ԱՊՐԻԼԻ 26, 2021
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
Մայրենի լեզվին նվիրված 2021թ. միջազգային խորհրդաժողովում ներկայացվում է Եհովայի վկաների թարգմանչական գործունեությունը Ֆիլիպիններում
Մայրենի լեզվին նվիրված միջազգային խորհրդաժողովը ակադեմիական միջոցառում է, որին մասնակցում են մանկավարժներ, քաղաքական գործիչներ և գիտնականներ 12 երկրներից։ Այն անցկացվեց 2021 թ. փետրվարի 21-ից մարտի 20-ն ընկած ժամանակաշրջանում տեսակոնֆերանսի միջոցով։ Ֆիլիպինների «Դիլիման» համալսարանի լեզվաբանության ֆակուլտետից դոկտոր Ռիկարդո Մ. Նոլասկոն, որը խորհրդաժողովի նախագահողն էր, Եհովայի վկաների՝ Ֆիլիպինների մասնաճյուղի ներկայացուցիչներին նույնպես հրավիրել էր մասնակցելու խորհրդաժողովին։ 2021 թ. մարտի 9-ին թարգմանիչներ Էլնաթան Լին և Իսրայել Ավեսը ելույթով հանդես եկան, որոնցում ներկայացրին Եհովայի վկաների թարգմանչական գործունեությունը։ Այդ օնլայն միջոցառմանը ներկա գտնվեց 320 հոգի։
Դոկտոր Նոլասկոն հայտնեց, որ ըստ Ֆիլիպիններում անցկացված հարցումների՝ երկրում դպրոցական դասագրքերից հետո ամենաընթերցվող հրատարակությունը Աստվածաշունչն է։ Ուստի խորհրդաժողովի բաժիններից մեկի խորագիրն էր «Աստվածաշնչի թարգմանությունը ֆիլիպինյան լեզուներով»։ Մեր եղբայրները ելույթ ներկայացրին հենց այս թեմայի վերաբերյալ։
Եղբայր Ավեսի ելույթի վերնագիրն էր «Ճշգրի՞տ, դյուրընթեռնելի՞, թե՞ երկուսն էլ։ Բնիկ լեզուները և Աստվածաշնչի թարգմանության դժվարությունները»։ Նա ընդգծեց, թե թարգմանիչներն ինչ ջանքեր են ներդրել, որ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լինի և՛ ճշգրիտ, և՛ դյուրընթեռնելի։ Եղբայր Ավեսը նշեց. «Քանի որ Եհովայի վկաների գլխավոր նպատակը մարդկանց աստվածաշնչյան գիտելիքներ տալն է, նրանք ձգտում են «Նոր աշխարհ թարգմանությունը» հասանելի դարձնել նույնիսկ լեզվական փոքրամասնություններին։ Աստվածաշնչի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ինտերնետում, իսկ տպագիր տարբերակը, որը ևս անվճար է, կարող եք վերցնել Եհովայի վկաների Թագավորության սրահներից և ինքներդ դատել, թե արդյոք թարգմանիչներին հաջողվել է Աստծու Խոսքը փոխանցել ճշգրիտ և դյուրընթեռնելի լեզվով»։
«Բոլոր ազգերի և լեզուների մարդիկ մեկտեղ են հավաքվում։ Եհովայի վկաների համաշխարհային թարգմանչական գործունեությունը» ելույթում եղբայր Լին ներկայացրեց մեր թարգմանչական գործունեության մասշտաբները։ Նա նշեց, որ այդ գործում ներգրավված են ավելի քան 6 000 թարգմանիչներ և այլ կամավորներ։ Նաև ներկայացրեց, թե մեր թարգմանչական գործունեությունը ինչպես է սկսել 1 800-ականների վերջում և որքան մեծ թափ է առել մեր օրերում։ Նա ընդգծեց, որ jw.org-ը, որը ամենաշատ լեզուներով թարգմանված կայքն է աշխարհում, 2019 թ. նոյեմբերին հասանելի դարձավ 1 000 լեզուներով։
Եղբայր Լին եզրափակեց իր ելույթը հետևյալ խոսքերով. «Եհովայի վկաների հրատարակությունները թարգմանողները իրենց գործը դիտում են որպես հանրային ծառայություն և ցանկանում են աստվածաշնչյան գրականությունը հասկանալի լեզվով թարգմանել և կրթելու ու քաջալերելու նպատակով այն հասանելի դարձնել բոլոր ազգերի մարդկանց»։
Մենք ուրախ ենք, որ այսպիսի հնարավորություն ընձեռվեց՝ մեր թարգմանչական գործունեության մասին պատմելու ուրիշներին։ Հիմա առավել, քան երբևէ, բարի լուրը հռչակվում է «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» (Հայտնություն 14։6)։

