս է առաջացել մարդկությունը, ո՞րն է կյանքի իմաստը, ի՞նչ ապագա է մեզ սպասում։

Որոշ մարդիկ խուսափում են նման հարցերի մասին խոսելուց և մտածելուց, քանի որ կարծում են, որ այդ հարցերի պատասխանները անհնար է գտնել։ Ոմանք էլ կարծում են, թե անիմաստ է մտածել այդպիսի հարցերի շուրջ, քանի որ կյանքն առաջացել է պատահականության արդյունքում։ Պատմության և կենսաբանության պրոֆեսոր Ուիլյամ Փրովայնը ասել է. «Չկան աստվածներ, չկան նպատակներ.... Բարոյականության հարցում բացարձակ ճշմարտություն գոյություն չունի, և կյանքը որևէ կոնկրետ իմաստ չունի»։

Սակայն որոշ մարդիկ այս հարցում ավելի լավատես են։ Նրանք հստակ տեսնում են, որ տիեզերքում ամեն բան ղեկավարվում է մաթեմատիկական ճշգրտություն ունեցող հանճարեղ օրենքներով։ Նրանք հիանում են բնության մեջ առկա ապշեցուցիչ ինժեներական լուծումներով, որոնցից մի քանիսը մարդիկ փորձում են կրկնօրինակել տարբեր իրերի արտադրության մեջ։ Օրեցօր նրանք համոզվում են, որ այդ բարդ ու անչափ արդյունավետ ինժեներական լուծումները հանճարեղ մտքի արդյունք են և չէին կարող առաջանալ բանականությունից զուրկ բնության ուժերի շնորհիվ։

Նման դատողությունները որոշ էվոլյուցիոնիստների մղել են վերանայել իրենց տեսակետը։ Դիտարկենք երկու այդպիսի մարդկանց օրինակ։

ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒՅԺ ԱԼԵՔՍԵՅ ՄԱՐՆՈՎ։ Նա ասում է. «Կրթական հաստատությունները, որտեղ սովորել եմ, աթեիզմ և էվոլյուցիա էին ուսուցանում։ Եվ եթե որևէ մեկը հավատում էր Աստծուն, նրան անիրազեկ մարդ էին համարում»։ Սակայն 1990 թվականից Ալեքսեյի տեսակետը սկսեց հետզհետե փոխվել։

Նա պատմում է. «Ես միշտ փորձել եմ ամեն ինչում տրամաբանություն գտնել։ Օրինակ՝ շատ եմ մտածել մարդու ուղեղի մասին։ Այդ զարմանահրաշ օրգանը իրավամբ համարվում է մեզ հայտնի ամենաբարդ մեխանիզմը տիեզերքում։ Բայց արդյո՞ք այն նախատեսված է, որ մի որոշ ժամանակ գիտելիքներ ու հմտություններ կուտակի, իսկ հետո մահանա։ Դա ինձ անիմաստ ու անտրամաբանական էր թվում։ Ուստի սկսեցի մտածել. «Ո՞րն է մեր գոյության նպատակը։ Ո՞րն է կյանքի իմաստը»։ Այս հարցերի մասին լրջորեն խորհելուց հետո եկա այն եզրակացության, որ պետք է որ Արարիչ գոյություն ունենա»։

Կյանքի իմաստի որոնումները Ալեքսեյին մղեցին ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Հետագայում նրա կինը, որը բժշկուհի էր և աթեիստական հայացքներ ուներ, նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սկզբում նա ցանկանում էր ապացուցել, որ ամուսինը սխալվում է։ Այժմ, սակայն, երկուսն էլ խորապես համոզված են, որ Աստված գոյություն ունի, և գիտեն, թե նա ինչ նպատակ ունի մարդկության առնչությամբ։

ՊԼԱԶՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԳԻՏՆԱԿԱՆ ԴՈԿՏՈՐ ՀՈՒԲԱՅ ՅԻՆ։ Պլազման, որը համարվում է նյութի չորրորդ ագրեգատային վիճակը, մեծ մասամբ կազմված է էլեկտրոններից և դրական իոններից (ինչպես, օրինակ, արեգակի ընդերքում է)։ Հուբայ Յինը ֆիզիկա է ուսումնասիրել և տարիներ շարունակ հետազոտություններ է կատարել պլազմայի վերաբերյալ։

«Ամեն անգամ բնական երևույթներն ուսումնասիրելիս,— բացատրում է դոկտոր Հուբայը,— մենք՝ գիտնականներս, տեսնում ենք խիստ կանոնակարգվածություն, որը անխախտ գործող օրենքների արդյունք է։ Ես մտածում էի. «Ինչպե՞ս են առաջացել այդ օրենքները։ Եթե անգամ մի փոքր խարույկը պետք է վերահսկվի ինչ-որ մեկի կողմից, այդ դեպքում ո՞վ է կանգնած այն օրենքների հետևում, որոնք կանոնակարգում են արեգակի ջերմարձակումը»։ Ժամանակի ընթացքում եկա այն եզրակացության, որ Աստվածաշնչի առաջին խոսքերը տալիս են իմ հարցերի ամենատրամաբանական պատասխանը։ Այնտեղ ասվում է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»» (Ծննդոց 1։1

Գիտությունն, անկասկած, լույս է սփռել բազում հարցերի վրա՝ բացատրելով, թե ինչպես է տեղի ունենում այս կամ այն բանը, օրինակ՝ ինչպե՞ս են գործում ուղեղի բջիջները, ինչպե՞ս է արեգակը ջերմություն և լույս արձակում։ Բայց, ինչպեսև Ալեքսեյն ու Հուբայը համոզվեցին, Աստվածաշունչը պատասխանում է շատ ավելի կարևոր՝ «ինչո՞ւ» հարցին, օրինակ՝ ինչո՞ւ գոյություն ունի տիեզերքը, ինչո՞ւ է այն ղեկավարվում օրենքներով, ինչո՞ւ գոյություն ունի մարդկությունը։

Երկրագնդի վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «[Աստված] զուր տեղը չարարեց, այլ բնակվելու համար ստեղծեց այն» (Եսայիա 45։18)։ Այո՛, Աստված նպատակ ունի երկրի առնչությամբ, և ինչպես կիմանանք հաջորդ հոդվածից, ապագայի մեր հույսը սերտորեն կապված է հենց այդ նպատակի հետ։