Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 1 2017

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Սահարայում բնակվող մրջյունի ջերմակարգավորող «զրահը»

Սահարայում բնակվող մրջյունի ջերմակարգավորող «զրահը»

ՍԱՀԱՐԱՅՈՒՄ բնակվում է մրջյունի մի տեսակ (Cataglyphis bombycina), որը մեզ հայտնի ամենաջերմադիմացկուն ցամաքային կենդանական տեսակներից է։ Երբ միջօրեի բարկ արևը մրջյունի կյանքին սպառնացող գիշատիչներին ստիպում է պատսպարան փնտրել, մրջյունը դուրս է գալիս իր բնից և կարճատև արշավանքներ է ձեռնարկում՝ սնունդ գտնելու նպատակով։ Նա հիմնականում սնվում է շոգից սատկած միջատներով։

50 մկմ

Նկատի առնենք հետևյալը։ Այս անապատաբնակ մրջյունի գլխավոր առանձնահատկություններից է նրա ջերմակարգավորող «զրահը»՝ արտաքին ծածկույթը։ Այն բաղկացած է մարմնի վերևի և կողքի հատվածները փակող հատուկ մազածածկույթից և մարմնի ստորին հատվածի մազազուրկ շերտից։ Մազիկները (1, 2), որոնք մրջյունին արծաթագույն փայլ են հաղորդում, փոքրիկ խողովակներ են, որոնց լայնական կտրվածքը եռանկյունաձև է (3)։ Մազիկների՝ դեպի դուրս ուղղված երկու մակերևույթների վրա կան միկրոսկոպիկ խորդուբորդություններ, որոնք տարածվում են ողջ երկայնքով։ Իսկ մազիկների՝ դեպի ներս, այսինքն՝ դեպի միջատի մարմինը ուղղված մակերևույթը բոլորովին հարթ է։ Մազիկների այս կառուցվածքային առանձնահատկությունը երկու կարևոր դեր է կատարում։ Նախ՝ դրա շնորհիվ մազիկները անդրադարձնում են արեգակնային ճառագայթման տեսանելի տիրույթի և մոտիկ ինֆրակարմիր տիրույթի ճառագայթները։ Երկրորդ՝ այն նպաստում է, որ շրջակա միջավայրից մրջյունի մարմնի կլանած ջերմությունը ավելի հեշտությամբ արտազատվի։ Իսկ նրա մարմնի ստորին մազազուրկ հատվածը անդրադարձնում է անապատային տաք գետնից ճառագող միջին ինֆրակարմիր տիրույթի ջերմային ճառագայթները։ *

10 մկմ

Մրջյունի ջերմակարգավորող զրահն օգնում է, որ նրա մարմնի ջերմաստիճանը չանցնի նրա համար տանելի առավելագույն ջերմաստիճանից՝ 53,6 աստիճան Ցելսիուսից (128,5 Ֆարենհայտ)։ Այս փոքրիկ արարածի բացառիկ առանձնահատկություններով ոգեշնչված՝ գիտնականները որոշել են մշակել հատուկ արտաքին ծածկույթ, որն օժտված կլինի ինքնահովացման ֆունկցիայով, այսինքն՝ կկատարի հովացում առանց հովհարիչների կամ այլ սարքերի։

Ի՞նչ եք կարծում։ Սահարայում բնակվող այս արծաթափայլ մրջյունի ջերմակարգավորող «զրահը» էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

^ պարբ. 4 Մրջյունի մյուս առանձնահատկություններից են նրա օրգանիզմում պարունակվող հատուկ սպիտակուցները, որոնք, չնայած խիստ բարձր ջերմային պայմաններին, հեշտությամբ չեն տրոհվում։ Բացի այդ, նա ունի երկար ոտքեր, որոնք օգնում են նրան արագ վազել և մարմինը բարձր պահել տաք ավազից։ Մրջյունը նաև աչքի է ընկնում տեղորոշման բացառիկ ունակությամբ, ինչի շնորհիվ կարողանում է գտնել իր բույն վերադառնալու ամենակարճ ճանապարհները։