ՄԱՐՏԻ 17, 2025
ՌՈՒՄԻՆԻԱ
Եղբայրներ Ռուբեն Մատյասը (ձախ կողմում) և Վասիլե Պուրդեան (աջ կողմում) «Դեժ» բանտի հիվանդանոցում ստանում են շնորհակալագիրը
Եհովայի վկաները շնորհակալագիր են ստանում Աստվածաշնչի կրթական գործունեության համար
Վերջերս Ռումինիայի Դեժ քաղաքի «Դեժ» բանտի հիվանդանոցի ղեկավար կազմը Եհովայի վկաներին շնորհակալագիր է տվել՝ գնահատանք արտահայտելով իրենց հաստատությունում Աստվածաշնչի կրթական գործունեություն իրականացնելու համար։ Շնորհակալագրում նրանք իրենց «խորին հարգանքն ու գնահատանքն» էին արտահայտում վերջին 18 տարիների ընթացքում Վկաների կատարած աշխատանքի համար։
Եղբայրներ Վասիլի Պուրդեան (ձախ կողմում) և Ռուբեն Մատյասը (աջ կողմում) «Դեժ» բանտի հիվանդանոցում զրուցում են բանտարկյալի հետ
Եղբայրներ Ռուբեն Մատյասն ու Վասիլե Պուրդեան ներկայացան «Դեժ» բանտի հիվանդանոց՝ Վկա կամավորների անունից շնորհակալագիրը ստանալու համար։ Այնտեղ իրականացվող իրենց գործունեության մասին՝ Ռուբենն ասաց. «Մենք հաճախ հանդիպում ենք մարդկանց, ովքեր նախկինում երբեք չեն խոսել Եհովայի վկաների հետ։ Նրանք շատ հարցեր են տալիս, և իմաստալից քննարկումներ ենք ունենում»։ Վասիլեն էլ ավելացրեց. «Օրինակ մի քանի ամիս առաջ հանդիպեցինք մի տղամարդու, ով շատ հիվանդ էր ու ընկճված։ Բայց «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկի 2-րդ դասը քննարկելուց հետո նրա տրամադրվածությունը ամբողջությամբ փոխվեց։ Մենք պայմանավորվեցինք եղբայրներից մեկի հետ, որ նա շարունակի այցելել այդ մարդուն, երբ նրան հիվանդանոցից կրկին տեղափոխեն Տիրգու Ժիու քաղաքի կալանավայր»։
Ռումինիայում «Դեժ» բանտի հիվանդանոցից բացի կան ևս 42 այլ կալանավայրեր, որտեղ հանդիպումներ և Աստվածաշնչի ուսումնասիրություններ են անցկացվում։ Շատ բանտարկյալներ անկեղծ հետաքրքրվում են Աստվածաշնչի հուսադրող լուրով։ Օրինակ՝ Միովենի քաղաքի բանտ այցելած քույրերը հանդիպեցին մի կնոջ, ում ծնողները լքել էին նրան, երբ դեռ փոքր էր։ Հետագայում նա ներգրավվել էր հանցավոր գործունեության մեջ, բայց հիմա խորապես զղջում էր անցյալում կատարած իր գործերի համար։ Քույրերը պատմեցին Աստվածաշնչում հիշատակված մարդկանց օրինակներ, ովքեր Աստծու օգնությամբ մեծ փոփոխություններ էին արել իրենց կյանքում, և Աստված ներել էր նրանց։ Նրանք նաև մխիթարեցին այդ կնոջը՝ կարդալով Սաղմոս 27։10-ում գրված Դավթի խոսքերը. «Թե հայրս ու մայրս էլ լքեն ինձ, Եհովան կընդունի ինձ»։ Կինը արտասվեց ու ցանկացավ ավելին իմանալ Աստվածաշնչի ուսմունքների մասին։
Քույրեր Ալեքսանդրա Տուպիտան (ձախ կողմում) և Անդրեա Բալաժը (աջ կողմում) «Տիրգշոր» կանանց գաղութում մի խումբ բանտարկյալների ներկայացնում են Աստվածաշնչի ուսումնասիրության դասընթացը
Եղբայր Մարիուս Մարիանը նախկինում Բայա-Մարե քաղաքիբանտի կալանավորներից է եղել։ Բայց այնտեղ սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը և ապշեցուցիչ փոփոխություններ արել իր կյանքում։ Իսկ ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց մկրտվել է։ Այժմ նա աստվածաշնչյան ճշմարտությունը պատմում է այդ նույն բանտի մյուս կալանավորներին։ Մարիուսն ասել է. «Ես գիտեմ, թե որքան շատ օգնության կարիք ունեն այդ մարդիկ։ Ուրախությամբ նորից գնում եմ այնտեղ, որ օգնեմ նրանց ճանաչել Եհովային»։
Եղբայր Մարիուս Մարիանը (ձախ կողմում), ով մի ժամանակ բանտարկյալ է եղել, և եղբայր Վասիլե Չերտիտեն (աջ կողմում) Բայա-Մարե քաղաքի բանտում Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում
Անչափ գնահատում ենք Ռումինիայի և շատ այլ երկրների մեր հավատակիցների պատրաստակամ ոգին, ովքեր Թագավորության մասին բարի լուրը սիրով պատմում են բանտարկյալներին։ Նրանց ջանասիրության շնորհիվ կատարվում է Եհովայի կամքը՝ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ են ստանում» (1 Տիմոթեոս 2։4)։

