ՕԳՈՍՏՈՍԻ 4, 2025
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Բարձրացող ջրերից հեղեղված տուն՝ Բակո քաղաքում (Արևելյան Մինդորո, Ֆիլիպիններ, 2025 թ. հուլիսին երեք իրար հաջորդած արևադարձային փոթորիկների առաջացրած ջրհեղեղից հետո)

Ֆիլիպիններում մի քանի արևադարձային փոթորիկներ լայնամասշտաբ ջրհեղեղներ են առաջացրել

Ֆիլիպիններում մի քանի արևադարձային փոթորիկներ լայնամասշտաբ ջրհեղեղներ են առաջացրել

2025 թ. հուլիսին առնվազն 3 հզոր արևադարձային փոթորիկներ՝ «Վիֆա», «Ֆրանցիսկո» և «Կո-Մեյ» a թայֆունները, Ֆիլիպինների խիտ բնակեցված հյուսիսային շրջաններում ջրհեղեղներ են առաջացրել։ Մուսոնային անձրևների սեզոնի սկսվելուն պես իրար հաջորդող այս փոթորիկները ավերել են տներ, ձեռնարկություններ և ճանապարհներ։ Պաշտոնական տվյալներով ավելի քան 8 միլիոն մարդ է տուժել, առնվազն 37-ը զոհվել է։

Տուժած հավատակիցներ և վնասներ

Ձախ կողմում՝ Թագավորության սրահ (Մանկապ, Կալասիաո, Պանգասինան նահանգ)։ Աջ կողմում՝ քույրը կանգնած է իր հեղեղված տան շեմին (Իլանգ-Իլանգ, Գուիգուինտո, Բուլական նահանգ)

  • Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել և վնասվածքներ չի ստացել։

  • 238 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

  • 29 տուն ավերվել է։

  • 75 տուն լրջորեն վնասվել է։

  • 318 տուն թեթևակի է վնասվել։

  • 18 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

Օգնություն՝ աղետից տուժածներին

Եղբայրներն ու քույրերը միասին հումանիտար օգնության փաթեթներ են պատրաստում (Տելաբաստագան, Սան Ֆեռնանդո, Պամպանգա նահանգ)

  • Հոգևորապես քաջալերելուց ու մխիթարելուց բացի՝ շրջանային վերակացուները և տեղի երեցները գործնական օգնություն են տրամադրում փոթորկից տուժածներին։

  • Աղետից տուժածներին օգնելու 15 կոմիտե է կազմավորվել՝ հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։

Շատ ենք ցավում, որ այս փոթորիկները կյանքեր են խլել և ավերածություններ պատճառել, բայց վստահ ենք, որ Եհովան կշարունակի մխիթարել ու աջակցել Ֆիլիպինների մեր եղբայրներին ու քույրերին (Եսայիա 25։4):

a Ֆիլիպիններում այս փոթորիկները հայտնի են համապատասխանաբար «Քրիսին», «Դանթե» և «Էմոնգ» անվանումներով։