Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 1 2017

Նվիրեք մարդկանց ձեր ժպիտը

Նվիրեք մարդկանց ձեր ժպիտը

ԵՐԲ ինչ-որ մեկը ջերմորեն ժպտում է ձեզ, ինչպե՞ս եք արձագանքում։ Թերևս ակամայից դուք էլ եք ժպտում, և ձեր տրամադրությունը բարձրանում է։ Այո՛, անկեղծ ժպիտը՝ լինի դա մտերիմ ընկերոջ, թե բոլորովին անծանոթ մարդու, միշտ էլ վարակիչ է և դրական հույզեր է արթնացնում։ Մագդալենա անունով մի կին ասում էր. «Հանգուցյալ ամուսինս՝ Գեորգը, շատ ջերմ ժպիտ ուներ։ Երբ մեր հայացքները հանդիպում էին, ես ինձ հանգիստ ու ապահով էի զգում»։

Անկեղծ ժպիտը արտահայտում է դրական հույզեր և զգացումներ, ինչպես, օրինակ՝ ուրախություն, երջանկություն, բավականություն։ Ինչպես նշվում է հոգեբանական գիտությունների ասոցիացիայի օնլայն մի հանդեսում, «ժպիտը, ըստ երևույթին, մարդկային էության բնատուր առանձնահատկություններից է»։ Այդ հանդեսում նաև ասվում է, որ անգամ նորածիններն են կարողանում «ճշգրտությամբ հասկանալ մարդու դեմքի տարբեր արտահայտությունների նշանակությունը»։ «Ժպիտներից մարդիկ ոչ միայն տեղեկություն են ստանում, այլև այդ տեղեկության հիման վրա համապատասխան վարքագիծ են դրսևորում»,— նշվում է նույն հանդեսում (Observer)։

Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանի գիտաշխատողները ուսումնասիրություններ անցկացրին տարեց հիվանդների շրջանում, որպեսզի պարզեն, թե բուժանձնակազմի դեմքի արտահայտությունները ինչպես են ազդում վերջիններիս ինքնազգացողության վրա։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երբ բուժաշխատողների դեմքի արտահայտությունները ավելի շատ «ջերմություն, բարություն, հոգատարություն և կարեկցանք էին հաղորդում», հիվանդներն ավելի գոհ ու բավարարված էին լինում, և նրանց ֆիզիկական ու մտային առողջությունը բարելավվում էր։  Իսկ երբ բուժաշխատողները իրենց ոչ խոսքային արտահայտչամիջոցներով սառնություն ու անտարբերություն էին դրսևորում, հակառակ արդյունքն էր լինում։

Մարդու ժպիտը կարող է օգտակար լինել նաև հենց իր համար։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն կարող է նվազեցնել լարվածությունը և օգնել, որ մարդն ավելի ուրախ լինի ու իրեն ավել վստահ զգա։ Իսկ դեմքի խոժոռ արտահայտությունը կարող է ճիշտ հակառակ ազդեցությունը թողնել։

ԺՊԻՏԸ «ՈՒԺ ԷՐ ՏԱԼԻՍ ԻՆՁ»

Մագդալենան, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, Եհովայի վկա էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրան և նրա ընտանիքի այլ անդամների ուղարկել էին Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբար (Գերմանիա), քանի որ նրանք հրաժարվում էին ընդունել նացիստական գաղափարախոսությունը։ Մագդալենան պատմում էր. «Երբեմն հսկիչները մեզ արգելում էին խոսել մյուս բանտարկյալների հետ։ Բայց նրանք չէին կարող հսկողություն սահմանել մեր դեմքի արտահայտությունների վրա։ Հենց միայն քրոջս ու մորս ժպիտը տեսնելը ուժ էր տալիս ինձ և ամրացնում տոկուն մնալու իմ վճռականությունը»։

Գուցե կյանքի հոգսերն այնքան շատ լինեն, որ թվա, թե ժպտալու պատճառ չկա։ Սակայն հիշեք, որ հույզերը մտքերի հետևանք են (Առակներ 15։15; Փիլիպպեցիներ 4։8, 9)։ Ուստի որքան էլ դժվար լինի, փորձեք ավելի շատ կենտրոնանալ հաճելի, դրական բաների վրա։ * Աստվածաշունչ ընթերցելն ու աղոթելը շատերին են օգնել այս հարցում (Մատթեոս 5։3; Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում հարյուրավոր անգամներ հանդիպում են «երջանիկ» և «ուրախ» բառերը ու դրանց արմատից կազմված այլ բառեր։ Եթե որոշեք ամեն օր մեկ կամ երկու էջ կարդալ, գուցե դուք էլ որոշ ժամանակ անց նկատեք, որ սկսել եք ավելի հաճախ ժպտալ։

Մի՛ սպասեք, որ ուրիշները ժպտան ձեզ։ Ինքներդ ժպտացեք ուրիշներին և դրական հույզեր արթնացրեք նրանց սրտում։ Այո՛, հիշեք, որ ձեր ժպիտը Աստծուց տրված հրաշալի նվեր է, որը կարող է ուրախություն պարգևել և՛ ձեզ, և՛ ձեր շրջապատի մարդկանց։

^ պարբ. 8 Տես «Արթնացե՛ք»-ի 2013 թ. նոյեմբերի համարի ««Միշտ խնջույքի» մե՞ջ ես» հոդվածը։

Իմացիր ավելին

Ինչպես դրական մտայնություն ունենալ

Ինչո՞ւ են ոմանք բացասական մտքեր ունենում։ Այս հոդվածում խոսվում է այն մասին, թե ինչպես կարող ենք Աստվածաշնչի միջոցով պահպանել մեր դրական մտայնությունը։